«Եղի՛ր ուժ մեր երկրի համար» իրազեկման արշավը՝ Վանաձորի պետական համալսարանում

«Եղի՛ր ուժ մեր երկրի համար» իրազեկման արշավը՝ Վանաձորի պետական համալսարանում

«Եղի՛ր ուժ մեր երկրի համար» իրազեկման արշավի շրջանակում մայիսի 5-ին Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան էին այցելել ՀՀ ՆԳՆ պարեկային ծառայության աշխատակիցները՝ ոստիկանության պարեկային ծառայության կադրերի և ԱՀՏԱ բաժանմունքի պետ, ոստիկանության փոխգնդապետ Սոնա Խաժոյանի և պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի գլխավորությամբ: 

Պարեկային ծառայության ներկայացուցիչները նախ համալսարանի դահլիճում տեղեկատվական բնույթի հանդիպում ունեցան բուհի ուսանողուհիների հետ, որի նպատակն էր նպաստել կանանց և աղջիկների ներգրավվածության բարձրացմանը՝ վերջիններիս մասնակիցը դարձնելով ոստիկանության բարեփոխման ռազմավարությանը:

Հանդիպման ընթացքում ներկայացվեցին պարեկային ծառայության շարքերը համալրել ցանկացող կին թեկնածուների նախագրանցման գործընթացի մանրամասները, դիմորդներին ներկայացվող պահանջները, գործընթացի բաղադրիչ փուլերը, աշխատանքի նկարագիրը, ինչպես նաև պետության կողմից տրվող սոցիալական երաշխիքները: Տեղի ունեցավ նաև ակտիվ հարցուպատասխան:

Հանդիպման երկրորդ հատվածում արդեն հյուրերը համալսարանի բակում ներկայացրին ծառայության տեխնիկական կողմը՝ ոստիկանական մեքենաների տեխնիկական հագեցվածությունը, զենքի և այլ պարագաների բնութագրերը:

Նշենք, որ պարեկային ծառայության շարքերը համալրել ցանկացող կին թեկնածուների նախագրանցման գործընթացը կտևի մինչև մայիսի 15-ը:

Previous Article
Next Article