Մայրենի լեզվի միջազգային օրը հանդիսավորությամբ նշվեց Վանաձորի պետական համալսարանում

Մայրենի լեզվի միջազգային օրը հանդիսավորությամբ նշվեց Վանաձորի պետական համալսարանում

Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի դահլիճում կայացավ մայրենի լեզվի միջազգային օրվան նվիրված միջոցառում: Մեր ոսկեղենիկ լեզվի հավերժությանը նվիրված միջոցառումը նախաձեռնել էր հայոց լեզվի և գրականության ամբիոնը: Միջոցառումը մեկնարկեց «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողների՝ հայոց լեզվի ծագմանը և զարգացմանը նվիրված պատմական ակնարկներով, որին հաջորդեցին համաշխարհային մեծերի կարծիքները՝ հայոց լեզվի մասին:

Միջոցառման երկրորդ հատվածում բեմահարթակը տրամադրվեց «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության 1-ին կուրսի ուսանողներին, որոնք բանաստեղծական հատվածների շարան էին պատրաստել մեր մայրենի լեզվի մասին: Հայոց լեզվին նվիրված բանաստեղծական պատառիկներին հաջորդեց Վանաձորի պետական համալսարանի «Ադելաս» պարային խմբի գեղարվեստական կատարումը:

Ինչպես հայտնի է՝ գրավոր հայերենը զարգացման մի քանի փուլեր է անցել, որոնք ապահովել են նաև մեր պատմության բարդ, սակայն անխախտելի ընթացքը: «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողները հանդես եկան փոքրիկ բեմականացմամբ՝ յուրաքանչյուրը խորհրդանշելով մայրենի լեզվի զարգացման մի փուլը: Իսկ բարբառները խորհրդանշող մասնակիցը հանդիսատեսին փոխանցեց լեզվի հետագա զարգացման էստաֆետը: Միջոցառման ողջ ընթացքում գերիշխեց մեկ նպատակ՝ անաղարտ և մաքուր պահել մայրենի լեզուն: Իսկ լեզվի պահպանման կարևոր պայմաններից մեկը այդ լեզվի խորամուխ ուսումնասիրությունն է՝ հանձինս հայ նշանավոր լեզվաբանների: Ուստի հատկանշական է, որ  բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գուրգեն Խաչատրյանի 70-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումը մեկտեղվեց Մայրենի լեզվին նվիրված միջոցառման հետ: Ցերեկույթի ընթացքում լեզվաբան Գուրգեն Խաչատրյանը ներկայացվեց որպես ստեղծագործող՝ իր կտավների, բանաստեղծությունների, հեղինակած երգերի միջոցով:

Գուրգեն Խաչատրյանին հոբելյանի առթիվ բեմահարթակից շնորհավորեցին հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան Մարիյա Բրուտյանը, հայոց լեզվի և գրականության ամբիոնի պրոֆեսոր, բանասիրական գիտությունների դոկտոր Թերեզա Շահվերդյանը:

Տոնական միջոցառումը եզրափակվեց «Բիայնա» երգչախմբի կատարմամբ:

Previous Article
Next Article