«Մասնագիտությունների տոնավաճառ» Վանաձորի պետական համալսարանում
2026 թ. սեպտեմբերի 18-ին «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամում կազմակերպվեց «Մասնագիտությունների տոնավաճառ» ամենամյա միջոցառումը։
Միջոցառումը կազմակերպվել էր համալսարանի կրթական բարեփոխումների, շարունակական կրթության և կարիերայի կենտրոնի կողմից Լոռու մարզի դպրոցների 8-12-րդ դասարանների և վարժարանի աշակերտների, քոլեջների ուսանողների մասնագիտական կողմնորոշման նպատակով։
Միջոցառմանը մասնակցեցին Լոռու մարզի թվով 23 հանրակրթական դպրոցների, վարժարանի շուրջ 500 աշակերտներ և քոլեջների ուսանողներ։
Ողջույնի խոսքով ելույթ ունեցավ համալսարանի ռեկտոր, մ․գ․դ․ Արմեն Ծատուրյանը։ Շեշտելով մասնագիտության գիտակցված ընտրության կարևորությունն ու պատասխանատվությունը յուրաքանչյուրի կյանքում՝ ռեկտորը հորդորեց պատանիներին առաջնորդվել սեփական հետաքրքրություններով ու կարողություններով և հավաստիացրեց, որ համալսարանը պատրաստ է աջակցելու մասնագիտական կողմնորոշման հարցում՝ նպաստելով նրանց ներուժի բացահայտմանն ու զարգացմանը։
Ներկաներին ողջունեց նաև Կրթական բարեփոխումների, շարունակական կրթության և կարիերայի կենտրոնի ղեկավար Լիլիթ Փարսադանյանը։ Նա ընդգծեց, որ Վանաձորի պետական համալսարանը քայլում է ժամանակի պահանջներին համահունչ՝ առաջարկելով ժամանակակից աշխատաշուկայի պահանջներին համապատասխանող կրթական ծրագրեր, որակյալ պրոֆեսորադասախոսական կազմ և տեխնոլոգիապես հագեցած կրթական միջավայր։ Կենտրոնի ղեկավարի խոսքով՝ համալսարանի նպատակն է պատրաստել վերլուծող, ստեղծագործող և մրցունակ մասնագետներ։
Համալսարանում գործող մասնագիտությունները ներկայացված էին առանձին տաղավարներում։ Աշակերտները շրջեցին տաղավարներով, շփվեցին դասախոսների և ուսանողների հետ, ծանոթացան կրթական ծրագրերին, մասնակցեցին հետաքրքրաշարժ փորձերի, ինչպես նաև ստացան անհրաժեշտ տեղեկատվություն ընդունելության կարգի վերաբերյալ։ Իսկ տոնական մթնոլորտն իրենց երաժշտական կատարումներով ապահովեցին համալսարանի շնորհալի ուսանողները, «ՎՊՀ» հիմնադրամի մշակույթի կենտրոնի «Բիայնա» երգչախումբը (ղեկավար՝ Ս․ Հարությունյան), կիթառահարների խմբակը (ղեկավար՝ Ս․ Արոյան), ինչպես նաև Վանաձորի սպորտ-դպրոցի սաները (ղեկավար՝ Հ․ Սարգսյան)։
ՎՊՀ քոլեջի ու վարժարանի մասնակիցները ֆլեշմոբով եզրափակեցին միջոցառումը։










