Վանաձորի պետական համալսարանում կայացավ գիտխորհրդի հերթական նիստը

Վանաձորի պետական համալսարանում կայացավ գիտխորհրդի հերթական նիստը

Նոյեմբերի 23-ին Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանում տեղի ունեցավ գիտխորհրդի հերթական նիստը: Օրակարգը հաստատվեց միաձայն:

Գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Վարդուհի Հովսեփյանը ներկայացրեց ՎՊՀ գիտության ոլորտի զարգացման 2023-2025թթ․ ռազմավարությունը, որն ընդունվեց ի գիտություն:

Ի գիտություն ընդունվեց նաև ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Լուսինե Կոստանդյանի հաղորդումը՝ հեռավար ուսուցմամբ ՄԿԾ-ների, կարճաժամկետ կրթական ծրագրերի, միջգիտական կրթական ծրագրերի մշակման և ներդրման վերաբերյալ:

Կրթական գործընթացների կառավարման բաժնի ղեկավար Անուշ Գևորգյանը ներկայացրեց օրակարգի հաջորդ երկու հարցերը: Հաստատվեցին Վանաձորի պետական համալսարանի 2024-2025 ուստարվա բակալավրի ու անընդհատ և ինտեգրված կրթական ծրագրով (առկա,հեռակա) ընդունելության մասնագիտությունների վարձավճարներն ու տեղերը, ինչպես նաև Վանաձորի պետական համալսարանի 2024-2025 ուստարվա ուսուցմամբ  մագիստրոսի   կրթական ծրագրով (առկա, հեռակա) ընդունելության մասնագիտությունները, վարձավճարները և տեղերը:

Ի գիտություն ընդունվեցին համալսարանում հրատարակչական աշխատանքների վերաբերյալ հաղորդումը, ՎՊՀ ամբիոնների՝ 2022-2023թթ.  ուստարվա գիտահետազոտական աշխատանքների արդյունավետության վերլուծությունը:

ՎՊՀ–ում կազմակերպված վերապատրաստումների, պրոֆեսորադասական և ուսումնաօժանդակ  աշխատակազմի մասնագիտական   վերապատրաստման և որակավորման բարձրացման դասընթացների մշակման և ներդրման վերաբերյալ հաղորդում ներկայացրեց կրթական բարեփոխումների և վերապատրաստման կենտրոնի ղեկավար Վաղինակ Նազարյանը:

Որպես ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար՝ Վաղինակ Նազարյանը հաղորդեց 2023-2024 ուստարվա բակալավրիատի և մագիստրատուրայի ընդունելության արդյունքների վերաբերյալ:

Հաստատվեց հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Պատմություն» մասնագիտության մագիստրատուրայի կրթական ծրագրի (022201․01․7-«Պատմություն») ուսումնական պլանում առաջարկվող փոփոխությունը:  

Գիտխորհրդի կազմը հաստատեց նաև 2023-2024 ուստարվա հեռակա ուսուցման համակարգի ուսումնական գործընթացի արդյունավետ կազմակերպման նպատակով առաջին կուրսերում դասավանդվող մասնագիտական «Օտար լեզու», մասնագիտական «Ռուսաց լեզու», «Կիրառական տեղեկատվական համակարգեր՝ ըստ ոլորտի» դասընթացները հոսքերով կազմակերպելու հարցը։

Հաստատվեցին 2023-2024 ուստարվա մանկավարժության և հոգեբանության ամբիոնի հայցորդ Հերմինե Այվազյանի ատենախոսության գիտական ղեկավարը, ուսումնական և անհատական պլանները:  

Տպագրության երաշխավորվեցին հայոց լեզվի և գրականության ամբիոնի պրոֆեսոր Գուրգեն Խաչատրյանի «Գրաբարի» ձեռնարկը, պատմության ամբիոնի պրոֆեսոր Ֆելիքս Մովսիսյանի «Մասոնությունը հայոց մեջ» մենագրությունը, հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ Վալերի Փիլոյանի «Անտեսանելի ներկայության գոյությունը. Լևոն Խեչյանի ստեղծագործությունը» հոդվածների ժողովածուն, մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դոցենտ Անահիտ Ղազարոսյանի «Մասնագիտական կողմնորոշում և մասնագիտության ընտրություն» թեստերի ժողովածուն։

Գիտական խորհրդին կից մշտական մրցութային հանձնաժողովի նախագահ Ֆելիքս Մովսիսյանը ներկայացրեց էկոնոմիկայի, իրավունքի և կառավարման ամբիոնի դասախոս Արմինե Ստեփանյանի՝ դոցենտի գիտական կոչման հայցման համար համապատասխան փաստաթղթերը: Փակ գաղտնի քվեարկության արդյունքում Արմինե Ստեփանյանին շնորհվեց դոցենտի գիտական կոչում:

Վանաձորի պետական համալսարանի ռեկտոր Ռուտամ Սահակյանը գիտխորհրդի նիստին պաշտոնապես հանձնեց պատմության ամբիոնի դասախոս Հայկ Վիրաբյանի դոցենտի գիտական կոչման դիպլոմը:

Քննարկվեցին և հաստատվեցին նաև որոշ կարգերի և կանոնակարգերի փոփոխություններ:

Previous Article
Next Article