поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

Պոեզիայի տաճարի ուխտավորն ու նրա փրկագործ ուժի հավատավորն է Վեներա ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ՝ շնորհաշատ բանաստեղծուհի, ում կապված ձեռքերը բացել է Նահատակի սուրբը, իսկ լեզուն՝ Պառնասի աստվածուհին։

– Դու քեզ նման ես,
Ուրիշ՝ ոչ մեկին:
Ես բառի մեջ եմ
Ծաղկում որպես կին:

Վ. Վ.

 

– Բանաստեղծությանը հավասար՝ ողջ կյանքում ինձ հմայել է «բանաստեղծություն» բառը։ Իմանալով, որ «ի սկզբանե էր բանը», և նրա ակունքներում Աստված է, նորից խիզախել բան ստեղծել՝ արարչագործություն է, որ տրված է միայն բանաստեղծներին: Արարչագործության խլիրտներ Ձեր հոգում առաջին անգամ ե՞րբ եք զգացել։ 

 

  «Բանաստեղծության ներսում ապրում եմ այս էլ քանի՜ դար: Փակվում եմ բառի թարմությամբ լցված, պատառիկներ եմ հավաքում լույսի, որ իմ սրտի հետ աշխարհը չափեմ, ու մտածում եմ, թե սուրբ եմ արդեն, ու էլ մեղք չունի աշխարհը նույնիսկ: Սակայն կարոտի մի բանուկ թակարդ իր մեջ է առնում սիրավոր մի սիրտ, ու տառապանքի կողքին մեխվում է առաջին մեղքը՝ թակարդված սերը Բանաստեղծության»: Սա գրել եմ շատ վաղուց, երբ ցանկացել եմ հասկանալ, թե ինչ է ինձ համար բանաստեղծությունը, և ինչու Աստված ինձ տվեց Բառը, հատկապես Բառը, որ իր էությամբ գույնի, հնչյունի, բնության բոլոր տարրերի համաձուլվածքն ու սինթեզն է իբրև արարումի շող: Իմ ծնողները զգում էին, գիտեին, որ ես ապրում եմ ուրիշ մի աշխարհում, ուրիշ օրենքներով և բառի հետ վարվում եմ երկյուղածությամբ ու սրբազան գորովանքով. նրանք դա հասկացել էին, երբ ես բառընկալման առաջին փորձերն եմ արել: Զարմանալի բան է, բայց իրողություն: Երեք տարեկանում երկու ձեռքս էլ փակվել է. չեն օգնել ո՛չ բժիշկները, ո՛չ դեղերը, ու միայն երբ ուխտի են տարել մեր Նահատակի եկեղեցին, մոմ վառել ճաք տված խաչքարի վրա, ձեռքերս բացվել են, և առաջինը, որ վերցրել եմ, գրիչն է եղել: Ես այդպես եմ ընդունել բառը՝ ցավ զգալուց հետո, ու միշտ եմ հավատում բառի աստվածային խորհրդին... 

 

«Ի՞նչ է բանաստեղծությունը» հարցը նույնքան պատասխաններ ունի, որքան «ի՞նչ է սերը» հարցը. անթիվ։ Եվ եթե նկատի ենք ունենում, որ մարդկային սերն ի վերջո կարող է խամրել, իսկ բանաստեղծություն-սերն անխամրելի է, ապա բանաստեղծության ինչ լինելու առեղծվածի լուծումը հեռանում է մեզնից ողջ կյանքի տարածության չափ։ Եվ, այնուամենայնիվ, ի՞նչ է բանաստեղծությունը Ձեզ համար։

 

 – Միշտ վախեցել եմ շատ բառերից, ապավինել եմ հարազատ բառերին, որ իմն են՝ անվերապահ ու միշտ, որ անցել են հոգուս միջով, ծանոթ են ինձ, ներսիս կրակի ջերմությանն ու այրումին, հոգեկիզումի մերկությանը, եղել են ամենախորքերում, ճանաչում են հոգուս ընդերքը, այնտեղ թրծվել են. ինքնակիզումով... Եվ երբ լցվում են սիրտս ու ասում՝ եկել ենք, ես ճանկռելով հանում եմ նրանց ու ապրելու իրավունք տալիս իմ անունով՝ որպես հոգու երգ, որ այս աշխարհում կոչում են Բանաստեղծություն։

 

  Դուք կարողանում եք Ձեզ նրբորեն պահ տալ բանաստեղծության մեջ։ Բանաստեղծությունը Ձեզ փրկում է Ձեզնի՞ց, կյանքի՞ց. ինչի՞ց։

 

   Շատ եմ մտածել ՝ չգրել ոչինչ, ապրել առանց Բառ, հոգիս չփռել կյանքի պարանին, չմերկանալ: Լցվել լռությամբ պռնկեպռունկ, սակայն չթափվել, ու ոչ մի կաթիլ չբառավորել, բայց անկարող եմ... Հրաբուխներն էլ են այդպես ծնվում՝ Մեծ լռությունից: Բառը իմ ներսում կածան է բացում լույսի շողի պես, որ չվնասեմ, չքանդեմ ոչինչ, ու հոսեմ միայն...

 

– Ձեր բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ «Իմ անունը Կին է», լույս է տեսել տարիներ առաջ։ Եվ կախված այն բանից, թե հետո որքա՛ն եք հեռացել նրանից, կարելի է նաև արձանագրել, թե որքա՛ն եք մոտեցել… ինքներդ Ձեզ։ Դուք առաջվա պես հավանու՞մ եք Ձեր վաղ շրջանի բանաստեղծությունները։

 

 

 – Այնպես է ստացվել, որ իմ գրքերից ոչ մեկն իմ նախաձեռնությամբ չի տպագրվել: Պոեզիան գնահատող մարդկանց սրտացավությամբ են լույս աշխարհ եկել նրանք ու արձանագրել իրենց գոյությունն իմ կյանքում որպես գիրք: «Իմ անունը Կին է» գրքի տպագրությունից շատ տարիներ են անցել, բայց այն, ինչ ամփոփված է այնտեղ, ինձ սիրելի է ու հարազատ։ Դրանք իմ անփուշ վարդերն են ու աշխարհից հեռու երկնած ամենաանկեղծ պոռթկումները: Ես միշտ վերադառնում եմ այնտեղ՝ ինձ նորից ճանաչելու, նորից գտնելու...

 

Հիմա շատերն են ձևացնում, թե չեն ընդունում ֆեյսբուքում «գրվող» (դրվող)  պոեզիան: Բայց ես կարող եմ տալ տաղանդավոր անուններ, որոնք առանց ֆեյսբուքի թերևս անծանոթ կմնային ընթերցողին (օրինակ՝ Գագիկ Սարոյան): Իմ ընկալմամբ (կամ գոնե ինձ համար) Դուք նույնպես նրանց թվում եք: Ես հետևում եմ Ձեր գրին, ճանաչում եմ այդ գիրը: Եվ հենց ֆեյսբուքյան տիրույթում եմ ինձ համար արձանագրում Ձեր բյուրեղացման ընթացքը:

 

 – Ինչ խոսք, համացանցային գրական դաշտն օգնում է շատ բան տեսնել, կախարդական հայելու պես արտացոլում է յուրաքանչյուր անհատի իրական հոգևոր հնարավորությունները: Հնարավոր չէ ոչինչ թաքցնել, հնարավոր չէ ավելին երևալ. երևակվում է ակնթարթորեն: Կայացածը կայացած է գալիս, գրագողը՝ գողեգող, տաղանդավորը՝ Աստծո տվածով, չունևորը՝ ուրիշի շորերով... Երբեմն խառնվում են թացն ու չորը, բայց, ի վերջո, զուլալվում է ամեն ինչ, ժամանակն իր գործը լավ գիտի, բոլորից էլ լավ, ով դա չգիտի, շատ բան չգիտի, կամ՝ չգիտի ոչինչ... 

 

«Ու ակնթարթը երբ գլորվում է, Անձրև է դառնում». սա չքնաղ պատկեր է և նրբին միտք, բայց ինձ առավել ուրախացնում է այն իրողությունը, որ այդ տողերը և դրանք ամփոփող բանաստեղծությունը գրվել են վերջերս։ Որովհետև այդկերպ հստակ տեսանելի է բյուրեղացման այն ճանապարհը, որով անցնում եք Դուք։ Հիմա ես կմեջբերեմ նույն բանաստեղծության վերջին քառատողը (երբեք չեմ դիմացել մեջբերելու  գայթակղությանը), և ընթերցողը նույնպես կհամոզվի, թե որքան բանաստեղծորեն մաքուր է այն ճանապարհը, որով քայլում է Վեներա Վարդումյանը.

Գրել չի լինում

Ո՛չ խոտի վրա, ո՛չ մամռած քարին։

Դու այդ ինչպե՜ս ես ցավը նկարում

 Քամու թևերին։

 

 

 Պոեզիան ճիգով չի ծնվում, ծնվում է ազատ. երբեք չեմ փորձել զսպաշապիկ հագցնել նրան հանգ ու վանկերի շպար-զուգսերով: Իր նախնական գեղեցկությամբ ու հմայքով հանձնում եմ ընթերցողին: Ինչպես կա իրականում: Դա նրա իրավունքն է այդպես ապրելու: Երեխայի պես խոցելի ու անպաշտպան, թանկ ու մորեմերկ: Ինձ գրավում է ներքին ռիթմով ու սրտի տրոփով շնչող բանաստեղծությունը՝ ազատագրված ինքն իրենից, իրեն պարտադրված չափանիշներից: 

 

– Դուք գրում եք նաև արձակ բանաստեղծություններ։ Ի դեպ, այս ժանրի վերաբերյալ գրականագիտական պատկերացումներն այնքան էլ միանշանակ չեն. ըստ դրանց՝ առավել հաճախ բանաստեղծությունը արձակ դարձնում են որոշակի ոճը, թեման, շարադրանքի ձևը։ Ինչպե՞ս կբնորոշեք արձակ բանաստեղծությունը։ Եվ ինչո՞վ բացատրել Ձեր այդ հակումը. դասական բանաստեղծությունից «հոգնածությա՞մբ», թե՞ մեկ այլ բանով։ 

 

– Արձակ գործեր շատ ունեմ: Եվ այստեղ էլ հավատարիմ եմ իմ էությանը՝ քիչ բառերով մեծ տարածությամբ ապրելու լույսին: Անզարդ, անմակդիր, անպաճույճ ու ժլատ՝ բառերն այսպես են ինձ գալիս այցի: Հաճախ իրականությունից փախչելու հեռանկարով, հաճախ՝ իրականության հետ հաշտ, բայց ոչ՝ շպարված, գունազարդ: Ու պիտի այնպես լինի, որ բառն ինձ հավատա, որ պոեզիայից հետո արարի նաև կյանքի պրոզան՝ նույնչափ անկեղծ ու նույնչափ հարազատ: Ծնվում են ներշնչանքի շիկացմամբ, միանգամից, միաշունչ բանաստեղծության պես... Հետո անիմաստ է դառնում անգամ մի բառ փոխելը: 

 

– Դուք հանրակրթական դպրոցում հայոց լեզու և գրականություն եք դասավանդում երկար տարիներ։ Չգիտեմ՝ գրականության պետական ծրագրերում կա՞ դասընթաց՝ նվիրված հայ ժամանակակից պոեզիային։ Ենթադրենք՝ կա, Դուք ինչպե՞ս կկոնսպեկտավորեիք Ձեր ասելիքը։ Ուզում եմ լսել։

 

  Իմ ամենամեծ նվաճումը ուսուցիչ ապրելն է: Կարծում եմ: Ու մեծ խորհուրդ ունի, որ Բառը ճանաչող, Բառի ներսում ապրող կինը մայրենիի գաղտնիքների բանալիները տալիս է սերունդներին... Նրանք պոեզիան ընկալում են, ինչպես կա իրականում, ոչ մի գրականագետի բարձր խոսք նրանց սիրել չի տա, եթե դա զտարյուն պոեզիա չէ: Հոգու գիրը ուրիշ է, անմիջապես է ներազդում: Երբ անցնում ենք ժամանակակից պոեզիային նվիրված դասընթացը, որտեղ հրամցված են տեսուճանաչ մի քանի դեմքեր՝ իրենց կաղլիկ ստեղծագործություններով, երեխաները շատերին անտեսում են, և նրանցից յուրաքանչյուրը ներկայացնում է իր սիրած պոետի գիրը: Ես նախընտում եմ երբեք չմիջամտել բառի ընկալման նրանց ճաշակին՝ առանց իզմերի ու բարոյախոսության: 

 

– Հանգի հանդեպ վերաբերմունքն այսօր միանշանակ չէ. կա՛մ մերժում են, կա՛մ ֆետիշացնում։ Ինչպե՞ս է ծնվում հանգը Ձեր բանաստեղծության մեջ. նա բերվում է «դրսի՞ց» (առավել վատթար տարբերակն էլ կա՝ բերման է ենթարկվում  բառարանից), թե՞ այնուամենայնիվ ծնունդ է առնում ներսից։ Ձեր պարագայում դա բնակա՞ն ծնունդ է։

 

  Զգացմունքի խտությունից է կախված, թե ինչպես կարտաբերվի խոսքը՝ իբրև բանաստեղծություն: Որոշողը ներքին ռիթմն է, որ շնչառության պես պիտի ներդաշնակի ասելիքին: Ես հանգի հլու հպատակը չեմ, ոչ էլ անտեսում եմ նրան, երբ հյուր է գալիս՝ զարդարելու ու համակշռելու բառերի արքայական նիստուկացը: Ինչպես ասում են՝ ամեն ինչ իր տեղում արժևորելու փաստն է արձանագրում հանգավորումը, մանավանդ եթե գրվում է դասական չափանիշներով, ասենք՝ սոնետ, տրիոլետ, գազել... Մնացած դեպքերում՝ ծնվում է հախուռն ու առանց կապանքների: 

 

 – Ապագայում անկասկած կունենանք Ձեր նոր ժողովածուն։ Բացառված չէ՝ արդեն վերնագիր եք որոշել։ Բայց ի՜նչ հրաշալի կլիներ՝ ժողովածուն վերնագրված լիներ... Ցավը քամու թևերին։

 

  Շնորհակալ եմ, լավ հուշում է: Գուցե ունենամ այդպիսի գիրք՝ «Ցավը քամու թևերին», որովհետև իմ երգերը ցավից ծնված ծաղիկներ են ու միշտ՝ քամու թևերին... Ես ինքս էլ քարափի ծաղիկ եմ, ու քամու ռունգերում են իմ հոգու գույներն ու բույրերը:

 

Զրույցը վարեց Լևոն ՍԱՐԳՍՅԱՆԸ

Back to top