Ուսումնական այց Ռումինիա՝ Թատրոնի և կինոյի ազգային համալսարան

Ուսումնական այց Ռումինիա՝ Թատրոնի և կինոյի ազգային համալսարան

Մարտի 21-26-ը ՎՊՀ եռանդամ թիմը Էրազմուս+ «Համալսարան-տնտեսություն կապի հաստատումը Մոլդովայի, Վրաստանի և Հայաստանի ուսանողների խելամիտ ձեռներեցային համագործակցության և մրցունակության միջոցով» (CONNECT) նախագծի շրջանակներում հյուրընկալվել էր Ռումինիայի (ք․ Բուխարեստ) Թատրոնի և կինոյի ազգային համալսարանում (UNATC)՝ մասնակցելու հանրային հաղորդակցման մշակույթի բարելավմանն ուղղված վերապատրաստման դասընթացին, որին մասնակցել էին Հայաստանի, Մոլդովայի, Լատվիայի, Վրաստանի և Ֆինլանդիայի բուհերի ներկայացուցիչները: ՎՊՀ թիմի անդամներն էին բ.գ.թ., դոցենտ, ՀԼԳ ամբիոնի ասիստենտ Հեղինե Մելքոնյանը, ՕԼԳ ամբիոնի դասախոս Լիլիթ Փարսադանյանը, Մաթ.-ինֆ. ամբիոնի դասախոս Կարինե Սիրադեղյանը:

Բուխարեստյան վերապատրաստման շրջանակներում մասնակիցներն անցել են հանրային հաղորդակցման տարբեր թեմաների նվիրված ակտիվ դասախոսությունների շարք՝ շարժումների մոդուլով ուղեկցված: Վերջինս ներկայացվել է իբրև ելույթի հաջողությունն ապահովող կարևոր նախապատրաստական գործիք: Դասընթացն ուղեկցվել է նաև ճանաչողական այցելություններով (Cinetic IT ծրագրերի կենտրոն, Avanpost ֆիլմարտադրություն, Replica հանրային թատրոն), որոնց նպատակը եղել է UNATC-ի շրջանավարտների ձեռնարկատիրական հնարավորությունների դաշտի լուսաբանումը:

Դասընթացն անցել է մասնակիցների ակտիվ և ջերմ ներգրավվածության մթնոլորտում, ինչը վստահություն է թողել շարունակական համագործակցության համար: Արժեքավոր է եղել հատկապես ծրագրի կազմակերպիչների հետ անմիջական շփման հնարավորություն ունենալը:

ՎՊՀ թիմի ներկայացուցիչները վստահեցնում են, որ կարող են զարգացնել UNATC-ում ստացած տեսական և գործնական գիտելիքները՝ պատրաստակամություն հայտնելով ՎՊՀ-ում հիմնադրվող ձեռներեցության և նորարարության զարգացման կենտրոնի (Smart Cafe) համար մշակելու հանրային հաղորդակցմանը և ինքնարտահայտման հմտություններին նվիրված ամփոփ դասընթաց:

ՎՊՀ դասախոսները բավականին տպավորված են վերադարձել հյուրընկալող համալսարանի ջերմ ընդունելությունից՝ ի դեմս ծրագրի համակարգող Ռալուկա Դրագանի, CONNECT նախագծի կազմակերպիչների՝ ի դեմս Էլենա Սիմչյուկի, և դասավանդող կազմի որակյալ աշխատանքից, դասընթացի՝ բազմամշակույթ հաղորդակցման ջերմ մթնոլորտից և ռումին ժողովրդի՝ տարբեր իրավիճակներում հյուրերի նկատմամբ դրսևորած բարեկիրթ, պատրաստակամ և ջերմ վերաբերմունքից:

Իբրև լրացուցիչ գործունեություն՝ ՎՊՀ դասախոսներն այցելել են նաև Բուխարեստի հայկական եկեղեցի և կից թանգարան՝ տեր Օշականի ուղեկցությամբ: Կատարվել է գրքերի փոխանակում. Հ. Մելքոնյանը եկեղեցու մշակույթի կենտրոնին է նվիրել ՎՊՀ-ում կազմակերպված միջազգային գիտաժողովի ժողովածուն, Կ. Սիրադեղյանը՝ իր բանաստեղծությունների ժողովածուն: Ներկայացվել է առաջարկ՝ հայկական համայնքի հետ հայագիտական թեմաներով հեռավար հանդիպումներ կազմակերպելու, ինչը ողջունվել է տեր Օշականի կողմից:

Previous Article
Next Article