ԳՈՀԱՐ ՄԿՐՏՈՒՄՅԱՆ
Գոհար Մկրտումյան (դեղագործ-քիմիկ) – Ուսման տարիներից աշխատել եմ դեղատանը: Սիրել եմ իմ մասնագիտությունը, քանի որ կարողացել եմ շփվել մարդկանց հետ և իմ գիտելիքներով պիտանի լինել նրանց։ Սակայն վերջին տարիներին ցանկացա փորձել ինձ մանկավարժության ոլորտում։ Ուզում եմ, որ ինչպես ես եմ սիրել ուսուցչիս և նրա շնորհիվ սիրել եմ քիմիան, այդպես էլ ներկայիս աշակերտները սիրեն ինձ, իմ միջոցով սիրեն քիմիան։ Իմ տված գիտելիքներն ու կարողությունները կարողանան վերածել հմտությունների, որոնք կկարողանան կիրառել։
Քիմիայի նման դժվար առարկան շատ քչերն են ընտրում, քչերն են սովորում, քանի որ դժվարանում են շատ հարցերում։ Սակայն այսօր ես ցանկանում եմ, որ յուրաքանչյուրը գիտակցի և իր մեջ ունենա այն համոզմունքը, որ առանց քիմիայի մենք չենք կարող, քանի որ այն մեր կյանքի անբաժանելի մասն է։
Ինչ ակնկալիքներով և սպասելիքներով եկել եմ Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան, ամբողջությամբ արդարացված են: Ինչպես ասել է Կոմենսկին՝ «չկա ավելի վեհ և բարձր մասնագիտություն, քան ուսուցչի մասնագիտությունն է»։ Այս մտքի ճշմարտացիության մեջ համոզվել եմ դասընթացի ընթացքում։
Ուրախ եմ, որ մասնակցել եմ, ուրախ եմ, որ ունեմ այն գիտելիքների, հմտությունների մեծ պաշարը, որ ձեռք եմ բերել բոլորի կողմից։ Փոքր քայլերով առաջ գնալու մեջ է մեծ հաջողությունների հասնելու գաղտնիքը։ Եվ ես ուրախ եմ, որ իմ փոքր քայլերն արել եմ դեպի մեծ հաջողություն՝ դեպի մանկավարժություն։