поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

Պոետական անկեղծության այնպիսի վիճակ, երբ տաղաչափական նրբությունները քամահրվում են, ձևը դադարում է ուղղորդել բովանդակությանը, պատկերը առինքնում է պարզությամբ, իսկ բառը շնչում է նախնական բնականությամբ․ ահա Մանուշակ ՔՈՉԱՐՅԱՆԻ բանաստեղծությունը։

 

– «Կարոտի զամբյուղներ» բանաստեղծությունների առաջին ժողովածուն (տպագրվեց, երբ ուսանողուհի էիր) խիստ անձնական-կենսագրական շեշտադրումներ ուներ. նվիրված էր քո մայրիկին: Ավելի քան մեկ տասնամյակ է անցել ժողովածուի հրատարակությունից, բայց, համոզված եմ, դու դեռ զամբյուղներ ես ուղարկում... Ուղարկում ես նաև մեր փոխարեն, քանի որ ինչպես դու, այնպես էլ մեզնից յուրաքանչյուրը հավերժորեն այդպիսի զամբյուղներ ուղարկելու հոգևոր ու բարոյական անհրաժեշտության առջև է:

 

 Մորս ուղարկվող կարոտի զամբյուղներն անսպառ են: Տարիները փոխում են մարդու՝ սերն արտահայտելու ձևը, գիտակցությունը հղկում ու չափավորում է մեր հուզարտահայտչականությունը, բայց որակը մնում է անփոփոխ: 

 

 – Ինչպե՞ս ես վերաբերվում «կանացի պոեզիա» ասվածին. պոեզիան սե՞ռ ունի: Հարցիս երկբայական շեշտն այն պատճառով է, որ, իմ ընկալմամբ, գոյություն չունի «տղամարդկային՝ արական պոեզիա», հետևաբար ինչու՞ պետք է գոյություն ունենա հակառակը:

 

 Ամեն ստեղծագործություն՝ նկար, արձան, ֆիլմ, բանաստեղծություն, երգ, կրում է իրեն ստեղծողի գաղափարները, հույզերը, ճաշակը: Սրանք տարբեր են տղամարդու ու կնոջ մոտ: Եթե բանաստեղծության մեջ կանացի ներաշխարհ է, ինչպե՞ս կարող է այն չլինել իգական, կամ՝ հակառակը: «Էս է, որ կա, ճիշտ ես ասում, թասդ բեր». մի՞թե սեռ չունի այս գործը:

 

  Քո առաջին գիրքը փոքրիկ առաջաբան ունի, հեղինակը՝ Հրաչյա Սարուխան։ Հազիվ թե կարելի է նրա այդ խոսքը առաջաբաններին հատուկ՝ անվերապահորեն դրվատական գնահատական համարել, և դա այդ խոսքի կարևոր արժանիքն է։ Անվանի բանաստեղծը քեզ ուղղորդում էր դեպի անկեղծ, շինծուությունից հեռու բանաստեղծությունը։ Դու հետևեցի՞ր այդ խորհրդին։

 

 Հրաչյա Սարուխանի պոեզիան ինքնին խորհուրդ ու օրինակ է յուրաքանչյուր սկսնակ գրողի համար: Անշուշտ, ինձ տված խորհուրդը չէր կարող անտեսվել:

 

  Քո բանաստեղծություններում վաղուց մի հերոս է ապրում՝ Ռեմի անունով շունը՝ միայնության ու անհուսության օրերի քո ընկերը։ Նա այն անդավաճան արարա՞ծն է, որ կամրջից նետվելու քո ճակատագրական որոշումը կասեցնում է՝ համոզելով՝ սկզբից ես․․․

 

 Բնության բոլոր շնչավորները հոգի ունեն…Կենդանի չսիրող մարդու համար անհասկանալի ու անընդունելի է կենդանու նկատմամբ անսահման սերը: Ես ու Ռեմին նույն էությունն ենք՝ տարբեր մարմիններում: Ես Ռեմիից ճիշտ խոսել, հավատալ, չկորչել ու սպասել եմ սովորել: 

 

 Քո այս մտքից կարելի՞ է մակաբերել, որ դու, «մինչև» Ռեմին, կեղծել ես, չես հավատացել, կորել ես (ինքդ քեզ համար, թե ուրիշների՝ կարևոր չէ), եղել ես պատանու պես անհամբեր։ Ռեմիի «փրկչագործական» առաքելության մասին դու խոսում ես, կարծես սիրո մասին ես խոսում։

 

  Անհամբեր՝ եղել եմ, կեղծ՝ նույնպես եղել եմ: Չեմ կարող լիարժեք ներկայացնել Ռեմիի դերն իմ կյանքում, բայց զարմանալի բան՝ նրանով ես մոտեցա Աստծուն, հայտնագործեցի բնության հանդեպ իմ անսահման սերը:

 

  Ես լավ ծանոթ եմ քո ստեղծագործություններին և կարող եմ վկայել, որ դրանք երբեմն ասոնանսային հանգերի հրաշալի օրինակներ են բերում։ Ասում եմ՝ երբեմն, իսկ այդպիսի հանգերի ամբողջ հմայքը հենց դրա մեջ է ինչպես ամեն մի գեղեցիկ բան, դրանք էլ պիտի ծնվեն երբեմն՝ սովորական և ակնկալելի չդառնալու համար։ Իսկ դեկարտյան հայտնի աֆորիզմի փոփոխությունն ուղղակի հիանալի է․

Ու հենց ասում եմ՝ հոգնեցի, Ռե՛մի,

Սուր ականջներդ դարձնում մկրատ,

Վիրահատում ես վհատ մտքերս

«Եթե հոգնել եմ, ուրեմն կամ»։

 

 

 Իմ բանաստեղծությունը ինքն է գրվում, ինքն է ձևակերպվում ու շարադրվում: Ասելիքը գտնում է իր ձևը: Ստացվում է ակամա:

 

  «Կտրատել եմ մանր, կե՛ր այս հոգին, սե՛ր իմ»ողբերգական շնչով տող է, նաև՝ չարագուշակ։ Բանաստեղծությու՞նն էլ չի փրկում։ (Հարցը տալիս եմ, բայց պատասխանն ի սկզբանե գիտեմ մի բանաստեղծության մեջ, դիմելով բանաստեղծությանը, դու ասում ես «Քո տներում դարձյալ ես անտուն եմ»)։

 

 Երբ անզորություն եմ զգում, կառչում եմ անհավանական տարբերակներից: Վերոնշյալը դրա արտահայտություններից է:

 

  Սոցիալական ցանցերում, մասնավորապես ֆեյսբուքում, մի ժամանակ բավական ակտիվ էիր, հետո լքեցիր այդ տարածքը։ Ինչու՞։

 

 Ասելիք ու անելիք չունեի այնտեղ, իսկ հիմա ժամանակս տրամադրում եմ աշխատանքիս, մտերիմներիս, Ռեմիիս ու կարդում եմ ծանր գրքեր: 

 

 Ծանրի տակ ի՞նչ հասկանանք, և որպեսզի ճիշտ հասկանանք, կարո՞ղ ես մեկը նշել։

 

 Գրքեր, որոնցում ծանոթանում եմ մարդու հոգում ծանրացած խնդիրներին, նրա հանդեպ իրականացվող հալածանքներին և մարդու յուրօրինակ պայքարին: Չկա ավելի մեծ բերկրանք, քան անելանելի իրավիճակում ելք գտնելը, հատկապես հիանում եմ, երբ պայքարը «ես»-ի դեմ է լինում ու պսակվում է հաջողությամբ: Մարդը, ով ինքն իրեն հաղթել է, կարող է հաղթել բոլորին: Այս պահին՝ Ջեկ Լոնդոն, «Զսպաշապիկը»: 

 

  2017-ին արժանացել ես ՀԳՄ Լևոն Անանյանի անվան երիտասարդական մրցանակի, ինչը նշանակում է, որ պոետական պաշտոնական «դասն» առնվազն նկատել է քեզ։ Իսկ ու՞մ է նկատում այսօր Մանուշակ Քոչարյանը, ի՞նչ անուններ կարող է տալ, որ մեր պոեզիայի վաղն են։

 

 Անուններ տալ չեմ ուզում: Կարդում եմ գրեթե բոլոր ժամանակակիցներիս, ու շատ գործեր տպավորում են: Ինձ դուր է գալիս ժամանակակից գրողի մտքի ազատությունը, բնականությունը:

 

  Գրում ես նաև արձակ։ Գրում ես, քանզի ասելիքը չի՞ տեղավորվում բանաստեղծության մեջ։ Ընդհանրապես՝ ե՞րբ է ասելիքը ճնշում չափածոյի կաղապարների վրա, փշրում նրա պայմանականությունները։

 

 Տևական ժամանակ է, որ ուշադրություն եմ դարձնում մարդկանց տարօրինակ ճակատագրերին: Դա առաջիկայում կներկայացնեմ արձակ, որովհետև բանաստեղծությունը չափազանց նուրբ է դրա համար:

 

 Բանաստեղծելուն զուգընթաց՝ վերջին տարիներին նաև երգեր ես գրում։ Ո՞րն է լրացնում մյուսին՝ երաժշտությունը բանաստեղծությա՞նը, թե՞ հակառակը։

 

  Ամեն բանաստեղծության մեջ կա երգ, ու ամեն երգի մեջ՝ բանաստեղծություն: 

 

  Զարմանալի արարած է մարդը նա իրեն ամենից հաճախ թաքցնում է հենց ամենամտերիմներից։ «Մայրս երբեք չի իմանա, Թե ինչպես են ինձ թևատել»։ Դու իսկապե՞ս կարծում ես, որ մայրդ երբեք չի իմանա բայց նա քո պատմելու՛ն չի մնացել․․․ Քո բանաստեղծությունը որքանո՞վ է Մանուշակ։

 

 Ես անկեղծ եմ: Այդքանով իմ բանաստեղծությունը Մանուշակ է:

 

 

Զրույցը վարեց Լևոն ՍԱՐԳՍՅԱՆԸ

 

Back to top