ԽՈՐԵՆ  ԳԱՍՊԱՐՅԱՆ

ԽՈՐԵՆ  ԳԱՍՊԱՐՅԱՆ

Գրող, թարգմանիչ, լրագրող  Խորեն  Գասպարյանը 1984թ.-ին ավարտել է Կիրովականի մանկավարժական ինստիտուտի (այժմ՝ Հ. Թումանյանի անվան Վանաձորի պետական համալսարան) բանասիրական ֆակուլտետը, միաժամանակ՝ Մոսկվայի օտար լեզուների հեռակա դասընթացի թարգմանական բաժինը: 1984-1996թթ. աշխատել է հայոց լեզվի, ապա՝  անգլերենի ուսուցիչ, 1996-2005թթ.՝ «Լոռու մարզ» թերթի՝ գլխավոր խմբագրի տեղակալ:

2003թ.-ին Խորեն  Գասպարյանին ԱՄՆ-ում տրվել է Կալիֆոռնիայի պետական համալսարանի Սակրամենտոյի մասնաճյուղի՝ ժուռնալիստիկայի և հաղորդակցության դասընթացների մասնակցի վկայական: Միաժամանակ ստացել է Դեյվիս քաղաքի պատվավոր քաղաքացու վկայագիր: 2005-2012թթ. Վանաձորի քաղաքապետի օգնականն էր՝  լրատվության գծով: 2012թ.  դեկտեմբերից Վանաձորի գրադարանների կենտրոնացված համակարգի տնօրենն է։ Թարգմանական արվեստ, ժուռնալիստիկա և մշակութաբանություն է դասավանդել Վանաձորի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում:

Թարգմանում է անգլերենից և ռուսերենից: Նրա բանաստեղծությունները, պատմվածքներն ու թարգմանությունները տպագրվել են գրական մամուլում, անթոլոգիաներում և առանձին գրքերով: Հայաստանի գրողների  և ժուռնալիստների  միությունների անդամ է:

2010թ.-ին  հայոց լեզվի զարգացման, գրքի տարածման և պրոպագանդման գործում ունեցած մեծ ավանդի և Մայրենիի միջազգային օրվա առթիվ ՀՀ լեզվի պետական տեսչության կողմից  Խորեն  Գասպարյանն արժանացել է պատվոգրի: 2011թ.-ին արժանացել է Հայաստանի գրողների միության պատվոգրին՝ անգլոամերիկյան և ռուսական գրականության թարգմանության ասպարեզում նշանակալի ներդրման համար: 2018թ.-ին նրան շնորհվել է Հայաստանի գրողների միության «Կանթեղ» թարգմանական մրցանակ: 2021թ.-ին ծննդյան 60-ամյակի և հայ գրականությանը մատուցած ծառայությունների համար պարգևատրվել է ՀԳՄ նախագահության «Գրական վաստակի համար» մեդալով:                       

«Վանաձորի պետական համալսարանն ինձ համար հարազատ է շատուշատ պատճառներով, հատկապես՝ հարազատ է որպես գիտակրթական  հաստատություն, որ տարածաշրջանում, հանրապետությունում ու հանրապետությունից դուրս բարձր հեղինակություն ունի՝ պրոֆեսորադասախոսական իր կազմով,  տարբեր բնագավառներում  մեծ նվաճումների հասած իր շրջանավարտներով: Հենց ա՛յդ պատճառով էլ խորհուրդ կտայի բարձրագույն կրթություն ստանալ ցանկացողներին՝ սովորել Վանաձորի պետական համալսարանում»,-նշում է ՎՊՀ շրջանավարտ, այժմ գրող, թարգմանիչ, լրագրող Խորեն  Գասպարյանը: