поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

Բատիկայի՝ կիրառական արվեստի այդ ճյուղի  պրոֆեսիոնալներից է Կարինե ԳԼՈՅԱՆԸ, որը գտել է արվեստի ու կյանքի փոխհարաբերության ամենապարզ բանալին. դրանք լրացնում են մեկմեկու։

 

– 2009 թ. հոկտեմբերին ՅՈՒՆԵՍԿՕ-ն բատիկան ճանաչեց որպես մարդկության ժառանգության գլուխգործոց: Այս նկարչատեսակն այսօր լայնորեն տարածված է աշխարհում։ Բացի այն, որ բատիկան յուրահատուկ տեխնոլոգիայով և նյութերով ստեղծվող արվեստի գործ է՝ կատարված մետաքսի կամ բամբակի կտորի վրա, էլ ի՞նչ յուրահատկություններ ունի, որ չգիտի ընթերցողը, բայց գիտի բատիկայի պրոֆեսիոնալը։

 

 Բատիկան հիմնականում կիրառական արվեստի ճյուղին է պատկանում: Այն օգտագործվում է զգեստի ձևավորման, մոդելավորման համար: Բատիկան այսօր էլ պակաս արդիական չէ, դասավանդվում է հանրապետության բուհերում՝ որպես կիրառական արվեստի ճյուղ, այն բավականին հետաքրքիր ու ինքնատիպ զբաղմունք է արվեստը գնահատող ցանկացած մարդու համար:

 

 Ի դեպ, Դուք կրթությամբ բանասեր եք։ Բանասիրությունը բատիկայի հետ ուղղակի որևէ առնչություն չունի, ուրեմն ի՞նչը և ե՞րբ բանասեր Կարինե Գլոյանին «տարավ» դեպի բատիկա։

 

 Այո, կրթությամբ բանասեր եմ, որն անչափ սիրում եմ: Ընդհանրապես, ոչ միայն բատիկան, այլ կիրառական արվեստն ինքնին ինձ հոգեհարազատ էր, երբ դեռ բանասեր չէի: Ես զբաղվում եմ ոչ միայն բատիկայով, այլ նաև ապլիկացիայով, ասեղնագործությամբ, տիկնիկագործությամբ: Գեղագիտության ազգային կենտրոնի Վանաձորի մասնաճյուղում հիմնադրել եմ խմբակներ և իմ աշխատանքային գործունեության ընթացքում  սիրով դասավանդում եմ:

 

 – Բատիկ ինդոնեզերեն բառ է, նշանակում է մոմի կաթիլ, և բառի այդ նշանակությունն ուղիղ կապի մեջ է այն տեխնոլոգիայի հետ, որով ստեղծվում են բատիկայի գործերը։ Հայտնի է, որ մոմի կամ մեղրամոմի գործառութային դերը (կտորի վրա ներկի կաթիլի տարածման սահմանափակումը անհրաժեշտ մակերեսի վրա) բատիկայում երբեմն կատարել է բրնձի թանձրուկը կամ օսլան, որն օգտագործել են դեռևս Հին Եգիպտոսում՝ մումիաների պատրաստման ժամանակ։ Հիմա՝ տեխնոլոգիական բազում հնարավորությունների մեր դարում, բատիկան որքանո՞վ է պահպանել իր կիրառական և ստեղծարարական ավանդականությունը։

 

 – Այսօր արվում է տաք ու սառը բատիկա: Հիմնականում մետաքսի կամ բատիստի վրա է արվում, տեխնոլոգիան հիմնականում պահպանված է: Ես նույնպես իմ աշխատանքների մեջ օգտագործում եմ բրնձի թանձրուկը կամ օսլան, սպիտակաձավարը նույնպես շատ արդիական է: Իսկ թե որքանով է պահպանվել բատիկայի տեխնոլոգիան մեր դարում՝ իր կիրառական-ստեղծագործական ավանդույթներով, դա անհատական է՝ կախված ստեղծագոործողի նախասիրություններից:

 

 – Բատիկայի ոճով Ձեր գեղանկարչական աշխատանքները բավականին պահանջված են։ Զրույցի ընթացքում Դուք նույնիսկ ակնարկեցիք, որ առօրյա հոգսերը հոգում եք հիմնականում դրանց վաճառքի միջոցով։ Մե՞ծ է բատիկայի պահանջարկը։

 

 – Բատիկայի աշխատանքները գեղեցիկ են, պահանջարկ են ներկայացնում, բայց այսօր մարդիկ այնքան էլ գնողունակ չեն: Իմ աշխատանքները ես հիմնականում վաճառում եմ արտերկրում: Այդ հարցում ինձ օգնում են իմ արվեստասեր ընկերները: Այսօր ոչ մի արվեստագետ առանց վաճառքի չի կարող ստեղծագործել, քանզի ստեղծագործելու համար պետք են համապատասխան նյութեր: Իսկ առանձնապես շատ եմ սիրում նվիրել, սիրում եմ, երբ իմ ընկերներն իմ աշխատանքներից ունենում են իրեն անձնական հավաքածուներում:

 

 – Բատիկայի ցուցահանդեսները կազմակերպվում են սովորաբար գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսների շրջանակներում, այսինքն՝ բատիկան ընկալվում է իբրև գեղանկարչություն։ Եղե՞լ են հենց միայն բատիկայի ցուցահանդեսներ։ Ձեր ցուցահանդեսային փորձառությունը, ենթադրում եմ, բավականաչափ մեծ է։

 

  Բազմիցս մասնակցել եմ գեղանկարչական ցուցահանդեսների բատիկայի իմ աշխատանքներով, բազմիցս ունեցել եմ անհատական ցուցահանդեսներ, հանդիսանում եմ ՀՀ նկարիչների միության պատվավոր անդամ:

 

 – Բատիկան զուտ գեղանկարչություն չէ, այլ նաև հագուստի յուրահատուկ դիզայն։ Այդ առումով՝ այն մեծ կիրառական նշանակություն ունի։ Բատիկայի հայրենիքում՝ Ինդոնեզիայում, որտեղ բատիկայի ոճով հագուստներ կրելը ազգային մշակույթ է, դրանք այդ երկրի տարբեր հատվածներում տարբեր յուրահատկություններով են բնորոշվում․ օրինակ՝ հյուսիսային շրջաններում ընդունված են վառ գույներով բատիկայի հագուստները՝ ի տարբերություն հարավի զուսպ գույների։ Հայտնի է, որ երկար ժամանակ բատիկայի հագուստներ կրել են բարձր խավի մարդիկ։ Այդպես է նաև հիմա՞։ Թա՞նկ են բատիկայի տեխնոլոգիայով ստեղծված հագուստները։

 

  Ընդհանրապես, բատիկան զուտ գեղանկարչություն չէ, այո, դա հանդիսանում է հագուստի ձևավորման յուրահատուկ դիզայն, ամեն մի ազգային մշակույթ աչքի է ընկնում իր գունային հատկություններով: Բատիկայի հագուստը համարվում է ձեռքի աշխատանք բոլոր ժամանակներոմ, իհարկե թանկ է աշխատանքը՝ նայած ինչ տեխնոլոգիայով է կատարված: Եվ բնականաբար ձեռքի աշխատանքով հագուստ կրում է առավել ապահով խավը: Բայց այսօր իմ առաքելությունն եմ համարում երիտասարդ աղջիկների շրջանում տարածել գեղարվեստի այս տեսակը՝ բատիկան (ինչպես նաև ապլիկացիա, ասեղնագործություն), որ յուրաքանչյուր հայ աղջիկ կարողանա ինքնուրույն ձևավորել իր հագուստները և կրել իր  իսկ ձեռքով ստեղծված հագուստները:

 

 – 30 տարուց ավելի ղեկավարում եք Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնի Վանաձորի մասնաճյուղը, որը լավագույններից մեկն է հանրապետությունում։ Այն նաև Վանաձորի մշակութային  վայրերից է, որը վաղուց և արդարացիորեն օջախի համարում ունի։ Բազում են Ձեր կենտրոնում կազմակերպված մշակութային միջոցառումները։ Հիշարժան ի՞նչ անուններ կարող եք տալ, որոնք ցուցահանդեսներ են բացել կենտրունում։

 

 – Այսօր գեղագիտության կենտրոնը մի գողտրիկ վայր է արվեստասեր հանրության համար, որտեղ բացվում են միասնական ու անհատական ցուցահանդեսներ, կազմակերպվում են գրքի շնորհանդեսներ, արվեստագետների հետ հանդիպումներ: Կենտրոնում իրենց անհատական ցուցահանդեսներն են ունեցել Վիլեն Գաբազյանը, Խաչիկ Ղարաբեկյանը, Փափագ Ալոյանը, Անատոլի Ավետյանը, Վազգեն Բադալյանը, այլք: Բոլորին չեմ կարող նշել՝ շատ են: Կենտրոնում ամեն տարի բացվում է  10-15 ցուցահանդես, որի մեջ մտնում են նաև մեր սաների ցուցահանդեսները:  Ընդհանրապես, այդ ցուցահանդեսներն ուրույն  ձևով են ազդում  երեխաների գեղագիտական դաստիարակության վրա:

 

 – Տարիների ընթացքում ձեր կենտրոնում ուսանել են հազարավոր երեխաներ, որոնց մեջ եղել են նաև բազմաթիվ շնորհալիներ ու հանրահայտ դարձած դեմքեր։

 

 Մեր սաների հետագա ստեղծագործական ընթացքին ուշի ուշով հետևում եմ, հպարտանում եմ նրանց հաջողություններով, քանզի կան երեխաներ, որոնք շարունակում են ստեղծագործել: Մեր սաներից շատերն այսօր դասավանդում են նաև մեր կենտրոնում: Ի դեպ, կենտրոնն ամեն տարի ունենում է 250-300 սան:

 

 Ձեր աշխատանքներում ազգային թեմատիկան նկատելի ընդգրկումներ ունի, որի վկայություն կարող է համարվել այս աշխատանքը։ Բատիկան հեշտությա՞մբ է «ազգայնանում», թե՞ այդպիսի խնդիր չկա էլ։

 

 Ազգայինը մարդու մեջ է և չի կարող արվեստի որևէ ճյուղում լինել կամ չլինել: Իմ աշխատանքներում, անկախ ինձնից, այն արտահայտվում է:

 

 – Տպավորություն կա, որ բատիկան՝ իբրև արվեստի տեսակ, կանացի զբաղմունք է։

 

 – Բատիկայով նաև տղամարդիկ են զբաղվում: Դա նույն գեղանկարչությունն է, պարզապես՝ «ոսկերչական» մոտիվներով:

 

 – Կա՞ն բատիկայի հայտնի արվեստագետներ, որ ազդել են Ձեր ստեղծագործական ձեռագրի վրա։

 

 – Ես բատիկային ծանոթացել եմ ինքնուրույն, ինքնուս եմ այդ հարցում: Թերևս դա է պատճառը, որ, շատերի պնդմամբ, իմ ստեղծագործություններում արտահայտվում է իմ սեփական, ինքնատիպ ձեռագիրը:

 

 – Ի՞նչ հավաքածուներում են հանգրվանել Ձեր աշխատանքները. Դուք պահու՞մ եք դրանց նկարագրական ցուցակը։

 

 – Իմ աշխատանքներից կան Վանաձորի կերպարվեստի թանգարանում, երկրագիտական թանգարանում, բայց անհամեմատ շատ՝ բազում արվեստագետների, դերասանների անձնական հավաքածուներում, քանի որ, ինչպես արդեն ասացի, նվիրել շատ եմ սիրում: Իմ մտերիմները՝ գրեթե բոլորը, ունեն իմ աշխատանքներից, որևէ ցանկացող անպատասխան չի մնացել: Կարծում եմ՝ բատիկայի կիրառական բնույթն արդեն իսկ ենթադրում է այդպիսի աշխատանքների հեղինակային մատուցումը նախընտրելի մարդկանց։

 

 – Վանաձորում բատիկայի ուրիշ պրոֆեսիոնալներ կա՞ն։

 

 Որքան գիտեմ՝ բատիկայի պրոֆեսիոնալներ մեր քաղաքում չունենք: Զբաղվել եմ առաջինը և առաջինը անհատական ցուցահանդես բացել Վանաձորում։

 

 – Բատիկա ուսուցանելը ունի՞ յուրահատուկ դժվարություններ, որոնք բացակայում են սովորական նկարչություն ուսուցանելու գործընթացում։ Ո՞ր տարիքից կարելի է երեխաներին բատիկա ուսուցանել։

 

 – Բատիկայի ուսուցանումը յուրահատուկ դժվարություններ ունի, քանի որ կան մասնագիտական նրբություններ, որոնք երեխան պիտի իմանա՝ ճիշտ ստեղծագործելու համար: Երեխան կարող է ստեղծագործել ցանկացած տարիքից՝ կախված իր ընդունակություններից: Ի դեպ, գեղագիտության մեր կենտրոնի բատիկայի խմբակի երեխաները ստեղծագործում են 8-9 տարեկանից:

 

 

Զրույցը վարեց Լևոն ՍԱՐԳՍՅԱՆԸ

 

Հ.Գ.։ Կարինե Գլոյանի աշխատանքներին կարող եք ծանոթանալ ստորև՝ պատկերասրահում։

Back to top