Հասարակական գիտությունների ֆակուլտետի օրը՝ ՎՊՀ-ում
Հոկտեմբերի 15-ին Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարանում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված հասարակական գիտությունների ֆակուլտետի օրվան։
Միջոցառումը համախմբել էր ֆակուլտետի դասախոսներին, ուսանողներին և հյուրերին՝ ստեղծելով տոնական, ջերմ ու անմիջական մթնոլորտ։ Այն կարևոր առիթ էր արժևորելու ֆակուլտետի անցած ուղին, համալսարանական կյանքում ունեցած նշանակալի դերակատարությունը և կրթական ու գիտական գործունեության շարունակական զարգացման կարևորությունը։ Օրը ևս մեկ անգամ ընդգծեց ֆակուլտետի կրթական ավանդույթների պահպանման, գիտելիքի տարածման, մասնագիտական կարողությունների զարգացման և ուսանողների կրթական առաջընթացին նպաստելու անհրաժեշտությունը։
Միջոցառման մեկնարկին ողջույնի և բարեմաղթանքի խոսքով հանդես եկավ ՎՊՀ ռեկտոր, մանկավարժական գիտությունների դոկտոր Արմեն Ծատուրյանը՝ շնորհավորելով ֆակուլտետի դասախոսներին և ուսանողներին տոնական օրվա առթիվ։
Շնորհավորական խոսքով հանդես եկավ նաև հասարակական գիտությունների ֆակուլտետի դեկան, տ․գ․թ․, դոցենտ Հրայր Պապոյանը՝ ընդգծելով ֆակուլտետի նշանակությունը համալսարանի կրթական համակարգում։ Ամփոփելով նախորդ տարվա ձեռքբերումները՝ դեկանը կարևորեց դասախոսների մասնագիտական նվիրումն ու աշխատանքը, ուսանողների ձգտումը դեպի գիտելիք և ինքնազարգացում։ Անդրադարձ կատարվեց ֆակուլտետի գործունեությանը, կրթական ու գիտական ձեռքբերումներին, ինչպես նաև ուսանողների մասնագիտական զարգացմանն ուղղված նախաձեռնություններին։
Այնուհետև պրոֆեսորադասախոսական կազմին և ուսանողներին ողջունեցին ՎՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Էրիկ Հարությունյանը, հասարակական գիտությունների ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահ Իննա Ավդոյանը։
Բարեմաղթանքի խոսքին միացան նաև հասարակական գիտությունների ֆակուլտետի էկոնոմիկայի, իրավունքի և կառավարման ամբիոնի վարիչ Վիկտորյա Հարությունյանը, մանկավարժության և հոգեբանության ամբիոնի վարիչ Լիլիթ Բաղդասարյանը, արվեստի և սպորտի ամբիոնի վարիչ Արման Բարսեղյանը։
Ֆակուլտետի օրվա միջոցառման կարևոր բաղադրիչներից էր նաև դասախոսների մասնագիտական վաստակի գնահատումն ու նրանց ներդրման արժևորումը։ Ֆակուլտետում ունեցած նշանակալի ավանդի և մասնագիտական գործունեությանն անմնացորդ նվիրվածության համար պարգևատրվեցին ՎՊՀ հասարակական գիտությունների ֆակուլտետի էկոնոմիկայի, իրավունքի և կառավարման ամբիոնի դոցենտ, տ․գ․թ Նարինե Բարսեղյանը, մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դոցենտ, մ․գ․թ․ Լիզա Հարոյանը, արվեստի և սպորտի ամբիոնի դոցենտ Նելլի Պապանյանը։
Պարգևատրվեցին 2025-2026 ուս․տարվա բարձր առաջադիմություն ունեցող ուսանողները։
Միջոցառումը դարձավ ֆակուլտետի դասախոսների և ուսանողների ձեռքբերումները մեկտեղելու, կրթական արժեքներն ընդգծելու և համալսարանական համայնքի միասնականությունն ամրապնդելու ևս մեկ հնարավորություն՝ տոնական օրվա խորհուրդը համադրելով գնահատանքի, խրախուսանքի և նոր հաջողությունների ակնկալիքի հետ։

























