поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

Տան, ընտանիքի գաղափարը երիտասարդ նկարիչ Վահան ՇԱՀԲԱԶՅԱՆԻ կտավներում հաճախ է գույներ առնում. դա  նրա նախընտրելի թեմաներից է: Իսկ տունն այն ափն է, որին, նկարչի համոզմամբ, անվերջ ձգտում է մեր մենության առագաստանավը…

 

– Ստեղծագործում եք մոդեռն ոճի մեջ, Ձեզ մասնավորապես գրավում է իմպրեսիոնիզմը։ Որքանո՞վ է այս ուղղությունն ինքնարտահայտման առավել մեծ հնարավորություններ տալիս։ Այդ ուղղությանը հարելը ոճական նախընտրությա՞ն հարց է միայն, թե նաև գեղարվեստական մտածողության։

 

 Սիրում եմ և՛ մոդեռն ոճը, և՛ իմպրեսիոնիզմը, երբեմն փորձում եմ համատեղել… Բնույթով իմպրեսիոնիստ եմ, քանի որ նկարում եմ զգացողությամբ: Դա այն ժամանակն է, երբ ես ազատ եմ և չեմ մտածում նկարի ավարտի մասին, այլ ինքն է տանում ինձ իր ետևից. դա կենդանի, կյանք ունեցող ժամանակ է, և այն անկրկնելի է։

 

  2015-ի անհատական ցուցահանդեսի բացման ժամանակ ասել եք, որ չեք սիրում շրջանակներ։ Շրջանակը Ձեզ համար կաղապա՞ր է, որ սահմանափակում է կտավի ազատ շարժը տարածության մեջ՝ խանգարելով նրան իրական աշխարհի մի շարունակություն-մասնիկը դառնալու։

 

 Շրջանակը գեղանկարի համար շատ դեպքերում անհրաժեշտ բան չէ, իսկ եթե, այնուամենայնիվ կա, չպետք է սահմանափակի նկարի ազատությունը, պետք է լինի նկարի մի մասը, շարունակությունը, պետք է լրացնի նկարը, ֆոն ծառայի նրա համար։

 

 Ցլամարտը գեղանկարչության մեջ մշտապես արծարծվող թեմաներից է։ Ի՞նչն է գրավում նկարիչներին. կրքի, ուժի, մահացու խաղի անդիմադրելի հմա՞յքը։ Ցլամարտ պատկերող Ձեր նկարներից մեկում կարմիրը, որ վերոհիշյալների գունային արտահայտությունն է, ոչ թե ցլամարտիկի ձեռքի լաթի կտորի գույնն է, այլ՝ հիմնագույնի (ֆոնի), իսկ ցլամարտի ավանդական ցուլ-մարդ «զույգը» փոխարինված է երկու ցլով։ Ի՞նչ եք ցանկացել ընդգծել դրանով։

  

–  «Հսկաների մարտը». սա է այդ նկարի վերնագիրը։ Պայքար հանուն կյանքի։ Եթե ուզում ես հասնել բարձունքների, պետք է պատրաստ լինես պայքարի… և չընկրկես նույնիսկ ընկնելուց հետո։

 

  Վանաձորի պետական համալսարանի շրջանավարտ արվեստագետների մեջ արդեն հանդիպել են այնպիսիք, որոնք արվեստագետ են այսպես ասած ժառանգական տրվածությամբ (օրինակ՝ Մհեր Չատինյան)։ Ձեր պարագայում էլ կարծես այդպես է, բայց Դուք ավելի «հեռուն» եք գնացել. Դուք նկարիչ եք ընտանյոք հանդերձ։ Ինչպե՞ս է գնահատում Վահան Շահբազյանը կնոջ՝ Ջուլիետա Ալբերտիի կտավները։

 

 Իմ նկարների առաջին քննադատը կինս է, և հակառակը… Մենք շատ հարցերում ենք լրացնում իրար, գեղարվեստի հարցերում` նույնպես։ Բնականաբար, օգնում ենք մեկմեկու, խորհրդակցում, խորհուրդներ տալիս։ Եվ եթե երկուսով որևէ գործ հավանում ենք, ուրեմն՝ ի՛նքն է որ կա…)))

 

 Գեղանկարչության մեջ Ձեզ համար կարևոր չեն տեխնիկան կամ թեման. Դուք կարևորում եք ստեղծագործական ոգին։ Այդ ոգեղենությունը մի՞շտ եք կրում Ձեր մեջ, որտեղի՞ց եք ստանում դրա համար անհրաժեշտ լիցքերը։

 

 Իմ կարծիքով՝ նկարը պետք է լինի անկեղծ, ազատ և ոգեղեն։ Ոգեղենության լիցքերն առաջին հերթին ստանում եմ ստեղծագործական անկեղծ վիճակներից։ Երբ քո հանդեպ անկեղծ ես, մեծացնում ես քո հնարավորությունները… 

 

  Դուք ունեք նաև գրաֆիկական աշխատանքներ։ Գրաֆիկայի և գեղանկարչության «հերթագայությունը» Ձեր ստեղծագործական ճանապարհին որի՞ օգտին է։ 

 

 Գրաֆիկան շատ կարևոր է նկարը ճիշտ կառուցելու համար, դա, նախ, հիմք է ստեղծագործելու համար, բացի այդ՝ կարող է դառնալ ինքնուրույն ստեղծագործություն։ Գույնով շատ դեպքերում կարելի է խաբել, մինչդեռ գրաֆիկան կեղծիքն անմիջապես ցույց է տալիս, ինչպես սև-սպիտակ լուսանկարը…

 

   Ձեր նկարները հիմնականում վերնագրեր են ունենում, ինչը չես ասի ուրիշ նկարիչների մասին։ Ի՞նչ է վերնագիրը Ձեզ համար, ստեղծագործության ասելիքի «դուռը» բացող բանալի՞։ Սիրու՞մ եք մեկնաբանել Ձեր գործերը։

 

  Շատ ժամանակ վերնագրում եմ ստեղծագործություններս: Դրանք ծնվում են նկարի հետ միասին և կազմում եմ ստեղծագործական պրոցեսի մի մասը։ Բայց նկարներս մեկնաբանել, առավել ևս բնութագրել՝ չեմ սիրում, քանի որ չեմ կարծում, թե դրա անհրաժեշտությունը կա, գերադասում եմ, որ դիտողն իր ինքնուրույն կարծիքն ունենա, իր սեփական ընկալումը:

 

  Ձեր նկարներում հաճախ է հայտնվում առագաստանավակը՝ միայնակ կամ ոչ. ի՞նչ են փոխանցում նրանք դիտողին, գաղափարական կամ զգացմունքային ի՞նչ «հաղորդագրություններ» են դրանք։

 Մարդ արարածը միշտ դեպի իր տունը, իր ընտանիքը վերադառնալու ենթագիտակցական մղումի մեջ է՝ լինե՛լ ափին մոտիկ, գնա՛լ դեպի ափը, դեպի քո՛ ափը… Նավահանգիստ մտած առագաստանավակը խորհրդանշում է հենց այդ հավերժական վերադարձը՝ դու արդեն քո հայրենիքում ես, քո տանը… 

 

  Գեղագիտության ազգային կենտրոնում դասավանդում եք շուրջ մեկ տասնամյակ։ Մի հարցազրույցում ասել եք, որ երեխաների հետ աշխատանքն օգնում է «մաքրվելուն», ենթադրում եմ՝ մաքրում է առօրյա ոչ դրական տպավորություններից, հոգեբանական տհաճ նստվածքներից։ Ասել է թե՝ երեխաների հետ շփումը օգնում է անկեղծ նայել կյանքին, հետևաբար՝ կյանքը տեսնել ու պատկերել անկեղծ։ Ճի՞շտ եմ մեկնաբանում. երեխաների հետ աշխատանքը նպաստու՞մ է Ձեր ստեղծագործական աշխատանքին։

 

 Գեղագիտության ազգային կենտրոնում աշխատանքս հիմնականում նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաների հետ է։ Երեխաների հետ աշխատելն ինձ համար վաղուց ի վեր ոչ թե սովորական առօրյա է, այլ անհրաժեշտություն։ Դու նրանց տալիս ես դրական ու մաքուր լիցքեր և փոխարենը ստանում տվածիդ կրկնապատիկն ու տասնապատիկը։ Երեխաներն ահա այդքան շռայլ են։ Նրանք նկարում են հափշտակությամբ՝ ամբողջ զգացական աշխարհով տրվելով գույներին, կատարելապես անկեղծ են, և այդ անկեղծությունը որպես օրվա մաքուր «վաստակ» ես ինձ հետ տանում եմ տուն… Դա կարևոր դրական ազդեցություն է գործում իմ ստեղծագործական աշխատանքի վրա։ Ինձ համար պարգև է երեխաների հետ աշխատելը։

 

 Դուք դասավանդում եք նաև Վանաձորի պետական համալսարանում։ Ովքե՞ր են Ձեր ուսանողները։ Ենթադրում եմ, որ նրանք նկարչություն են ուսանում, և նրանց մեջ կան այնպիսիք, որոնք հույս են ներշնչում ապագայի համար։ Անուններ կարո՞ղ եք տալ։

 

 Այո, դասավանդում եմ նաև պետական համալսարանում, արդեն երկու տարի։ Ունենք բավականին շնորհալի և խոստումնալից ուսանողներ, որոնք նպատակասլաց են և դժվարություններից չերկնչող։ Նրանք նաև քեզ են ոգեշնչում ստեղծագործական աշխատանքի ու որոնումների։ Անշուշտ, դասախոսական իմ աշխատանքին ես վերաբերվում եմ մեծ լրջությամբ, ջանում եմ ուսանողներիս հաղորդել այն նվազագույն գիտելիքների պաշարն ու հմտությունները, որոնք անհրաժեշտ են ստեղծագործական աճի համար։ Չնայած իմ այս լսարանի տարիքային առանձնահատկություններին՝ երեխաների հետ աշխատանքիս փորձը շատ է օգնում հնարավորինս արդյունավետ կազմակերպելու ուսուցման պրոցեսը նաև ուսանողների համար։ Ջանում եմ ամեն կերպ օգտակար լինել նրանց՝ ստեղծագործական իրենց ուղին ճիշտ սկսելու և շարունակելու գործում։ Շնորհալի ուսանողներիցս կհիշատակեմ Դին Դալլաքյանի, Վիրաբ Հայրապետյանի, Արգինա Խաչատրյանի, Վանուհի Կոշկակարյանի, Մարգարիտա Բաբայանի անունները։ Վստահ եմ՝ այդ անուններից մի քանիսին դեռ կհանդիպենք։

 

Զրույցը վարեց Լևոն ՍԱՐԳՍՅԱՆԸ

 

Հ.Գ.: Վահան Շահբազյանի աշխատանքներին կարելի է ծանոթանալ ստորև՝ պատկերասրահում:

Back to top