ՎՊՀ-ում կայացավ «Լեզուն և գրականությունը միջմշակութային հաղորդակցության համատեքստում» խորագիրը կրող 6-րդ միջազգային գիտաժողովը

ՎՊՀ-ում կայացավ «Լեզուն և գրականությունը միջմշակութային հաղորդակցության համատեքստում» խորագիրը կրող 6-րդ միջազգային գիտաժողովը

Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանում բուհի օտար լեզուների և գրականության ամբիոնի նախաձեռնությամբ կայացավ «Լեզուն և գրականությունը միջմշակութային հաղորդակցության համատեքստում» խորագիրը կրող 6-րդ միջազգային գիտաժողովը:

Բացման խոսքով հանդես եկավ Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր, կենսաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Վարդուհի Հովսեփյանը՝ ողջունելովներկաներին և շնորհակալություն հայտնելով մասնակցության համար: Ողջույնի խոսք ասաց նաև բուհի ռեկտոր, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուստամ Սահակյանը՝ մատնանշելով գիտաժողովի նպատակները, Լեհաստանից, Բուլղարիայից, Վրաստանից և Ռուսաստանից բանախոսների մասնակցությունը: Ռեկտորը հույս հայտնեց, որ գիտաժողովը մասնակից երկրների մասնագետների համար համատեղ գիտական աշխատանքներ իրականացնելու նախադրյալներ կստեղծի:

Միջազգային 6-րդ գիտաժողովի լիագումար նիստը մեկնարկեց բանասիրական գիտությունների թեկնածու, օտար լեզուների և գրականության ամբիոնի դոցենտ Կարինե Առուստամյանի ««Նարնջագույն» գունանվանման իմաստային ընդարձակումները ռուս գրականության մեջ» զեկույցով: Հաջորդիվ Տոմսկի պետական համալսարանից բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ռոմանագերմանական բանասիրության ամբիոնի վարիչ Նատալյա Նիկոնովան հանդես եկավ «Էպիստոլյար տեքստերի տեքստաբանական նախապատրաստում. Վ.Ա.Ժուկովսկու նամակագրության հիման վրա» զեկույցով: Գիտաժողովի լիագումար նիստի երրորդ զեկույցը ներկայացրեց Մոսկվայի քաղաքային մանկավարժական համալսարանի փիլիսոփայության և սոցիալական գիտությունների ամբիոնի պրոֆեսոր, սոցիոլոգիական գիտությունների դոկտոր Իրինա Սավչենկոն: Զեկույցի թեման էր «Լեզուն միջմշակութային հաղորդակցության մեջ. գործիք թե արժեք»:

Լիագումար նիստից հետո գիտաժողովի աշխատանքները շարունակվեցին մասնագիտական բաժանմունքներում: ԼԵԶՎԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԵԶՎԻ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ՄԵԹՈԴԻԿԱՅԻ բաժանմունքում նախագահեցին բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Թադևոս Թադևոսյանն ու բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Կարինե Առուստամյանը: ԳՐԱԿԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ բաժանմունքում նախագահեցին բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Նատալյա Նիկոնովան և բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Վալերի Փիլոյանը: Զեկուցումներ հնչեցին նաև առցանց եղանակով:

Գիտաժողովի ավարտին զեկուցողները ստացան մասնակցության հավաստագրեր:

Previous Article
Next Article