поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

Ո՞վ կարող է պնդել, թե արվեստագետի խաչը պակաս ծանր է։ Կարծում եմ՝ ավելի ծանր է, որովհետև ստեղծագործող մարդն իր ուսերին տանում է իր կյանքի և էլի՛ մի կյանքի խաչը, որ իր արվեստն է։ Շնորհաշատ արվեստագետ Արփինե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ  այդ մասին կվկայի։

 

 – Գեղանկարիչներ կան, որոնց բնորոշ են գունային որոշ նախասիրություններ։ Դուք ինքներդ ստեղծագործական ճանապարհին գունային որոշակի «անցումներ» եք կատարել։ Ինչո՞վ է պայմանավորված դա. հոգեվիճակից և տրամադրությունից բացի նաև տարիքային գործո՞նն է դեր խաղում այս կամ այն գույնն ընտրելիս։ Առավելապես ի՞նչը՝ Ձեր պարագայում։ 

 

– Ճիշտ եք նկատել, հավանաբար՝ երեք գործոնների համախումբը միասին, սակայն, տարիքի հետ առավել հասունանալով, որոշակիորեն փոխվում է նաև աշխարհընկալումը, ինչն էլ, բնականաբար, իր ազդեցությունն է թողնում նկարչի գունազգացողության վրա: Իմ պարագայում, հավանաբար, հենց տարիքային գործոնի գերակայությունն է... 

 

Ո՞րն է Ձեր գույնը։ Ինչու՞։

 

 – Եթե դիտարկենք հոգեբանության տեսանկյունից, ապա այսօր ինձ համար նախընտրելի է կապտականաչը, թեպետ այն հազվադեպ է հանդիպում իմ նկարներում, սակայն այդ գույնի առկայությունն ինձ հաճելի հանգստություն է պարգևում: 

 

 – Վանաձորի պետական համալսարանի շրջանավարտ արվեստագետների հետ հարցազրույցների շարք նախաձեռնելիս մտքովս անգամ չէր անցնում, որ ինձ համար (կարծում եմ՝ նաև ընթերցողի) հայտնագործելու եմ գեղանկարիչների մի հրաշալի խումբ,  որը համալսարանի գեղարվեստական տարեգրության ամենատրոփուն երակն է՝ լի ժամանակի բաբախով։ Այդ խումբն իր ներսում հնարավոր է նույնիսկ մեկը մեկին լավ չի էլ ճանաչում, բայց նրանց խումբ է դարձնում, նախ, ՎՊՀ շրջանավարտ, ապա նաև երիտասարդ լինելու հանգամանքը։ Երիտասարդությունը շնորհալիներին օծում է տաղանդավոր դառնալու հեռանկարով, և այսօր արդեն կարելի է տալ այդպիսի գեղանկարիչների անուններ։ Ու՞մ անունները կտայիք Դուք։

 

  – Մհերի, Տիգրանի, Գեղամի և Լուսինեի կողքին, որոնց արդեն ներկայացրել եք, կավելացնեի նաև Վահան Շահբազյանի, Տարոն Մարուքյանի, Տիգրան Հարությունյանի, Տարոն Խաչատրյանի, Սամվել Զոհրաբյանի, Հայկ Մացակյանի, Անի Ժամհարյանի, Արտյոմ Բասենցու, Արմեն Միկոյանի, Քրիստինե Ասլանյանի, Նարեկ Ջաղացպանյանի, Սենիկ Մանուկյանի, Դավիթ Մուրադյանի, Հայկուհի Ավագյանի, Էթերա Գևորգյանի, Անուշ Սարգսյանի, Սյուզի Վերանյանի անունները. հաստատ այս շարքը շարունակելի է, ուրեմն թող ինձ ներեն մյուս երիտասարդ նկարիչները, ում անունները չհիշատակեցի, պարզապես նրանց կրթության վայրն ինձ անհայտ է... 

 

  Դուք բազմաժանր նկարիչ եք։ Բազմաժանրությունը չի՞ ենթադրում որևէ կոնկրետ ժանրի վրա հատուկ սևեռումի բացակայություն, ինչի հետևանքով կոնկրետ մի ժանր տուժում է։ Ժանրերը խանդոտ չե՞ն։ 

 

– Հատուկ որևէ ժանրի հետևելն ու նվիրվելը երբեք ինձ համար գերխնդիր չի եղել, պարզապես անկեղծորեն ստեղծագործել եմ՝ պահի թելադրանքով։ Սովորաբար կտավին եմ հանձնում այն, ինչ զգում եմ, և այն նյութերով, որոնք տվյալ պահին առավել հոգեհարազատ են, արդյունքում ծնվող ստեղծագործությունն ինքն է արդեն իր ժանրը թելադրում: Նրանք բոլորն էլ անկեղծ պոռթկումների արգասիք են՝ յուրովի ներկայացմամբ, և ներդաշնակորեն փոխլրացնում են միմյանց՝ մի փուլից մյուսին անցման ճանապարհին... Խանդի գործոնն այս պարագայում բացակա է: 

 

 – Հարցազրույցներից մեկում Դուք խոսում եք եռաչափ, կենդանի նկարների մասին։ Ինչի՞ մասին է խոսքը, խնդրում եմ՝ փոքր-ինչ մանրամասնեք։ Եվ ընդհանրապես, Ձեր հակումը դեպի նորարարական տեխնոլոգիաները բացատրվում է արտաքին էֆեկտներով տպավորիչ ու օրիգինալ երևալու մղումո՞վ, թե՞ այդ տեխնոլոգիաները ինքնարտահայտման ավելի մեծ հնարավորություններ են ընձեռում։ 

 

– Եռաչափ նկարներով ես արդեն վաղուց եմ հանդես գալիս ցուցահանդեսների ժամանակ, իսկ կենդանի նկարն այդպես էլ դեռևս կյանքի չկոչեցի, մտահղացումը դեռ մշակման փուլում է, մի փոքր բարդ է... Այո, ճիշտ եք նկատել, այն կերպարվեստի և նորարարական տեխնոլոգիաների համադրման արդյունք պիտի լինի, արտաքին էֆեկտներն ու օրիգինալ երևալու մղումն այստեղ երկրորդական տեղ են գրավում: Ես հոգնում եմ ստեղծագործական միօրինակությունից, անընդհատ փնտրտուքի մեջ եմ՝ սեփական հետաքրքրասիրության քաղցը բավարարելու համար, իսկ նորարարական տեխնոլոգիաներն այսօր լայն հնարավորություն են ընձեռում՝ ինքնարտահայտման բազմապիսի ֆունկցիաներ տրամադրելով... 

 

 – Ինքնատիպ լինելը ցանկացած արվեստագետի իդեա-ֆիքսն է, որովհետև ինքնատիպությունը լավագույն ցուցիչն է անհատականության։ Ի՞նչ է ինքնատիպությունը Ձեզ համար. դա կապ ունի՞ ինչ-որ արտառոց նյութ կամ տեխնիկա օգտագործելու հետ, թե՞ այն առավելապես գեղանկարչի ներքին յուրահատկության բնութագրիչ է, որը կարող է դրսևորվել նաև հին, նույնիսկ հնացած տեխնիկաներով ու նյութերով։ Սա կարծես նախորդ հարցիս մեկ այլ ձևակերպումն է, սակայն ես ուզում եմ լսել ինքնատիպության ներքին ու արտաքին երևակման վերաբերյալ Ձեր մեկնաբանությունը։ 

 

– Բնականաբար, ինքնատիպությունը գեղանկարչի ներքին յուրահատկության բնութագրիչն է, որն էլ նրան մղում է որևէ արտառոց կատարողական ոճի և տեխնիկայի։ Նրանում կիրառվող նյութի հին կամ նոր լինելն այնքան էլ էական չէ, գլխավորը նախապես առկա գաղափարն է, մնացածն արդեն ծառայում են այդ գաղափարի իրագործմանը և, դադարելով իրենց նախկին ֆունկցիաների կրողը լինել, նոր կյանք են ստանում ապագա ստեղծագործության մեջ... Այսպիսով՝ յուրաքանչյուր ստեղծագործություն իր հեղինակի ներքին ինքնատիպության երևակումն է որևէ ստեղծագործական հենքի վրա: 

 

 – Իմ ընկալմամբ՝ ժամանակակից պոեզիան խեղդվում է գույնի առատությունից, մինչդեռ նա առավելապես կարիք ունի գծի։ Ուզում եմ ասվածը վերագրել նաև գեղանկարչությանը և հարցնել՝ ի՞նչ է գիծը Ձեզ համար. մի՞թե այն երբեմն ավելի էական չէ, քան գույնը։ 

 

 – Իմ կարծիքով՝ գիծը սկիզբն է, գիծը հիմքն է, գիծը կմախքն է, և նրա վարժ լինելուց է կախված նկարչի վարպետությունը։ Հաճախ մեկ գծի ազատ նավիգացիայով կարելի է ավելին հաղորդել։ Բացի այդ՝ գիծը գեղանկարի մեջ կոմպոզիցիայի կառուցման հիմնական տարրն է, իսկ սխալ կամ երերուն գծով կառուցված կոմպոզիցիան, որքան էլ գույներով «զարգացնես», միևնույն է՝ գրագետ նկար չի դառնա:

 

Դուք աշխատում եք Վանաձորի Կառլոս Աբովյանի անվան կերպարվեստի թանգարանում՝ քաղաքի ամենահայտնի մշակութային օջախներից մեկում, որտեղ պարբերաբար կազմակերպվում են ցուցահանդեսներ։ Ասում են՝ նկարիչը հասունանում է ցուցահանդեսից ցուցահանդես։ Իսկ լայն մտահորիզոնի տեր արվեստագետը հասունանում է նաև ուրիշների ցուցահանդեսներով։ Դուք զգու՞մ եք այդ ցուցահանդեսների բարերար ազդեցությունը Ձեր ստեղծագործական հասունացման վրա։ Վերջին տարիների ի՞նչ ցուցահանդես է ամենից շատ տպավորել Ձեզ։

 

– Կերպարվեստի թանգարանում աշխատում եմ  որպես նկարիչ-վերականգնող, և իմ հասունացումը՝ որպես նկարիչ, տեղի է ունենում ոչ միայն ցուցահանդեսից ցուցահանդես, այլ նաև թանգարանի պահոցներում առկա վարպետների վնասված աշխատանքների մանրակրկիտ ուսումնասիրության, մշակման և վերականգնման ընթացքում: Իհարկե, ցուցահանդեսների բազմազանությունը ևս հրաշալի առիթ է՝ ստեղծագործական հասունացման անդադար պրոցեսում, նկարչի համար խիստ անհրաժեշտություն է նայել սեփական դիտանկյունից դուրս, գտնվել՝ անընդհատ նկատելու, տեսնելու, գնահատելու և սովորելու շարունակական պրոցեսի մեջ: Ինձ համար առավել հարազատ, տպավորիչ և ուսուցողական են եղել հատկապես Գևորգ Մշեցու և Անատոլի Ավետյանի անհատական ցուցահանդեսները: 

 

Ի դեպ, Գևորգ Մշեցու աթոռներով կոլաժները կարծես այդ ժանրում նոր թեմատիկա են բերում, ընդ որում՝ գեղարվեստը շատ ամուր կերպով կապելով ժամանակին ու հասարակական կյանքին։ Դուք նույնպես կոլաժներ ունեք։ Ձեր դեպքու՞մ էլ դրանք օգնում են ավելի որոշակի զգալ ժամանակը։ 

 

– Կարծում եմ՝ ցանկացած ճշմարիտ արվեստագետ միշտ պետք է առաջ լինի իր ժամանակից՝ ներդաշնակորեն համադրվելով նաև ներկայի հետ, իր մեջ կրելով անցյալի փորձը։ Գևորգ Մշեցին հենց այնպիսի արվեստագետ է, ումից մշտապես կարելի է սովորել: Իմ կոլաժներում հիմնականում վեր եմ հանում տարածաժամանակային հարաբերականությունը, դրանք առավել ընդհանուր են և հատուկ միտված չեն որևէ ժամանակաշրջանի:

 

 – Վերդառնանք նկարիչ-վերականգնողի Ձեր աշխատանքին։ Ասեմ, որ ինձ համար դա ամենահետաքրքիր, մի քիչ էլ նույնիսկ խորհրդավոր մասնագիտություններից է. կարծում եմ՝ նաև ընթերցողի։ Քիչ թե շատ հայտնի ի՞նչ գործեր են Ձեր ձեռքով վերականգնվել կերպարվեստի թանգարանում աշխատելու ընթացքում։

 

  – Այո, իհարկե, չափազանց հետաքրքիր մասնագիտություն է և ինձ համար դարձել է յուրօրինակ ապրելակերպ, քանզի, վերականգնողական գիտելիքներից և նկարչական համապատասխան ունակություններից բացի, պահանջում է որոշակի անձնային հատկանիշներ՝ համբերատարություն, նրբանկատություն, զգուշություն և ծայրահեղ ուշադրություն։ Իմ աշխատանքային տարիների ընթացքում վերականգնել եմ թանգարանին պատկանող 35-ից ավելի աշխատանք (Գարուշ Հովսեփյան` «Նատյուրմորտ», Հովհաննես Շարամբեյան` «Չորացած ծաղիկներ», Գրիգոր Աղասյան` «Ձնծաղիկներ», Մհեր Աբեղյան` «Աշտարակ», Հենրիկ Սիրավյան` «Վ. Սարոյանն Ահնիձորում», Մարտին Պետրոսյան` «Հիշողություն», Վանիկ Մանուկյան՝ «Պսակ», Սեյրան Խաթլամաճեան՝ «Ծիրանի ծով», Գեորգի Թովմասյան՝ «Որպեսզի տրոփի սիրտը», Վիլեն Գաբազյան՝ «Նանսենյան անձնագրեր», Արմինե Կալենց` «Հոնֆլեոր», Գրիգոր Գուրզադյան` «Խոհեր», Արմեն Վարդանյան՝ «Երվանդ Քոչարի դիմանկարը», Վարուժան Վարդանյան՝ «Ներկայացում», Էդուարդ Խարազյան` «Արևելյան ռիթմ», Արա Բեքարյան` «Վահան Տերյանի դիմանկարը», Հովհաննես Ջարդարյան` «Իմ այգին», Լևոն Կոջոյան՝ «Սահմանապահները կիրճում», և այլ)։ Վերականգնել եմ նաև Վանաձորի Սբ Աստվածածին եկեղեցուն պատկանող՝ Վահրամ Մուրադխանյանի «Սբ Սարգիս» կտավը։ Վերականգնողական աշխատանքներին զուգահեռ զբաղվել եմ նաև «Գեղանկարչական նյութեր և գրունտներ: Դրանց ճշգրիտ բաղադրություններն ու կիրառման տեխնիկան» և «Վերականգնման (ռեստավրացիայի) համառոտ տեսություն» վերնագրերով տեսական նյութերի ստեղծման աշխատանքներով, որոնք ներառում են նկարիչ-վերականգնողներին անհրաժեշտ հիմնական գիտելիքները՝ ռուսական և իտալական վերականգնողական դպրոցների դարավոր փորձի, ինչպես նաև սեփական ուսումնասիրությունների հիման վրա։ 

 

Մի առիթով կերպարվեստի թանգարանի տնօրեն, գեղանկարիչ Փափագ Ալոյանին հայտարարեցիք Ձեր ուսուցիչը։ Ձեր պատկառանքն այնքան որոշակի էր նրա հանդեպ, որ թվում է՝ բառը հնչեց  մեծատառով՝ Ուսուցիչ։ Հետաքրքիր է՝ այդ բառի մեջ ինչ-որ մանկավարժական փա՞ստ էր վավերագրված, թե՞ Ձեր վերաբերմունքն ու գնահատականը։

 

  –  Նկարչական առաջին քայլերս սկսել եմ Վանաձորի գեղագիտության ազգային կենտրոնից՝ ուսանելով հայտնի գեղանկարիչ Փափագ Ալոյանի դասարանում: Նա է իմ մեջ ներարկել հավերժական սեր ու խոնարհում առ բարձրագույն արվեստ... Այո, այսօր մեծ պատկառանքով և հպարտությամբ փաստում եմ Ուսուցիչ բառը՝ որպես երախտիքիս արտահայտություն: 

 

Որքան գիտեմ, Ձեզ որևէ գեղագիտական ուղղության հետևորդ չեք համարում. Ձեզ համար իզմեր չկան։ Հետևաբար Դուք կարծում եք, որ որևէ իզմի հետևելը սահմանափակու՞մ է արվեստագետին։ Բայց իզմը գուցե ստեղծագործական ազատության հասնելու ճանապարհներից մե՞կն է։ Մի՞թե որևէ իզմ թոթափելն արդեն իսկ չի նշանակում՝ քայլ անել առաջ։

 

  – Այո, ինչպես արդեն ասել եմ, որևէ գեղագիտական ուղղության կամ իզմի չեմ հետևում, ստեղծագործում եմ ազատ՝ պահի ներշնչանքի և առկա նյութի թելադրանքով՝ կտավին հանձնելով այն, ինչ տեսնում ու զգում եմ տվյալ պահին: Ընդհանրապես, կյանքում ես ազատ կամքի կողմնակից եմ, որևէ իզմի հետևելն իսկապես ինձ համար չէ, սակայն հարգում եմ բոլոր իզմերն ու դրանց նվիրյալ հետևորդներին, որոնք իրենց ստեղծագործական ազատությունը գտնում են հենց հոգեհարազատ ուղղությանը նվիրվելու մեջ: 

 

 – Դուք նկարների շարք էիք նախաձեռնել՝ «Աշնանային էքսպրոմտներ»։ Շարքն ավարտվե՞լ է։

 

  – Շարքը դեռ շարունակվում է, քանի որ աշնանային գույները հավերժ ներշնչանքի աղբյուր են։

 

  – Էքսպրոմտը մանավանդ գեղանկարչության մեջ որքան էլ հետաքրքիր, բայց և փոքր-ինչ պայմանական հասկացություն է. ինչո՞վ են էքսպրոմտ Ձեր այդ աշխատանքները։ Էքսպրոմտը ենթադրում է առաջին ընկալման գերակայություն, ուրեմն այդ շարքի նկարները գուցե տեղավորվու՞մ են իմպրեսիոնիզմի ուղղության մեջ, քանի որ վերջինում էականն առաջին տպավորության շեշտադրումն է։ 

 

– Այո, ճիշտ դիտարկում է, իմ էքսպրոմտները երևի իմպրեսիոնիզմի որոշակի տարր են կրում իրենց մեջ, քանի որ տպավորությունների զգայական վերարտադրման արդյունք են՝ հիմնականում: Թերևս յուրաքանչյուր նկարիչ իր ստեղծագործական հասունացման ճանապարհին անցնում է տարատեսակ ուղղությունների միջով՝ չմնալով դրանց ազդեցության տակ: 

 

 – Ի՞նչ նյութերով եք աշխատում։ Ձեզ «քչությու՞ն» են անում ներկը, վրձինն ու կտավը։ 

 

 – Ինձ համար ստեղծագործական նյութի սահմանափակում գոյություն չունի, անգամ ամենաաննշան փոքրիկ թափոնը երբեմն կարող է նոր գործ սկսելու միտք և տրամադրություն հաղորդել: Ճիշտ եք նկատում, հաճախ ներկը, վրձինն ու կտավն ինձ բավարար չեն՝ զգացածս լիարժեքորեն վերարտադրելու համար, և հերթական ստեղծագործական քաղցը բավարարելու համար ես ստիպված եմ դիմել այլընտրանքային միջոցների կիրառման: 

 

 – Ձեր աշխատանքներից մեկը վերնագրել եք՝ «Ինքնահայտածում»։ Կենտրոնում Ձեր պատկերն է։ Կարծում եմ՝ գաղափարն այն է, որ մեզնից յուրաքանչյուրն իրեն բնականորեն տիեզերքի կենտրոն է ընկալում, ընդ որում՝ որպես մաքրության տիպար՝ հրեշտակ, ինչպես այդ նկարում է։ Դուք ինչպե՞ս կմեկնաբանեք։

 

  

– Սովորաբար աշխատանքներս չեմ մեկնաբանում, միայն վերնագրում եմ՝ հանձնելով դիտողի երևակայությանը, սակայն այս անգամ, բացառության կարգով, կփորձեմ շարունակել Ձեր միտքը՝ …որպես մաքրության տիպար՝ հրեշտակ, ով հնազանդորեն կրում է իր խաչը… 

 

 – Ե՞րբ է արվեստագետը սպառվում. երբ այլևս ասելի՞ք չունի. երբ ասելիքը ներկայացնելու սեփական կե՞րպ չունի. երբ այլևս հոգի՞ չունի, որն իր ամենակարևոր ասելիքն էր լինելու։ Ժողովուրդն ասում է՝ գործի մեջ հոգի է դրել։ Որչափո՞վ է Ձեր հոգին «դրված» Ձեր աշխատանքներում։ Դուք գո՞հ եք այդ «ներդրումից»։ 

 

 – Կարծում եմ` արվեստագետը սպառվում է այն ժամանակ, երբ դադարում է ինքնազարգանալ, սկսում է կրկնել իրեն՝ ամեն անգամ ավելի ցածր մակարդակով: Իրականում օժտված արվեստագետը, իմ կարծիքով, երբեք չի սպառվում, եթե շարունակում է ներդաշնակորեն միաձուլված մնալ տիեզերքի հետ՝ անհագորեն որսալով նրա ազդակները: Իհարկե, ստեղծագործական պասիվ ընթացք և դադար լինում է բոլորի մոտ՝ կախված արտաքին միջավայրից, սակայն ներշնչանքի հանկարծակի հայտնությունը խեղդող համառությամբ ստիպում է կրկին ու կրկին վերադառնալ: Ներշնչմամբ ստեղծված ցանկացած ստեղծագործություն իր մեջ հոգի է կրում, այլապես վերածվում է տեխնիկական վարպետության վրա հիմնված, արհեստականորեն սարքված իրի... Կարծում եմ` մեծ աշխատասիրության և որոշակի ջանքերի շնորհիվ նկարել կարող է յուրաքանչյուրը, սակայն դա բավարար չէ նկարիչ լինելու համար։  Իսկական նկարիչն այլ է, նա յուրօրինակ աշխարհայացքով, ինքնատիպ մտածողությամբ և օրիգինալ վերարտադրողական տեխնիկայով օժտված անձնավորություն է, որը կտավին է մոտենում միմիայն ստեղծագործական տրանսի մղմամբ: Ինքս իմ աշխատանքներում հնարավորիս անկեղծ եմ, կարծում եմ՝ դրանցում իմ հոգին ներկա է, սակայն ամեն անգամ ստեղծագործությունն ավարտելիս զգում եմ, որ դեռևս չկարողացա լիարժեքորեն արտահայտել ասելիքս...

 

Զրույցը վարեց Լևոն ՍԱՐԳՍՅԱՆԸ

 

Հ.Գ.: Արփինե Հովհաննիսյանի աշխատանքներին կարելի է ծանոթանալ ստորև՝ պատկերասրահում։

Լ. Ս.

Back to top