«Ուսանողական գարուն» — 2024

Մայիսի 10-ին Վանաձորի Էդուարդ Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցի համերգասրահում մեկնարկեց ուսանողների կողմից սիրված միջոցառումներից մեկը՝ «Ուսանողական գարուն» -2024 ամենամյա փառատոնը: Փառատոնը կազմակերպվում է Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի նախաձեռնությամբ և միտված է ուսանողների գեղարվեստական դաստիարակությանը, ինչպես նաև մշակութային գործունեության ակտիվացմանը: Նպատակն է հայտնաբերել, խրախուսել և աջակցել շնորհալի ուսանողներին, նպաստել նոր սերնդի և քաղաքացու գեղագիտական ճաշակի ձևավորմանը: «Ուսանողական գարուն»-2024 ամենամյա փառատոնին մասնակցեցին ուսանողներ հանրապետության թվով տասնչորս կրթական հաստատություններից: Մասնակից կառույցների թվում էին Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջը, Հայաստանում Ֆրանսիական համալսարանը, Շիրակի, Գավառի պետական համալսարանները, Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղը, Ստեփանավանի պրոֆեսոր Ա. Քալանթարի անվան պետական գյուղատնտեսական քոլեջը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Վանաձորի մասնաճյուղը, Միքայել Թավրիզյանի անվան արվեստի պետական քոլեջը, Վանաձորի պետական բժշկական քոլեջը, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղը, Վանաձորի Ս. Թևոսյանի անվան պետական պոլիտեխնիկական քոլեջը, Վանաձորի պետական համալսարանն ու «Վանաձորի պետական համալսարան» հիմնադրամի քոլեջը: Փառատոնի մասնակիցների աշխարհագրությունը վկայում է, որ այն արդեն իսկ դարձել է միջմարզային մշակութային իրադարձություն: Փառատոնի մասնակիցների ելույթներն անցկացվեցին հետևյալ անվանակարգերում՝Մեներգեցողություն Երգչախումբ և վոկալ անսամբլԳործիքային կատարումներ Պարարվեստ Թատերարվեստ, որն իր մեջ ներառում է մոնոներկայացում, ասմունք և ներկայացում: Մասնակիցները նախապես բաժանվել էին մասնագիտական և սիրողական խմբերի: Գնահատումը կատարվել է յուրաքանչյուր խմբի համար առանձին: «Ուսանողական գարուն»-2024 փառատոնի փակման արարողությունը տեղի ունեցավ մայիսի 11-ին: Նախ ներկաներին պարային կատարումով ողջունեց Վանաձորի պետական համալսարանի «Ադելաս» պարային համույթը: Փառատոնի կայացման աշխատանքներում ներգրավված աշխատակիցներին շնորհակալագրեր հանձնեց համալսարանի ռեկտոր Ռուստամ Սահակյանը: Ռեկտորը նաև պատվոգրեր և գավաթներ հանձնեց փառատոնի տարբեր անվանակարգերում առաջին հորիզոնական զբաղեցրած մասնակիցներին: Մրցութային երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած մասնակիցների պատվոգրերը հանձնեց մշակութաբան և երգահան Գագիկ Աղաբաբյանը: Մրցույթի մասնակից մյուս ուսանողները պարգևատրվեցին շնորհակալագրերով: Շնորհակալագրերը հանձնեց դրամատուրգ, երգիծաբան Սամվել Խալաթյանը: «Ուսանողական գարուն»-2024 փառատոնի փակման արարողությունը գեղեցիկ երաժշտական կատարմամբ եզրափակեց Վանաձորի պետական համալսարանի ուսանողուհի Սյուզաննա Արոյանը:

Previous Article
Next Article