«Մասնագիտությունների տոնավաճառ» ավանդական միջոցառումը՝ Վանաձորի պետական համալսարանում

«Մասնագիտությունների տոնավաճառ» ավանդական միջոցառումը՝ Վանաձորի պետական համալսարանում

Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանում նոյեմբերի 24-ին արդեն երրորդ անգամ կայացավ «Մասնագիտությունների տոնավաճառ» միջոցառումը:

Համալսարանի գիտահետազոտական աշխատանքների, նորարարությունների և համագործակցության բաժնի կողմից կազմակերպված «Մասնագիտությունների տոնավաճառ» միջոցառումը հերթական անգամ Վանաձորի պետական համալսարանի հարկի ներքո համախմբեց ոչ միայն բուհի բոլոր մասնագիտությունները ներկայացնող դասախոսներին և ուսանողներին, այլև Լոռու մարզի տարբեր բնակավայրերի հարյուրրավոր դպրոցականների:

«Մասնագիտությունների տոնավաճառ» միջոցառումը միտված էր բուհ-դպրոց կապի ամրապնդմանը, աշակերտների մասնագիտական կողմնորոշմանը:

Ներկաներին նախ ողջունեց համալսարանի ռեկտոր Ռուստամ Սահակյանը: Այնուհետև ելույթներով հանդես եկան բնական գիտությունների ֆակուլտետի դեկան Հերմինե Գրիգորյանը, հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան Մարիյա Բրուտյանը, հասարակական գիտությունների ֆակուլտետի դեկան Հրայր Պապոյանը: Յուրաքանչյուր դեկան հակիրճ ներկայացրեց իր գլխավորած ֆակուլտետի կողմից թողարկվող մասնագիտությունները:

Ներկաներին իրենց պարով ողջունեցին նաև Վանաձորի պետական համալսարանի «Ադելաս» համույթի պարուհիները:

Միջոցառման ընթացքում յուրաքանչյուր մասնագիտություն ներկայացվեց իր բովանդակությունը լուսաբանող ցուցադրական նյութերով և պարագաներով ձևավորված տաղավարով, որոնք հնարավորություն տվեցին աշակերտներին յուրօրինակ ձևաչափով տեղեկանալու համալսարանի մասնագիտությունների առանձնահատկություններին և ընդունելության պայմաններին:

Աշակերտները հնարավորություն ունենացան նաև լսարանային ձևաչափով հանդիպելու բուհի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ, ծանոթացան համալսարանի ուսանողական առօրյային, ավանդական միջոցառումներին, ստացան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները: Մասնագիտությունների մասին աշակերտներին տրամադրվեցին նաև տեղեկատվական նյութեր, որոնք կօգնեն կանխորոշել իրենց նախնական մասնագիտական հետաքրքրություններն ու կարողությունները:

Previous Article
Next Article