«Նոր հեռանկարներ ուսանողների գիտահետազոտական ներուժի զարգացման համար»

«Նոր հեռանկարներ ուսանողների գիտահետազոտական ներուժի զարգացման համար»

2022 թվականի ապրիլի 8-ին Վանաձորի պետական համալսարանում կայացավ Ուսանողական գիտական ընկերության կողմից կազմակերպված «Նոր հեռանկարներ ուսանողների գիտահետազոտական ներուժի զարգացման համար» խորագրով գիտական նստաշրջանը:

Լիագումար նիստին բացման խոսքով հանդես եկավ ՎՊՀ ռեկտոր, տեխ. գ. դ. պրոֆեսոր Ռուստամ Սահակյանը: Նա ողջունեց հայաստանյան տարբեր բուհերի մասնակցությունը գիտաժողովին, ինչպես նաև արդյունավետ աշխատանք մաղթեց գիտաժողովի մասնակիցներին:

Գիտաժողովի Լիագումար նիստը վարեց Գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր, կ.գ.թ., դոցենտ Վ. Հովսեփյանը:

Մասնակիցներին ողջունեց նաև Ուսանողական գիտական ընկերության նախագահ Տատյանա Օհանյանը:

Գիտաժողովը գործեց 10 բաժանմունքներով: Առկա և հեռակա ձևաչափով զեկուցումներով հանդես եկավ 85 ուսանող, որոնցից 25-ը՝ Արցախի պետական համալսարանի, Գորիսի պետական համալսարանի, Երևանի պետական համալսարանի, Գավառի պետական համալսարանի, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի, Ստեփանակերտի Գ. Նարեկացու անվան պետական հավատարմագրված համալսարանի ուսանողներն են:

Լիագումար նիստին ելույթ ունեցան ՎՊՀ ուսանողուհի Օֆելյա Բաղդասարյանը «Կնոջ, ընտանիքի և հասարակության մաթևոսյանական ընկալումը» թեմայով, և ԵԹԿՊԻ ուսանող Վովա Արզումանյանը «Իմ ընտանիքը իմ ճամպրուկում է» և «Գոմեշը» մոնոներկայացումների կառուցվածքաբովանդակային առանձնահատկությունները» թեմայով:

Գիտաժողովի փակման արարողությանը ՎՊՀ ռեկտոր Ռ. Սահակյանը շնորհակալություն հայտնեց ՎՊՀ ուսանողական գիտական ընկերության ողջ թիմին, և հույս հայտնեց, որ տարբեր համալսարանների հետ համագործակցությունը կկրի շարունակական բնույթ:

Արցախի պետական համալսարանի ուսանողները նաև մասնակցեցին Վանաձորի Արցախ պուրակում Արցախի Հանրապետության դրոշի բարձրացման հանդիսավոր արարողությանը և կիսվեցին իրենց զգացողություններով:

Գիտաժողովի ավարտից հետո կազմակերպվեց շրջայց հյուրերի համար: Մասնակիցները եղան Վանաձորի Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանում, Կերպարվեստի թանգարանում և Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցում: Գիտաժողովի մասնակիցները մեծ բավականություն ստացան, և հույս հայտնեցին, որ առիթ կլինի կրկին գալ Վանաձոր, վայելելու Լոռվա չնաշխարհիկ բնությունը և լոռեցիների ջերմ ընդունելությունը:

ՎՊՀ ռեկտոր Ռ. Սահակյանը Արցախի և Գորիսի պետական համալսարանների ուսանողների հետ առանձին հանդիպման ժամանակ  համալսարանի խորհրդանիշներով հուշանվերները հանձնեց մասնակիցներին:

                                                                                            Տատյանա Օհանյան

                                                                                            ՎՊՀ ՈւԳԸ նախագահ

Previous Article
Next Article