Տալլինի տեխնոլոգիական համալսարանի դասախոս Մելիտա Սողոմոնյանի այցը Վանաձորի պետական համալսարան
Հունիսի 19-ից 23-ը ՎՊՀ-ում էր հյուրընկալվել Տալլինի տեխնոլոգիական համալսարանի աշխատակցուհի Մելիտա Սողոմոնյանը։ Այցի նպատակն էր հյուրին ծանոթացնելու ՎՊՀ-ի կառուցվածքին, ռազմավարությանը և ավելի սերտացնելու երկու համալսարանների միջև համագործկցությունը։ Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի ռեկտոր Ռուստամ Սահակյանը ջերմորեն ողջունեց Մելիտա Սողոմոնյանին՝ հայտնելով իր հետաքրքրությունը ապագայում քայլեր ձեռնարկելու ուղղությամբ թե՛ համատեղ հետազոտությունների, թե՛ շարժունության ծրագրերի և կարողությունների զարգացման նախագծերի շուրջ համատեղ աշխատարնքներ իրականացնելու ուղղությամբ: Հյուրը պաշտոնական հանդիպումներ ունեցավ նաև գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Վարդուհի Հովսեփյանի, ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Լուսինե Կոստանդյանի, գիտահետազոտական աշխատանքների, նորարարությունների և համագործակցության բաժնի ղեկավար Արմենուհի Հարությունյանի, հասարակական գիտությունների ֆակուլտետի դեկան Հրայր Պապոյանի, էկոնոմիկայի, իրավունքի և կառավարման ամբիոնի վարիչ Վիկտորյա Հարությունյանի և նույն ամբիոնի իրավագիտության մասնագետների հետ:
Մելիտա Սողոմոնյանը նաև հանդիպեց «Իրավագիտություն» մասնագիտության ուսանողների հետ՝ խոսելով «Արտակարգ իրավիճակներում գտնվող անձանց առողջական տվյալների պաշտպանություն» թեմայի մասին: Հյուրը նաև հանդիպում ունեցավ համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում ներկայացրեց Տալլինի տեխնոլոգիական համալսարանը, խոսեց առերես և առցանց ձևաչափով անցկացվող դասավանդման և գնահատման մեթոդների, ուսանողների գիտական աշխատանքների ղեկավարման մարտահրավերների ու հնարավորությունների, ինչպես նաև հետազոտության մեթոդների մասին: