поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

Պարին՝ արվեստներից ամենանախնականին ու թերևս ամենամիստիկականին Արայիկ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ վերաբերմունքը երկյուղածորեն մաքուր է. ժեստը, շարժումը նրա համար բանական ասելիք է, որը մարդն առաջին արձագանքի բնականությամբ  հաղորդում է իր նմանին և աշխարհին։ Ա. Գևորգյանը հայ պարարվեստի   երախտավորներից է։

 

– 2018 թվականին կայացած ձեր համերգներից մեկը խորագրված էր «Դարերի խորքից»։ Ի՞նչ խորհուրդ ուներ այդ խորագիրը. դարերի խորքից հայ պարարվե՞ստն է գալիս, թե՞ հայոց պատմությունը։ Թե՞՝ երկուսը միասին։ Եվ ընդհանրապես՝ պարը որքանո՞վ է որևէ ժողովրդի պատմություն։

 

 Այո, 2018 թ. ապրիլի 3-ին էր այդ համերգը, «Տերյան» մշակութային կենտրոնի հետ համատեղ: Երկար աշխատեցինք ծրագրի վրա: Այն երկու տարբեր արվեստների զուգորդում էր, որտեղ փորձեցինք համատեղ ներկայացնել դարերի խորքից եկող մեր ազգային  տարազը և պարը: Ներկայացվեցին հայ թագավորների, Հայաստանի տարբեր տարածաշրջանների, ինչպես նաև հարսանեկան և մանկական տարազներ՝ համադրված պարային համարների հետ:

 Հայ պարը գոյություն ունի այնքան ժամանակ, որքան հայոց պատմությունը, նրանք հասակակիցներ են, պարն արմատներով գնում է դարերի խորքը:

 Հնում պարերն ունեին լրիվ այլ նշանակություն: Ամենատարբեր շարժումների և ժեստերի միջոցով մարդն արտահայտում էր իր վերաբերմունքը արտաքին աշխարհի նկատմամբ՝ այդ ամենի մեջ դնելով իր հոգեվիճակը և տրամադրությունը: Պարը միշտ և բոլոր ժամանակներում սերտորեն կապված է եղել մարդկանց կյանքին ու կենցաղին, դրա համար էլ այն համապատասխանում է տվյալ ժողովրդի բնույթին և ազգային ոգուն:

Պարը հենց ժողովրդի պատմությունն է: Ինչպես կասեր մեծն Կոմիտասը՝ պարը բնութագրում է  ժողովրդի բարքերը, կենցաղը և քաղաքակրթության աստիճանը: Գուցե բառացի չասացի, բայց իմաստը դա է: Նրանք միասին են գալիս դարերի խորքից:

 

«Հորովելը», որքան գիտեմ, պատրաստվում է «Թումանյանի աշխարհը» խորագրով համերգային ներկայացման, ավարտված են բեմական հագուստների ձևավորման աշխատանքները։ Ե՞րբ է տեղի ունենալու համերգը, կամ գուցե դա համերգների շա՞րք է լինելու՝ նվիրված Թումանյանի հոբելյանին։

 

 Թումանյանին անդրադառնալու մտադրություն վաղուց կար, և, կարծում եմ, հոբելյանական տարին լավ առիթ է այն իրագործելու համար: Այս նախագիծն ունի բավականին մեծ բյուջե, որի մի մասը հատկացրել էր մշակույթի նախարարությունը, մի մասը՝ Վանաձորի քաղաքապետարանը, մի մասն էլ կլինի մեր ներդրումը: Նախագիծը Վանաձորի պարարվեստի դպրոցինն է՝ «Հորովելի» հետ համատեղ: Նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են: Այժմ աշխատում ենք երաժշտական ձևավորման, հագուստների ձևավորման և բեմադրության վրա: Առաջնախաղը նախատեսվում է հոկտեմբերի կեսին: Նվիրվում է Մեծն Թումանյանի ծննդյան 150-ամյակին. կլինի համերգների շարք Երևանում, Գյումրիում, Ստեփանակերտում, գուցե նաև Հայաստանից դուրս:

 

Ո՞րն է Թումանյանի «ամենապարային» ստեղծագործությունը՝ քո կարծիքով. Թումանյանի գեղարվեստական մտածողությունը թույլ տալի՞ս է դրա ամենատպավորիչ պարային լուծումները գտնել։ (Ի դեպ, հայ պարարվեստը երբևէ անտարբեր չի եղել Մեծ լոռեցու ստեղծագործության նկատմամբ. հիշենք, օրինակ, Կարեն Գևորգյանի խորեոգրաֆիկ ներկայացումները Թումանյանի ստեղծագործությունների թեմաներով («Գիքորը», «Հ. Թումանյանի հեքիաթները»)։

 

 Թումանյանը այնքան խորն է, նրա գեղարվեստական մտածողությունը՝ այնքան բազմաշերտ ու արդիական, որ նրա ցանկացած գործ կարող է լինել «ամենապարայինը»: Թումանյանի նույնիսկ քառյակներից կարելի է ստանալ մի ամբողջ պարային ներկայացում: Նրա ստեղծագործություններում կերպարները այնքան վառ են և իրական, որ պարային լուծումներ գտնելը դառնում է շատ դյուրին: Այդ կերպարներն ամեն օր մեզ հետ են, մեր շուրջբոլորը, ամեն քայլափոխի կարող ենք հանդիպել նրանց:

Թումանյանին շատերն են անդրադարձել՝ վերցնելով կոնկրետ ստեղծագործություն: Սկզբից ես էլ էի ցանկանում անդրադառնալ Թումանյանի կոնկրետ որևէ գործի, բայց հետո հասկացա, որ պետք է Թումանյանի հերոսներին «հավաքել» մի տեղ ու փորձել ստանալ Թումանյանի աշխարհը՝ իր հայտնի ու անհայտ հերոսներով:

 

 Մամուլից գիտեմ, որ Թումանյանի հոբելյանական միջոցառմանը, որն այս տարվա փետրվարի 19-ին՝ բանաստեղծի ծննդյան օրը, կազմակերպվել էր նրա ծննդավայրում, «Հորովել» անսամբլի մասնակցությունն ինչ-ինչ դժվարությունների հաղթահարման գնով է կայացել։ Մենք այսօր՝ հոբելյանական տարում արդյո՞ք Թումանյանին նվիրված միջոցառումների պատշաճ մակարդակ ենք ապահովում։

 

 Այդ միջոցառման հետ կապված խնդիրներ եղան, բայց կարծում եմ՝ աղմուկն ավելին էր, քան խնդիրը: մեր անսամբլի պարային մասն այդ օրվա միջոցառմանն ընդհանրապես չմասնակցեց, որովհետև մեզ առաջարկված պայմանները, նկատի ունեմ պարելու համար բեմի, տարածքի հնարավորությունը, թույլ չէին տալիս լավագույնս հանդես գալ: Հիմնականում կազմակերպչական խնդիրներ էին: Ծրագիրը Երևանում էր կազմվել, կային գեղագիտական մոտեցման տարբերություններ: Մասնակցեցին միայն նվագախումբը և երգիչները, սակայն նրանք էլ բախվեցին կենդանի կատարման բարդությունների:

Կարծում եմ՝ երկու մեծանուն հայերի՝ Կոմիտասի և Թումանյանի ծննդյան 150-ամյակների խորհրդին արժանի և պատշաճ ուշադրություն առայժմ չկա, և պատճառն անհասկանալի է: Գուցե այս մեկ տարվա ընթացքում երկրում տեղի ունեցած հախուռն իրադարձությունների թոհուբոհում հոբելյանները մղվեցին երկրորդ պլան: Բայց հոբելյանական տարին դեռ առջևում է, և ես հույս ունեմ, որ բացթողումները կլրացվեն, ու արժանին կմատուցվի Թումանյանի և Կոմիտասի հիշատակներին:

 

 Քո ծնողները մի բնակավայրից են՝ Շիրակի մարզի Աշոցքի ենթաշրջանի Թավշուտ գյուղ (այդ գյուղի ծնունդ է նաև սույն հարցազրույցը վարողը), որ Մեծ եղեռնից փրկված հայերի ժառանգներ են՝ հիմնականում ալաշկերտցիներ։ Ալաշկերտի տարածաշրջանն ընդհանրապես աչքի է ընկել պարային հարուստ ավանդույթներով, ժողովրդական բանահյուսության այնպիսի  նմուշներով, որոնք նաև անպայման պարային «ուղեկցորդություն» են ենթադրել։  Պապերիդ արյունը «խոսու՞մ» է քո պարի մեջ կամ բեմադրություններում, դա ինչպե՞ս է արտահայտվում՝ շարժումների յուրօրինակությա՞մբ, ժեստիկուլացիայո՞վ, թե՞ կրքով ու պաթոսով։

 

 Մեր պարային ժառանգությունը գրեթե ամբողջությամբ մեզ է հասել Արևմտյան Հայաստանից՝ Մուշ, Սասուն, Ալաշկերտ, Վասպուրական, Մուսա Լեռ, Զեյթուն և այլն: Ցավոք, Արևելյան Հայաստանը պարային ժառանգության առումով շատ աղքատիկ է, Լոռին՝ առավել ևս: Եղած պարերն էլ ծագումով Արևմտյան Հայաստանից են, որովհետև լոռեցիների նախնիներն էլ հիմնականում Ղարաբաղից են ու Պարսկահայքից:

Հայրական կողմս Ալաշկերտի Թեղուտ գյուղից է, մայրականս՝ Ղարսից: Նրանք բոլորն էլ 1915 թ. Մեծ եղեռնի հետևանքով են հայտնվել Թավշուտում. այդ գյուղը ցեղասպանության «ծնունդ» է: Ի դեպ, միշտ զարմացել եմ,  ինքս ինձ հարցրել, թե մեր պապերն ինչու՛ հենց այդ վայրերում են հաստատվել. կարող էին, չէ՞, գտնել ավելի բարեբեր ու տաք կլիմա ունեցող տեղանքներ: Ես այդ հարցի պատասխանը գտա շատ տարիներ անց, երբ առաջին անգամ եղա Արևմտյան Հայաստանում՝ այնտեղ, որտեղ ապրել են իմ նախնիները: Արևածագին, երբ դուրս եկա, մի պահ ինձ թվաց՝ Աշոցքում եմ: Բնության, սարերի, դաշտերի, օդի բույրի այդպիսի նմանություն ես չէի տեսել ու զգացել որևէ այլ վայրում և երբևէ: Հենց այդ պահին հասկացա իմ պապերին...  Իմ արվեստում չէր կարող իմ պապերի արյունը չխոսել: Չնայած մեր տոհմում արվեստի մարդիկ չեն եղել, բայց երբ հանդիսավոր հավաքույթների ժամանակ հայրս, հորեղբայրներս պարում էին, նրանց մեջ ես նշմարում էին այն ներքին պարը, որը, եթե նպաստավոր պայմաններ լինեին, դուրս կհորդեր և նրանցից ոմանց գուցե կտաներ  պարարվեստի ճանապարհով:

  

 Դու երկար տարիներ բեմում ես, վանաձորաբնակ հանրության կողմից համարվում ես քաղաքի այն եզակի արվեստագետներից, ում անունը ոչ միայն հիշեցնում, այլև զուգորդվում է իր մասնագիտության հետ։ Ի դեպ, դեռ պարու՞մ ես։ Նկատի ունեմ՝ որպես մենակատար շարունակու՞մ ես քո գործունեությունը։ Այնպիսի տպավորություն է, թե չես ծերանում:

 

 Պարում եմ 5-6 տարեկանից: Հեռավոր մի օր հայրս ձեռքիցս բռնած տարավ, ընդունել տվեց պարի խմբակ գրեթե իմ կամքին հակառակ: Ընթացքում հարմարվեցի ու հաճույքով էի հաճախում: Իսկ պրոֆեսիոնալ պարով սկսել եմ զբաղվել 1990 թվականից: «Հորովել»-ում եմ 1992 թվականից: Զուգահեռ սովորում էի Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի պատմության և իրավագիտության բաժնում: Մտածում էի՝ կպարեմ, մինչև «լուրջ» մասնագիտություն կունենամ: Եկավ մի պահ, ու ես հասկացա, որ պարարվեստն է իմ մասնագիտությունը: Կար մասնագիտական կրթության պակաս, որը լրացնելուց հետո (ավարտել է նաև Խ. Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի պարարվեստի բաժինը – ծան.՝ Լ. Ս.) սկսեցի զբաղվել պարարվեստի մանկավարժությամբ, իսկ ավելի ուշ՝ նաև բալետմայստերական գործունեությամբ: Արդեն վաղուց չեմ պարում: Պրոֆեսիոնալ պարի համար ես շատ «ծեր» եմ: Պարը երիտասարդություն է սիրում: Ցավոք, պարողների բեմական կյանքը շատ կարճ է:

 

 Դու նաև թատերական ներկայացումների պարային ձևավորումներ ես անում՝ հաջողությամբ համադրելով այդ երկու արվեստները։ Հետաքրքիր է՝ թատրոնն ու պարը մի՞շտ են «հաշտ» մեկմեկու հետ, թե՞ հազարամյա և միաժամանակյա գոյությունը նրանց մերել է այնպես, որ արվեստագետն այդտեղ առանձնապես անելիք չունի։

 

– Պարը հնում եղել է թատերական ներկայացումների, երգի, ծիսակատարությունների բաղկացուցիչ մաս, իսկ որպես առանձին արվեստ ձևավորվել է 16-17-րդ դարերում Եվրոպայում: Այնպես որ, մենք անիվ չենք հնարում, և, ինչպես նշեցիք, համադրելու համար մեծ ջանքեր չեն պահանջվում: Բայց պարարվեստում և դրամատիկ արվեստում ստեղծագործելն ունի տարբերություններ, որոնք բխում են այդ երկու արվեստների առանձնահատկություններից ու արտահայտամիջոցներից: Թատրոնում բեմադրելիս դու պետք է անպայման  հաշվի նստես ռեժիսորի հետ, փորձես կռահել նրա մտահղացումը, հասկանաս, որ դու գործ ունես դերասանների հետ և ոչ թե արհեստավարժ պարողների: Իսկ պարային անսամբլում ստեղծագործելիս ավելի ազատ ես. դու ես ու քո մտահղացումը, պատկերացումները:

Ես շատ ուրախ եմ, որ ինձ բախտ է վիճակվել ստեղծագործել նաև թատրոնում: Ես շատ բան եմ այնտեղ սովորել, հասկացել, որ պարային բեմադրությունն ինչ-որ տեղ պետք է լինի «թատրոն»: Թատրոնն ազդել է իմ պարամտածողության վրա:

 

 Պարարվեստի մասին գիրք ես հրատարակել, կարծեմ՝ թարգմանաբար։ Մեր պարարվեստի դպրոցները, մշակութային կենտրոններն ի՞նչ չափով ունեն այդպիսի ուսուցողական ձեռնարկների կարիք։ Հետաքրքիր է՝ մշակույթի նախարարությունը (հիմա՝ արդեն երբեմնի) օժանդակե՞լ է գրքի հրատարակությանը։

 Դա Ն. Բազարովայի և Վ. Մեյի «Դասական պարի այբուբենը» մեթոդական ձեռնարկն էր, որը որոշեցի թարգմանել հայերեն: Երկար ժամանակ պահանջվեց վերջնական տեսքը ստանալու համար, քանի որ բնօրինակը մի քանի հրատարակություն ուներ, և բավականին փոփոխություններ կային դասավանդման մեթոդիկայի մեջ՝ պայմանավորված պարարվեստի կատարողական տեխնիկայի զարգացմամբ: Այս ամենն ի մի բերվեց, և 2015 թ. այն լույս տեսավ. սա հայերեն լեզվով դասական պարի  մեթոդիկայի առաջին ձեռնարկն էր: Պարարվեստին վերաբերող մասնագիտական գրականությունը հիմնականում ռուսերեն է, և մասնագիտական ուսումնական հաստատություններում մայրենի լեզվով գրականության կարիք շատ կա: Հրատարակելու համար մշակույթի նախարարությանը չեմ դիմել, իմ միջոցներով եմ արել: Գրքի մի մասը վաճառվել և ծախսածածկ է արվել, մնացածը հիմնականում նվիրել եմ:

 

 Կարծում եմ՝ պարարվեստն արվեստի այն տեսակներից է, որ առավելագույն չափով է կրում արվեստագետի անհատականության կնիքը, և եթե արվեստագետն իսկապես շնորհալի է, նա որպես մենակատար կամ բեմադրիչ ստեղծում է իր ձեռագիրը։ Հայաստանը պարային մեծ ավանդույթներ ունեցող երկիր է, որտեղ քիչ չեն սեփական ձեռագիր ունեցող արվեստագետները։ Դու՝ իբրև մենակատար և բեմադրիչ, իբրև պարուսույց, ստեղծե՞լ ես արվեստի քո ձեռագիրը՝ որպես Արայիկ Գևորգյան (անունդ տալիս եմ ազգանվան հետ, որովհետև մեր պարարվեստն ունի անշփոթելի ձեռագիր և պարավեստի բնագավառում մեծ վաստակ ունեցող ունեցող մեկ այլ Գևորգյան ևս՝ Կ. Գևորգյան)։

 

 Յուրաքանչյուր արվեստագետ իր արվեստում ձգտում է կատարելության, և այս պրոցեսում է ձևավորվում բեմադրիչի ձեռագիրը, իսկ ձեռագիրը խոսում է արվեստագետի անհատականության մասին:   Ես կարծում եմ, որ ստեղծագործողն առաջին հերթին պիտի ձգտի հնարավորինս ընկալելի լինել հանդիսատեսին: Ես էլ որպես ստեղծագործող ձգտում եմ ունենալ իմ ձեռագիրը: Չգիտեմ՝ ստացվում է, թե ոչ: Դրա մասին ավելի լավ կասեն արվեստասերները, հանդիսատեսը կամ իմ կոլեգաները:

 

 Պարարվեստի, մասնավորապես հայ պարարվեստի լավագույն գիտակ տեսաբաններից Սրբուհի Լիսիցյանի «Հայ ժողովրդի հինավուրց պարերը և թատերական ներկայացումները» ռուսալեզու գրքի առաջին հատորը տարիներ առաջ լույս տեսավ հայերեն թարգմանությամբ (խմբագիրը Կ. Գևորգյանն է)։ Փոքր-ինչ տարօրինակ է, որ հազարամյա պատմություն ունեցող մեր ժողովրդին իր իսկ հազարամյա արվեստի պատմությունը տասնամյակներ անց է, այն էլ՝ մասամբ, ներկայացվում հայերեն (վերը նշվածը աշխատության առաջին հատորն է)։ Նկատենք, որ ռուսերեն հրատարակությունից (1958) շուրջ 55 տարի անց է միայն  գրքի առաջին հատորը թարգմանվում հայերեն։ Ի՞նչ ճակատագրի արժանացավ երկրորդ հատորը, որը ռուսերեն լույս է տեսել հեռավոր 1972-ին։

 

 

 Դուք ճիշտ եք: Մեր պարը հազարամյակների պատմություն ունի: Բայց եկեք մի բան հստակեցնենք: Մինչև 20-րդ դարի 20-ական թվականները պարը եղել է ժողովրդի կենցաղի մի մասը և որպես արվեստի տեսակ չի ընկալվել: Միայն 1920-ականներին պարուսույց-բալետմայստեր Վահրամ Արիստակեսյանի Հայաստան հրավիրվելով հիմք դրվեց հայ պարարվեստին, և պարը սկսեց  ուսումնասիրվել: Այս առումով կարելի է ասել, որ պարագիտությունը մեզ մոտ ավելի ուշ է սկսել զարգանալ: Իսկ ինչ վերաբերում է Սրբուհի Լիսիցյանի աշխատությանը, ասեմ, որ այն բավականին դժվարամարս է: Այնտեղ բավական շատ է քրդական և թուրքական տարրը, որն ունի իր օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառները: Թարգմանության  և խմբագրման ընթացքում այդ տարրը հանվել է, փորձ է արվել հնարավորինս մատչելի լեզվով հասանելի դարձնել ընթերցողին: Այնպես որ, հսկայածավալ աշխատանք է կատարվել, և այդ գործը գլուխ բերողներին պետք է արժանին մատուցել: Իսկ 2-րդ հատորի հետ  կապված աշխատանքներն ընթացքի մեջ են. կարծում եմ՝ շուտով այն կունենանք մեր սեղանին:

 

 Վերադառնալով նախորդ թեմային՝ նշեմ, որ Սրբուհի Լիսիցյանի ազգագրական ժառանգությունը, իմ ընկալմամբ, խիստ անհամարժեք է ներկայացված հենց այն ազգի կողմից, որին նվիրված է։ Ս. Լիսիցյանը համարվում է պարային շարժումների գրառման գյուտի հեղինակ, ավելին՝ պարագիտության հայկական դպրոցի, խորհրդային իրականության մեջ՝ էթնոպարագիտության հիմնադիրը։ Ընդհանրապես, ի՞նչ վիճակում է պարավեստի հայ տեսական միտքն այսօր։

 

 Լիսիցյանը, լինելով ռուսաց լեզվի կրող, այդ պարերը գրառելիս նախ արևմտահայերենից փոխակերպել է արևելահայերենի, հետո միայն՝ ռուսերենի, իսկ այդ ընթացքում բազմաթիվ խեղաթյուրումներ կարող էին լինել: Սա իմ սուբյեկտիվ կարծիքն է: Ինչպես նկատած կլինեք, աշխատության մեջ կան պարերգեր, որոնք ներկայացված են թուրքերեն և քրդերեն: Այս ամենը կարիք ունի զտվելու, օտար տարրերից տարանջատվելու, որն էլ այսօր փորձում է անել Կարեն Գևորգյանը՝ խմբագրելով այդ աշխատությունները:

Մինչ Լիսիցյանը գոյություն ունեին պարի գրացման համակարգեր, օրինակ՝ Լաբանի համակարգը, բայց Լիսիցյանի մեթոդն ամենաարդյունավետն ու հաջողվածն էր: Մինչև անցած դարի կեսերը Ռուսաստանում բալետային ներկայացումները գրառվում էին Լիսիցյանի մեթոդով: Հենց այդ գրառումների շնորհիվ է, որ մեզ են հասել և մոռացումից փրկվել բազմաթիվ պարանմուշներ: Եվ այստեղ է, որ պիտի խոնարհվել Ս. Լիսիցյանի հիշատակի առջև՝ կատարած չափազանց արժեքավոր աշխատանքի համար:

Խորհրդային տարիներին ազգայինի նկատմամբ կար ոչ համարժեք վերաբերմունք. կոմունիստական գաղափարախոսությունն ազգայինը դուրս էր մղել: Դա էր պատճառը, որ մեզ մոտ ազգային պարարվեստը լավ չէր ներկայացվում կամ ընդհանրապես չէր ներկայացվում: Դա խանգարում էր նաև պարարվեստի տեսական մտքի զարգացմանը: Անկախությունն ազատեց այդ կապանքներից, և պարագիտությունը սկսեց զարթոնք ապրել: Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում այսօր կրթվում են պարի տեսաբաններ, որոնք վաղը պարագիտությունը, պարի տեսական միտքը կհասցնեն ցանկալի մակարդակի:

 

Զրույցը վարեց Լևոն ՍԱՐԳՍՅԱՆԸ

 

Հ.Գ. Ա. Գևորգյանի և «Հորովել» անսամբլի մասին  կարելի է տեղեկանալ հետևյալ հղումներով.

https://www.facebook.com/watch/?v=373131483073701

https://www.facebook.com/armhorovel/?_rdc=1&_rdr

https://www.youtube.com/watch?v=GGVH9TcQVGQ&fbclid=IwAR2hTiPN26PVztoNWM8PjZfhZsYeRcGAML2ZcZZeYPQ-gIBRjmQaDdRSGVE

Back to top