поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

Ժամանակակից հայ արձակի ինքնատիպ անուններից է Արթուր ՄԻԿՈՅԱՆԸ, որի գրական արտադրանքը գրաքննադատությունը դասում է էքզիստենցիալիզմի գրականության  շարքում՝ մի քանի այլ -իզմերի «խառնուրդով»։ Սակայն ակնհայտ է գրողական անբռնադատ միտումը՝ լինել սեփական երազների ժամանակագիրը։ 

 

–  Ֆանտասմագորիան առավելապես կինոարվեստի տերմին է, նրանով են անվանում նաև այդ արվեստի առաջին տեխնոլոգիաներից մեկը։ Ֆանտասմագորիայի  պատկերման օբյեկտ են դառնում իրականությունից կտրված ինչ-ինչ երևույթներ, տարաշխարհիկ պատկերներ, հիվանդագին ֆանտազիաներ։ Քո վերջին գիրքը («Օտար լույս») անոտացիայում բնորոշված է որպես «ֆանտասմագորիայի ինքնատիպ իրացումներով հատկորոշվող» գրականություն։ Դու միանշանա՞կ  համաձայն ես այդ բնորոշմանը։

 

 – Իհարկե վեպս հատկորոշվում է ֆանտասմագորիայի տարրերով, բայց ոչ միայն… Երբ սկսեցի գրել «Օտար լույսը», չէի հասկանում՝ ինչի մասին եմ գրելու, որն է թեման։ Միայն հասկանում էի, որ գրում եմ կյանքիս պատմությունը, որը պիտի շրջեմ դեպի ներսս՝ ներաշխարհի շիթերովս այն օծելու համար։ Ի սկզբանե (թե՛ պատմվածքներիս, թե՛ վեպիս պարագայում) գրական որևէ ուղղություն չեմ ընտրել և չեմ ընտրում։ Գրում եմ՝ ինչպես բառերը, մտքերը, պատկերները գալիս են։ Ես բառերս, մտքերս, պատկերներս դասավորում ու զարգացնում եմ ըստ նույն այդ մտքերի, բառերի, պատկերների ցանկության։ Ինչ վերաբերում է իրականին և անիրականին, դեռ հարց է, թե ինչն է մարդու համար իրականություն։ Իրականությունը լոկ ա՞յն է, ինչ մենք տեսնում, լսում, շոշափում և զգում ենք, և դրանից դուրս բոլոր իրականությունները անիրակա՞ն են։ Ես հենց այդ անիրական իրականության մետաստազներով եմ շնչավորել վեպիս մի շարք պատմություններ։ 

 

–  Քո գրական երախայրիքը՝ «Լուռ հոգիներ» պատմվածքների ժողովածուն, խմբագրել և առաջաբանը գրել է գրող, դրամատուրգ Գուրգեն Խանջյանը, և այդ փաստն ինքնին գնահատական է։  Գրական-ոճաբանական ի՞նչ ընդհանրություն կա քո և նրա գրականության միջև։ 

 

 – Գուրգեն Խանջյանն իր ավանդն ունի իմ՝ որպես գրողի կայացման գործում։ Նա հայ ժամանակակից արձակի մեծերից է, ում բարձրակարգ ստեղծագործությանը համադրված է հեղինակի անսահման բարությունը, կամեցողությունը, ընկերասիրությունը։ Նրա և իմ ստեղծագործությունների մեջ տեսնում եմ որոշակի ընդհանրություններ, բայց գլխավոր ընդհանրությունն էքզիստենցիալ թեմաների արծարծումն է մեր ստեղծագործություններում։ 

 

– Քննադատությունը երբեմնակի անդրադարձել է քո ստեղծագործությանը, բայց քո արձակի լավագույն բնորոշումը, իմ կարծիքով, տվել ես դու՝ Երազների քրոնիկոն։ Դա քո առաջին ժողովածուի առաջին պատմվածքի վերնագիրն է, որ փաստորեն նաև գրական այն նախադուռն է, որ տանում է դեպի քո տեսիլային աշխարհը՝ ամենևին ոչ նման երկրային աշխարհին։ 

 

 – Այո, երազն ինձ համար շատ կարևոր նշանակություն ունի թե՛ ոգեշնչման, թե՛ հարմարության առումով։ Ի ծնե ինձ ուղեկցող անհարմարության զգացումից լիովին կարողանում եմ ազատվել միայն երազներիս տիրույթում։ Երբ երազ եմ տեսնում, կարծես վերադառնում եմ իմ հայրենիք, որն այդպես էլ չգտա ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա։ 

 

–  Դու անցել ես պատմվածք-վիպակ-վեպ ժանրային «հասունացման»  ճանապարհը (դատում եմ ըստ քո հրատարակած գրքերի)։ Վեպը ենթադրում է բովանդակային ընդգրկման մեծ տիրույթ ու խորություն, լայն շնչառություն ու կերպարաստեղծման նորարարություններ։ «Հարազատ» աչքով ինչպե՞ս կբնորոշես «Օտար լույսը»։ 

 

– «Օտար լույսը» վեպը ծնվել է ութ ամիսների ամենօրյա երկարատև, համառ աշխատանքի արդյունքում։ Եվ գրվել է շնորհիվ հորս ամենօրյա ոգևորող խոսքերի։ Ես ցանկանում էի գրել այնպիսի վեպ, որն առանց անցագրային կետերում կանգ առնելու կանցներ մարդկանց ներսով և կանգ կառներ նրանց սրտերում։ «Օտար լույսն» իմ կյանքն է ամբողջությամբ՝ ծննդյանս օրվանից մինչև մեր օրերը, իմ մանկական պատկերացումները, մղձավանջները, հրաշքի սպասումը և այլն։ Այդ վեպը պատմությունն է բոլոր ինձ հարազատ, մոռացված, կորած այն հոգիների, որոնք ցանկանում էին, որ ես իրենց խոսքը դառնամ։ Հուսով եմ, որ դարձա։ Երբ վեպս գրում էի, հեռախոսազրույց ունեցա Գ. Խանջյանի հետ ու ասացի, որ վեպ եմ գրում, բայց չգիտեմ՝ ինչի մասին է։ Նա էլ պատասխանեց՝ եթե չգիտես, ուրեմն լավ վեպ է ստացվելու։ 

 

   «Օտար լույս» վեպի «Լուսնի վրա» գլխում մի հատված կա, որ իր ալեգորիայով կարծես քո կյանքի ու գրականության մեկնության բանալին  լինի «Ինչ-որ մեկը Լուսնի համատարած դատարկության մեջ մանկան աչքի վախի գույնով թաթախված միստիկ տեսարաններ էր նկարում․․․»։ «Մանկան աչքի վախի գույն» այս փոխաբերությունն ինքը միստիկ ինքնաբացահայտում է այդ «վախի գույնով» են տեսանված-գրառված նաև քո ստեղծագործությունները։ Ի դեպ, դա հիանալի փոխաբերություն է։ Եվ ինձ ապշեցնում է «գույն» բառի եզակին վախը մի՛ գույն ունի, հետևաբար՝ այն որոշակի է և ստույգ, ինչը կբացառվեր հոգնակիի դեպքում։

 

  – Մանկությունն այն հիմնական երակն է, որից սնվում են իմ ստեղծագործությունները։ Իմ մանուկը նկարելիս չի օգտվում բնական ներկերից, նկարչական պարագաներից, նա իր վախի գույնով նկարում է միստիկ պատկերներ, որոնք իմ վախերի մասին անհամար զվարճալի պատմություններ են պատմում։ Իմ մանկան դեպքում նկարչական պարագաներն ավելի կծանրացնեին, սարսափազդու կդարձնեին վախերը, և նկարչական նյութով ստեղծված միստիկ պատկերներն ուղղակի մահվամբ կսպառնային իմ մանկանը, որ նա չմոռանա իր վախերը և ամեն օր քնի նրանց հետ։ Վախի գույնով նկարված միստիկ պատկերներն ամեն անգամ ինձ զվարճացնում են ուշաթափվելու չափ։ 

 

–  Վեպի գլխավոր հերոս Ակիմը (դա քո անուն-ազգանվան հակառակ ընթերցմամբ հապավումն է) վիպական գործողությունների մի դրվագում հանրակացարանի սենյակներից մեկում հանդիպում է Միկային, որը նույնպես գրող է։ Նա Ակիմի (քո) յուրօրինակ շարունակությու՞նն է, այսինքն՝ «աճել» է քեզնի՞ց, ինչպես վեպում Ակիմն է աճում ինքն իրենից՝ լուսնային թույլ ձգողականության կամ ինչ-որ դեղերի ազդեցությամբ չէ՞ որ Միկան նույն Ակիմն է՝ հակառակ ընթերցմամբ։

 

  – Միկան աճել է վեպիս համար, որ ես իրեն գրող դարձնեմ։ Միկան աճել է Ակիմի համար, որ ես Ակիմի միջոցով տեսնեմ Միկային։ Եվ Ակիմն աճել է ինձ համար, որ նրա միջոցով տեսնեմ օտար լույսը։ 

 

  Վեպում կենսագրական տարրը ներկայացվում է երբեմն մանրամասների այնպիսի ճշգրտությամբ, որ թվում է՝ «Օտար լույսը» իսկապես  ինքնակենսագրական վեպ է՝ ֆանտազիաներով, ավելի ճիշտ կլինի ասել՝ ցնորքներով։ Վեպի գլխավոր հերոսի մասին «տվյալների բազայով» կարելի է նույնիսկ ճշգրտորեն որոշել հեղինակի բնակության հասցեն։ Եվ այս խիստ կենսագրականությունը՝ զուգորդված հնարավոր և անհնարին ֆանտաստիկ զարգացումներով, պատումն իսկապես դարձնում է ընթացքի առումով գրեթե անկռահելի։ Տպավորություն ունեմ, որ՝ նույնիսկ հեղինակի համար։ 


  – Անկեղծ ասած, փորձել եմ ընդամենը գրել կյանքիս պատմությունը, բայց Ակիմը կյանքիս պատմությունը գրեց իր ուզածով և պատկերացմամբ։ Հաճախ երազումս փնտրում եմ Ակիմին, որ Օտար լույսի մասին նաև ձեր տված հարցերից տամ իրեն, բայց ոչ մի կերպ չեմ գտնում նրան։ Ակիմը ձուլվել է վեպիս բառերի խորհրդավոր թմբիրում։ 


– Վեպի ամենահետաքրքիր հատվածներից են մարդկային բնույթի հոգեբանական մուտացիաները պատերազմի ժամանակ իրենց ձայներից մահու չափ վախեցող 7 տղամարդկանց  «կերպարը» տպավորիչ է նրանց «հոգու ձայներն իրենց թվում էին օտար ու գարշելի»։ Կերպարային այս ֆանտազիան հոգեբանորեն  անվիճարկելի է դառնում, երբ հիշում ենք, որ տղամարդիկ իրենց ձայներից վախենում են թշնամի զինվորների գլուխները կտրելուց հետո։ Եվ ընդհանրապես, վեպի այդ հատվածըԱկուֆա») գեղարվեստական ուղղակի արձագանք է 2016 թվականի ապրիլյան պատերազմի, կարծում եմ՝ առաջին արձագանքներից մեկը ժամանակակից գրականության մեջ։ 


– Երբ սկսվեց Ապրիլյան պատերազմը, ես գրում էի վեպս, և միանշանակ ապրիլյան դեպքերը մեծ ազդեցություն թողեցին վեպիս վրա, որի արտացոլումը, ինչպես նկատեցիք, «Ակուֆա»  անվամբ գլուխն է։ Պատերազմը չարի շնչառության ձայնն է, սպանությունը՝ մահվան աչքը։ Բայց ամեն ինչ հարաբերական է։ Օրինակ՝ այն զինվորը, ով, իր կյանքի գնով կասեցնելով հակառակորդի գրոհը, պաշտպանում է հայրենիքի սահմանները, նա մարդասպա՞ն է, թե՞, այնուամենայնիվ, տասնյակ հազարավոր անմեղ կյանքերի փրկիչ։ Ինձ թվում է՝ պատասխանն ակնհայտ է։ Հուսով եմ, որ խաղաղությունը սարերի ետևում չէ, և մեր հերոսների արյունը վերջինը կլինի խաղաղության ճանապարհին։ 


 Մի դիտարկում էլ վեպի լեզվի և ոճի մասին։ Պատումի հախուռն ֆանտազիան երբեմն կարծես «տակով է անում» ոճ ու լեզու՝ ցնորական, հախուռն ու անկապ դարձնելով շարադրանքը։ Նախադասություններում երբեմն բառերն էլ են կտրվում իրենց բառարանային սովորական իմաստներից ու լողում, թվում է՝ ցնորական մի տիրույթում։ Արդյո՞ք դա միտումնավոր է արվում։ 


– Ոչինչ միտումնավոր չի արվել, գրել եմ, ո՛չ, ես կասեի՝ վեպիս հերոսներն իրենք են գրել իրենց պատմությունը, ես ընդամենը հնազանդվել եմ վիպաշխարհիս արարածների կամքին և ավելորդ չեմ սրել իմ հարաբերությունները նրանց հետ, որովհետև գրականությունը միշտ հաղթում է մարդուն։ 


  Կարող է տարօրինակ հնչել, բայց քո ստեղծագործությունների վրա նշմարելի են Մանվել Միկոյանի բանավոր խոսքի ոճաբանության հետքեր (օրինակ՝ «․․․Հանրակացարանի սենյակում պառկած իմ՝ բազմիցս Օսկարի ներկայացրած, բայց մրցանակ չշահած երազներն էի տեսնում» միտքը նրան շատ «նման» բանաձևում է)։ Նկատենք նաև, որ վեպում քո հայրը «ներկա» է հենց Օսկար անվամբ։ Ժառանգվող ոճի ու ոճաբանությա՞ն հետ գործ ունենք։ 


– Այո, բացառված չէ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ես շատ եմ հավանում հորս պոեզիան։ 


–  Կենդանիների պաշտպանության խնդիրներով դու զբաղվում ես հետևողականորեն, ես դա գիտեմ քո ֆեյսբուքյան էջից։ Մասնավորապես նկատելի է շների հանդեպ քո սերը։ Կմեկնաբանե՞ս՝ ինչո՛վ է պայմանավորված դա։ Ինչու՞ է ինձ թվում, որ այդ հուզիչ սերն էլ մանկության ինչ-որ հեռուների կամ դեպքի արձագանք է։ 

 

 – Կենդանիները մեր կողմից լքված երեխաներ են։ Նրանց պահում են ախոռներում, բներում, ֆերմաներում։ Այնքան շատ են, որ ամեն օր նրանց մորթում, ուտում են։ Այնքան շատ են, որ տանջում, կեղեքում են։ Այնքան շատ են, որ սպանում են, բայց չեն ուտում։ Այնքան շատ են, որ ես էլ եմ մեկ-մեկ չգիտակցված ուտում։ Կենդանիների հետ կապս գալիս է մանկուց։ Բայց այդ կապն ավելի ամրապնդվեց, ակնհայտ դարձավ շնորհիվ կնոջս՝ Օլգայի, և շնորհիվ մեր տանը ապրող շան՝ Սեմի։ Առաջին անգամ, երբ պիտի ապրեի շան հետ նույն տանը, չէի պատկերացնում՝ ինչպես է դա հնարավոր։ Նույնիսկ կնոջս խնդրում էի, որ նրան հանձնի մեկ ուրիշի, բայց հիմա այնքան շատ եմ կապվել և սիրում եմ նրան, որ առանց Սեմի կյանքս չեմ պատկերացնում։ Սեմն ինձ ստիպեց սիրել իրեն, և նրա միջոցով ես հաղորդակից դարձա կենդանական այն մաքրամաքուր աշխարհին, որ մինչ այդ ինձ անծանոթ էր։ Ես սկսեցի ապրել ուղղակի կենդանիների սիրով ու ցավով։ Ես դարձա նրանց մի մասը։ Հիմա զբաղվում եմ նրանց պաշտպանությամբ՝ առանց որևէ շահի, քանզի շահից բխող բարությունը չարի դիմակավորված գաղտնաձևն է։ Օգնում եմ կենդանիներին, որովհետև ուղղակի սիրում եմ նրանց։ Նրանք իմ կյանքի անբաժանելի մասն են։ Շնորհիվ իմ հրապարակումների՝ իմ շատ ընկերների, ծանոթների շրջանում նկատում եմ կենդանիների նկատմամբ վերաբերմունքի դրական փոփոխություն, դա ինձ ուրախացնում է։ Ուրախացնում է նաև, որ վերջապես շների սպանդը կասեցվեց օրենքով, և կընդունվի կենդանիների պաշտպանության մասին օրենք։
Ինձ հաճախ հարցնում են՝ հավատո՞ւմ եմ Աստծուն, ես պատասխանում եմ. «Կան շատ մարդիկ, ովքեր հավատում են Աստծո, Քրիստոսի, վերերկրային ուժերի գոյությանը, բայց աչքի են ընկնում իրենց դաժանությամբ, չարությամբ։ Ես հավատում եմ բնությանը։ Ես հավատում եմ, որ բնությունն ի վերջո կհաղթի մարդուն, և մարդը անսահման երջանիկ կլինի իր այդ պարտությամբ»։ 


 Էքզյուպերիի հայտնի խոսքը՝ մենք բոլորս գալիս ենք մանկությունից, քո պարագայում փոքր-ինչ կձևափոխեի դու անընդհատ՝ յուրաքանչյուր ստեղծագործությամբ, վերադառնում ես մանկություն Մյուս «վերադարձիդ» ե՞րբ սպասի ընթերցողը։

 

  –  Ամեն կենդանի 2-3 տարեկան մանուկ է։ Այդ մանուկների հետ ես ամեն օր շփվում եմ, սիրում եմ նրանց։ Նրանց հետ ես ամեն օր փոքրանում եմ, և հետևաբար մանկությունս է վերադառնում ներկա, ոչ թե ես։ Ես մանկությանս ու ներկայի միջակայքում ամեն օր հանդիպում եմ իրականությանը։ Իրականությունն ամեն վայրկյան առերեսվում է ինձ հետ։ Եվ դա է երևի պատճառը, որ հաճախ ամառային տապ գիշերներին, երբ քնած եմ լինում իրականության սառը հայացքի ներքո, ինձ թվում է, որ սաստիկ ցուրտ է, ու ես տաք-տաք ծածկվում եմ՝ առավոտյան զարթնելով հաստ վերմակների տակ, ամբողջովին քրտինքով շաղախված։

 

Զրույցը վարեց Լևոն ՍԱՐԳՍՅԱՆԸ

Back to top