ԼԻԼԻԹ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

ԼԻԼԻԹ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

            Կյանքից անժամանակ հեռացավ Վանաձորի պետական համալսարանի լավագույն դասախոսներից մեկը, լավագույն` թե՛ մասնագիտական հմտության, թե՛ մարդկային դիմագծի առումով:

            Լիլիթ Սարուխանյանը ծնվել է 1975 թ. հուլիսի 23-ին Կիրովական (այժմ` Վանաձոր) քաղաքում` մանկավարժների ընտանիքում: Սովորել է քաղաքի Վահան Տերյանի անվան 5-րդ, ապա` 25-րդ դպրոցում: Դպրոցն ավարտելուն պես` 1992 թ.,  ընդունվել է Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրության ֆակուլտետի անգլերեն լեզվի բաժին: Բուհական ուսումնառությանը զուգահեռ` 1995-ին Վանաձորի Մ. Թավրիզյանի անվան երաժշտական ուսումնարանում դասավանդել է անգլերեն և ֆրանսերեն լեզուներ: 1997-ին գերազանցության վկայագրով ավարտել է ինստիտուտը, 1998-ից` աշխատանքի անցել նույն բուհի օտար լեզուների ամբիոնում որպես անգլերենի դասախոս: 2010-ին պաշտպանելով թեկնածուական ատենախոսություն` ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, տարիներ անց` նաև դոցենտի կոչում: Նա մինչև վերջերս համալսարանում պաշտոնավարում էր որպես օտար լեզուների ամբիոնի դոցենտ: Հմուտ տիրապետելով անգլերենին ու ֆրանսերենին` Լիլիթ Սարուխանյանը քաջատեղյակ էր աշխարհի ֆրանսագիր և անգլագիր բնագրային գրականությանը և իմացությունը վերլուծական խոր մտքով փոխանցում էր ուսանողներին: Նա հմուտ մանկավարժ էր և մանկավարժի ու կազմակերպչի իր անուրանալի ձիրքը շռայլում էր ոչ միայն համալսարանում, այլև դպրոցում: Մի քանի տարի Լիլիթ Սարուխանյանը Վանաձորի առաջին դպրոցի տնօրենն էր, որտեղ աշխատելու կարճ ժամանակահատվածը լիովին բավարար էր, որ իր ենթակա գործընկերները,  աշակերտներն ու ծնողները սրտով կապվեին նրա հետ, որոնք այսօր մեզ պես սգում են նվիրյալ մանկավարժի և անաչառ մարդու ծանր կորուստը:

            Լիլիթ Սարուխանյանը մասնակցել է բազմաթիվ գիտաժողովների և համաժողովների, մասնագիտական ձեռնարկների և բազմաթիվ հոդվածների հեղինակ է, տարաբնույթ պարգևների է արժանացել:

         Գնահատելով մարդ արարածին` միաժամանակ պահանջկոտ էր նրա նկատմամբ: Այն սակավ ազնիվներից էր, ով միշտ բոլորից պահանջում  և ակնկալում Էր շիտակություն, ազնվություն և բարձր բարոյականություն:

Վանաձորի պետական համալսարանը կսկիծով է հրաժեշտ տալիս իր լավագույն մասնագետներից մեկին` ցավակցելով թե՛ հարազատներին, թե՛ մտերիմներին, սակայն հատկապես այս պահին բերկրանքով է հիշում ազնիվ հայուհու գործունեությունը, ուսանողներին ավանդածը, ինչպես նաև նրա հմայքը, որ ճառագում էր թե՛ հայացքից, թե՛ գեղեցիկ խոսքից, լիներ այն հայերեն, անգլերեն թե ֆրանսերեն: Գործընկերներն ու ուսանողները չեն կարող գորովանքով չհիշել շրջապատը բացառապես դրական լիցքերով տոգորած իրենց ընկերոջն ու դասախոսին:

Previous Article
Next Article