Հավաստագրեր ՎՊՀ գրադարանում կամավորական աշխատանքներ կատարած ուսանողներին

Մայիսի 16-ին Վանաձորի պետական համալսարանի գրադարանում կազմակերպվել էր հանդիպում գրադարանում կամավորական աշխատանքներ կատարած ուսանողների հետ, որին ներկա էին ՎՊՀ ռեկտոր Ռուստամ Սահակյանը և ՎՊՀ գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Վարդուհի Հովսեփյանը։

Գրադարանի վարիչ Գոհար Գաբոյանը ներկայացրեց փոքրիկ հաշվետվություն կամավորների թվի և նրանց կողմից կատարված աշխատանքների բնույթի ու ծավալի վերաբերյալ։

Ռեկտոր Ռուստամ Սահակյանը շեշտեց, որ կամավորության ինստիտուտը նոր է ներդրվել բուհի տարբեր բաժիններում և ընդգծեց, որ կամավորության մշակույթը շատ ընդունված է ամբողջ աշխարհում ու անձնային դրական որակներ է զարգացնում։ Նա շնորհակալություն հայտնեց կամավորական աշխատանքների մասնակիցներին և հավաստագրեր հանձնեց 2023թ․ հոկտեմբերից մինչև 2024թ․ մարտը ներառյալ կամավորության սկզբունքով ՎՊՀ-ի գրադարանում էլեկտրոնային քարտադարանի ծրագիր տվյալների ներմուծման աշխատաքներ կատարած ուսանողներին։ Ռեկտորը հույս հայտնեց, որ կամավորությունը փաստող հավաստագրերը կօգնեն ուսանողներին աշխատանք գտնելու գործում։

Ռուստամ Սահակյանը եղավ նաև գրադարանի հնատիպ և հազվագյուտ գրքերի պահոցում, որտեղ ավարտվել էին վերագույքագրման աշխատանքները։ Գրադարանի վարիչը ներկայացրեց կատարված աշխատանքները՝ փաստելով, որ հավաքածուն ամբողջովին վերագույքագրվել է, գրադարանային գործի չափանիշներին համապատասխան դասակարգվել, քարտագրվել և ցուցակագրվել։

Previous Article
Next Article