поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

Գրող Արա ՍԻՄՈՆՅԱՆԸ տարագրության մեջ ապրում է ավելի քան 20 տարի: Հայրենիք է վերադարձել կարճ ժամանակով՝ երկար փայփայած երկու երազանք իրականացնելու. հատընտիր ժողովածու է տպագրում, հույս ունի նաև առանձին գրքով տպագրել իսպանական պոեզիայից իր թարգմանությունները: 

 

– Տարիներ առաջ մի հարցազրույց էիր արել… Հովհաննես Թումանյանի հետ: (Կարդացել եմ «Երկունք» թերթի համարներից մեկում)։ Ինչպես սպասելի էր, Մեծ լոռեցին պատասխանները շատ ավելի վաղ էր տվել, քան կհնչեին քո հարցերը։ Հիմա՝ շուրջ երկու տասնամյակ անց, է՞լ ինչ հարց կտայիր Բանաստեղծին։ 

 

 Բնականաբար նոր հարցեր կտայի, անգամ հին հարցերս այլ կերպ կձևակերպեի, քանզի մեր «հմուտ, հանճարեղ Լոռեցին» մարդկությանը վերաբերող հարցերի պատասխաններ ունի բոլոր ժամանակների համար, նույնիսկ… մեր թավշյա հեղափոխությանը վերաբերող (օրինակ՝ ի՞նչ պետք է անեն ազգի երևելիները անցումային շրջանում)։

 

  Քո առաջին ժողովածուն լույս է տեսել ավելի քան քառորդ դար առաջ։ Հետո քար լռություն է Արա Սիմոնյանի պոետական «արվեստանոցում»։ Ինչու՞։ Բանաստեղծությունը հրաժարվու՞մ էր գ ր վ ե լ։

 

  Բանաստեղծությունից ես ինքս էի հրաժարվել, և դրա համար լուրջ պատճառներ կային։ Նախ՝ 1988-ի երկրաշարժը։ Այն իր աղետալի արձագանքը թողեց բոլոր ականատեսներիս ու վերապրածներիս հոգիներում, չնայած իմ ընտանիքը մարդկային ու նյութական կորուստ չի կրել։ Ես այդ ժամանակ աշխատում էի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեում և նշանակվեցի աղետի հետևանքների վերացման հարցերով հանձնաժողովի ղեկավարի օգնական։ Այն, ինչին ականատես եղա օրեր շարունակ (դիակներ, մարդկային անպատմելի ողբերգություն, ավերածություններ…), շատ ծանր հոգեբանական ազդեցություն և հոգեկան սոսկալի հետևանքներ ունեցան ինձ համար. գրականությունը մղվեց երկրորդ պլան, բանաստեղծությունից հեռացա։ Ինձ մինչև հիմա էլ թվում է, թե միայն այդ կերպ կարող էի ապահովել նրա «անվտանգությունը» իմ մեջ։ Շուտով ավելացան նաև ընտանեկան ծանր խնդիրներ… Եկավ նաև ժամանակ, երբ գործազուրկ դարձանք ես ու կինս, ընտանիքս իր հոգսը հոգացող չուներ։ Իմ հանապազօրյա կռիվը՝ արևի տակ տեղ գտնելու, արդարության հասնելու համար, նմանվեցին դոնկիխոտության, և ծանր որոշում կայացվեց. վաճառեցի տունս ու մեկնեցի… Դոն Կիխոտի հայրենիք։  Ինձ ետ չկանգնեցրեց նաև այն հանգամանքը, որ իսպաներեն ոչ մի բառ չգիտեի: Այդ ամենին գումարվեցին նոր հոգսեր՝ լեզու սովորել, աշխատանք գտնել… Ես  բոհեմից կտրված մոլոր մեկն էի, երամից հեռացած թռչուն՝ կոտրված թևերով… Չգիտեմ՝ կարողացա՞ «արդարանալ» գոնե Բանաստեղծության առաջ, որ, իսկապես, երկար տարիներ չ է ր   գ ր վ ու մ։

 

  Բոլոր դեպքերում բանաստեղծությունը հազիվ թե ների քեզ, որովհետև նույն այդ ծանր տարիներին բազում ուրիշներ գրում էին, ի դեպ, նույնպես գտնվելով ոչ այնքան բարվոք հոգեբանական ու սոցիալական վիճակներում… Բայց վերադառնանք առաջին ժողովածուիդ։ Դու բանաստեղծությունների գիրք ես հրատարակել իսպաներեն լեզվով։ Դրանք, կարծում եմ, առաջին գրքի գործերը չեն, կամ՝ մեծամասամբ չեն։ Հետաքրքիր է՝ ո՞վ կամ ովքե՞ր են թարգմանիչները։

 

  Հիմնականում առաջին գրքից են։ Պատճառն այն էր, որ հրատարակիչների մոտ անվստահություն կար իսպաներեն տպագրվելիք իմ բանաստեղծությունների հեղինակային պատկանելության շուրջ, իսկ բնագրով արդեն տպագրված գիրքը անհերքելի վկայություն էր այն բանի, որ բանաստեղծությունների հեղինակը ես եմ, ինչը հաստատվեց նաև համապատասխան գրաքննությամբ։ (Միջանկյալ ասեմ, որ այն օրերին, երբ տպագրվելու էր իմ իսպաներեն ժողովածուն, մեծ սկանդալ էր բռնկվել մի ռուս թե ուկրաինացի բանաստեղծի շուրջ, որն իրենց դասականների գործերը ներկայացրել էր իր անվամբ, հրատարակել իսպաներեն, բայց գրագողության փաստը շուտով բացահայտվել էր)։ Իմ գիրքը, ուրեմն, վերադարձավ դրական գրախոսությամբ։

 

  Ովքե՞ր են թարգմանիչները։

 

  Տողացի թարգմանություններն արել են դուստրերս, գեղարվեստական թարգմանությունը՝ բանաստեղծուհի Անա Կաստիլլոն (Ana Castillo) և գրականության տեսաբան Մանուել Դոմինգես Մերինոն (Manuel Dominges Merino): Գրքի ձևավորումը կատարել էր վաղամեռիկ Վիլեն Գաբուզյանը, շապիկի նկարը՝ Գեորգի Թովմասյանը։ Ի դեպ, դա առաջին հայ հեղինակի գիրքն է, որ երբևէ հրատարակվել է Իսպանիայում (2003 թ.)

 

  Մի առիթով հարցրի, թե ինչ խորությամբ ես տիրապետում իսպաներենին։ Պատասխանդ զարմացրեց. «5 միավորանոց համակարգով՝ 4,5»։ Նույն համակարգով՝ 4,5-ի գրագետ հայը նույնիսկ իր մայրենի լեզվին չի տիրապետում։ 

 

– Մի քիչ չափազանցրել եմ. 4,5-ը վերաբերում է խոսակցականին, իսկ գրավորին՝ 3-3,5։

 

  Այդ զրույցում ասացիր նաև, որ իսպաներենը չափազանց հարուստ է հոմանիշներով։ Կարո՞ղ ես մի բառի օրինակով ցույց տալ իսպաներենի հոմանիշային հարստությունը։

 

  Իսպաներենում շատ կարևոր են հոմանիշներն ու բառային-շեշտային արտահայտությունները։ Եթե բառի մեջ շեշտը ճիշտ չդնես, կամ չեն հասկանա, կամ որպես այլ բառ կընկալեն։ «Գեղեցիկ» ածականը, օրինակ, իսպաներենում ունի 8-10 հոմանիշ, պետք ճկուն կերպով տիրապետես լեզվին, որպեսզի կարողանաս տեղին գործածել, ինչը շատ կարևոր է, այլապես բառը կընկալվի իբրև անհեթեթություն կամ անգրագիտություն։

 

  Ի դեպ, «գեղեցիկ» բառը հայերենում, ըստ «Հայոց լեզվի հոմանիշների բառարանի», ունի ոչ ավելի, ոչ պակաս՝ 80 հոմանիշ։ Բայց վերադառնանք իսպաներենին։ Ցանկացած բանաստեղծ կերազեր տիրապետել որևէ այլ լեզվի այն խորությամբ, ինչ դու՝ իսպաներենին, ինչպես ինքդ ես հավաստում։ Եվ ցանկացած բանաստեղծ հազիվ թե դիմանար գայթակղությանը՝ թարգմանություններ կատարելու այդ լեզվից։ Երբևէ թարգմանե՞լ ես իսպաներենից, դրանք չափածո՞, թե՞ արձակ գործեր են եղել։ 

 

– Արձակ երբևէ չեմ թարգմանել, իսկ պոեզիա՝ Գարսիա Լորկա, Միգել Էռնանդես: 

 

Մեկ-երկու հայտնի անուններից բացի (հատկապես Գարսիա Լորկա)՝ հայ ընթերցողը իսպանական պոեզիային գրեթե ծանոթ չէ։ Միգել Էռնանդեսի պոեզիան, մասնավորապես,  որ Իսպանիայում սիրված է ոչ պակաս, որքան Գարսիա Լորկայինը, մեզ անծանոթ է. եղել են սոսկ հատուկենտ, պատահական թարգմանություններ։ Դու այդ բանաստեղծից կատարել ես բավական թվով թարգմանություններ, բայց  դրանք առայսօր հրապարակված չեն։ Ինչու՞։

 

  Այո, Մ. Էռնանդեսը Իսպանիայում սիրված է Լորկայից ոչ պակաս, այդ սիրո վկայություն է նաև այն, որ նրա բազմաթիվ բանաստեղծություններ վերածվել են երգերի. սա մեծ գնահատական է յուրաքանչյուր բանաստեղծի համար։

 

  Երբ փորձում էի համացանցից տեղեկանալ, թե հայ ընթերցողը ինչ չափով է ծանոթ Միգել Էռնանդեսի ստեղծագործությանը, ընդամենը երկու բանաստեղծություն գտնվեց հայերեն թարգմանությամբ, որից մեկի («Նա եկավ երեք վերքերով», թարգմանիչ` Մերի Երանոսյան) բնագիրն ուղարկեցի ֆեյսբուքի իմ ընկերներից մեկին, որն իսպաներենից թարգմանություններ է անում, և խնդրեցի թարգմանել՝ չնշելով ո՛չ հեղինակի անունը, ո՛չ էլ այն հանգամանքը, որ բանաստեղծությունն արդեն հայերեն կա: Ի պատասխան՝ նա գրեց, որ դա… իսպանացի հայտնի երգիչ Ժոան Մանուել Սերրատի  երգացանկի երգերից է: Ահա թե ի՛նչ աստիճանի է հասել Էռնանդեսի ժողովրդականությունը:

 

 – Այո, այդպես է: Իսկ ինչ վերաբերում է իմ թարգմանություններին, ես դրանք հրատարակելու հնարավորություն չունեմ, բայց նաև չեմ կարողանում գտնել հովանավորներ, որոնք գլուխ կբերեին գոնե մի ժողովածուի հրատարակությունը։ Ցավոք։

 

  Երկար բացակայությունից հետո հայրենիք ես վերադարձել ստեղծագործական նպատակներով՝ նոր ժողովածու ես հրատարակում։ Ի՞նչ գիրք է դա։ 

 

 –  «Վան Արյան» հրատարակչությունը նախաձեռնել է հատընտիրի նման մի գիրք հրատարակել, ամեն ինչ վստահել եմ հենց իրեն՝ Վան Արյանին, տեսնենք՝ ինչ կստացվի:

  Հավանաբար տեղյակ ես, որ Ռուբեն Հովսեփյանի թարգմանությունից հետո Մարկեսի «Հարյուր տարվա մենություն» վեպը վերջերս թարգմանվել է նաև բնագրից, թարգմանիչը Կառա Չոբանյանն է։ Կզարմանամ, եթե ասես, որ այդ թարգմանությանը ծանոթ չես. կզարմանամ, որովհետև տիրապետելով իսպաներենին և Մարկեսի այդ գործին ծանոթ լինելով (ամենայն հավանականությամբ) բնագրով՝ դու հազիվ թե չհետաքրքրվեիր նոր՝ բնագրից թարգմանության որակով ու հարազատությամբ։

 

 – Մարկես կարդացել եմ ռուսերեն, հայերեն, հետո՝ նաև իսպաներեն: Հայերենը, բնականաբար, Ռուբեն Հովսեփյանի թարգմանությունն էր: Կառա Չոբանյանի թարգմանությանը, ցավոք, ծանոթ չեմ: Մեծ սիրով կկարդամ:

 

  Որքան կարող եմ դատել առաջին ժողովածուից, դու ստեղծագործում ես դասական տաղաչափությամբ և ազատ ոճով՝ վերլիբրով: Մեղավորիս կարծիքն այն է, որ դասական տաղաչափությունը քեզ համար ինքնարտահայտման լավագույն եղանակը չէ. դու, համեմատաբար, հաջողում ես վերլիբրում: «Հուսո կանթեղ» ժողովածուիդ թերևս լավագույն գործը վերջին՝ «Երգ» բանաստեղծությունն է՝ վերլիբրով: Այդ բանաստեղծությունը նաև փիլիսոփայական խորքով է առանձնանում, մասնավորապես ճշմարտության քո ընկալումով: Ուզում եմ հուսալ, որ նոր գրքում այդպիսի խորքով ու պոետական լիցքով էլի բանաստեղծություններ կլինեն: 

 

– Այո, ստեղծագործում եմ վերլիբրով, գրել եմ նաև բազմաթիվ հոքուներ, թանկաներ, որոնց համար, ի դեպ, և՛ դրվատվել եմ, և՛ քննադատվել: Բայց ոճս չեմ փոխել, շարունակում եմ մնալ ինձ հարազատ տաղաչափության մեջ: Գրում եմ նաև արձակ, դրամատիկական գործեր: («Նոր Դար» հանդեսում տարիներ առաջ տպագրվեց իմ «Հայի կոշիկներ» վիպակը: Թեման վերցված է տարագիրների կյանքից):

 

  Արա Սիմոնյանը «ներդրում» ունի գ ր ա կ ա ն բ ա ն ա հ յ ու ս ու թ յ ա ն մեջ (այսպես՝ իմաստաբանորեն իրար հակասող երկու բառով անվանենք այդ  «ժանրը»). հայտնի են քո հումորային պատմությունները արվեստագետ ընկերներիդ մասին։ Դրանք այսօր էլ պատմվում  են։ Վերջին շաբաթներին, երբ հայրենիքում ես, նոր «նմուշներ» չե՞ն ծնվել։

 

  Ինձ համար հաճելի, միևնույն ժամանակ «ցավոտ» կողմիս կպար։ Ես բանավոր շատ հումորային պատմություններ եմ հորինել, որոնց «հերոսներն» իմ մտերիմ ընկերներն են եղել՝ արվեստի տարբեր բնագավառներից։ Այդ պատմությունները մտացածին բաներ են, իհարկե, դրանցից ոչ մեկն իրականում չի եղել: Բացառապես բարեհոգի, ընկերական կատակներ են, որոնցից իմ «հերոսները» չէին նեղանում՝ ուրախանում էին: Ինձնից նեղանում էին միայն հերոսներիս ընտանիքի անդամները՝ «ի պատասխան» իմ հումորի ամենուր հայտարարելով, թե նման բան չի եղել, մինչդեռ «հերոսներս» իսկապես ուրախանում էին, նույնիսկ երբեմն «հավատում», որ «եղել» է: Իմ պատմությունների հերոսներից էին շատ սիրելիներ՝ լուսահոգի Հրաչյա Սարուխանը, Արմեն Մարտիրոսյանը, Գեորգի Թովմասյանը, Արծրուն Սարգսյանը, էլի մի քանիսը: Այդ պատմություններից շատերը հիմա ինքս էլ չեմ հիշում, հո գրի չէի առնի: Ինչ մնում է նոր «նմուշներին», դրանք իհարկե կան: Երբ մի բաժակ սուրճի սեղանի  մոտ հանդիպենք, անպայման կպատմեմ:

 

Զրույցը վարեց Լևոն ՍԱՐԳՍՅԱՆԸ

Back to top