поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

Ստեղծագործական թռիչքի ուղղությունը հընթացս փոխած արվեստագետներից է շնորհաշատ քանդակագործ Գեղամ ԲԵԳՋԱՆՅԱՆԸ, որի քանդակներում, սակայն, գույները չեն խամրել, և քանդակագործի հատիչը նրա ձեռքում գեղանկարչի վրձնի թեթևություն ունի…

 

– Ստեղծագործական ճանապարհի սկզբում նկարչություն եք արել, հետո անցել քանդակագործության։ Կարծում եմ՝ այդպես պատահել է շատ ուրիշ և նշանավոր քանդակագործների հետ ևս։ Բայց ինձ հետաքրքրում է անցման այդ վիճակը. Դուք ափսոսանք ու կիսատ մնացած երազներ չե՞ք թողել ետևում, ինչու՞ է քանդակագործի հատիչն առավել գրավիչ, նախընտրելի դարձել նկարչի վրձնից։

 

 Ի սկզբանե ուզում էի քանդակագործություն սովորել, բայց դրա հնարավորությունը Վանաձորում չկար, ցավոք, հիմա էլ չկա, այդ իսկ պատճառով ընդունվեցի Վանաձորի պետական համալսարանի արվեստի բաժին, որտեղ նկարչություն էի ուսանում։ Ասեմ, որ վատ չէի նկարում, մասնակցեցի նույնիսկ ցուցահանդեսի, ու թեև մասնակիցները 3-ն էին, դա նույնպես համարվում է անհատական ցուցահանդես։ Դիպլոմային աշխատանքս էլ այն ժամանակ պրոռեկտորի աշխատասենյակում էին կախել, ինքս չեմ տեսել՝այդպես են ասել, հիմա չգիտեմ` ինչ ճակատագրի է արժանացել: Իսպանական պարի մոտիվներով արված մեծակտավ գործ էր… Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում նորից կերպարվեստի ֆակուլտետի գեղանկարչության և գծանկարի բաժին ընդունվեցի, դասախոսներս էլի գոհ էին։ Հետո, երբ ուզում էի բաժինը փոխել, չէին համաձայնում, բայց ես հաստատ որոշել էի, որ, այնուամենայնիվ, քանդակագործության բաժնում եմ սովորելու։ Այդպես էլ եղավ։ Իմ որոշման վրա ազդեց նաև քանդակագործ Գերասիմ Թումանյանը՝ Գասոն, որի հետ շատ եմ կապված եղել, իմ վարպետն է եղել Գասոն, իմ առաջին քայլերը նրա մոտ են սկսվել… Այդպես ընդունվեցի գեղարվեստի ակադեմիայի քանդակագործության բաժին։ Շատ արագ հասա հաջողությունների։ Քանդակագործությունը կարծես սպասել էր ինձ, իսկ ես, թող անհամեստ չհնչի, օր օրի էի թռչում դեպի նա՝ աճում։ Այն կուրսում, որտեղ սովորում էի, բոլոր ուսանողները քանդակագործության մեջ այսպես կոչված հնաբնակներ էին, մեծ մասը Փանոս Թերլեմեզյանի անվան պետական քոլեջից էր եկել, և այդ պրոֆեսիոնալ միջավայրն ինձ ավելի օգնեց՝ կայանալու արագ. արդեն ամիսներ անց «հասա» ընկերներիս… Իսկ  նկարիչը իմ մեջ շարունակում է ապրել, մեկ-մեկ նաև նեղում է, որ իրեն… մոռացել եմ։ Իրականում՝ էս վերջին տարիներին նկարչությունն ինձ համար հեքիաթ է, քանդակագործությունը՝ փիլիսոփայություն։ Ուղղակի ես նախընտրել եմ փիլիսոփայության «ժանրը»… 

 

 Եվս մի հարց՝ նույն թեմայով։ Նկարչությունից քանդակագործության անցած արվեստագետը գույներ չի՞ կորցնում իր մեջ, ինչո՞վ է քանդակը փոխհատուցում չնկարված կտավի գույները։

 

 Այդ հարցին մասամբ կարծես պատասխանեցի… Գույներ չեմ կորցրել, դրանք միշտ ինձ հետ են, իմ մեջ և, ասեմ, օգնում են՝ քանդակի մեջ փոխարինվելով ֆորմայի։ Իսկ գեղանկարը փոխարինվում է քանդակի. ինչ ուզում էի նկարել, այդ թեման դարձնում եմ քանդակի թեմա և քանդակում եմ։ Նկարչության բացը, որ բացակայություն չէ, լրացնում եմ քանդակի միջոցով՝ համոզված, որ էլի կգա շրջան, երբ նորից կնկարեմ։ Ես էդ էջը չեմ փակել…

 

 Անցած տարի «Ինտերկապ» բարեգործական հիմնադրամի հայտարարած մրցույթում (Վանաձոր քաղաքում տեղադրվելիք՝ Զորավար Անդրանիկի արձանի լավագույն էսքիզի համար) հաղթող էր ճանաչվել Ձեր աշխատանքը։ Դուք, որքան գիտեմ, մտադիր էիք ամիսների ընթացքում գործն ավարտել։ Ի՞նչ փուլում են աշխատանքները։

 

 Այո, ասել եմ հեռուստատեսությամբ, ուղիղ եթերի ժամանակ և իմ խոսքի տերն եմ եղել։ Մոտ 6 ամսում ավարտեցի՝ այս տարվա ապրիլի կեսերին, հիմա Գյումրիում ձուլման փուլում է։ Տեխնիկական որոշ խնդիրների պատճառով ձգձգվում է, բայց, հուսով եմ, ամեն ինչ բարեհաջող կավարտվի։

 

 Զորավարի արձանը Ձեր առաջին մոնումենտալ աշխատանքն է։ Ի՞նչ գաղափար է փոխանցում այն սերունդներին, ո՞րն է նրա հիմնական ասելիքը։

 

 Ինչպես իմ բոլոր քանդակները, այնպես էլ Զորավար Անդրանիկի արձանն ունի իր գաղափարական կոչը և խորհուրդը: Պատյանից կիսով չափ հանված թուրը խորհրդանշում է կիսատ մնացած մեր ազգային կռիվը, ազգային երազանքը՝ Մեծ Հայրենիք ունենալու։ Կիսով չափ  հանված թուրը նաև մարտահրավեր է դարավոր մեր ոսոխին՝ ազգային իղձերի համար պայքարելու մեր պատրաստակամության մասին։ Գաղափարն իմն է և «Իտերկապ» բարեգործական ընկերության տնօրեն Նորայր Զուլոյանինը։ Քանդակը հուշում է նաև, որ Զորավարը հանգիստ կլինի միայն այն ժամանակ, երբ իր կիսատ մնացած գործը սերունդները կավարտեն և կհասնեն Կիլիկիա, Միջերկրական ծով… Ի դեպ, իմ նախնիների մի կողմը սերվում է հենց այդտեղից՝ հաղթական Մուսալեռից…

 

 Զորավարի արձանը Ձեր առաջի՞ն գործն է, որ տեղադրվելու է քաղաքում։

 

 Այո, առաջինն է, տարիքս նկատի ունենալով, կարծում եմ, չեմ ուշացել…)))

 

 Քանդակներն ընդհանրապես «կեցության» առումով շատ յուրօրինակ արվեստի գործեր են․ մեծածավալ գործերի «կեցավայրը» բացօթյա տարածությունն է, փոքրածավալներինը՝ սրահները, արվեստանոցները կամ բնակարանները։ Մարդկանց հետ «երկխոսելու» առումով որո՞նց բախտն է բերում։

 

 Քանդակ հասկանալը մի քիչ բարդ է, գեղանկարչությունը քիչ թե շատ հասկանում են, եթե չեն էլ հասկանում, գույներով են բավարարվում… Մեծածավալ քանդակի համար եթե համապատասխան ճարտարապետական միջավայր կա, նա անպայման կերկխոսի մարդկանց հետ. մի պայման կա՝ նա պետք է գրագետ լինի, որ կարողանա «խոսել»։

 

 Տեղադրված քանդակը կամ արձանը միայն մեկ արվեստի արտահայտություն չէ․ այն ենթադրում է նաև ճարտարապետական լուծումներ ու միջավայր։ Ո՞վ է Զորավար Անդրանիկի արձանի ճարտարապետը։

 

 Այո, միջավայրը շատ կարևոր է։ Այդ առումով Վանաձորում շատ տխուր վիճակ է։ Զորավար Անդրանիկի արձանի ճարտարապետը Սուրեն Աբովյանն է, ումից, ի դեպ, շատ գոհ եմ. միասին փորձում ենք նոր շունչ տալ քաղաքին, տեսնենք՝ ինչպես կստացվի։

 

 Որտե՞ղ է տեղադրվելու արձանը։

 

 Տեղադրվելու է իր իսկ՝ Զորավարի անունը կրող փողոցի սկզբնամասում։ Բարձրությունը պատվանդանի հետ միասին կազմելու է 7 մետր։

 

 Վանաձորի պետական համալսարանի մասնաշենքերից մեկի՝ Տիգրան Մեծի պողոտային հարող մի անկյունում, Սայաթ-Նովայի հսկայական պաննոյի «բարձր հովանու ներքո» «հանգրվանել» է դերասան Մհեր Մկրտչյանի քանդակը։ Ես չեմ խոսի արձանի գեղարվեստական արժանիքների մասին, բայց չեմ կարող չտարակուսել ճարտարապետական այն անբարեհարմար միջավայրի առիթով, որտեղ անշուք ու ճնշված «գոյատևում» է քանդակը։ Եվ կարևոր չէ՝ ով է հեղինակը։ Կարևոր չէ նաև, որ քանդակը տեղադրված է պողոտայի հետ խաչմերուկվող՝ Մ. Մկրտչյանի անունը կրող փոքր մի փողոցի վրա։ Դուք, անշուշտ, տեսել եք այդ քանդակը։

 

 Բնականաբար, տեսել եմ։ Ես էլ չեմ խոսի քանդակի որակի մասին… Քանդակը թեև քաղաքի մարդաշատ հատվածում է, այնուամենայնիվ չի նկատվում, և դա նաև սխալ ճարտարապետական լուծման հետևանք է։ Ինչ վերադարձել եմ Երևանից, էդ եմ ասում՝ մեր քաղաքը շատ է ետ մնացել քանդակագործական արժեքավոր աշխատանքներով հագեցված լինելու առումով. մեզ նորություններ են պետք՝ հետաքրքիր լուծումներով, նոր շնչով, նոր բովանդակությամբ։ 

 

 Մոնումենտալ էլ ի՞նչ աշխատանք կկամենայիք կատարած լինել Վանաձորի համար։ Ի դեպ, Դուք Վանաձորը քանդակներով հագեցվածության առումով ճաշակավոր քաղաք համարու՞մ եք։

 

 Գիտեք, մեզ համար ամոթ է, որ առայսօր չունենք, օրինակ, Կոմիտասի, Շառլ Ազնավուրի, ուրիշ հայ մեծերի արձանները։ Բայց աններելին այն է, որ չունենք նույնիսկ  Մեծ լոռեցու արձանը․․․ Շատ վատ է, որ Վանաձորը գրեթե չունի պարկային (զբոսայգային) քանդակի մշակույթ։ Ես Վանաձորն այդ առումով դասում եմ ամենադժգույն քաղաքների շարքը՝ շատ տխուր դիմագծով։ Քաղաքը չի փայլում նաև ճարտարապետությամբ, մինչդեռ այդ երկուսն են հենց ձևավորում յուրաքանչյուր քաղաքի դիմագիծը։ Քաղաք այցելած զբոսաշրջիկին ոչ մի այլ բանով դու չես կարող զարմացնել ու հիացնել՝ բացի քանդակագործական կոթողներից, ճարտարապետական հուշարձաններից, պատկերասրահներից։ Եվ եթե խոսում են Վանաձորը զբոսաշրջային կենտրոն դարձնելու մասին, ապա պիտի նկատի ունենան, որ անպայման փոխել է պետք քաղաքի դիմագիծը՝ հատկապես արվեստի այս երկու տեսակների ներդաշնակ զարգացման ճանապարհով։ Կարծում եմ, պատկան մարմինները պետք է լրջորեն քննարկեն այս հարցը. ափսոս է մեր քաղաքը… Քանդակներով հագեցվածության առումով էլ, բնականաբար, շատ անելիք կա, եղածներից շատերը, մեղմ ասած, չեն հիացնում, քանակով նույնպես չափազանց քիչ են. քաղաքը մերկ է…

  

Ձեզ սերնդակից էլի մի քանդակագործ Գեղամ կա՝ Աբրահամյան։ Ինչպե՞ս եք գնահատում նրա քանդակագործական աշխատանքները։ Գեղամների միջև գեղարվեստական-ստեղծագործական մրցակցություն չկա՞։

 

 Գեղամին լավ եմ ճանաչում, ինքն էլ՝ ինձ. ես նոր էի ընդունվել ակադեմիայի քանդակի բաժին, նա արդեն ավարտում էր մագիստրատուրան։ Մրցակցություն՝ որպես այդպիսին, մեր միջև չկա, բայց յուրաքանչյուր արվեստագետ, եթե իրենից արժեք է ներկայացնում, արդեն իսկ հետաքրքրում է քեզ, և դու բնականաբար հետևում ես նրա ստեղծագործական քայլերին։

 

 Օրերս իր մահկանացուն կնքեց քանդակագործ Գերասիմ Թումանյանը՝ Գասոն, ումից, ինչպես ասացիք, քանդակագործության առաջին դասերն եք առել, առաջին քայլերը կատարել։ Ի՞նչ ստեղծագործական ժառանգություն թողեց նա, մասնավորապես՝ Վանաձորին, ինչպե՞ս եք բնութագրում նրան իբրև արվեստագետի։

 

 Գասոն մոնումենտալ քանդակագործություն էր սիրում, մեծ ֆորմաներ․ մանր ձևերի հակված չէր։ Մտքով ու գաղափարներով շատ առաջադեմ էր՝ իր հասակակից արվեստագետների համեմատությամբ։ Կիրթ, մտավորական մարդ էր, շատ ուժեղ կոմպոզիցիա էր զգում, ուներ ուժեղ գիծ…Վանաձորին նրա ժառանգած գործերից են՝ Սիրահար զույգի քանդակը «Լուսնաձև» կոչվող բարձրահարկի դիմաց՝ Տիգրան Մեծի պողոտայի վրա, Աղջկա քանդակը՝ Շախմատի այգում, Բռնադատվածների քանդակը՝ Երկաթուղայինների այգում, երկու քանդակ էլ կա տիկնիկային թատրոնի հարակից պուրակում՝ Ընտանիք և Լոռեցի Սաքոն քանդակ-կոմպոզիցիան (քարագործ վարպետ՝ Գոնո): Այս պուրակը, ի դեպ, Վանաձորի եզակի քանդակաշատ տարածքն է։

 

 Հայկական քանդակագործական արվեստը բավականին հայտնի է, հայտնի են նաև բազում տաղանդավոր անուններ։ Նրանցից ո՞վ է Ձեզ ավելի հոգեհարազատ։ Ու՞մ ձեռքն եք զգում Ձեր ստեղծագործությունների վրա՝ իբրև «վարպետի» օրհնություն։

 

 Այո, մեր քանդակագործությունը, ինչպես որ նկարչությունը, համաշխարհային նշանակության շատ արժեքներ են ստեղծել։ Հակոբ Գյուրջյանը, Երվանդ Քոչարը, Նիկողայոս Նիկողոսյանը, Արտաշես Հովսեփյանը համաշխարհային մեծության քանդակագործներ են, որոնց շատ եմ սիրում։ Բայց առանձնահատուկ է իմ սերը Հ․ Գյուրջյանի արվեստի հանդեպ։

 – Քանդակագործության մեջ կա մի ուղղություն, որ ծագմամբ ու կիրառմամբ զուտ քրիստոնեական է, ավելի ստույգ՝ մաքուր հայկական՝ խաչքարագործությունը։ Դուք որքանո՞վ եք Ձեզ այդ ուղղության ժառանգորդ համարում կամ, ընդհանրապես, համարու՞մ եք։ 

 

 Հայկական քանդակագործությունը իսկապես անզուգական կոթողներ է նվիրել մարդկությանը։ Անկրկնելի և բացառիկ են, օրինակ, Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու քանդակները (10-րդ դարի սկիզբ), նույնպիսիք՝ նաև խաչքարերը, որոնք բացառապես հայկական մշակույթի արտահայտություններ են։ Խաչքարեր քանդակել եմ, մեզ մոտ էլ կա տեղադրված, նաև՝ Մոսկվայում (նվիրված է ՌԴ հայտնի թատերական գործիչ Գենադի Դադամյանի հիշատակին), իսկ ինձ, բնականաբար, համարում եմ խաչքարագործության արվեստի ժառանգորդն ու կրողը։

 

  Ձեր խաչքարերից տպավորիչ է «Աղոթքը»։ Բայց նաև բարդ է այդ աշխատանքի ողջ խորհրդաբանությունը հասկանալը։ Հետաքրքիր կլիներ մեկնաբանություններ ստանալ հենց «առաջին»՝ արարող ձեռքից։

 

 «Աղոթքը» պատկերում է վիրավոր կարապ՝ մահվան սեմին։ Թռչունը խորհրդանշում է մարդկային կերպար, ընդ որում՝ կանացի կերպար. ինձ համար կարապն ասոցացվում է կնոջ հետ… Մի թևը՝ ծալած, արդեն մահվան պատրաստ, իսկ մյուսով կարծես չի ուզում հանձնվել, խաչը գրկած՝ ապավինում է Սուրբ խաչին, Աստծուց աղերսում փրկություն… Իսկ խաչի վերևում աղավնի է, որն ասոցացվում է Սուրբ հոգու հետ. ինչպես գիտենք, Հիսուսի մկրտության ժամանակ Սուրբ հոգին աղավնակերպ իջավ նրա ուսին։ Աղավնու կտցին ծաղիկներ կան, որով զարդարված է խաչը… «Աղոթքը» վերածնության հույսի ու հավատի քարե աղերս է։

 

Զրույցը վարեց Լևոն ՍԱՐԳՍՅԱՆԸ

Հ.Գ. Իր դիպլոմային աշխատանքի (գեղանկարի) և նրա ճակատագրի մասին Գեղամը խոսում էր որոշ թեականությամբ: Որպես շնորհալի զրուցակցիս մատուցվող անակնկալ՝ այստեղ դնում եմ այդ նկարի լուսանկարային պատճենը: Կտավը տարիներ ի վեր (շուրջ 10 տարի) կախված է Վանաձորի պետական համալսարանի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր (այժմ՝ ռեկտորի պաշտոնակատար) Սուսաննա Թումանյանի աշխատասենյակում:

Լ. Ս.

Back to top