Վահագն Դավթյանի 100-ամյա հոբելյանը՝ համալսարանի գրադարանում

Վահագն Դավթյանի 100-ամյա հոբելյանը՝ համալսարանի գրադարանում

Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի գրադարանի աշխատակիցների և Հայոց լեզվի և գրականության ամբիոնի  հետ համատեղ նախաձեռնությամբ  նոյեմբերի 17-ին մեկնարկեց մատենագիտական միջոցառումների շարք: Շարքի մեկնարկը տրվեց բանաստեղծ Վահագն Դավթյանի 100-ամյա հոբելյանին նվիրված գրական ցերեկույթով, որին ներկա էին բուհի պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողներ և շրջանավարտներ, գիտության և մշակույթի գործիչներ, արվեստասեր հյուրեր: Միջոցառումն իր ներկայությամբ և կատարումներով պատվեց վաստակավոր արտիստուհի Սիլվա Յուզբաշյանը։

            Գրական ցերեկույթը գեղարվեստական կատարումներով զարդարեցին ՎՊՀ վարժարանի սաներն ու «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանողները, իսկ հայ գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Գայանե Մալումյանի զեկույցը ամբողջացրեց Վահագն Դավթյանի կյանքի և կարոտի ողբերգությունն ու սիրո կատարյալ ընկալումը, հնարավորություն տվեց սիրված բանաստեղծին ճանաչելու նոր լույսի ներքո:

            Շուրջ երկու ժամ տևած գրական-գեղարվեստական ցերեկույթը եզրափակվեց Սիլվա Յուզբաշյանի անզուգական ասմունքով՝ զուգորդված Վահագն Դավթյանի կենսագրական պատումներով և ստեղծագործական պատառիկներով: Միջոցառման մասնակիցները ՎՊՀ գրադարանից հեռացան հուզված, տպավորված և հարստացած՝ իրենց հետ տանելով դավթյանական հոգու «կապույտը»:

Previous Article
Next Article