Գիտությունն ու սպորտը զուգահեռ են քայլում Գոռ Հարությունյանի կյանքում

Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի ռեկտոր Ռուստամ Սահակյանն այսօր հպարտությամբ ընդունեց «Պատմություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող Գոռ Հարությունյանին, ով Սերբիայի Նովի Սադ քաղաքում օրերս կայացած Սամբոյի Եվրոպայի առաջնությունում 88 կգ քաշային կարգում նվաճել է Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը:

Ռ. Սահակյանն ուրախությամբ արձանագրեց, որ բացի մարզական փայլուն կարիերան, Գոռ Հարությունյանը նաև բարձրագույն կրթություն է ստանում՝ խորապես ծանոթանալով հայոց պատմության ակունքներին: Ռեկտորը խոստացավ, որ բուհը կանի հնարավորինը, որպեսզի Գոռի թե՛ մասնագիտական, և թե՛ մարզական հաջողությունները միմյանց զուգահեռ առաջ գնան:

Վանաձոր քաղաքի սամբո ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Զավեն Էվոյանի բնութագրմամբ՝ «Գոռը  օժտված է կամային բարձր որակներով, երբեք ոչնչից չի ընկճվում, մարզիչի հետ անում է ամեն ինչ՝ իր հմտությունները, կարողությունները բարձր մակարդակի հասցնելու համար»:

Չեմպիոնն ինքը հաղթանակի իր բանաձևն ունի. «գոտեմարտ մտնելուց առաջ կարևորը լավ տրամադրվածությունն է, վստահությունը սեփական ուժերին և իհարկե հավատը առ Աստված»:  

Նշենք, որ Գոռ Հարությունյանի մարզիչը սամբո ըմբշամարտի աշխարհի հնգակի չեմպիոն,   ՀՀ վաստակավոր մարզիչ Գագիկ Ղազարյանն է:  

Առաջիկայում ՀՀ մայրաքաղաք Երևանում կկայանա սամբո ըմբշամարտի աշխարհի առաջնությունը, որտեղ ևս մասնակցություն կունենա Գոռ Հարությունյանը: Ուժ ու կորով ենք մաղթում մեր ուսանողին՝ կրկին հաղթանակ տոնելու ակնկալիքով:

Previous Article
Next Article