Կայացավ ՈՒԳԸ 13-րդ հանրապետական գիտական նստաշրջանը՝ «Գիտության մարտահրավերները և երիտասարդ գիտնականների գիտական ներուժը» խորագրով

Մայիսի 15-ին Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանում կայացավ ՈՒԳԸ 13-րդ հանրապետական գիտական նստաշրջանը՝ «Գիտության մարտահրավերները և երիտասարդ գիտնականների գիտական ներուժը» խորագրով:

Վանաձորի պետական համալսարանի ռեկտոր Ռուստամ Սահակյանն ընդունեց գիտաժողովի մասնակիցներին՝ Երևանի, Շիրակի, Գավառի, Գորիսի պետական համալսարններից, ինչպես նաև Եվրասիա միջազգային համալսարանից: Ռեկտորը շնորհակալություն հայտնեց բուհերի ներկայացուցիչներին և ուսանողներին՝ մեր համալսարանում կազմակերպվող գիտական և մշակութային իրադարձություններին ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար:

Գիտաժողովի լիագումար նիստը մեկնարկեց ՀՀ և ՎՊՀ օրհներգերով: Բացման խոսքով հանդես եկավ ռեկտոր Ռուստամ Սահակյանը: Ներկաներին ողջույնի խոսք հղեցին նաև գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր և նիստը վարող Վարդուհի Հովսեփյանը, ՎՊՀ ՈՒԳԸ նախագահ Լիլիթ Հակոբյանը:

«Եկեղեցաշինությունն Արցախում՝ 17-րդ դարում» զեկուցումով հանդես եկավ ԵՊՀ ուսանող Արմեն Հովսեփյանը, «Ինկվիզիցիան միջնադարյան Իսպանիայում» զեկուցումով՝ ՎՊՀ ուսանողուհի Լիլիթ Հակոբյանը:

Լիագումար նիստին հաջորդեց աշխատանքը բաժանմունքներում: Ամենամեծ թվով զեկուցումները եղան «Պատմություն» բաժանմունքում՝ 17 զեկույց. «Հայ բանասիրություն» բաժանմունքում՝ 8, «Կենսաբանություն և քիմիա»՝ 7, «Ինֆորմատիկա»՝ 2, «Հոգեբանություն և սոցիոլոգիա»՝ 8, «Իրավագիտություն»՝ 9, «Տնտեսագիտություն»՝ 4 զեկույց:

Գիտաժողովի փակման արարողությանը մասնակիցներին երաժշտական կատարումով ողջունեց ՎՊՀ-ի «Բիայնա» երգչախումբը: Համալասարանի ռեկտոր Ռուստամ Սահակյանը հավաստագրեր շնորհեց գիտաժողովի բոլոր մասնակիցներին՝ մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնելով հյուրընկալված ուսանողներին՝ համագործակցության և տարեցտարի աճող մասնակցության ցուցանիշի համար:

Previous Article
Next Article