поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

Երգահան Գագիկ ԱՂԱԲԱԲՅԱՆԸ հայրենի քաղաքի մշակույթի պատմության հեռավոր շերտերը պեղող այն արվեստագետներից է, որն ինքն էլ վաղուց մաս է կազմել այդ պատմության։ 

 

1999 թվականին ստեղծված «Վանաձորի երգի թատրոն» ՀՈԱԿ-ի ակունքներում երգի թատրոն-ստուդիան էր, որը հիմնադրել էիք Դուք, իսկ մինչև այսօր երգի թատրոնի գեղարվեստական ղեկավարն եք։ Այս տարիների ընթացքում կազմակերպվել են 300-ից ավելի համերգներ, ինչը պատկառելի թիվ է մեր ժամանակների համար, երբ ոտքի վրա ստեղծված տասնյակ ու հարյուրավոր ստուդիաներ, կենտրոններ, հիմնադրամներ, այլ կառույցներ թիթեռի կյանք են ունենում և անհետ կորչում մշակութային ասպարեզից։ Ո՞րն է Ձեր ղեկավարած թատրոնի երկարակեցության գաղտնիքը։ 

 

Թերևս առաջինը հենց այն, որ թատրոնը հենց այնպես, ծնկի վրա չի ստեղծվել:  Մինչ համայնքային ենթակայության հիմնարկություն դառնալը երկար  ու դժվարին ճանապարհ է անցել: Ստեղծման օրվանից կազմը մի քանի անգամ ենթարկվել է փոփոխությունների. պատճառը եղել է ցածր աշխատավարձը, նաև՝  այլ հանգամանքներ: Ցավոք սրտի, այսօր կազմը բավականին փոքր է՝ ընդամենը 5 հաստիք (3 երգիչ):

Իսկ թատրոնի երկարակեցությունը պայմանավորված է աշխատակազմի նվիրվածության, երգարվեստի հանդեպ սիրով, թերևս նաև՝ ընկալման տեսակետից ժանրի հանրամատչելի լինելով:

 

  Առաքելության, նպատակների, ծրագրերի առումով Վանաձորի երգի թատրոնը որքանո՞վ է կրկնում կամ տեղայնացնում Հայաստանի երգի պետական թատրոնի գործունեությունը։ Ո՞րն է ձեր առաքելությունը։

 

  Ծրագրերի առումով Վանաձորի երգի թատրոնը բազմաժանր է. մաքրամաքուր ժողովրդականից, գուսանականից մինչև ժամանակակից հեղինակներ: Մեր առաքելությունն առաջին հերթին երիտասարդ երգիչ-կատարողներին ի հայտ բերելն է, նրանց աջակցելն ու  հնարավորինս ճանաչելի դարձնելը: Թատրոնի կազմից այսօր շատերն են աշխատում մայրաքաղաքում, արտերկրում՝ Արմինե Մխիթարյան (Լիոն), Ահարոն Ալչանգյան (Մոսկվա), Աշոտ Մխիթարյան (Կրասնոդար), Լիլիթ Համբարյան (Երևան), Անի Մարուքյան (Կալինինգրադ), Արփինե Մացակյան (Ռոստով) և ուրիշներ:

 

  Հայաստանի երգի պետական թատրոնում ձևավորվել և կայացել են այսօր հայտնի բազում երգիչ-երգչուհիներ։ Ի՞նչ անուններ կան (և ի՞նչ հնչեղության) ձեր թատրոնի ձեռքբերումների պատմության մեջ։

 

  Ինչպես մեր թատրոնը, այնպես էլ Վանաձորում գործող ոչ մի ստեղծագործական խումբ չունի այն հնարավորությունները, որ ունեն մայրաքաղաքի կոլեկտիվները, ստեղծագործողները: Սկսած ֆինանսականից՝ մինչև հովանավոր-մեկենասներ ունենալը: Որքան էլ խոսենք ծրագրերից, դրանք հնարավոր է իրագործել միայն ու միայն համապատասխան ֆինանսական միջոցների առկայության դեպքում:

 Երգչուհիներից պիտի հիշեմ Աննա Ավետյանի անունը: Նա մասնակցել է հանրային հեռուստատեսության  «Հայ սուպերսթար» նախագծին, արժանացել մրցանակի, այնուհետև իր աշխատանքը շարունակել մայրաքաղաքում: Հիշեմ նաև Լիլիթ Համբարյանին.  մասնակցել է «Հայաստանի ձայն» նախագծին, Մոնակոյում, այնուհետև Լիտվայում կայացած միջազգային փառատոներում արժանացել «Գրան Պրի» մրցանակի։ Նա էլ այժմ բնակվում և աշխատում է Երևանում:  

 

  Դուք բազմաթիվ երաժշտական ստեղծագործությունների հեղինակ եք, Ձեր երգերից շատերը հայտնի և սիրված են ունկնդրի կողմից։ Հիանալի կարողանում եք համագործակցել բանաստեղծների հետ (Հրաչյա Սարուխան, Սամվել Խալաթյան ևն), նույնիսկ «գնացել-հասել» եք Գյումրի՝ ինքնատիպ երգի վերածելով գյումրեցի բանաստեղծ Արա Արթյանի՝ գյումրվա խոսվածքով գրված բանաստեղծությունը՝ նվիրված Գյումրիին։ Ե՞րբ է պոեզիան Ձեզ համար ներշնչանքի աղբյուր։ 

 

Իմ երգերից շատերի տեքստերը ծնվել են ներսումս կուտակված մեղեդու ազդեցության տակ, նրա  հետ միասին: Երաժշտությունը (թեմայի առումով) ծնվում է որոշակի տեքստի հետ միասին, այնուհետև դեն եմ նետում տեքստը և աշխատում եմ բանաստեղծի հետ: Իհարկե դա դժվարություններ է ստեղծում բանաստեղծների համար, բայց մեղեդու թելադրած տեքստի թեման էլ հենց հիմք է դառնում բանաստեղծների համար: Շատ հաճախ մեղեդու թելադրանքով իմ ստեղծած տեքստի տողերը դառնում են բանաստեղծության մաս:

Պոեզիան ինքը ներշնչանքի աղբյուր է: Ըստ իս՝ ցանկացած բանաստեղծություն ունի իր ներքին մեղեդայնությունը: Բայց հաճախ բանաստեղծության ներքին մեղեդայնությունը խանգարում է ինձ, ստիպում գնալ այլ ուղղությամբ, ավելի շատ տրվել իմ ներքին զգացողություններին: Երևի դա է պատճառը, որ իմ երգերի մեծ մասի տողերը գրվել են մեղեդուց հետո:

 

  Երաժշտական ի՞նչ այլ ժանրերով եք ստեղծագործում։ Մասնավորապես՝ ի՞նչ ժանրի է պատկանում գեղանկարիչ Վիլեն Գաբազյանին նվիրված տեսահոլովակում հնչող Ձեր երաժշտությունը։

 

 – Վիլենին նվիրվածը գործիքային ստեղծագործություն է:  Տաղանդավոր գեղանկարիչ էր, բարդ բնավորության տեր, բավականին արտիստիկ, պոետիկ... երբեմն՝ մեղմ, երբեմն՝ վարար գետի պես:

Հիմնականում ստեղծագործում եմ էստրադային ժանրում, բայց ունեմ նաև դասական ոճի գործեր:

 

 – Դուք երկար տարիներ ղեկավարել եք Վանաձորի քաղաքապետարանի մշակույթի բաժինը, այսօր էլ Վանաձորի Էդ. Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցի տնօրենն եք։ Ձեր՝ որպես մինչև ուղնուծուծը մշակութային մարդու իմիջը Դուք ավելի հավաստի եք դարձրել Վանաձորի մշակութային պատմությանը նվիրված հրատարակություններով, այդ պատմության բոլոր հնարավոր մանրամասները ընթերցողի սեփականությունը դարձնելու հետևողականությամբ։ Ի՞նչ գրքեր են դրանք։ Ձեր կարծիքով՝ որքանո՞վ է մշակույթի պատմությունը տվյալ ժողովրդի կամ համայնքի ընդհանուր պատմության բաղադրիչ։

 

 – Ցանկացած ժողովրդի դիմագծի անբաժանելի մասն է մշակույթը, որի ամբողջականության համար կարևոր է յուրաքանչյուր  տարածաշրջանի, համայնքի մշակութային ոլորտների և ճյուղերի անցյալն ու ներկան իրենց զարգացման փուլերով, անցուդարձով, պատմությունների ճշմարտացի մանրամասնություններով: Հենց դրան էլ միտված են այդ աշխատանքները: Ընկերներիցս մեկը մի օր կեսկատակ, կեսլուրջ ասաց. «Դու մեր քաղաքի մշակույթի տարեգիրն ես»։

 

 – Վանաձորում մի քանի մշակութային վայր կա, որոնք տարիների ընթացքում իրավամբ դարձել են օջախ. դրանցից մեկը Ձեր ղեկավարած երաժշտական դպրոցն է, որի՝ հիանալի ակուստիկայով և նորոգ, կահավորված դահլիճը գրավում է շատ արվեստագետների. նրանք գերադասում են հենց ձեզ մոտ հանդես գալ համերգներով։ Բայց օջախի վերածվելու համար տեխնիկական պարամետրերը որքան էլ կարևոր, այնուամենայնիվ բավարար չեն. էլ ի՞նչն է Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցը վերածում օջախի։

 

  Աշխատակիցների նվիրվածությունը, հոգատար վերաբերմունքն  իրենց աշխատանքին և  յուրաքանչյուրի հաջողությանը նպատակաուղղված հնարավոր աջակցությունը:

 

  Այսօր Վանաձորում գործում են երաժշտական տարբեր խմբեր՝ տարբեր ոճերի, տարբեր ուղղությունների։ Դուք ինչպե՞ս կգնահատեիք նրանց գործունեությունը։

 

 – Յուրաքանչյուր աշխատանքի մեջ հաջողության հասնելու համար միայն նվիրվածությունը բավարար չէ: Լիարժեք գործունեություն ծավալելու համար անհրաժեշտ են պրոֆեսիոնալ կադրեր, ինչպես նաև ֆինանսական բավարար միջոցներ: Այն, ինչ անում են մեր մշակույթի նվիրյալները, արժանի է միայն բարձր գնահատանքի:

 

 – Խմբերից բացի՝ գործում են նաև երաժշտական համույթներ, որոնց գործունեությունն անկասկած աշխուժացնում է քաղաքի մշակութային կյանքը՝ գեղագիտական յուրօրինակ միջավայր ու տարածք ստեղծելով։ Ո՞ր համույթներն են Վանաձորում այսօր «տոն» տվողները՝ Ձեր կարծիքով։ 

 

 Գործող համույթները, իմ կարծիքով, այսօր անում են առավելագույնը, ինչին ունակ են՝ յուրաքանչյուրն իր կարողությունների, հնարավորությունների սահմաններում:

 

  Այս շարքի իմ հարցազրույցներից մեկը երիտասարդ շնորհալի դուդուկահար Արտյոմ Տեր-Հովհաննիսյանի հետ էր։ Նա հայտնի դուդուկահար Ատոյի թոռն է, որին նվիրված Դուդուկի արձանը տեղադրված է քաղաքի գլխավոր պողոտայի բանուկ մի հատվածում։ Ի՞նչ կարող եք ասել երաժշտության բնագավառում սերունդների ժառանգորդական կապի և, ընդհանրապես, մշակութային ավանդույթների փոխանցման մասին։

 

  Ավանդույթների պահպանման, փոխանցման գործում մեծ է կրթական համակարգի դերը, որին ցույց տրվող աջակցությունը և որի հանդեպ վերաբերմունքը պետք է արմատապես փոխվեն: Այսօր մեր քաղաքում շատ ու շատ նվագարանների որակյալ մասնագետների պակաս կա, ինչն էլ հանգեցրել է սերունդների հաջորդականության ընդհատման: Այս առումով պետականորեն պետք է լուրջ քայլեր ձեռնարկել:

 

  Դուք գործունեության Ձեր ոլորտում ներհուն մարդու տպավորություն եք թողնում. դա հատուկ է մարդու մշակութային տիպին ընդհանրապես։ Տխուր կամ մենության պահերին ի՞նչ երաժշտություն եք սիրում ունկնդրել, ու՞մ երաժշտությունը։ 

 

Իմ կարծիքով՝ ցանկացած ստեղծագործող մարդու համար դժվար է մեկ նախասիրած հեղինակ ունենալը: Նախասիրած կոնկրետ մեկ հեղինակ, որին հատուկ պիտի առանձնացնեմ, չունեմ: Լսում եմ այն ամենը,  ինչը գեղագիտության սահմաններում է՝ թե ժանրային, թե ոճային առումներով: Իսկ տխուր կամ մենության պահերին զբաղվում եմ որևէ գործով, քայլում եմ...

 

 – Հունիսի 28-ին Էդ. Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցի դահլիճում կայանալու է օպերային երաժշտության երեկո՝ նվիրված Վասիլի Ռոլիչ Օլեգովիչի երաժշտական գործունեության 45-ամյակին։ Ո՞վ է Ռ. Օլեգովիչը։ Ի դեպ, այս հարցը և Ձեր պատասխանը հարկ է որ հնչեն նաև որպես հրավեր՝ ներկա գտնվելու այդ երեկոյին. մուտքն ազատ է։

 

 Վասիլի Ռոլիչը աշխատում է ազգային օպերային թատրոնում որպես կոնցերտմայստեր: Նվագակցել է շատ ու շատ անվանի երգիչների:

Հունիսի 28-ին կայանալիք համերգին մասնակցելու են ազգային օպերային թատրոնի սիրված երգիչները: Ծրագրում ընդգրկված են համաշխարհային հեղինակների ստեղծագործություններ:

 

  Զրույցն ավարտենք ուրախ նոտայով։ Ստեղծագործական ի՞նչ ծրագրերով է այսօր ապրում արվեստագետ Գագիկ Աղաբաբյանը։

 

  Ծրագրերը շատ են, ցավոք սրտի, ժամանակս է քիչ: Աշխատանքը խլում է ժամանակիս մեծ  մասը: Այդուհանդերձ փորձում եմ ստեղծագործել: Մի շարք գործեր եմ սկսել, հույս ունեմ՝ ավարտին կհասցնեմ:

 

Զրույցը վարեց Լևոն ՍԱՐԳՍՅԱՆԸ

Back to top