«Բիզնես պլան» խորագրով մրցույթ՝ Լոռու մարզի դպրոցների մասնակցությամբ

«Բիզնես պլան» խորագրով մրցույթ՝ Լոռու մարզի դպրոցների մասնակցությամբ

Բուհ-դպրոց կապի շրջանակում դեկտեմբերի 27-ին Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի Սմարթ կաֆեում տեղի ունեցավ «Բիզնես պլան» խորագրով մրցույթ, որին մասնակցեցին Լոռու մարզի դպրոցների աշակերտները:

Մրցույթի աշխարհագրությունն ընդգրկուն էր. մասնակից աշակերտները Վանաձոր, Գուգարք, Բազում, Լեռնապատ, Դարպաս և Սպիտակ համայնքներից էին: Ընդհանուր առմամբ բիզնես գաղափարներով մրցեցին թվով յոթ թիմեր: Տարբեր էին նաև ներկայացվող բիզնես գաղափարները՝ «VR տուրիզմ», նվերների արկղի (Giftbox) արտադրություն, անձեռոցիկի տակդիրի արտադրություն, դպրոցի տարածքում կաթիլային ոռոգման համակարգով ջերմոցի հիմնում, գինու, հյութի արտադրություն, ինչպես «FUTW» բիզնես նախագիծ:

Մրցույթի մասնակից աշակերտները ներկայացան թիմերով՝ յուրաքանչյուրը բաղկացած հինգ անձից, իսկ համալսարանի ուսանողները հանդես եկան մենթորի և գնահատողի դերում: Յուրաքանչյուր դպրոցի թիմ ներկայացավ բիզնես գաղափարով և համապատասխան սահիկաշարով: Ժյուրիի կողմից հնչեցին դիտարկումներ, առաջարկություններ՝ գաղափարն առևտրայնացնելու, բիզնեսը մրցունակ դարձնելու վերաբերյալ:

Մրցութային հանձնաժողովը նշեց, որ ներկայացված բոլոր բիզնես գաղափարները հետաքրքիր և յուրօրինակ էին: Նշվեց նաև, որ բավականին աշխատանք է տարվել ուսանողների և թիմերին կցված ուսուցիչների կողմից, և  գաղափարը կարող է վերածվել բիզնեսի, եթե թիմերը  կատարեն շարունակական աշխատանք:

Ամփոփվել են մրցույթի արդյունքները՝ երրորդ տեղը գրավել է Բազումի միջնակարգ դպրոցի թիմը, երկրորդ տեղը՝ Գուգարքի միջնակարգ դպրոցի թիմը և առաջին տեղը՝ ՎՊՀ վարժարանի թիմը: Թիմերը կպարգևատրվեն դիպլոմներով և շնորհակալագրերով, ինչպես նաև հնարավորություն կստանան համալսարանի «Ձեռներեցության և նորարարությունների զարգացման կենտրոնում» (SMART CAFFE)» զարգացնել իրենց հետագա  գործունեությունը՝ բիզնեսի ոլորտում:

Մրցույթի մանրամասները՝ հղումով:

Previous Article
Next Article