поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

Նկարչուհի Հայկուհի ԱՎԱԳՅԱՆԸ վաղ մանկական տարիքում նկարել է, հասունանալով՝ բանասիրական կրթություն ստացել, ապա դարձել... քանդակագործ։ Ահա թե ինչպես է երբեմն ժամանակը «քանդակում» արվեստագետի ճակատագիրը։

 

 – Քանդակագործությունն ու գեղանկարչությունը արվեստի առանձին ճյուղեր են, բայց երբեմն «հանգրվանում» են մի արվեստագետի մեջ։ Դրանք փոխլրացնու՞մ են իրար։ Եթե՝ այո, ապա դրանցից մեկն անպայման արվեստագետի մեջ գերակայում է։ Ձեր մեջ ո՞րն է գերակայում։ 

 

– Առանձին են՝ միայն նյութի, արտահայտչամիջոցների ընտրության հարցում: Զգացողությունները նույնն են: Ու այս բոլորի ընդհանուր էությունն այն է, որ արվեստը հասարակական գիտակցության ձևերից է՝ հիմնված իրականության երևույթների կերպարային արտացոլման վրա: Ստեղծագործելիս պարզապես օգտվում ես տարբեր «գործիքներից»՝ տրամադրությունդ, ապրումներդ ու զգացողություններդ լիարժեքորեն արտահայտելու համար:

Նկարել սկսել եմ ջրաներկով, այդ ընթացքում օգտվում էի ոչ միայն վրձնից. ավելի հաճախ ինձ «բռնեցնում էի» մատներով նկարելիս: Շոշափելով ավելի հստակ էին զգացողություններս, վերաբերմունքս: Պլաստիլինն առաջին նյութն էր, որով սկսեցի քանդակել: Երևի թե գերակայությունը քանդակինն է,  ծավալային եռաչափ ստեղծագործությանը:

 

Ավելի հաճախադեպ է, երբ ստեղծագործական ուղու սկզբին գեղանկարիչը փոխում է վրձինը հատիչով (օրինակ՝ Գեղամ Բեգջանյանը)։ Հակառակը կարծես այդքան էլ հաճախ չի պատահում. գրեթե չի պատահում։ Հետաքրքիր է՝ ինչու՞։

 

– Կարծում եմ՝ նկարչական կրթության տրամաբանական ընթացքն է նախանշում՝ սկսել մատիտով, վրձնով, իսկ հետագայում ստեղծագործել այնպես, ինչպես թելադրում են նախասիրություններդ: Թեպետ չունեմ նկարչական կրթություն (ավարտել եմ ՎՊՀ բանասիրական ֆակուլտետը), բայց ինձ մոտ էլ է այդպես ընթացել: Հիմա երկու տեսակով էլ ստեղծագործում եմ. հավասար չեն, համեմատելի էլ չեն:

 

– Ջրաներկով արված Ձեր աշխատանքները բավական վաղեմություն ունեն, նույնիսկ տպավորություն ունեմ, թե դրանց մի մասը ուսանողական տարիների աշխատանքներ են։ Դուք շարունակու՞մ եք ջրաներկով աշխատել։

 

– Ուսանողական տարիներին ավելի շատ գրչով էի նկարում: Հատկապես՝ ձանձրալի դասերին: Տանը՝ գծանկարներ ու ջրաներկ: Բայց հասուն աշխատանքներս կապված են աշխատանքային տարիներիս հետ, երբ ծանոթացա գեղանկարիչ Փափագ Ալոյանի հետ, ով, նկատելով նկարելու ձգտումս, սկսեց ուղղություն տալ, սովորեցնել՝ ավելի գրագետ նկարելու համար: Ջրաներկն այսօր էլ շարունակում է մնալ ստեղծագործելու իմ նախասիրած միջոցը (չհաշված կավը): Երկու դեպքում էլ ազատ եմ ստեղծագործական պրոցեսում, երկու դեպքում էլ անմիջականորեն արտահայտում եմ իմ ներաշխարհը:

 

Դուք սիրում եք նաև գծանկարը։ Գծանկարին տիրապետել՝ նշանակում է տիրապետել նյութին։ Ի՞նչ է գծանկարը Ձեզ համար։

 

– Գծանկարը այբուբենն է: Նկարչության այբբենարանը: Նույնիսկ մեծ գեղանկարիչներն առաջին հերթին գծի վարպետ են: Գծանկարներ սկսել եմ անել Փ. Ալոյանի խորհրդով՝ սովորելու, գծի ու գույնի սահմանագիծն ու համադրություն-հակադրություններն առավել խոր հասկանալու համար:

 

Վանաձորի կերպարվեստի թանգարանը քաղաքում, մարզում և հանրապետությունում հայտնի մշակութային հաստատություն է, որտեղ կողք կողքի աշխատում են ավագ ու երիտասարդ սերնդի արվեստագետներ։ Թանգարանի տնօրեն Փափագ Ալոյանի գունային նախասիրությունները հայտնի են շատերին։ Այդ նախասիրությունները ազդե՞լ են Ձեր գունային ընկալումների և նախընտրությունների վրա։ ԱԼՓԱյական շիկակարմիրը Ձեզ հարազա՞տ է։

 

– Իմ առաջին ուսուցիչը հայրս էր՝ Ավագ Ավագյանը: Նկարել ու արվեստով հետաքրքրվել սկսել եմ նրա ճարտարապետական գրքերից, արտանկարել էսքիզները. մասնագիտությամբ շինարար, ֆինանսիստ հայրս է բացատրել, թե ինչ են հեռանկարը, առաջին ու երկրորդ պլանները... Կերպարվեստի թանգարանում աշխատանքի անցնելուց հետո Փ. Ալոյանի մոտ սկսեցի ավելի լուրջ ու մասնագիտորեն մոտենալ հարցերին: Ազդեցություն չեմ կրել, ես միանգամայն այլ գունային աշխարհում եմ՝ ավելի եթերային ու պաստելային՝ ի հակադրություն ԱԼՓԱ-ի պինդ, հաստատուն ու խոհական ձեռագրի և գունապնակի:

 

Ի դեպ, Ձեր ստեղծած դիմաքանդակներից Փ. Ալոյանի դիմաքանդակը հաջողված գործ է, կարծում եմ՝ Ձեր լավագույն աշխատանքներից մեկը։ Եվ ընդհանրապես, քանդակագործությունն է Ձեր տարերքը՝ իմ ընկալմամբ։ Քանդակելիս ի՞նչ նյութի հետ եք նախընտրում աշխատել։

 

– Փ. Ալոյանի դիմաքանդակը ստեղծելու առիթը նրա ծննդյան տարեդարձն էր: Աշխատեցի պլաստիլինով: Երբեք չեմ ցանկացել արտաքին բացարձակ նմանության հասնել. ավելի շուտ՝ կերպարային: Կարծում եմ՝ դա հենց այդպիսի աշխատանք է: Գյումրիից հյուրընկալել էինք անվանի քանդակագործ Արտուշ Պապոյանին: Առաջարկեց բրոնզից ձուլել: Առայժմ միակ մետաղական աշխատանքս է: Հիմա ավելի շատ կավով եմ աշխատում: Կավն էլ ինձ նվիրեց մեկ այլ անվանի քանդակագործ՝ Սարգիս Ղարիբյանը՝ Սևոն: Իսկ գիպսով ձուլում է խաչքարագործ Բոգդան Հովաննիսյանը: Բախտավոր եմ իմ արվեստագետ ընկերներով:

 

Ուրիշ ի՞նչ հանրահայտ մարդկանց եք դիմաքանդակել։

 

– Քանդակներ առայժմ քիչ ունեմ: Հիմնականում էսքիզային տարբերակներ են:  Եղեռնի 100-րդ տարելիցին ընդառաջ ստեղծեցի Կոմիտասի քանդակը: Իմ ուսուցիչ Մելս Սանթոյանի հետմահու քանդակն եմ ստեղծել: Մնացածն ընդհանրական կերպարներ են:

 

– Ես ծանոթ եմ Ձեր մի քանի քանդակների էսքիզային տարբերակների։ Նրանցից մասնավորապես մեկն ինձ շատ է դուր գալիս, այնքան, որ նույնիսկ մտածում եմ՝ պետք չէ էսքիզից «հանել» և փորձել «իսկականի» տեսք տալ։ Այդ քանդակը տպավորիչ է հենց էսքիզ տարբերակով։ Ի դեպ, քանդակի էսքիզը (պլաստիլինից, կավից...) առանձին ստեղծագործության արժեք չունի՞, ինչու՞։ Մի՞թե դա նման չէ բանաստեղծի սևագրությանը, որ երբեմն ավելի հետաքրքիր է արդեն ավարտված գործից։

 

 

 

– Էսքիզները ստեղծագործական ընթացքի նշակետեր են։ Սակայն իմ աշխատանքների առումով մի քիչ այլ է. ես երկար չեմ կարողանում աշխատել նույն գործի վրա, հատկապես ջրաներկի պարագայում։ Քանդակներն «ավարտում» եմ երկու-երեք օրում։ Երևի հենց դրանից են էսքիզային ստացվում ու գրավում, որովհետև չեն կորցնում ապրումի անմիջականությունն ու տպավորության ջերմությունը։

 

– Կարելի է ենթադրել, որ իմպրեսիոնիզմի հետևորդ եք։

 

 – Իմպրեսիոնիստներով հիանում եմ. ինձ գրավում է նրանց անմիջականությունը, անկեղծությունը, թարմությունը։ Սակայն որևէ կոնկրետ ուղղության, ոճի չեմ հետևում։ 

 

– Վանաձորը քանդակներով այնքան էլ հարուստ չէ։ Վերջերս իր մահկանացուն կնքեց քանդակագործ Գերասիմ Թումանյանը՝ Գասոն, որի մի քանի քանդակներ կարելի է տեսնել քաղաքի պուրակներում ու փողոցներում։ Ակնկալվում է, որ շուտով տեղադրվելու է Զորավար Անդրանիկի քանդակ-արձանը (քանդակագործ՝ Գեղամ Բեգջանյան)։ Ուրիշ «քանդակային» իրադարձություն չի՞ սպասվում։ Քիչ առաջ հիշեցիք գյումրեցի քանդակագործ Արտուշ Պապոյանին, որի Աստվածամոր արձան-քանդակը զարդարում է Գյումրու կենտրոնական հրապարակներից մեկը։ Ինչու՞ է թափուր մնում, օրինակ, Վանաձորի Հայքի հրապարակը։

 

– Վերջերս արվեստագետների կորուստներ ունեցանք. ցավոք, Լոռու նկարչական դպրոցից գույներ պակասեցին։ Վանաձորի քաղաքային արձան-֊քանդակներից շատերը խորհրդային տարիներից են, երբ մշակույթը պետական հոգածության ներքո էր։ Այսօր էլ են քայլեր արվում։ Հուսանք՝ մոտ ապագայում քաղաքը կհարստանա երիտասարդ շնորհալի արվեստագետների ստեղծագործություններով։ Օրակարգային հարցեր ունենք մեր առջև, վստահ եմ՝ մեր արվեստագետները դեռ կզարմացնեն իրենց գործերով։

 

 – Չգիտեմ ինչու՝ ինձ թվում է, թե քանդակագործության՝ որպես արվեստի մոտիվներից մեկը արվեստագետի... երախտագիտության զգացումն է։ Դուք քանդակել եք Ձեր ուսուցիչներից Փ. Ալոյանին, Մ. Սանթոյանին: Դրանով մի՞թե ակամա չեք փորձել նյութականացնել ու հավերժացնել Ձեր երախտագիտության զգացումը առ սիրելի և անմոռանալի մարդիկ։

 

 – Կարծում եմ՝ արվեստն ինքնին երախտագիտություն է առ կյանք ու Արարիչ՝ մեզ տրված շնորհի համար։

 

– Անշուշտ, կարդացել եք Կարել Շուլցի «Քար և ցավ» վեպը՝ նվիրված քանդակագործության հանճար Միքելանջելոյին, և Դևիդ Վեյսի  «Օգյուստ Ռոդեն»-ը՝ նվիրված ժամանակակից քանդակագործության ռահվիրաներից Օ. Ռոդենին։ Հետաքրքիր է՝ ընթերցանության ընթացքում Դուք Ձեզ ավելի շատ բանասե՞ր էիք զգում, թե՞ քանդակագործ։

 

– «Քար և ցավ» վեպը կարդացել եմ ուսանողական տարիներին։ Պարտադիր գրականության ցանկից չէր, բայց ունեի մեծ ցանկություն՝ ծանոթանալու մեծն Միքելանջելոյի կյանքին։ Շատ ճիշտ նկատառում արեցիք. կարդացել եմ իբրև բանասեր, իսկ Ռոդենի կյանքը կարդալիս արդեն լրջորեն էի զբաղվում նկարչությամբ ու կարող եմ ասել, որ հենց այս քանդակագործի շնորհիվ սկսեցի փոքրիկ քանդակներ անել...

 

Զրույցը վարեց Լևոն ՍԱՐԳՍՅԱՆԸ

 

 

Հ․Գ․։ Իբրև հետգրություն՝ ընթերցողին եմ ներկայացնում իմ և Հայկուհու զրույցի շարունակությունը, որ բոլորովին նախատեսված չէր հարցազրույցի համար. կարծում եմ՝ կհետաքրքրի։

 

Լ. Ս.– Սիրելի Հայկուհի, Կառլոս Աբովյանը կանացի իր դիմանկարներում բնորդուհու աչքերը չէր նկարում (կաթիլաձև խաչեր էր դնում)։ Ինձ թվում է՝ գտել եմ դրա բացատրությունը: Անշուշտ՝  մոտավոր։

 

 

Հ. Ա. –  Հետաքրքիր է։

 

Լ. Ս. Ամեդեո Մոդիլիանին աչքերը փակ նկարած դիմանկարներից մեկի բնորդուհուն ասում է. «Ես կնկարեմ քո աչքերը, երբ կճանաչեմ քո հոգին»։ Նկատենք, որ Մոդիլիանին դա ասում է սիրեցյալի մասին, հետևաբար որքա՛ն ճշմարիտ կլիներ նրա խոսքը օտար կամ քիչ ծանոթ մեկի դիմանկարն անելու դեպքում։ Կ. Աբովյանն իր հայտնի կաթիլ-խաչերով ուզում է ասել՝ ես ԴԵՌ չեմ ճանաչում կնոջ հոգին, ում նկարում եմ (գուցե այդ պատճառով են նրա դիմանկարներում արտաքին էֆեկտները շատ)։ Հնարավոր է՝ Կառլոսը լսած չլիներ էլ Մոդիլիանիի այդ խոսքը, բայց նրա պարագայում էլ, կարծում եմ, գործել է նույն հոգեբանությունը՝ չնկարել մի բան, ինչը ԴԵՌ չես ճանաչում։ Դա գուցե նկարչի ներքին օրինավորության ու բացառիկ ազնվության ենթագիտակցական արտահայտություն է՝ չնկարել մի բան, ինչն անիմանալի է՝ կնոջ հոգին (կա՞ ավելի անիմանալի բան)։

 

 

Հ. Ա. Նկատել եմ, որ յուրաքանչյուր դիտող, մեկնաբանի խոսքը նույնիսկ լսելուց հետո, փորձում է ինքնուրույն բացատրել, թե ինչու՛ հատկապես խաչ: Ոչ թե՝ ինչու՛ չի նկարել աչքերը, այլ՝ ինչու՛ խաչ: Ձեր մեկնաբանությունը խորիմաստ է բավականին, որովհետև, իսկապես, եթե մի բան չես հասկանում, ինչպե՞ս նկարես: Բայց մի բան կա. Կառլոսն իր բոլոր կերպարների աչքերն էր խաչով պատկերում: Կարծում եմ՝ նկարելիս, երբ նկարն արարվում է, չես էլ մտածում, թե ի՛նչ ու ինչպե՛ս ես նկարում, դա ներսից է գալիս, ինքնաբերաբար ու ենթագիտակցորեն: Իսկ խաչի իմաստը հասկանալու համար երևի թե հենց իր հետ պիտի զրուցեինք, հասկանայինք, թե այն ինչ նշանակություն ունի իր համար: Համենայն դեպս, Ձեր տեսակետն ինձ համար կարևոր է. մեկ-երկու տարի է՝ զբաղվում եմ այցելուի ու գեղարվեստական աշխատանքի հոգեբանական ուսումնասիրությամբ:

 

 

Լ. Ս.  Տխուր կլիներ, եթե Կառլոսը բացատրած լիներ՝  ինչու՛ հատկապես խաչ։ Ցանկացած բացատրություն ԹԵՐԻ կլիներ, նույնիսկ հեղինակայինը։ Իսկ առեղծվածն ինքը միշտ ԼԻԱԿԱՏԱՐ է, պետք չէ նսեմացնել նրան մեկնելի դարձնելու չափ։ Առեղծվածը յուրաքանչյուրիս մեջ  (ինչպես վերևում՝ իմ) իրեն «հպվելու» ցանկություն է արթնացնում, իսկ ցանկացած բացատրություն մասնավորեցնում է այն՝ ինչ-որ մեկի սեփականությունը դարձնելով։

 

 

Հ. Ա. Համաձայն եմ, լիովին։ Արվեստաբանությունը հենց այդ պատճառով էլ չեմ ընդունում, ինչպես որ, ընդհանրապես, ցանկացած... -(ա)բանություն։

Լ.Ս.

 

Հ.Գ.2։ Հայկուհի Ավագյանի աշխատանքներին կարելի է ծանոթանալ ստորև՝ պատկերասրահում։

Հ.Գ.3։ Մինչ այս հարցազրույցը պատրաստվում էր հրապարակման, Հայկուհի Ավագյանը նշանակվել է Վանաձորի Կառլոս Աբովյանի անվան կերպարվեստի թանգարանի տնօրեն։ Շնորհավորում եմ, մաղթում ստեղծագործական և աշխատանքային  հաջողություններ։

Back to top