Վանաձորի պետական համալսարանի «Բազում» հանգրվանը դարձյալ հյուրընկալել է Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին

Վանաձորի պետական համալսարանի  «Բազում» հանգրվանը դարձյալ հյուրընկալել է Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին

Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներից 47-ը՝ թվով 8 ընտանիք, արդեն մի քանի օր է ժամանակավոր ապրում են Վանաձորի Հ. Թումանյաանի անվան պետական համալսարանի «Բազում» ուսումնամարզական հանգրվանում: Ի դեպ՝ 2020թ.ի 44-օրյա պատերազմին ևս հանգրվանը կեցությամբ էր ապահովել բազմաթիվ արցախցի ընտանիքների:

Հանգրվանի տնտեսվար Թամարա Բարսեղյանի խոսքով՝ ամեն ինչ արվել և արվում է հյուրերի կեցությունը հարմարավետ դարձնելու, առաջնային անհրաժեշտության կարիքները բավարարելու, ջերմ հյուրընկալություն ցուցաբերելու համար: Տիկին Թամարան ուրախությամբ  նկատում է՝ փոքր-ինչ հաջողվել է նաև տրամադրություն փոխել:

Որպեսզի հենաշարժողական խնդիրներ ունեցող հյուրերից մեկի ազատ տեղաշարժն ապահովվի, արդեն իսկ թեքահարթակ է կառուցվել, կազմավորվել է համապատասխան լսարան, որտեղ կիրականացվի արցախցի երեխաների ուսուցումը և դասապատրաստումը՝ մինչև նրանց կրթական իրավունքի պատշաճ իրացումը հնարավոր դառնա, ապահովվի երեխաների ժամանցը: Մասնագիտական և հոգեբանական աջակցություն տրամադրելու մասին ևս համալսարանը հոգացել է:

Վանաձորի պետական համալսարանի ուսանողական խորհուրդը կամավորներ է ներգրավել՝ հանգրվանի բնակիչների առաջնային խնդիրները վերհանելու և համապատասխան օժանդակություն տրամադրելու համար՝ տաք հագուստ, հիգիենայի պարագաներ, մանկական անհրաժեշտ միջոցներ: Սննդի փաթեթներն էլ Բազումի համայնքապետարանն է տրամադրում:

Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դոցենտ Սեդա Բեժանյանի նախաձեռնությամբ «Բազում» հանգրվանում ապաստանած մեր հայրենակիցներին օրերս այցելեցին նաև  համալսարանի «Սոցիալական մանկավարժություն» մասնագիտության երկրորդ ,երրորդ և չորրորդ  կուրսերի  ուսանողները՝ ամբիոնի վարիչի և դասախոսների հետ միասին:

Previous Article
Next Article