поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

Երգչուհի Մոնիկա ՆԱԶԱՐՅԱՆԸ ժողովրդի կողմից սիրվեց հրապարակային առաջին ելույթներից սկսած։ Ժողովուրդը ոչ միայն սիրեց, այլև, ինչպես մի շարք այլ արժանավորների,  անվարան նրան վստահեց ժողովրդական և աշուղական երգի ապագան ու «պահպանությունը»․ այնքան անաղարտ է այդ երգը հնչում նրա շուրթերից։

 

 – Աշուղական ու ժողովրդական երգարվեստի վերաբերյալ ձևավորվել ու խորանում է մի  մտայնություն, թե դա ժամանակավրեպ արվեստ է։ Այդ ժամանակավրեպությանը մենք բախվում ենք կարծես ամեն օր և ամենուր. չկա այդ արվեստի այնպիսի պահանջարկ, որ այն հաճախակի հնչի հեռուստաէկրաններից, ռադիոեթերից, բեմահարթակներից։ Կարճ ասած՝ «փշոտ» չէ՞ աշուղական ու ժողովրդական երգի կատարողի ճանապարհը։

 

– Շնորհալի և նպատակասլաց, իր սկզբունքներին հավատարիմ երգչի համար գոյություն չունի ճանապարհից շեղող որևէ խոչընդոտ։ Անշուշտ, կյանքը կարող է հրամցնել ինչ-ինչ գայթակղություններ, բայց դրանք չեն կարող վեր լինել քո սկզբունքներից ու հավատամքից, որոնց դավանում ես մանկուց: Ցանկացած արվեստագետի և առհասարակ լավ մարդու ուղին փշոտ է, որը շատ աշխատանքի և նպատակասլացության շնորհիվ անպայման հաղթահարվում է։

 

Ժողովրդի, երաժշտասեր հանրության մեջ թյուրըմբռնումներ կան ժողովրդական, աշուղական, ազգագրական երգերի վերաբերյալ: Որո՞նք են այն սահմանանիշները, որոնցով տարանջատվում են դրանք, ընկալվում իբրև երաժշտարվեստի առանձին տեսակներ։ Ակնհայտ է հայ ազգագրական երգերի սահմանակցությունը այլ ժողովուրդների երգային ավանդույթների հետ (օրինակ՝ քրդական)։ Ժողովրդական երգը բացառում է այդօրինակ սահմանակցություն, առավել ևս՝ կոմիտասյան սկզբունքների հավատարիմ ժողովրդական երգը։ Եվ այդ երկուսի «արանքում» որտե՞ղ է զետեղված աշուղական երգը. թե՞ այն ամենևին էլ «արանքում» չէ, այլ ուրիշ մի տեղ։

 

Ժողովրդական երաժշտության ճյուղերից մեկը աշուղական երաժշտությունն է։ Աշուղները մեծ մասամբ սեր են գովերգել։ Աշուղական երաժշտությունը ժողովրդական երաժշտության պրոֆեսիոնալ ճյուղն է՝ որոշակի մեղեդային ու տաղաչափական յուրահատկություններով։ Ազգագրական երգը ևս կարող ենք ժողովրդական երաժշտության ճյուղերից մեկը համարել, որը ժամանակի ընթացքում կարծես դարձել է առանձին ժանր։ Այստեղ գերիշխում է հայրենասիրական թեմատիկան։

 

– Համացանցում Ձեր կատարմամբ պարսկական երգ է հնչում, Դուք այն ներկայացնում եք սիրով և ջերմությամբ՝ կարծես հավաստելով, որ լավ երգը ազգություն, լեզու չի ճանաչում։ Դա պատահակա՞ն որոշում էր, թե՞ մտադիր եք Ձեր կարողությունները փորձել նաև այլ ժողովուրդների երգերի կատարման ասպարեզում։

 

– Այո, ինձ համար երաժշտությունը ազգություն չի ճանաչում։ Եվ դա հիանալի է, քանի որ արվեստի առաքելությունը մարդկանց միավորելն է, ոչ թե բաժանելը: Իսկ ի՞նչն է ավելի բնականորեն միավորում մարդկանց, քան երգը: Ինչ վերաբերում է Ձեր նշած երգին, այո, կատարել եմ պարսկական ժողովրդական երգ՝ իմ իրանահայ երկրպագուների խնդրանքով, և նվիրել ժողովուրդների բարեկամությանը։ Այդ երգի տեսահոլովակն է պտտվում համացանցում: Ի դեպ, ԱՄՆ-ում շատ անգամներ կատարել եմ պարսկական սիրված երգեր՝ հատուկ իրանահայերի պահանջ-խնդրանքով։ Իսկ այս անգամ որոշեցի ասպարեզ գալ նաև տեսահոլովակով։

 

–  Ձեր երգեցողությունը միշտ առանձնացել է ժողովրդական և գուսանական երգային ավանդույթներին պրոֆեսիոնալ հավատարմությամբ։ Անհնար է լսել Մոնիկա Նազարյան անունը և տագնապել, թե շնորհաշատ այս հայուհին էլ, ահա, հայտնվել է ռաբիսի որոգայթներում։ Որքանո՞վ եք Ձեզ ապահովված զգում դրանցից. չէ՞ որ ռաբիս երգեցողությունը շատ ֆինանսական-կենսական խնդիրներ է լուծում, ապահովում հանրաճանաչություն։

 

– Ամեն մարդ ինքն է որոշում իր ուղին, իսկ ճշմարիտ ուղուց շեղվելը միշտ էլ հեշտ է: Իր տեսակին և սկզբունքներին հավատարիմ մնալն է դժվար: Ինչ վերաբերում է ֆինանսական խնդիրներին, ապա վստահեցնում եմ՝ ժողովրդական երգիչների մոտ ամեն ինչ կարգին է։ )))

 

– Ինչպե՞ս է Ձեզ ներկայանում հայ երաժշտական դաշտը, որքանո՞վ է այնտեղ մեծ «քաղհանի» անհրաժեշտությունը։

 

– Հիմա մենք ապրում ենք այնպիսի ժամանակներում, որ մարդը, եթե ունի ֆինանսական միջոցներ, կարող է բոլոր հնարավոր եղանակներով ներկայանալ հանրությանը և ճանաչվել: Եվ դա ունի իր լավ ու վատ կողմերը։ Լավ է, որ շնորհալիները կարող են ներկայանալ հանրությանը և ճանաչում ձեռք բերել, վատ է, որ շատ երգիչներ, երաժշտական տաղանդ և ապագա չունենալով հանդերձ, համառորեն զբաղեցնում են հեռուստաեթերն ու ռադիոեթերը, սոցիալական ցանցերը՝ փչացնելով մարդկանց երաժշտական ճաշակը, խաթարելով նրանց երաժշտական մտածողությունը, որն ի սկզբանե հակված է մաքուր երաժշտություն լսելու։ Բնականաբար, ինչպես շատ ուրիշ բնագավառներում, այստեղ ևս անհրաժեշտ է հսկողություն:

 

– Երգչուհու Ձեր կերպարը շատ պոետական է, կանացի։ Յուրօրինակ, անշփոթելի է Ձեր ձայնի տեմբրը ։ Որքանո՞վ է այդ կերպարն «արտացոլվում» ձայնում ու երգում։

 

– Իմ երգն ամբողջությամբ արտացոլում է իմ տեսակը, իմ հոգին, իմ բնույթը, ակնհայտ է դարձնում իմ նուրբ և ուժեղ կողմերը: Երգն ինձ մաքրում է բոլոր առօրեական պայմանականություններից ու երևան է հանում իմ էությունը: Քանիցս ասել եմ՝ ինձ չճանաչողները կարող են երգս լսելով որոշակի պատկերացում կազմել իմ մասին:

 

– Անշուշտ, ընթերցողին հետաքրքրում է, թե որտե՞ղ և ի՞նչ գործունեություն է այսօր ծավալում Մոնիկա Նազարյանը։ Հետաքրքիր կլինի իմանալ նաև, թե առաջկայում ի՞նչ ծրագրեր ունեք։

 

– Շարունակ համերգների, հյուրախաղերի, ձայնագրությունների եմ: Առաջիկայի համար ունեմ բազմաթիվ ծրագրեր ու պլաններ, որոնց մասին առայժմ չեմ ուզում խոսել։ Միայն ասեմ, որ շուտով կլինեն նոր երգեր, նոր տեսահոլովակներ:

 

– Ինչու՞ Վանաձորի երաժշտասեր հանրությունն առ այսօր չի վայելել Մոնիկայի երգը քաղաքի համերգային դահլիճներից մեկում։ Չե՞ք պատրաստվում հանդես գալ մենահամերգով։

 

– Վանաձորից շատ առաջարկներ են եղել: Առաջիկայում անպայման կլինի մենահամերգ իմ հայրենի քաղաքում:

 

 

Զրույցը վարեց Լևոն ՍԱՐԳՍՅԱՆԸ

 

Հ.Գ. Մոնիկա Նազարյանի մի քանի երաժշտական կատարումների կարելի է ծանոթանալ հետևյալ հղումներով.

https://www.youtube.com/watch?v=5enUd0LiEyk

https://www.youtube.com/watch?v=GS7vM6KKiAE

https://www.facebook.com/monika.nazaryan.5/videos/641060026363148/?v=641060026363148

https://www.youtube.com/watch?v=-BEhhD_CLbw

Back to top