поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

Նույն հարցերին, իրարից անկախ, պատասխանում են երկու ուսանող Վանաձորի պետական համալսարանի արվեստի ամբիոնից՝ Արգինա ԽԱՉԱՏՐՅԱՆ և Վիրաբ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ:  Նրանք առայժմ արվեստագետ դառնալու ամենակարևոր հայտն են ներկայացրել՝ սիրում են այն արվեստը, որի արարչական սաղմերը խլրտում են նրանց հոգում:  Հուսանք՝ այդ խլիրտները դեռ գույներ կդառնան և տաղանդավոր կտավներ:

 

– «Ի՞նչ է նկարչությունը: Դա անտեսանելի պատի միջով անցնելու կարողություն է, որը կանգնած է այն բանի միջև, ինչ դու զգում ես, և այն, ինչ կարող ես դու անել» (Վան Գոգ): Կարծում եմ՝ պատի միջով անցնելու կարողությունից առաջ նախ պիտի անցնելու ցանկություն ունենալ։ Որքա՞ն է ուժգին այդ ցանկությունը Ձեր մեջ։

 

Արգինա  ԽԱՉԱՏՐՅԱՆ – Այդ ցանկության ուժգնության հետևանքն է այն, թե ով եմ ես հիմա, ինչով եմ ապրում, ինչ մասնագիտություն եմ ստանում: Այդ ցանկությունն է պատճառը, որ մեկ օրում կյանքս շրջվեց 180 աստիճան, և ես հիմա այնտեղ եմ, որտեղ կամ: Պարզապես գալիս է օր, երբ հասկանում ես, որ կյանքդ չես պատկերացնում առանց ներկերի, վրձինների, արվեստի: Եվ իհարկե, երբ կանգնում ես նկարի առջև, և ձեզ բաժանում է միայն անտեսանելի պատը, դա այլևս խոչընդոտ չէ, և անկախ քո կամքից դու անցնում ես այդ պատի միջով:

 

Վիրաբ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ – Ցանկություն միանշանակ պետք է, պետք է նաև ձգտում: Հենց դրանք են սովորական մարդուն, ով կարող է որոշ ունակություններ ունենալ, դարձնում նկարիչ, արվեստագետ: Ո՞ւմ են պետք ունակությունները, եթե չես օգտագործելու և չես կատարելագործելու: Այդ ցանկությունն իմ մեջ կա, չեմ կարող ասել, թե որքան ուժգին է, բայց այն օրեցօր ավելանում է, քանի որ ունեմ շատ մոտիվացիոն աղբյուրներ՝ իմ ընկերները, իմ շուրջը տեղի ունեցող իրադարձությունները, բնությունը, ինձ շրջապատող առարկաները…

 

– Մասնագիտացված կրթական հաստատություններում նկարիչը (երաժիշտը, դերասանը, քանդակագործը) սովորում է որևէ հայտնի մարդու արվեստանոցում։ Այդ մարդու անունը հաճախ նաև այցեքարտ է դառնում՝ հետագա առաջընթացի համար։ ՎՊՀ-ում այդպիսի արվեստանոցներ չկան, քանի որ գեղարվեստի առումով մասնագիտացված կրթօջախ չէ` բնույթով մանկավարժական ուղղվածություն ունի։ Այնուամենայնիվ, ու՞մ «արվեստանոցն» է Ձեզ կրթում ներկա պահին։

 

Ա. Խ. – Այո, ՎՊՀ-ն նման արվեստանոցներ չունի: Եվ ինձ նման ուսանողները, որոնք չեն ուսանում որևէ հայտնի մարդու արվեստանոցում և չունեն այդ այցեքարտի հնարավորությունը, նշված բացը հնարավորինս լրացնում են շատ աշխատանքով և ինքնակրթվելով: Փորձում են անընդհատ նոր ծանոթություններ ձեռք բերել ժամանակակից նկարիչների հետ, հաճախել նրանց արվեստանոցներ, դասեր քաղել նրանց գործերից և նրանց հետ զրույցներից: Բացի մեզ դասավանդող դասախոսներից՝ իրենց խորհուրդներով և փորձով մեզ աջակցում են Արեն Նալբանդյանը, Կարլեն Քոչինյանը, Բոգդան Հովահաննիսյանը, այլք:

 

Վ. Հ. – Մինչև համալսարան ընդունվելը ես հաճախել եմ դասընթացների Վահան Շահբազյանի արվեստանոցում, որպեսզի ավելի լավ պատկերացում կազմեմ նկարչության մասին և ստանամ ինձ անհրաժեշտ դասերը, քանի որ մինչ այդ ես աշխատել եմ ինքս ինձ համար՝ սիրողական նկարչությամբ: Բայց հետզհետե սկսեցի սիրել նկարչությունը, և հիմա այն իմ մասնիկն է: Այլ նկարիչների արվեստանոցներում քիչ եմ եղել, բայց ինձ համար հարազատ է Վահան Շահբազյանի արվեստանոցը:

 

– Գեղանկարչության զանազան ուղղությունները, տարատեսակ -իզմերը երևան են բերում ոչ միայն տվյալ նկարչի աշխարհընկալման յուրահատկությունները, աշխարհայեցողության տարբերությունները. դրանք նաև նկարչի հոգեբանական դիմանկարի ցուցիչներ են։ Դուք Ձեզ ո՞ր ուղղությանը կդասեիք։

 

Ա. Խ. – Կարծում եմ՝ դեռ վաղ է որևէ ուղղությանը դասվելու մասին խոսելը, կասեմ, որ հիմա ես փնտրտուքի մեջ եմ, փորձում եմ նկարել գրեթե բոլոր ոճերով: Այնուամենայնիվ, ինձ ավելի հոգեհարազատ է իմպրեսիոնիզմը: 

 

Վ. Հ. –  Ներկա պահին ես չեմ կարող ինձ դասել ինչ-որ ուղղության, քանի որ նոր եմ ծանոթանում այդ -իզմերին, ուղղություններին, չնայած նրան, որ միշտ ռեալիստական ոճով եմ նկարել: Ինչ-որ ուղղության մեջ խորանալու համար դեռ քիչ բան գիտեմ, քիչ եմ դրանց ծանոթ:

 

 – Ձեզ ծանո՞թ է Կազիմիր Մալևիչի նկարչությունը, ինչպե՞ս եք վերաբերվում ավանգարդիստական նկարչությանը։ Մալևիչը մի նկար ունի՝ «Դույլերով կինը»։ Դուք այդ նկարում դույլերով կնոջը տեսնու՞մ եք։

 

Ա. Խ. – Արվեստը իմ մեջ առնչվում է կյանքի հետ: Ավանգարդիստական նկարչությունը ինձ մոտ չի առաջացնում այդ կյանքի և եռանդի զգացողությունը: «Դույլերով կինը» կտավն արտացոլում է Մալևիչի՝ կնոջ նկատմամբ ընկալումը, իսկ, օրինակ, ֆրանսիացի իմպրեսիոնիստ Էդուարդ Մանեի  «Օլիմպիա» կտավը պատկերում է կանացի մարմինը, որտեղ կա կյանք, և մարմինը երևան է բերում նրա  ողջ գեղեցկությունը:

 

Վ. Հ. – Կազմիր Մալևիչի գործերից մի քանիսին եմ ծանոթ («Սև խորանարդ», «Կարմիր խորանարդ», «Սպիտակը սպիտակի մեջ»…) «Դույլերով կինը» նկարում նշմարում եմ մարդու կառուցվածքը, ձեռքի առարկան, բայց նկարի մասին ընդհանուր պատկերացում կազմել օգնեց  նկարի վերնագիրը: Գեղանկարչության բոլոր ոճերն էլ ինձ համար հետաքրքիր են, գրավիչ, և բոլորն էլ կցանկանայի բացահայտել, սակայն չէի ասի, որ ավանգարդիստական նկարչությամբ տարված եմ: Ինձ համար այն նույնպես ուղի է, որում նույնպես կարող եմ ինձ գտնել:

 

– Վանաձորում այսօր ապրում և ստեղծագործում է շնորհալի նկարիչների մի ամբողջ բույլ։ Ես չեմ ուզում անուններ տալ՝ հուսալով, որ Դուք կտաք։

 

Ա. Խ. –  Ճիշտ եք, մեր քաղաքը այդ առումով հարուստ է: Պատկերասրահում կազմակերպվող ցուցահանդեսները  լավ առիթ են թե՛ նրանց, թե՛ գործերին ծանոթանալու համար: Ավագ սերնդի նկարիչների կողքին ստեղծագործում կամ իրենց առաջին քայլերն են անում շատ շնորհալի երիտասարդ նկարիչներ, որոնցից ցանկանում եմ առանձնացնել Աննա Թորոսյանին: Ես տեսել եմ, թե ինչպես են ստեղծվում նրա նկարները, և վստահ եմ, որ որոշ ժամանակ անց նրան կճանաչեն շատերը:

 

 Վ. Հ. – Առաջին հերթին Վանաձորի երիտասարդ նկարիչներից կցանկանայի նշել Աննա Թորոսյանին, ով իմ ընկերն է և տաղանդավոր արվեստագետ, լեցուն է հետաքրքիր գաղափարներով և եռանդով: Այլ նկարիչների անուններ քիչ կարող եմ տալ, քանի որ դեռ նոր եմ տեղեկանում նրանց և նրանց գործերի մասին:

 

– Ի՞նչ կարծիք ունեք Տարոն Մարուքյանի նկարչության մասին։

 

Ա. Խ. – Ցանկացած նկարիչ ստեղծագործում է իր ոճում, և այդ ոճը յուրաքանչյուրը տարբեր կերպ է ընկալում:

 

Վ. Հ. – Տարոն Մարուքյանի նկարներից նույնպես մի քանիսի մասին գիտեմ: Նրա գործերը տեսել եմ Վանաձորի կերպարվեստի թանգարանում: Բացի այդ՝ շատ եմ լսել նրա մասին, հետագայում կփորձեմ ծանոթանալ նրա մյուս գործերին:

 

– Ժամանակակից հայ նկարիչներից ումի՞ց կցանկանայիք արվեստագիտական դասեր առնել։ Բնականաբար, նկատի չունեմ նրանց, ովքեր Ձեզ այս պահին դասավանդում են։

 

Ա.Խ. – Չէի կոնկրետացնի նկարիչներին, սակայն ինչպես վերևում դուք նշեցիք, ՎՊՀ-ն ունի մանկավարժական ուղղվածություն, կցանականայի, որ ընձեռնվեր հնարավորություն խիստ մասնագիտական գիտելիքներ ձեռք բերելու նպատակով մեզ դասավանդեին ինչպես մեր վանաձորյան նկարիչները, այնպես էլ հանրապետության լավագույն նկարիչները:

 

Վ. Հ. – Ժամանակակից նկարիչներից կուզենայի դասեր քաղել Լևուշ Հակոբյանից: Նրա մասին տեղեկացել եմ ընկերներիս միջոցով և հասցրել եմ զրույց ունենալ նրա հետ:  Ինձ համար հետաքրքիր կլինեին թե՛ նրա տված դասերը, թե՛ զրույցները: Բացի այդ՝ ես կցանկանայի ծանոթանալ նաև այլ փորձառու արվեստագետների հետ, լսել նրանց, նրանցից խորհուրդներ ստանալ, դա ինձ համար ներշնչանքի աղբյուր է:

 

– Ի՞նչ է մանրանկարչությունը Ձեզ համար։

 

Ա. Խ. – Մանրանկարչությունը գալիս է դարերի խորքից, և այն ինձ նույնպես գերում է: Սիրում եմ մանրանկարչությունը, քանի որ ստանում եմ հոգևոր բավարարվածություն:

 

Վ. Հ. – Մանրանկարչությունը, և ընդհանրապես մյուս ոճերը,  առանձին վերցրած տարբեր, բայց միևնույն ժամանակ փոխկապակցված աշխարհներ են: Ես հարկ եմ համարում ճամփորդել և վայելել այդ աշխարհների գեղեցկությունը և հնարավորության դեպքում կիսվել մնացածի հետ:

 

– «Արվեստը մեզ շրջապատող ստի ու կեղծիքի պատասխանը պետք է լինի». Մինաս Ավետիսյանի խոսքն է։ Արվեստը, փաստորեն, ճշմարտության ձայնն է։ Դուք Ձեզ պատրաստ զգու՞մ եք՝ ճշմարտության մունետիկը լինելու։

 

Ա. Խ. – Իմ կարծիքով՝ արվեստագետ կոչումը արդեն իսկ խոսում է այն մասին, որ անձը իր արվեստով փորձում է ճշմարտության մունետիկ լինել: Բնականաբար ինձ ևս այդ ամենը վերաբերում է, և, հուսամ, դա իր արտացոլումը կգտնի իմ հետագա աշխատանքներում:   

 

Վ. Հ. – Առայժմ ոչ, քանի որ ճշմարտության մունետիկ լինելու համար դեռ ճանապարհ ունեմ անցնելու:

 

Զրույցը վարեց Լևոն ՍԱՐԳՍՅԱՆԸ

 

Հ.Գ. Ստորև՝ պատկերասրահում ներկայացված աշխատանքներից առաջին 5-ի հեղինակը  Արգինա Խաչատրյանն է, հաջորդ 5-ինը՝ Վիրաբ Հայրապետյանը:

Back to top