поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

Քանի դեռ գրողը հեքիաթ գրելու իր հոգու մղումներին է ականջալուր, ինչպես Հակոբ ՄՈՒՇԸ, ուրեմն կյանքի հեքիաթը չի վերջացել։ Հեքիաթը դրախտային հուշում է՝ ամեն ինչ դեռ առջևում է։

 

 – Նույնիսկ համաշխարհային հեքիաթագրության մեջ դժվար է մատնացուցել մի հեղինակի, որը ստեղծագործական կյանքում միայն հեքիաթներ է գրել (բացառություններից մեկը Անդերսենն է)։ Հայ գրականության մեջ չեմ հիշում հեքիաթագրի, որ «մաքուր» հեքիաթագիր լիներ՝ առանց ժանրային «շեղումների»։ Դուք բացառություն եք, ինչի մասին են վկայում մինչև հիմա Ձեր հրատարակած  6 գրքերը՝ բոլորը հեքիաթների ժողովածուներ։ Ինչո՞վ կբացատրեք ժանրային այս աննախադեպ «հավատարմությունը»։ 

 

– Հեքիաթն իր ժանրային կառուցվածքով հնարավորություն է տալիս բազմաբնույթ խնդիրների, դրամատիկ երևույթների, ցավի անդրադառնալ: Հեքիաթներում իրականությունն ավելի տեսանելի է դառնում: Քո զգացողությունները, խոհերը, խոսքի նետերը կարող ես ուղղել կեղծիքի, քծնանքի, նազարների, թագուհի դարձած հարճերի դեմ, որոնք երկիրը վերածում են պարահրապարակի ու խնջույքի սրահի, կարող ես ուղղել շքանշանակիր շների դեմ, որոնք մի շքանշանի համար հաչում են ցեղակիցների վրա, խտացող խավարի և երկիրը մի տորթով ոչնչացողների դեմ: Հեքիաթում կարող ես ասել այն, ինչ չի ասվել, կարող ես խոսել, արտացոլել, մտահոգություն արտահայտել իրական և երազային աշխարհների, լույսի ու ջերմության մասին: Հեքիաթները կտակարանի նման ընթերցողներին մոտեցնում են իրականությանը, երազայինի սահմաններին, բարուն և լույսին: Դասագրքի ուժ ունեն, ճշմարիտ են:

 

  – Շարլ Պերրոն իր հեքիաթների առաջին գիրքը հրատարակեց, երբ արդեն 69 տարեկան էր՝ պատկառելի հասակ, որի համեմատ 37 տարեկանում հեքիաթների առաջին գիրք տպագրելու փաստը շատ սովորական կարող է թվալ։ Բայց 37-ը փոքր տարիք չէ։ Ի՞նչն էր տարիների մեջ հասունացնում-զարգացնում Հակոբ Մուշ ստեղծագործողը՝ հապաղելով լույս աշխարհ հանել իր գրական երախայրիքը։

 

  – Ուշ կամ շուտ, շատ թե քիչ՝ էական չէ: Կարևորն այնպիսի գործ կարողանաս ստեղծել, որ գոնե մի գրքով նվազի անորակ գրքերի քանակը: Ընթերցողին ստեղծագործության ասելիքը, կառուցվածքը, ոճը, լեզուն, թարմությունը և նորանոր շերտեր բացելու կարողությունն է հետաքրքրում, ոչ թե գրողի տարիքը: Այո, գրողի համար 37-ը քիչ տարիք չէ: Վաղ եմ ստեղծագործել, բազմիցս տպագրվել եմ հանրապետական մամուլում: Իմ առաջին գիրքը՝ «Լույսն առանց կանչի» (1987) ութ տարի մնացել է հրատարակչությունում: Խմբագիրը և գլավլիտը գրքում հակախորհրդային երանգներ էին «տեսել»: Մինչև մի քանի «անցանկալի» հեքիաթ չհեռացվեց, գրքի ճանապարհը չհարթվեց: Ճիշտ է, գիրքը ուշ լույս աշխարհ եկավ, սակայն տպագրվեց տասը հազար օրինակով: Ցավով պետք է նշեմ, որ այսօր գրքերն այդպիսի տպաքանակ չեն ունենում:

 

  – Ձեր հեքիաթներում, վերջին ժողովածում ամփոփվածներում՝ հատկապես, իբրև գործողության վայր ավելի ու ավելի հաճախ է հայտնվում Ջրափի գյուղը՝ Ձեր ծննդավայրը՝ լուսավոր մի տեղանք, որը մաքուր է իր վրա հեքիաթի գործողություններ ծավալելու չափ։ Բացի այն, որ դա կարող է հայրենի եզերքը հեքիաթով անմահացնելու ենթագիտակցական մղում լինել, արդյո՞ք գործ չունենք հեքիաթից հեքիաթ հստակվող գաղափարի հետ՝ ծննդավայրը նույնպես հեքիաթ է

 

 – Հայրենի եզերքը հեքիաթով ճանաչելի դարձնելու, դեմք ու դիմագիծ տալու հատուկ միտում չկա: Հեքիաթներում գործողությունների վայրը հաճախ դառնում է Ջրափին, որը սոսկ ծննդավայր չէ, այն դառնում է միջավայր: Միջոց է դառնում, որ ապրելու միջավայրի թեման բացես: Ժուկով-ժամանակովը փոխարինվում է ներկայով, յոթը սարի, յոթը ծովի հեռապատկերը ծննդավայրով առարկայական է դառնում: Ծննդավայրը հեքիաթով ընդարձակվում, սիրո, տառապանքի, ցավի ու երազի իրական կենտրոն է դառնում: Չգիտեմ՝ ծննդավայրը հեքիաթ է, թե ոչ, գիտեմ, որ Աստված ապրում է քո ծննդավայրում: Դրա համար մարդիկ ցանկանում են թաղվել իրենց ծննդավայրում: Իմ ծննդավայրը, որ տաք երազներով, թռչունների երգով, մանուկների խաղով, հացի բույրով կապված էր սարերին, ձորերին ու երկնքին, ցամաքից կտրեցին, բիլ երկնքից կտրեցին, արևից զրկեցին, շինեցին Ախուրյանի ջրամբարի մթին հատակ: Հիմա այն յոթ տակ ջրերով է փականքված: Հեռու սարերի հետևում նոր գյուղ են կառուցել, որը մկրտվել է հին գյուղի անունով: Այն բնավ պատկերը չէ իմ ծննդավայրի:

 

  – Վերջին գրքի գրախոս բանաստեղծ Արա Արթյանը Ձեր հեքիաթների ժանրային առնչությունները տանում-հասցնում է պրիտչային, առակագրությանը։ Կարծում եմ՝ ճիշտ դիտարկում է, կարող եմ նաև վկայակոչել միջնադարյան առակի ժանրին խիստ հարազատ մի գործ՝ «Ի՞նչ եղավ անտառը», որն իր կառուցվածքով ևս առակ է հիշեցնում։ Առակի բարոյախոսական վերջաբանի տպավորություն է թողնում «Սև հավը» հեքիաթի վերջին նախադասությունը՝ «Չի գտնվի մի սուտ, որ ճշմարտությունից երկար ապրի»։ Որքանո՞վ է Ձեր գրիչը սնվում հայ բազմահարուստ հեքիաթագրության, նաև միջնադարյան առակագրության ավանդներից։

 

 – Չգիտեմ՝ իմ հեքիաթները որչափով են տարուբերվում հեքիաթի և առակի միջև, սակայն կարող եմ ասել, որ առանձին մտքեր, եզրահանգումներ մոտենում են ասացվածքին, պարաբոլային ոճավորում են ստանում: Պատահական չէ, որ դրանցից մի քանիսը հավաքվել է «Բանք իմաստասիրաց» խորագրի տակ: Ես չեմ կարող ասել, թե որքան նմանություն կա միջնադարյան առակագրության հետ, այն գալիս է իմ ապրած ներքին կյանքից, խռովքից, արտաքին աշխարհի իրադարձություններից: Դրանք հենց այնպես շաղ չեն տրված գրքի մեջ, խտացրած, առակի հասցված խոսքը ծառայում է ասելիքին: Հեքիաթի կառուցվածքը ավելի հետաքրքիր է դառնում:

 

  – Ձեր հեքիաթների՝ ընթերցողին հղվող սոցիալական, բարոյական մեսիջները միանգամայն հստակ են, սակայն առավել հստակ են քաղաքական մեսիջները։ Հեքիաթի մասին սովորաբար այդ ածականը չեն հնչեցնում, բայց դրանք սուր հեքիաթներ են, երբեմն այնքան սուր, որ հեքիաթի ձև առած պամֆլետներ են հիշեցնում։ Այս առումով Դուք փոխում եք հեքիաթի վերաբերյալ ավանդական պատկերացումը՝ հրապարակ բերելով հրապարակագրական հեքիաթագրությունը։

 

 – Իմ հեքիաթներն իրապատումից չեն հասնում ֆանտաստիկայի սահմաններին: Այո, շատ դեպքերում քաղաքական ենթատեքստ ունեն, ինչը կոշտ իրականության արձագանք է: Սատիրան և գրոտեսկն ավելի են ընդգծում կյանքի իրապատկերը:

 

  – Որքանո՞վ է Ձեզ գոհացնում հայ ժամանակակից հեքիաթագրությունը. շատ չէ՞ ինտելեկտուալացված այն, գաղափական հղումները շատ չե՞ն ծանրանում հերոսների վրա՝ դժգունացնելով և, ի վերջո, ոչնչացնելով նրանց։

 

  – Չգիտեմ՝ ու՞մ նկատի ունեք: Դասական գրողները՝ Հ. Թումանյանը և մյուսները, հեքիաթներ չեն գրել, ժողովրդական հեքիաթները մշակել են: Ըստ իս՝ հայ ժամանակակից հեքիաթ գրողներ չկան, բացի արձակագիր Վահագն Գրիգորյանից, որ հիմա Հայաստանում չի ապրում: Նրա հեքիաթները հետաքրքիր են, սակայն հերոսները մեր իրականությունից դուրս են: Երբեմն մամուլում հանդիպում ենք առանձին հեղինակների, որոնց հորինվածքները հեքիաթ կոչվելուց հեռու են. ասելիք չկա:

 

 – Ձեր կարծիքը կտրուկ է, անվերապահության զարմանալի շեշտով։ Ես համամիտ չեմ՝ նույնքան անվերապահորեն։ Բայց շարունակենք: Հեքիաթները բանավոր մշակույթի արտահայտություններ են, իրենց դաստիարակչական, ճանաչողական, գաղափարական բեռնվածության կարևորությանը համահավասար ենթադրել են ասացող, որն ամեն անգամ յուրովի ոճավորել է դրանք, նյութի կրկնության դեպքում նույնիսկ չկրկնելով իրեն, պահպանելով գործի տվյալ ներկայացման ինքնօրինակությունը։ Գրավոր խոսքը խլեց բանավորի այդ մենաշնորհը և աղքատացավ։ Մի «սփոփանք» մնաց. գրի հեղինակի անհատականությունը, որը պիտի փրկի հեքիաթը միօրինակությունից։ Ձեր հեքիաթները կրու՞մ են այդ անհատականության կնիքը. ի՞նչ են վկայում գրաքննադատները։

 

 – Այո, ժողովրդական բանահյուսության հոգևոր արժեքները սերնդեսերունդ, բերնեբերան փոխանցվելով բյուրեղանում էին: Գրավոր խոսքը սկզբունքորեն տարբեր է բանավորից: Երբ ընթերցում ես Հանս Քրիստիան Անդերսենի, Օսկար Ուայլդի, Ռեդյարդ Քիփլինգի, Անտուան դը Սենտ Էքզյուպերիի, Դոնալդ Բիսերթի հեքիաթները, նկատելի է դառնում յուրովի ոճավորված գաղափարական բովանդակությունը, հղկվածությունը, ինքնօրինակությունը: Իմ հեքիաթների մասին լավ կարծիք են հայտնել գրականագետ, ակադեմիկոս Լևոն Հախվերդյանը, արձակագիր Վարդգես Մովսիսյանը, բանաստեղծ, թարգմանիչ, գրականագետ Արա Արթյանը և այլք:

 

  – Ես տեղյակ եմ Ձեր ստեղծագործական ծրագրերից, գիտեմ, որ զբաղված եք 1988-ի երկրաշարժը նորովի վավերագրելու գործով։ Ինչու՞ հարկ եղավ արծարծել այդ թեման, որում դեռ չհնացած այնքան սպիներ կան։ Հեքիաթագրից վավերագրի «անցումը» ինչո՞վ պետք է բացատրել։  Ժամանակավրեպ չէ՞ այն։

 

 – Երկրաշարժի թեմայով հրապարակում եղած գրքերի մեջ գեղարվեստորեն համոզիչ իրապատկեր չկա: Եվ լավ է, որ դրանք քիչ են: Ցանկացա, որ ճշմարտությունը բաժանվի կեղծ հորինվածքից, քանի որ կեղծիքը զենքի նման վտանգավոր է: Ավերիչ երկրաշարժի պատճառով հաշմանդամ դարձած մարդիկ հոգու ուժը չեն կորցրել, այդ վիճակում էլ յուրովի են բացահայտում իրենց կարողությունները, և կյանքից կախվածությունը դառնում է կարևոր: Նրանց կյանքը քամուց քշված տերևի կյանք չէ, վերջակետը չի դրվում: Երկրաշարժի սկսման ժամանակը հայտնի է, ավարտի ժամանակը չկա, իմ գիրքը ավարտի մասին չէ, ավարտը մի կյանքի չափ հեռու է, երկրաշարժի շարունակության մասին է, մի վայրկյանի շարունակության մասին: Ավարտը թվերով չեն հաշվում: Թվերը զարկերակ չունեն: Ես տեսել եմ, թե ինչպես են նոր կառուցվող տան հիմքը պարանով անկյունից անկյուն չափում: Երկրաշարժը չես կարող անկյունից անկյուն չափել: Սրտերն անկյուն չունեն, լացն ու ցավը անկյուն չունեն: Երբ երկրաշարժը ցցված ցից չես դարձնում, մարդու մասին ես գրում, ժամանակավրեպ չէ:

 

Զրույցը վարեց Լևոն ՍԱՐԳՍՅԱՆԸ

Back to top