Հայտնի դարձան «Ռեկտորի գավաթ» ֆուտզալի ներբուհական առաջնության հաղթողները

Հայտնի դարձան «Ռեկտորի գավաթ» ֆուտզալի ներբուհական առաջնության հաղթողները

Հունվարի 18-ին Վանաձորի «Ալբերտ Ազարյանի անվան «Կենտրոն» համալիր մարզադպրոց»-ում տեղի ունեցավ Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի «Ռեկտորի գավաթ» ֆուտզալի ներբուհական առաջնության եզրափակիչ փուլն ու պարգևատրման արարողությունը:

Առաջնությանն այս տարի մասնակցել են հինգ՝ համալսարանի հումանիտար գիտությունների, բնական գիտությունների և հասարակական գիտությունների ֆակուլտետների ուսանողների, քոլեջի և հենակետային վարժարանի սովորողների թիմերը:

Արվեստի և սպորտի ամբիոնի դասախոս Զավեն Էվոյանի խոսքով՝ «երկարատև դադարից հետո համալսարանի «Ռեկտորի գավաթ» ֆուտզալի ներբուհական առաջնության նպատակն էր վերականգնել բուհի մարզական ավանդույթները, սովորողների շրջանում քարոզել առողջ ապրելակերպն ու խրախուսել սպորտային ակտիվ կյանքը»:

Համալսարանի ռեկտոր Ռուստամ Սահակյանը և արվեստի ու սպորտի ամբիոնի վարիչ Արման Բարսեղյանն իրենց ելույթում նշեցին, որ նմանատիպ մարզական միջոցառումներով պետք է հասնել նրան, որ Վանաձորի պետական համալսարանի ուսանողները հաջողությամբ հանդես գան նաև միջբուհական տարբեր առաջնություններում:

Հնգօրյա համառ պայքարի արդյունքում հայտնի դարձան լավագույն թիմերն ու լավագույն խաղացողները: Մրցաշարի «Լավագույն պաշտպան» ճանաչվեց հասարակական գիտությունների ֆակուլտետի «Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ» մասնագիտության թիմի մարզիկ Արթուր Մանուկյանը, «Լավագույն դարպասապահ»՝ ՎՊՀ հենակետային վարժարանի թիմի մարզիկ Ռազմիկ Հովհաննիսյանը, իսկ «Լավագույն հարձակվող» տիտղոսին արժանացավ բնական գիտությունների ֆակուլտետի թիմի մարզիկ Ալեքս Մակարյանը: Վերջիններս համալսարանի կողմից ստացան նվերներ և պատվոգրեր:

Վանաձորի պետական համալսարանի «Ռեկտորի գավաթ» 2023թ.-ի ֆուտզալի ներբուհական առաջնությանը պատվավոր երրորդ հորիզոնականը գրավեց ՎՊՀ քոլեջի թիմը, երկրորդ հորիզոնականը՝ բնական գիտությունների ֆակուլտետի թիմը, իսկ առաջին հորիզոնականը գրավեց հասարակական գիտությունների ֆակուլտետի «Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ» մասնագիտության թիմը՝ արժանանալով «Ռեկտորի գավաթ»-ին: Մրցաշարի մասնակից մյուս թիմերը պարգևատրվեցին շնորհակալագրերով՝ առաջնությանը ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար:

Previous Article
Next Article