Հաջողության պատմություններ

Հաջողության պատմություններ

ՄԵՐ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԸ

ԱՄԱՏՈՒՆԻ ՎԻՐԱԲՅԱՆ

Հայ պատմաբան Ամատունի Վիրաբյանը 1977թ.-ին ավարտելով Վանաձորի (Կիրովականի) պետական մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը՝ աշխատանքի է անցել՝ որպես Կիրովականի սարքաշինական տեխնիկումի ԼԿԵՄ կոմիտեի քարտուղար: Այնուհետև մեկը մյուսի հետևից զբաղեցրել է պատասխանատու պաշտոններ՝ ՀԿԿ Կենտկոմի պատմության ինստիտուտի կուսակցական արխիվում որպես ավագ գիտաշխատող, ՀՀ հասարակական-քաղաքական կազմակերպությունների փաստաթղթերի կենտրոնական պետական արխիվի տնօրենի տեղակալ, ՀՀ կառավարությանն առընթեր արխիվային գործի վարչության պետ, արխիվային գործի գործակալության պետ, Հայաստանի ազգային արխիվի տնօրեն:

Ամատունի Վիրաբյանն այժմ  թանգարանագիտության, գրադարանագիտության եւ մատենագիտության ամբիոնի վարիչ, պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսորի պ/կ է Երևանի Խ. Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանում:  

ՎՊՀ շրջանավարտ Ամատունի Վիրաբյանն ավելի քան 50 գիտական հրապարակումների հեղինակ է, որոնք հիմնականում վերաբերվում են հայոց նորագույն պատմության հիմնախնդիրներին, այդ թվում՝  ստալինյան բռնություններին։

ԽՈՐԵՆ  ԳԱՍՊԱՐՅԱՆ

Գրող, թարգմանիչ, լրագրող  Խորեն  Գասպարյանը 1984թ.-ին ավարտել է Կիրովականի մանկավարժական ինստիտուտի (այժմ՝ Հ. Թումանյանի անվան Վանաձորի պետական համալսարան) բանասիրական ֆակուլտետը, միաժամանակ՝ Մոսկվայի օտար լեզուների հեռակա դասընթացի թարգմանական բաժինը: 1984-1996թթ. աշխատել է հայոց լեզվի, ապա՝  անգլերենի ուսուցիչ, 1996-2005թթ.՝ «Լոռու մարզ» թերթի՝ գլխավոր խմբագրի տեղակալ:

2003թ.-ին Խորեն  Գասպարյանին ԱՄՆ-ում տրվել է Կալիֆոռնիայի պետական համալսարանի Սակրամենտոյի մասնաճյուղի՝ ժուռնալիստիկայի և հաղորդակցության դասընթացների մասնակցի վկայական: Միաժամանակ ստացել է Դեյվիս քաղաքի պատվավոր քաղաքացու վկայագիր: 2005-2012թթ. Վանաձորի քաղաքապետի օգնականն էր՝  լրատվության գծով: 2012թ.  դեկտեմբերից Վանաձորի գրադարանների կենտրոնացված համակարգի տնօրենն է։ Թարգմանական արվեստ, ժուռնալիստիկա և մշակութաբանություն է դասավանդել Վանաձորի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում:

Թարգմանում է անգլերենից և ռուսերենից: Նրա բանաստեղծությունները, պատմվածքներն ու թարգմանությունները տպագրվել են գրական մամուլում, անթոլոգիաներում և առանձին գրքերով: Հայաստանի գրողների  և ժուռնալիստների  միությունների անդամ է:

2010թ.-ին  հայոց լեզվի զարգացման, գրքի տարածման և պրոպագանդման գործում ունեցած մեծ ավանդի և Մայրենիի միջազգային օրվա առթիվ ՀՀ լեզվի պետական տեսչության կողմից  Խորեն  Գասպարյանն արժանացել է պատվոգրի: 2011թ.-ին արժանացել է Հայաստանի գրողների միության պատվոգրին՝ անգլոամերիկյան և ռուսական գրականության թարգմանության ասպարեզում նշանակալի ներդրման համար: 2018թ.-ին նրան շնորհվել է Հայաստանի գրողների միության «Կանթեղ» թարգմանական մրցանակ: 2021թ.-ին ծննդյան 60-ամյակի և հայ գրականությանը մատուցած ծառայությունների համար պարգևատրվել է ՀԳՄ նախագահության «Գրական վաստակի համար» մեդալով:                       

«Վանաձորի պետական համալսարանն ինձ համար հարազատ է շատուշատ պատճառներով, հատկապես՝ հարազատ է որպես գիտակրթական  հաստատություն, որ տարածաշրջանում, հանրապետությունում ու հանրապետությունից դուրս բարձր հեղինակություն ունի՝ պրոֆեսորադասախոսական իր կազմով,  տարբեր բնագավառներում  մեծ նվաճումների հասած իր շրջանավարտներով: Հենց ա՛յդ պատճառով էլ խորհուրդ կտայի բարձրագույն կրթություն ստանալ ցանկացողներին՝ սովորել Վանաձորի պետական համալսարանում»,-նշում է ՎՊՀ շրջանավարտ, այժմ գրող, թարգմանիչ, լրագրող Խորեն  Գասպարյանը:

Նարինե Սահակյան

«ՎՊՀ-ում ստացած հիմնարար գիտելիքները եղել են այն հիմնաքարը, որի վրա կառուցվել է իմ մասնագիտական ուղին»,-ասում է ՎՊՀ շրջանավարտ Նարինե Սահակյանը:

Ավարտելով ուսումնառությունը Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանում (նախկինում՝ Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտ) Նարինե Սահակյանը 1990թ. աշխատել է Վանաձորի N11 միջնակարգ դպրոցում՝ որպես հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի, 2002թ.՝ որպես ուսումնական աշխատանքների գծով փոխտնօրեն նույն դպրոցում, իսկ 2006թ. մինչև այժմ աշխատում է Ա. Գրիբոյեդովի անվան N11ավագ դպրոցում՝ որպես տնօրեն:

ՎՊՀ շրջանավարտ Նարինե Սահակյանը ՀՀ և արտերկրի զանազան կազմակերպությունների կողմից բազմիցս արժանացել է պատվոգրերի և շնորհակալագրերի: 2015թ. ՀՀ ԿԳՆ-ի կողմից պարգևատրվել է «Կրթության և գիտության ոլորտում ներդրված ավանդի համար» հուշամեդալով:

«Ընտրել եմ Վանաձորի պետական համալսարանը, որովհետև այս բուհն ունի պատմություն, ավանդույթներ, ապագայում կիրառելի մասնագիտություններում գիտակ պրոֆեսորադասախոսական կազմ»,- անկեղծանում է Նարինե Սահակյանը:

Հասմիկ Հովսեփյան (Դերձյան)

1977թ. ավարտելով Վանաձորի (նախկինում՝ Կիրովական) Պետական մանկավարժական ինստիտուտի «Տարրական ուսուցման և մեթոդիկայի» ֆակուլտետը՝ Հասմիկ Հովսեփյանը մանկավարժական գործունեությունը սկսել է Կիրովականի Եղ. Չարենցի անվան N 12 միջն. դպրոցում: 1991թ. տնօրենի հրամանով նշանակվել է դաստիարակչական աշխատանքերի գծով տնօրենի տեղակալ, իսկ 2001թ.-ից նշանակվել է տնօրենի պաշտոնում: Երկար տարիներ արդեն Վանաձորի Գ. Չաուշի անվան N 24 միջն. դպրոցի տնօրենն է:

Հասմիկ Հովսեփյանի մասնագիտական գործունեությունը բազմիցս արժանացել է ուշադրության և գնահատանքի: ՎՊՀ շրջանավարտը 2009թ. ճանաչվել է Լոռու մարզի «Տարվա լավագույն տնօրեն», 2009թ. հոկտեմբերի 1-ին  պարգևատրվել է ՀՀ ԿԳՆ հուշամեդալով, իսկ 2014թ. մայիսի 23-ին՝  Մովսես Խորենացու մեդալով:

Կարևորելով կրթության և Վանաձորի պետական համալսարանի ունեցած դերը մասնագիտական ձեռքբերումների ճանապարհին՝ Հասմիկ Հովսեփյանը մասնավորապես նշում է. «Վանաձորի պետական համալսարանն իր գործունեության հիմքում
կարևորում է բուհ-ուսումնական հաստատություն օրգանական կապի
ամբողջականությունը: Նպատակային և շարունակական են այն միջոցառումները,
որոնք ասօրվա շրջանավարտին հնարավորություն են տալիս ծանոթանալու տարբեր
մասնագիտությունների ընձեռած հնարավորություններին, դրանք դարձնում
հասանելի և ճանաչելի, ինչն էլ ուսանողի ուսումնառությունը դարձնում է ավելի գործնական, գիտելիքը դարձնում է հմտություն»:

Արուս Թումանյան

2004թ. ավարտելով Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի կենսաբանության ֆակուլտետը՝ Արուս Թումանյանն աշխատանքի է անցել Վանաձորի Ս. Թևոսյանի անվան պոլիտեխնիկական քոլեջում՝ որպես դասախոս:

Այնուհետև որպես դասախոս աշխատել է  Վանաձորի պետական համալսարանի «Բուսաբանության և աշխարհագրության» ամբիոնում: Աշխատանքին զուգահեռ եղել է ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի հայցորդ և 2014 թ-ին ստացել է Կենսաբանական գիտությունների թեկնածուի աստիճան:

2011-2019թթ. Կենսաբանություն է  դասավանդել  Վանաձորի Պետական համալսարանի հենակետային վարժարանում:  2019 թ. ստացել է ուսուցչի որակավորման առաջին կարգի տարակարգ, որից հետո մեկ տարի աշխատել է Գերմանիայի դաշնության Օլդենբուրգ քաղաքի IBIS հասարակական կազմակերպությունում՝ որպես կամավոր:

Արուս Թումանյանը մասնակցել է բազմաթիվ դասընթացների և վերապատրաստումների, եղել է կամավոր մի շարք հասարակական կազմակերպություններում:Տարբեր ամսագրերում տպագրված շուրջ 15 հոդվածների հեղինակ և համահեղինակ է:

«Ես սովորել եմ բուհի լավագույն ֆակուլտետներից մեկում, որտեղ իսկապես լավագույն դասախոսական կազմն էր դասավանդում: Ինչպես ցույց է տալիս իմ անցած ճանապարհը՝ ինձ բախտ է վիճակվել որոշակի ժամանակահատված իմ դասախոսների հետ լինել նաև գործընկեր և աշխատել նույն բուհում:

Ներկայիս Վանաձորի պետական համալսարանը հիմա էլ պատվով իրականացնում է կրթական գործընթացը, և ինչպես նախկինում, ներկայում էլ բազմաթիվ ոլորտների լավագույն մասնագետների զգալի տոկոս են կազմում հենց այս բուհի ուսանողները»,-համոզված է ՎՊՀ շրջանավարտ Արուս Թումանյանը:

Նարինե Մովսիսյան

Նարինե Մովսիսյանը 2002-2007թթ. սովորել է  ՎՊՀ-ի «Մանկավարժություն և հոգեբանություն» բաժնում՝ այն իր համար դարձնելով  արվեստի մի ձև ՝ որպես զգալու, ճանաչելու, գիտակցելու և ապրելու արվեստ։

Ուսումն ավարտելուց անմիջապես հետո 10 տարի աշխատել է «Ցավեր առանց սահմանների» ֆրանսիական կազմակերպությունում:  Այդ ընթացքում վերապատրաստվել է ֆրանսիացի մասնագետների կողմից՝ որպես հոգեշարժողական մասնագետ։

2016թ.ից Նարինե Մովսիսյանը միացել է  «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամին՝ որպես հոգեբան Լոռու և Տավուշի մարզերում։ Իսկ արդեն 2018թ.-ից աշխատում է ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնում՝ որպես Մանկան զարգացման ծրագրի պատասխանատու և ծրագրավար։

Այս տարիների ընթացքում համագործակցել է նաև մի շարք միջազգային կազմակերպությունների հետ՝ World Vision, ԴԻ-ՎԻ-ՎԻ ինթերնեյշնալ, Կարմիր խաչ. իրականացրել է ուսուցողական ծրագրեր՝ մասնագետների համար։ Մշակում և իրականացնում է նաև հոգեբանների վերապատրաստումներ՝  տարբեր թեմաների շուրջ։ «Ամեն ինչ սկսվում է քեզնից» ծնողների անձնային աճի թրեյնինգի ձեռնարկի համահեղինակն է:

Հիմնադրել է «Էփսիլոն» հոգեբանական կենտրոնը,  մասնակցել է տարբեր վերապատրաստումների, սեմինարների, կոնֆերանսների։

Կարևորելով պրոֆեսիոնալիզմը՝ ՎՊՀ շրջանավարտ Նարինե Մովսիսյանն այս տարի ընդունվել է  Գեշտալտ թերապիայի և խորհրդատվության մոսկովյան ինստիտուտ: 

Հովհաննես Ղուկասյան

Հովհաննես Ղուկասյանը 2014-2020թթ. սովորել է Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի Պատմաաշխարհագրական ֆակուլտետի «Կառավարում» բաժինը։ 

«Համալսարանի ընտրության հարցում բավականին հեշտ և արագ եմ կողմնորոշվել,  քանի որ տեղեկացված եմ եղել ՎՊՀ-ի դասախոսական անձնակազմի մասնագիտական բարձր գիտելիքների   և պատասխանատու մոտեցման մասին»,- նշում է Հովհաննես Ղուկասյանը։ 

ՎՊՀ-ի շրջանավարտի խոսքով՝ մասնագիտության ընտրության հարցում առաջնորդվել է ինչպես նախասիրությունների, այնպես էլ ժամանակի հրամայականով, քանի որ կառավարման ոլորտի մասնագետները աշխատաշուկայում մեծ պահանջարկ ունեն:

Բուհում ստացած գիտելիքների շնորհիվ արդեն երրորդ կուրսից Հովհաննես Ղուկասյանը աշխատանքի է անցել բանկային համակարգումում՝  որպես Հաճախորդների սպասարկման ավագ մենեջեր ԱյԴի  Բանկ ՓԲԸ-ում: Ուսումնառության և աշխատանքի ընթացքում խորացնելով գիտելիքներն ու զարգացնելով մասնագիտական հմտությունները՝ ՎՊՀ շրջանավարտ Հովհաննես Ղուկասյանն այժմ աշխատում է Ինեկոբանկ ՓԲԸ-֊ում՝ որպես Ֆինանսական խորհրդատու։