поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

Շնորհալի գեղանկարիչ Արմեն ՄԻԿՈՅԱՆԸ, որ վերջին շրջանում նաև դիմանկարներ է անում,  այնուամենայնիվ իրեն դիմանկարիչ չի համարում՝ տեսնելով իրեն առավելապես վերացական արվեստում: Թեև յուրաքանչյուր նկարիչ ինչ էլ նկարի, ի վերջո կերտում է սեփական դիմանկարը:

 

Օրերս ֆեյսբուքի Ձեր էջում մի գրառում կարդացի հեղինակն իր գոհունակությունն էր հայտնում՝ դիմանկարի համար։ Որ զբաղվում եք առօրյա (այսպես անվանենք այս «ենթաժանրը») դիմանկարչությամբ՝ դա գիտեի։ Որ դրանով նաև «կեցության անտանելի թեթևությունն» եք փորձում լցնել՝ դա էլ գիտեի։ Բայց իմ հարցն այլ բանի մասին է։ Ակնարկված գրառման հեղինակի՝ գեղեցկուհի մի աղջկա դիմանկարը, որ իսկապես արված էր պրոֆեսիոնալ հմտությամբ, նաև ստորագրված էր։ Ենթադրում եմ, որ որքան էլ՝ ապրուստի միրջոց, Դուք այնուամենայնիվ Ձեր աշխատանքը համարում եք գեղարվեստի տեսանկյունից նշանակալից և արժեքավոր՝ սեփական ստորագրությամբ այն վավերացնելու չափ։ Այդպե՞ս է։

 

– Արվեստը մարդու հոգին է: Այն ապրում է քո մեջ կամ չի ապրում: Շուկայական նկարչության, մարդկանց պարզ ցանկությունների ու կոմպլեքսների մեջ փորձում ես գտնել ինչ-որ արժեքավոր բան, երբեմն ստացվում է, երբեմն՝ ոչ:

 

Ձեր առաջին անհատական ցուցահանդեսը կայացել է, երբ 24 տարեկան էիք։ Ներկայացրել էիք երկու տարվա ընթացքում արված 35 աշխատանք։ Տպավորիչ թիվ է՝ երկու տարվա համար։ Ուրիշ անհատական ցուցահանդեսներ հաջորդեցի՞ն դրան։ Ի՞նչ ստեղծագործական հաջողություններ եք գրանցել այս վերջին տարիներին։

 

– Ստեղծագործելիս, կարծում եմ, արվեստագետը չպետք է մտածի հաջողության հասնելու մասին: Դա  խիստ ներանձնական երևույթ է երբեմն: Վերջին տարիներին նոր գործերով մասակցել եմ հանրապետական չորս ցուցահանդեսի, Վանաձորի կերպարվեստի թանգարանում բացված գրեթե բոլոր խմբակային ցուցահանդեսներին: Սակայն դրանք մեծ հաշվով չեմ համարում ստեղծագործական հաջողություն, որովհետև քիչ ժամանակ եմ հատկացրել իմ ճաշակին համապատասխան գործեր ստեղծելուն: Անհատական հաջորդ ցուցահանդեսը դեռևս չի հասունացել, որովհետև իմ նախընտրած գործերը դեռևս քիչ են անհատական ցուցահանդեսով ներկայանալու համար:

 

Դիմանկարիչ արվեստագետներից ովքե՞ր կամ ո՞վ է Ձեզ ավելի հոգեհարազատ։ Հայ ժամանակակից դիմանկարչությունը Ձեզ գոհացնու՞մ է։

 

– Ժամանակակից դիմանկար-ծաղրանկարի մեջ կարող եմ նշել Հարություն Չալիկյանին՝ որպես ծաղրանկարի վարպետի: Իսկ դիմանկարիչներից Ռուդոլֆ Խաչատրյանից հետո չեմ տեսնում հզոր կատարողներ:

 

Գույն և բառ մարդու համար երկու աստվածատուր հնարավորություն՝ ազատվելու աշխարհից, թոթափելու իրեն՝ իրենից, իրեն կեղեքող գիտակցված ու չգիտակցված ցանկություններից, պատրանքներից։ Ձեր եղբայրը՝ Արթուրը, արդեն երեք գրքի հեղինակ է՝ պատմվածքների ժողովածուի, վիպակի և վեպի։ Դուք ինչպե՞ս եք նայում Արթուրի բառին, խոսքին։ Ձեզ չի՞ թվում, որ ինքնարտահայտման թեթևության առումով նա ավելի երջանիկ աստղի տակ է ծնվել։ Ընդհանրապես, ինչպե՞ս եք վերաբերվում գրականությանն՝ ընդհանրապես, Արթուրի գրականությանը՝ մասնավորապես։

 

– Անկեղծ ասած, ժամանակի սղության պատճառով վերջին տարիներին քիչ եմ կարդում: Անժխտելի է, որ գեղարվեստական որակյալ գրականություն կարդալը մարդու ինտելեկտուալ զարգացման կարևոր պայմաններից է: Կոնկրետ Արթուրի գործերում ես գնահատում եմ ոչ ստանդարտ մտածողությունը, ազատությունը և վառ երևակայության դրսևորումները:

 

Ձեր պապը գրող էր, հայրը՝ բանաստեղծ, եղբայրը՝ նույնպես գրող։ Դուք հավատու՞մ եք արվեստի հանդեպ ժառանգական հակվածությունը։ «Թիկունքում» ունենալով այդպիսի ժառանգորդություն՝ Ձեզ երբեմն կքված չե՞ք զգում դրա ծանրության տակ՝ իբրև ավելի սրված պատասխանատվություն, որ առնվազն բացառում է միջակություն լինելու հանգամանքը։

 

– Ժառանգական հորից որդուն է փոխանցվում մարդու տեսակը, իսկ պատասխանատվության զգացումը չի կարող բեռ լինել, քանզի արվեստն օրհնություն է և շնորհ:

 

Ձեր գեղանկարչական գործերի մեծ մասը, գոնե ինձ ծանոթները, շրջանակներով են։ Անկեղծ ասած՝ շրջանակները միշտ խանգարել են ինձ՝ նկարն ընկալելու։ Անշուշտ, հեղինակի համար շրջանակը գուցե և ասելիքը որոշակի կաղապարում ավելի «ինքնուրույն, առանձնակի» տեսնելու միջոց է, բայց մի՞թե այն պարտադիր է։

 

– Ճիշտ ընտրված շրջանակը լրացնում է նկարը, և հակառակը: Ինձ համար պարտադիր չէ:

 

Գեղանկարիչ Տիգրան Թադևոսյանի հետ հարցազրույցում (ճանաչու՞մ եք) առաջարկել էի նրան՝ փորձել մեկնաբանել իր կտավներից մեկը։ Բայց Տիգրանը խիստ սակավաբառ էր։ Հուսամ՝ Դուք խոսքաշատ կլինեք Ձեր «Երևանյան անձրև» գեղանկարը մեկնաբանելիս։ Ի՞նչ ասելիք ունի նկարը, ինչի՞ մասին են լռում գույներն այնտեղ։ Երկնքից ծորացող դեղինը թախծի՞ նշան է:

 

– Տիգրանին ճանաչում եմ և ուրախանում եմ իր հաջողություններով: Խոսելը և գրելը նկարիչներին այնքան էլ հատուկ չեն: Երբեմն նկարները խիստ անձնական ելևէջներ ունեն, իսկ այդ նկարի մեջ քաղաքը իմ ընկերն է, և նկարն արտահայտում է իմ զգացմունքները քաղաքի նկատմամբ:

 

«Մարմին և հոգի» խորագրով կտավում (երկու տարբերակով) Դուք հոգին «պատկերել» եք կանացի մարմնի հետ։ Ինչու՞ կանացի։ Եվ ընդհանրապես՝ այդ կտավում (տե՛ս ստորև՝ պատկերասրահում) մարմինը որքան ակներև է, նույնքան անորոշ է, թե «որտե՞ղ» է կամ «ո՞րն» է հոգին։

 

– Նկարի մասին չեմ խոսի, որ ինքը խոսի իր մասին, քանզի այդ կտավում շատ են վերացական արվեստի տարրերը:

 

Դիմանկարչությունը, մանավանդ՝ պատվերով ստեղծվող, ենթադրում է որոշակի լուսանկարչականություն, ինչն իր հերթին նշանակում է՝ որոշակի նատուրալիզմ կամ ռեալականություն։ Այնուամենայնիվ, չեմ կարծում, թե Ձեր նախընտրած ոճը ռեալիզմն է։ Դուք Ձեզ ի՞նչ ոճի նկարիչ եք համարում։

 

– Դիմանկարի մասին շատ կարելի է խոսել: Այն շատ բարդ է ու զարմանալի: Ռեալիզմը մի քիչ վանդակի մեջ է դնում նկարչին, բայց սպիտակ թղթից, հաշված րոպեների ընթացքում, կարծես կենդանի մարդ նայի քեզ: Թուղթը շունչ ու հոգի է ստանում, դա ամեն անգամ հետաքրքիր է ու զարմանալի: Իսկ պարադոքսն այն է, որ ես ինձ չեմ համարում դիմանկարիչ: Ես ավելի շատ վերացական արվեստի մեջ եմ տեսնում ինձ:

Զրույցը վարեց Լևոն ՍԱՐԳՍՅԱՆԸ

Հ.Գ.: Արմեն Միկոյանի աշխատանքներին կարելի է ծանոթանալ ստորև՝ պատկերասրահում:

Back to top