поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

Երիտասարդ նկարիչ Տիգրան ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ անունը հետզհետե իր իսկ  ստեղծագործության բրենդն է դառնում, և դա նրա օժտվածության անուրանալի վկայությունն է: Իսկ այս հարցազրույցում նկարչի պատասխանները բացառապես բլից ոճի մեջ են և իրենցով նման են նրա վրձնահարվածներին՝  կտրուկ, ժլատ:

 

– Ձեր հայրը՝ Գագիկ Թադևոսյանը, որ նույնպես նկարիչ է, որքանո՞վ է անկողմնակալ իր որդու նկարները գնահատելիս։

 

– Հայրս միշտ չէ, որ հավանել, հավանում է նկարներս, լավին ասում է՝ լավն է, դե, վատին էլ՝ վատ:))

 

– Մի առիթով ասել եք, որ Ձեզ համար ավելի արժեքավոր է այսպես կոչված որակյալ փոքրամասնության կարծիքը, քան այն մեծամասնության, որ անքննադատ ընդունում է յուրաքանչյուր ստեղծագործություն։ Անկասկած, «փոքրամասնություն» կոչվածն էլ կարել է «սեղմել» այնքան, մինչև այն հանգի կոնկրետ մեկ մարդու։ Ո՞վ է այդ մարդը Ձեզ համար։ Անշուշտ, Ձեր հորից բացի։ 

 

Եթե նկարիչը նկարում է մոդայի կամ մոդայիկության պահանջներին տուրք տալով կամ այն բանի համար, որ մարդիկ ասեն՝ տեսե՛ք, մոդեռն է նկարում, ինչ հզոր է, դա ինձ համար նկարչություն չէ։ Արվեստում հարկավոր է մաքրություն, ինչպես նաև անկեղծություն՝ նկարելու այն, ինչ այդ պահին ուզում ես, ոչ  թե այն, ինչ  ուրիշներն են ուզում:

 

 – Դուք բազմաժանր ստեղծագործող եք, բայց, իմ ընկալմամբ, Ձեր վրձինն առավել տպավորիչ է բնանկարներում, որ ինքնին շատ յուրօրինակ են, կաղապարներից դուրս։ Ո՞ր ժանրում եք Ձեզ ավելի անկաշկանդ և «սիրված» զգում։

 

 – Սիրում եմ նկարել բոլոր ժանրերում, բոլոր ժանրերն էլ հոգեհարազատ են, իմն են։

 

– Դուք մի ժամանակ զբաղվել եք սպորտով (չգիտեմ՝ գուցե հիմա էլ)։ Անշուշտ, սպորտը նկարչության հետ ուղղակի որևէ կապ չունի։ Բայց եթե դրանք մեկտեղված են նույն մարդու մեջ, այնուամենայնիվ դրանց միջև գուցե ինչ-որ առնչություն կա՞։ Այլ կերպ ասած՝ մարզիկ Տիգրանն ի՞նչ է կարողացել «փոխանցել» գեղանկարիչ Տիգրանին։

 

– Փոքր ժամանակվանից միշտ եղել եմ սպորտի մեջ։ Սիրում եմ ապրել այդպես: Ինչպես ասում են՝ առողջ մարմնում՝ առողջ հոգի։  Շատ բան է տվել սպորտը։ Կարևորը՝ սիրել կյանքը: Նկարչությունն էլ կյանքը սիրելու մի տեսակ է: Ու հենց դրանով նրանք իրար «փոխանցելու» շատ բան ունեն:

 

– Վերջերս տեղի ունեցած մի ցուցահանդեսում Դուք արժանացել եք «Տաղանդ, երևակայություն և Կիպրոսի սիրեցյալ» անվանակարգի հաղթողի կոչմանը։ Ի՞նչ մշակութային միջոցառում էր դա։

 

– Այդ անվանակարգը հանձնել են ինձ Կիպրոսում՝ Art and shock gallery-ում մի քանի անգամ կազմակերպված ցուցահանդեսներիս համար։ Անհատական ցուցահանդեսներիս:

 

– Ֆեյսբուքյան էջից ակնհայտ է, որ Ձեր գործերը վաճառվում են բավական հաճախ (հուսանք՝ նաև բավական թանկ)։ Գոնե գեղանկարչության ոլորտում վաճառքի ցուցանիշը նաև տաղանդի ցուցանիշ է՝ անուղղակիորեն։ Հիմնականում ովքե՞ր են Ձեր գնորդները, նրանց թվում կա՞ն հայտնի մարդիկ։ Շա՞տ մասնավոր հավաքածուներում են հայտնվել Ձեր կտավները։

 

– Այո, նկարներս վաճառվում են և այսօր հայտնվել են շատ մասնավոր հավաքածուներում։ Գնորդները հիմնականում արտասահմանցիներ են, նրանց թվում՝ նաև հայեր: Բայց նրանք մեծ մասամբ ցանկանում են անհայտ մնալ: Ինչու՞ խախտել նրանց իրավունքը... ))

 

– Ձեր նկարների առավել հաճախ հանդիպող ֆորմատը 30 x 40 (40 x 30)-ն է վաճառված կտավների ճնշող մեծամասնությունը հենց այդ ֆորմատով են։ Որքանո՞վ է ֆորմատը կարևոր Ձեզ համար դա այն լավագույն «տարածությունն» է, որն առանց ավելորդությունների պարագծու՞մ է Ձեր ասելիքը։

 

– Ճիշտն ասած՝ ինձ համար (կարծում եմ՝ յուրաքանչյուր նկարչի համար) կտավի չափը էական նշանակություն չի կարող ունենալ, քանի որ ամեն չափի մեջ էլ կարելի է  ասելիքը փոխանցել։ Ուրիշ բան, որ մինչև նկարելը ասելիքն ինքը թաքուն հուշում, «որոշում» է ֆորմատը:

 

– Ժամանակակից գեղանկարչությունը ոճերի, ուղղությունների առումով ինքն իր ներսում էկլեկտիկ արվեստ է. շատ քիչ են արվեստագետները, որոնք որևէ կոնկրետ ուղղության կամ ոճի հավատարիմ հետևորդ են։ Իսկ եթե որևէ կոնկրետ ոճի հետևորդ էլ են, արագ են տեղի ունենում նրանց ոճային անցումները։ Ի՞նչ եք կարծում, իզմերը արվեստում կորցնու՞մ են իրենց որակական յուրահատկությունները։

 

 – Իզմերը միշտ էլ արվեստում, գեղանկարչության մեջ եղել են։ Կարծում եմ՝ առանց իզմերի դժվար թե արվեստը զարգանար:

 

 – Դուք Ձեզ ո՞ր ոճի կամ ուղղության ներկայացուցիչ եք համարում։ Եվ որպես դրա հավաստում՝ կարո՞ղ եք մատնանշել Ձեր մի աշխատանք, որը հենց այդ ոճի արտահայտություն է։

 

 – Իմ ստեղծագործություններն ավելի շատ էքսպրեսիոնիզմի և իմպրեսիոնիզմի միաձուլում են։ Կոնկրետ որևէ իզմի մեջ չեն: Հատկապես վերջին շրջանի իմ ցանկացած կտավ կարող է դրա հավաստումը լինել:

 

 – Աստվածաշնչյան խոսք կա՝ բազումք են կոչեցյալք, և սակավք՝ ընտրյալք։ Այս դարձվածքը, հիմա մանավանդ, հատկապես վերաբերելի է գրողներին ու նկարիչներին։ Դուք ի՞նչ ընտրյալ անուններ կտաք հայ գեղանկարչությունում։

 

 – Մինաս, Քոչար, Հակոբ Հակոբյան:

 

 – Նկատի ունեմ ժամանակակից երիտասարդ նկարիչներին:

 

 – Երիտասարդ նկարիչներից կնշեի Լուսինե Գինոսյանի, Արարատ Ալեքսանյանի, Արամ Կաչյանի, Տիգրան Հարությունյանի, Տարոն Մարուքյանի, Գեղամ Բեգջանյանի անունները: Ի դեպ, թվարկվածները նաև իմ ընկերներն են:

 

 – Որպես արվեստագետ Ձեր կայացման մեջ ի՞նչն է վճռական դերակատարություն ունեցել։

 

 – Աշխատասիրությունս: Ապա նաև հավատամքս՝ նկարել ամեն օր, կարծես դա քո   վերջին հնարավորությունն է։

 

– Ընթերցողի համար հետաքրքիր կլինի ընթերցել Ձեր՝ հեղինակիդ մեկինաբանությունը, օրինակ, այս կտավի մասին: Եթե գույների լեզուն փոխենք հնչյունների լեզվի՝ ի՞նչ են ասում կամ հուշում այս գույները: Ի դեպ, հարցս չի վերաբերում կտավից հստակ երևացող ջութակի և աղեղի պատկերին, որոնք կայմի և պատռված առագաստի հետ են ասոցացվում: Կարծում եմ՝ կտավի ասելիքն այն է, որ երաժշտությունը, ընդհանրապես արվեստն է, որ գոյության ծովի ալիքներում մարդուն ցանկալի ափեր է հասցնելու: Մարդկայինի «ափեր»:

 

  

– Վերջին շրջանում, չգիտեմ ինչու,  իմ կտավներում ավելի հաճախ եմ անդրադառնում երաժշտություն-նկարչություն համադրությանը։ Սա դրանցից մեկն է: (Էլի մեկ-երկուսին արվեստասերը կարող է ծանոթանալ այս նյութին կից պատկերասրահում՝ Լ. Ս.):

 

 – Ի՞նչ ցուցահանդեսների եք մասնակցել, ունեցե՞լ եք անհատականներ։ Արվեստասերը որտե՞ղ փնտրի Ձեր աշխատանքները։

 

– Սկսած 2005 թվականից, բայց առավել հաճախ՝ 2013-14 թվականներից, մասնակցել եմ բազմաթիվ ցուցահանդեսների, որոնք ցանկացած երիտասարդ նկարչի համար ինքնագնահատականի ճշտման, հասունացման մեծ հնարավորություն են, հայտնի դառնալու լավագույն միջոց: Ունեցել եմ հաջողությամբ անցած մի քանի անհատական ցուցահանդեսներ, որոնց մասին ընթերցողը կամ արվեստասերը  կարող է տեղեկանալ  tadevosyanart.com կայքից։

 

Զրույցը վարեց Լևոն ՍԱՐԳՍՅԱՆԸ

Հ.Գ.: Տիգրան Թադևոսյանի մի քանի կտավների ծանոթացեք ստորև՝ պատկերասրահում:

Back to top