поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

Հազիվ թե կարելի է պնդել, որ գեղանկարչի հոգում երբ գույներն «աղմկում» են, նա իրեն հանգիստ է զգում։ Երջանիկ՝ այո, ստեղծագործական երկունքից տառապահար՝ թերևս, բայց նա իրեն հանգիստ կարող է զգալ կամ իրականության խելահեղ գունագեղությունից հանգստանալ թերևս միայն... սև ու սպիտակի մեջ։ Ինչպես այս հարցազրույցի հերոսուհին՝ շնորհալի արվեստագետ Աննա ԹՈՐՈՍՅԱՆԸ, որ, ի տարբերություն բազում այլոց, լուսանկարում գերադասեց ներկայանալ հենց սև ու սպիտակ։

 

– Կյանքի արագությունը մեծացել է այնքան, որ մարդը կարծես փոխել է իր կեցության վայրը. նա հիմա ավելի շատ վիրտուալ աշխարհում է, քան իրական։ Եվ այդ աշխարհն այնպիսի ձգողություն ունի, որ մարդը նրան է վստահում իր կյանքի ոչ միայն ժամանակը, այլ նաև, որքան էլ անսպասելի է, իր ինքնընկալումը, ինքնագիտակցումը։ (Կարծում եմ՝ այդ պատճառով է, որ այսպես հանկարծ բազմացել են ստեղծագործող անհատները, հատկապես գրողները)։ Դուք ևս այդ աշխարհում, մասնավորապես՝ Ֆեյսբուք սոցիալական տիրույթում, փորձում եք ներկայանալ ոչ թե Ձեր երկրային՝ «ավազանի» անունով, այլ մեկ ուրիշով, որը թերևս Ձեր ընկալմամբ ավելի է հուշում  Ձեր էության «որակի» մասին՝ Шёпот Дождя: Ինչու՞, սիրելի Աննա։ Եվ ինչու՞ ռուսերեն։

 

– Սոցիալական կայքերը մեր օրերում կարևոր հարթակ են ներկայանալու և ներկայացնելու այն, ինչ անում ես։ Դա վատ չէ։ Ստեղծագործողների այդ առատության մեջ մարդիկ գտնում են այն անհատներին ու այն ստեղծագործությունները, որոնք իրենց հոգեհարազատ են։ Բազմազանություն միշտ էլ պետք է լինի,  որ ընտրես քոնը։ Սակայն մարդիկ տարբեր են, և ամեն մարդ օգտագործում է սոցիալական ցանցն այնպես, ինչպես դրա մասին իր պատկերացումներն են թույլ տալիս։ Բայց դա պետք չէ դարձնել կյանքի իմաստ, որովհետև նա կարող է խլել քեզնից ամենաթանկը՝ ժամանակդ և առողջությունդ։ Վիրտուալ աշխարհում կատարվող ոչ մի շփում չի կարող համեմատվել իրական հարաբերությունների հետ։ Հատկապես ստեղծագործող մարդիկ դա լավ գիտեն, քանի որ մարդու բնությունը զգալու համար պիտի իրականության մեջ նրան հանդիպես, տեսնես, զգաս։ Մենք բոլորս շատ ենք հեռացել բնությունից, բայց, կարծում եմ, դեռ կգան «վերադարձի» ժամանակներ, ուրիշ տարբերակ չկա։

Այո, ես օգտվում եմ ֆեյսբուքից։ Անվանս հետ կապված շատ կարծիքներ եմ լսել։ Երբ տարիներ առաջ որոշեցի էջ բացել և ուրիշ անունով հանդես գալ, այդ բառակապակցությունն ինձ նախընտրելի թվաց՝ «անձրևի շշուկ». ես սիրում եմ լսել անձրևի ձայնը, այն ինձ հանգստացնում է։ Այդ ձայնն առավել «լսելի» է ռուսերեն հնչման ժամանակ... Անվան ընտրությունը պայմանավորված չի եղել արտառոց ինչ-որ անունով ուշադրություն գրավելու կամ ճանաչում ձեռք բերելու ձգտմամբ, այլ, հակառակը, «պահվելու» այդ անվան տակ, ինչպես ծաղիկը՝ անձրևի...

 

− Գեղանկարչության մեջ, ինչպես նաև մյուս արվեստներում, որևէ ոճ անխառն հանդես չի գալիս։ Այնուամենայնիվ, ցանկացած արվեստագետ միշտ էլ որևէ ոճի կամ ուղղության ավելի է նախապատվություն տալիս՝ մյուսների համեմատ։ Ո՞րն է Ձեր նախասիրած-նախընտրած ոճը կամ ուղղությունը։

 

 Ես սիրում եմ գրաֆիկան և սյուրռեալիստական ուղղությունը։ Այստեղ ասելիքը շատ է, քանի որ ոչ ֆորմալ և ստանդարտ ձևաչափերով դու կարողանում ես ներկայացնել իրականությունը, որքան էլ այն անհասկանալի ու տարօրինակ դիտվի։

 

 Սյուրռեալիզմին բնորոշ է արհամարհանքը իրերին տրվող ուղղակի նշանակություններին. այն նախապատվությունը առավելապես տալիս է ենթատեքստերին՝ համարելով, որ այդ եղանակով իրականությունն ավելի ճանաչելի է դառնում։ Դուք, փաստորեն, նույնպես համարում եք, որ իրականության գեղարվեստական արտացոլման համար սյուրռեալիզմի հնարավորություններն ավելի մեծ են, քան ռեալիզմի։ Այսինքն՝ Դուք կարծում եք, որ իրականությունն ավելի ճանաչելի է, օրինակ, Պաբլո Պիկասոյի, քան, ասենք,  Գյուստավ Կուրբեի նկարներու՞մ։

 

 Այդպես է. այն, ինչ ստանդարտի մեջ չէ, առաջին հայացքից միշտ էլ բացասական դիտանկյունից է նայվում։ Համեմատական չեմ անցկացնի երկու նկարիչների միջև, քանի որ ամեն մեկն իր արվեստում ինքնատիպ է, և երկուսն էլ վերջին հաշվով նպատակ են ունեցել գույն ու գծի միջոցով վերապատկերել, արտացոլել իրականությունը։ Ամեն բան եղածից է ծնվում։ Սյուրռեալիստական արվեստն էլ ծնվում է իրականությունից։ Ո՞վ է ասել, որ ճշմարտությունը հենց այն է, ինչ տեսնում ենք։ Ամեն մարդ մի աշխարհ է, իսկ ով ստեղծագործող է, կարողանում է նաև վերարտադրել իր աշխարհը։ Սյուրռեալիզմի արհամարհանքը կեղծ իրականության դեմ է, սուտ և փուչ գաղափարների։ Յուրաքանչյուր մեծ արվեստագետ ստեղծագործում է իր ճշմարտությամբ, և հենց դա է, որ նրանց դարձնում է ինքնատիպ անհատականություն։ Սյուրռեալիզմը իրականության հանդեպ բոլորովին այլ մոտեցում է՝ ավելի քան իրականություն...

 

– Ժամանակակից հայ գեղանկարչության մեջ կա՞ն անուններ, որոնց ստեղծագործությունը Ձեզ հոգեհարազատ է։ Խոսքը նաև վանաձորյան նկարչական «դասի» մասին է։

 

 Ժամանակակից գեղանկարիչներից ինձ համար հետաքրքիր անուններ են Ավետիս Խաչատրյանը, Լիանա Ասատրյանը` Երևանից։ Վանաձորից՝ իմ սիրելի դասախոս Ռոբերտ Հեքիմյանը` հոգու նկարիչ, Վազգեն Ղաբուզյանը, Ռուբեն Սուվարին, էլի մի շարք շնորհաշատ ստեղծագործող անհատներ։ Պիտի նշեմ նաև Մարգարիտա Բաբայանի անունը՝ մի հրաշալի ստեղծագործող մարդու, ում դեռ առիթներ կունենանք ճանաչելու։ Եվ էլի շնորհալի երիտասարդներ, որոնց մասին արվեստասեր հանրությունը դեռ կլսի։

Ավետիս Խաչատրյանը պնդում է, թե «արվեստագետը պետք է ոչ միայն մտքերով լինի թափառող, այլև ֆիզիկապես, տեսնի, զգա, վայելի, տա ու վերցնի»։ Նրա այս խոսքի մեջ ինձ առավել հետաքրքրում է «վայելքի» պահը. դա ստեղծագործակա՞ն (գեղագիտական) վայելքին է վերաբերում, ինչն ինքնին հասկանալի է, թե՞ զուտ աշխարհիկ վայելքին, առանց որի արվեստագետը չի կարող լիարժեքորեն ներշնչվել։

 

–  Կարծում եմ՝ ոչ միայն գեղագիտական, այլ նաև ֆիզիկականն է ի նկատի ունեցել։ Դրանց երկուսի որոնումը հոգևորի փնտրտուքն է, որ մարդը մարդու մեջ է փնտրում և ստեղծում արվեստ։

 

–  Ի դեպ, իբրև նկարչուհու՝ Ձեզ «հայտնաբերել» եմ Ձեր երկու ուսանողական ընկերների՝ Արգինա Խաչատրյանի և Վիրաբ Հայրապետյանի հետ անցկացված հարցազրույցից։ Իմ դիտարկմանը, թե՝ «Վանաձորում այսօր ապրում և ստեղծագործում է շնորհալի նկարիչների մի ամբողջ բույլ։ Ես չեմ ուզում անուններ տալ՝ հուսալով, որ Դուք կտաք», նրանք, իրարից անկախ, տվել են Ձեր անունը։ Հետաքրքիր է՝ Դո՛ւք ինչպես կբնորոշեիք նրանց իբրև նկարիչների։

 

 Շնորհակալ եմ շատ... Արգինան և Վիրաբը իմ ընկերներն են, հիանալի մարդիկ։ Արվեստի մեջ դեռ ճանապարհ ունեն անցնելու, աշխատասեր են և ունեն շատ նպատակներ: Վստահ եմ, որ դրանք կիրականանան, քանի որ երկուսն էլ նպատակասլաց են։

 

– Իմ համարյա բոլոր արվեստագետ զրուցակիցներին առաջարկում եմ հեղինակային մեկնաբանություն տալ իրենց այս կամ այն ստեղծագործությանը։ Ինձ (և ընթերցողին անշուշտ) կհետաքրքրի Ձեր մեկնաբանությունը ահա այս աշխատանքին։ Մասնավորապես հետաքրքիր է այդ աշխատանքի գեղագիտական սիմվոլիկան (վարագույր, առագաստ, արկղ (գուցե այլ բան)՝ կնոջ ձեռքերում, գունդ՝ տղամարդու ձեռքերում և մնացյալը)։

 

– Աշխատանքում փորձել եմ պատկերել այն հեքիաթը և տիեզերական աշխարհը, որ կարող է ստեղծվել երկու սրտերից։ Այն լուռ երկխոսություն է երկու ներդաշնակ հոգևոր աշխարհների։ Ուժ, որ ամենազոր է, վեր՝ մարդկային երևակայությունից։ Եվ այդ ուժը միշտ երկու սրտերի մեջ, նրանց «ձեռքում» է այնքան ժամանակ, քանի դեռ նրանք ի զորու են իրար զգալու և նոր աշխարհներ արարելու։

 

 – Նկարիչներ կան, որոնք ամբողջ ստեղծագործական կյանքում երբևէ գրաֆիկայի չեն դիմել։ Ինքնարտահայտման այդ ի՞նչ բացեր են ստիպում նրանցից ոմանց նաև գրաֆիկական աշխատանքներ ստեղծել. գրաֆիկան, որ գծի արվեստ է, ինչո՞վ է նպաստում գույնի արվեստի՝ բուն գեղանկարչության կատարելությանը։ Ժամանակակից հայ գրաֆիկական արվեստը ինչպե՞ս եք գնահատում։

 

 Այո, գրաֆիկայով ոչ բոլորն են զբաղվում։ Ամեն ինչ սկսվում է մի գծի պատմությունից. գրաֆիկան ինձ համար գծի արվեստ է` կատարելության հասցված։  Այն շատ բարդ է, քանի որ մեծ համբերություն և աշխատասիրություն է պահանջում գծի մաքրման համար։ Այստեղից է սկսվում գեղանկարչությունը, ինչպես նաև բոլոր նկարչական ոճերը. գիծը նախասկիզբն է։ Գունային զգացողությունն էլ ճշգրիտ գծանկարի հետ նպաստում է գեղեցիկ աշխատանքների ստեղծմանը։ Չնայած ավելի մնայուն համարվում են կտավի վրա արված աշխատանքները, ես այդ կարծիքին մասամբ եմ համաձայն։ Ամեն տեսակի աշխատանք էլ արժեքավոր է և մնայուն, կարևորը ստեղծագործ միտքն է և կատարման պրոֆեսիոնալիզմը։

Ես սիրում եմ գրաֆիկան։ Աշխատել եմ մատիտով, այժմ՝  գրիչով։ Ի դեպ, ինձ դուր է գալիս ինչպես նկարելը, այդպես նաև ասեղնագործելը (կարպետ, գոբելեն)։ Ամեն ինչի մեջ էլ հետաքրքիր բան կա, կարևորը սիրով աշխատելն է, իսկ արվեստը ծնվում է սիրուց։ 

 

– Թվում է, թե արվեստն ինքը, որ հեռացումն է նյութից, նյութականից ու առարկայականից, և մերձեցումը՝ հոգևորին, անպատկերելի (և անպատկերացնելի) ոգեղեն ոլորտներին, այսօր շրջադարձ է կատարել դեպի նյութը, նյութականը։ Ավելին՝ նյութը դարձել է ոչ միայն պատկերման օբյեկտ, այլ նաև միջոց, որով ստեղծվում են արվեստի ոչ պակաս նշանակալից գործեր։  Գույն ու գծից բացի՝ էլ ի՞նչ նյութով է սիրում աշխատել Աննա Թորոսյանը։

 

 Այո, այդպես է, հատկապես մոդեռն ոճին է բնորոշ նկարչական միջոցների նյութականացումը, առարկայացումը։ Այս առումով համաշխարհային կերպարվեստում բազում հրաշալի իդեաներ նյութականացել են ոչ միայն նկարչության ավանդական միջոցներով։ ժամանակը փոխում է նկարչության ոչ միայն տեխնիկան, այլև նյութը։ Համամիտ եմ՝ արվեստը հոգևորն է. այն խոր զգայականի մասին է։ Ես սիրում եմ նկարել տարբեր նյութերով, այդպես հետաքրքիր է. միտքդ աշխատում է ձեռքերիդ հետ համահունչ։ Դու աշխատում ես և ժամանակի ընթացքում հասկանում, թե ո՛ր նյութի մեջ ես ավելի լավ զգում։ Իհարկե, լինում են աշխատանքներ, որոնք իրենք են հուշում տեխնիկան և նյութը։ Դա արդեն նկարիչն է որոշում՝ ընտրել ա՞յս նյութը, թե այլ։

 

– Ի դեպ, ինչու՞ չեք վերնագրում Ձեր աշխատանքները։ Կարծում եք, որ վերնագիրը սահմանափակության կնի՞ք կարող է դնել դրանց վրա՝ խանգարելով, որ դիտողն ինքը ազատ «վերնագրի» իր զգացողություններն ու տպավորությունները։

 

 Չգիտեմ, մտածում եմ, որ վերնագրելով սահմանափակում եմ իմ ու դիմացինի երևակայությունը։ Ես չեմ կարող մեկ կամ երկու բառով վերնագրել իմ նկարները, վերնագրով «պատմել» դրանց մասին։ Ուստի նախընտրում եմ վերնագրային լռությունը։ Ինձ համար հետաքրքիր է մարդու տպավորությունը, թե նա ինչ է զգում, ոչ թե՝ ե՛ս ինչ եմ զգացել։

  Յուրաքանչյուր արվեստագետ, առավել ևս նկարիչ, ապրում է բոհեմի տրամաբանությամբ։ Չեմ ասում՝ կյանքով, որովհետև դա կարող է վերաբերել առօրյային և ընդամենը ենթադրել կենցաղի կազմակերպման ձև, իսկ ահա նկարիչն ավելի ազատ է՝ երևակայությամբ, ներքին կապանքների բացակայությամբ, ներքին անխուսափելի բոհեմով։ Եթե արվեստագետը չունենա իր ներքին բոհեմը, արդյո՞ք նրան կենթարկվի գիծը, գույնը, վրձինը։ Վանաձորում, ի դեպ, զուտ սովորական իմաստով բոհեմ կա՞։

 

 Իհարկե, բոհեմը բնորոշ է արվեստագետներին (ոչ միայն), բայց դրա մեջ էլ պիտի ձևականությունը շատ չլինի։ Եթե արվեստագետը չունի ներքին ազատություն, ուրեմն միտքն ու ձեռքն էլ չեն կարող համահունչ լինել ներքինին, նա չի կարող արվեստի գործեր ստեղծել։ Արվեստ դառնում է այն, ինչը մարդկային մտքի թռիչքի, խոր ապրումների և զգացողությունների արդյունք է։ Ինչ վերաբերում է բոհեմին, ապա ամեն տեղ էլ այն կա (կամ փորձում են ստեղծել), այդ թվում՝ Վանաձորում։ Դա, կարծում եմ,  ինչ-որ առումով անխուսափելի է ու միևնույն ժամանակ՝ անհրաժեշտ։

 

Զրույցը վարեց Լևոն ՍԱՐԳՍՅԱՆԸ

 

ՀԳ. Աննա Թորոսյանի ածխատանքներին կարելի է ծանոթանալ ստորև՝ պատկերասրահում:

Back to top