поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

Վանաձորյան երաժշտական մի տոհմի շնորհաշատ շառավիղն է դուդուկահար Արտյոմ ՏԵՐ-ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ: Միջազգային  մրցույթների դափնեկիր արվեստագետը խորապես համոզված է՝ դուդուկը հայկական նվագարան է, քանի որ այդ գործիքով առավել զգայական և անկրկնելի հնչում են հենց հայկական մեղեդիները:

 

– Դուդուկի հայկականության մասին մի հարց, որի վերաբերյալ թյուրընկալումներ կան. 2008 թվականին Փարիզում որպես պահպանման ենթակա մշակութային արժեք ընդունվել է ոչ թե դուդուկ երաժշտական գործիքը, այլ դրանով հնչող երաժշտությունը։ Ի՞նչ է դա նշանակում. դուդուկով հնչող երաժշտությունն իսկապե՞ս այդքան յուրօրինակ և բացառիկ արժեք է, որ «կտրվել» է իրեն կյանք տվող գործիքից և ներկայանում է բացարձակապես «ինքնուրույն»։ Մեկ այլ պնդման համաձայն՝ դուդուկն է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից իբրև հայկական մշակութային արժեք տեղ գրավել այդ միջազգային կառույցի համապատասխան ցուցակում։

 

– Հայկական երաժշտությունը դուդուկով հնչում է միանգամայն յուրահատուկ կերպով՝ անկասկած վկայելով, որ դուդուկը ստեղծված է հենց հայկական մեղեդիների համար։ Դուդուկը վկայում է նաև, որ մենք ունենք միայն մեր էթնոսին հատուկ նվագ։ Այս առթիվ ոււզում եմ ասել ևս մի կարևոր բան։ Ցավոք, այսօր շատ քիչ կարող ես լսել, որ դուդուկը նվագեն հայերեն՝ տարբերելով մերն ուրիշներից։ Կան, իհարկե, լավ դուդուկահարներ, բայց փոքր է նրանց թիվը, ովքեր, օրինակ, Կոմիտաս նվագելիս հավատարիմ են մնում հանճարեղ այդ մարդու երաժշտության մաքրությանը։ Շատ դուդուկահարների նվագում հնչում են օտար մելիզմներ, շատերը նվագում են կոպիտ՝ չպահպանելով հնչող մեղեդու որակի նրբությունը և զգացմունքայնությունը: Անշուշտ, իմ այս դիտարկումը սուբյեկտիվ է, բայց կուզեի հորդորել իմ հայ կոլեգաներին՝ դուդուկ նվագել մեծագույն  բծախնդրությամբ,  առավել ևս՝ երբ նվագում ես հայկական մեղեդի։

– Դուդուկը թեև տարածված է մերձավորարևելյան երկրներում և հյուսիսկովկասյան ժողովուրդների մոտ, այն ունի պատրաստման հայկական տեխնոլոգիաները։ Որո՞նք են դրանք։

 

– Դեռ 5-րդ դարում Մովսես Խորենացին հիշատակում է դուդուկն իբրև նվագարան, այն ժամանակ՝ ծիրանափող անունով։ Դուդուկը, այնուամենայնիվ, հայկական նվագարան է ոչ միայն այն հիմնավորմամբ, որ հայտնի է հին ժամանակներից և ուղեկցելով մեր ժողովրդին հազարամյակներ՝ դարերի ընթացքում հայկականացել է։ Շատ կարևոր է նաև այն հանգամանքը, որ յուրաքանչյուր դուդուկահարի մատների տակ դուդուկը կարող է փոխակերպվել հենց նվագողին՝ հայկական շնչով ու շնչառությամբ։ Կան նվագողներ, որոնց նվագը մյուսներից տարբերվում է ամբողջովին, և այդ նվագը կարելի է տարբերել առաջին իսկ հնչյուններից։ Ինձ համար, օրինակ, միանգամայն տարբերելի են հայ և այլազգի դուդուկահարների նվագները։

Ինչ վերաբերում է այդ երաժշտական գործիքի պատրաստման հայկական յուրահատկություններին, հայերս այն  հիմնականում պատրաստում ենք ծիրանենուց, այլ տեխնոլոգիաներ, կարծում եմ, չկան, եթե տեխնոլոգիա չհաշվենք այն առանձնահատուկ սերը, որ ներդնում են հայ վարպետները ծիրանենու փայտը մշակելով դուդուկ պատրաստելիս։

 

– Հայ դուդուկահարների մի աստղաբույլ կա, որ այս գործիքի համբավն իսկապես դուրս է բերել միջազգային ասպարեզ։ Վերջին շրջանում դուդուկը գրավում է նաև համաշխարհային կինեմատոգրաֆիստներին՝ օգնելով նրանց ստեղծելու խիստ յուրօրինակ երաժշտական կոլորիտ։ Միջազգային կինեմատոգրաֆը բազմիցս է օգտվել մասնավորապես Ջիվան Գասպարյանի դուդուկից։ Ձեր կարծիքով՝ յուրաքանչյուր դուդուկահար չունի՞ «իր» դուդուկը։ Ինչո՞վ է հատկանշվում Ձերը։

 

– Իհարկե, դուդուկով կարելի է տարբեր ոճեր և տարբեր ազգերի մեղեդիներ նվագել, բայց այն դառնում է կատարյալ, երբ նվագում ես հայերեն։ Եվ դա մարդկանց վրա առանձնապես ուժեղ ազդեցություն է թողնում։ Ես ինքս նվագում եմ տարբեր ազգերի մեղեդիներ և իմպրովիզներ, դրանք ևս հնչում են շատ գեղեցիկ։ Բայց երբ նվագում եմ հայկական մեղեդիներ, դուդուկն ինձ համար դառնում է ավելի սիրելի, նրա միջոցով ես զգում եմ իմ երկրի, հայկականի, Կոմիտասի ու Սայաթ-Նովայի շունչը, մեր աշուղների ու գուսանների շունչը։ Դուդուկն օտարին նույնպես ստիպում է հուզվել, սիրել մեր հինավուրցն ազգն ու մշակույթը։ Այս հանգամանքը ևս խոսում է դուդուկի հայկականության մասին, որովհետև այլազգին ևս դուդուկն ու նրանով հնչող երաժշտությունը ասոցացնում է հայի և հայկականության հետ։ Եվ բոլորովին պատահական չէ, որ դուդուկը լավ է հնչում, երբ պատրաստված է լինում է ծիրանենուց, որը, ինչպես գիտեք, միջազգային գիտական տերմինաբանությամբ հենց «հայկական միրգ» է կոչվում (Armenian plum

 

– Հայտնի է, որ կան դուդուկի մի քանի տեսակներ կամ լարվածքներ։ Դուք որո՞վ եք առավել հաճախ նվագում։

 

– Այո, կան դուդուկի տարբեր լարվածքներ։ Սակայն ամենաշատ ընդունվածը լյա դուդուկն է։ Ես հիմնականում դա եմ օգտագործում։

 

– Ինչու՞ է նախընտրելի լյա դուդուկը, մեղեդային ի՞նչ յուրահատկություններ ունի:

 

– Դա դուդուկի ամենատարածված տեսակն է, դրանով նվագել են մեր պապերը, այն գալիս է շատ հնուց: Լյա լարվածքով մեղեդին հնչում է ավելի գեղեցիկ: Հայերիս համար այն շատ սիրելի և սովոր հնչողություն է:

 

– Վանաձորի պետական համալսարանի արվեստագետ շրջանավարտների մասին հարցազրույցների շարք նախապատրաստելիս շարունակ առնչվում եմ մի զարմանալի իրողության. այս քաղաքում տարբեր բնագավառների շատ արվեստագետներ ժառանգականության ապշեցուցիչ խորհրդի մեջ են՝ սերնդեսերունդ արվեստագետներ են՝ նկարիչներ, գրողներ։ Ձեր պարագայում ևս դուդուկահար լինելը ժառանգական է՝ սկսած Ձեր պապից՝ անվանի դուդուկահար Արտավազդ Տեր-Հովհաննիսյանից, մինչև մեծ պապ Դարչոն, հորեղբայր Մկոն։ Գուցե դեռ էլի՞ կարելի է խորանալ։

– Այո, ճիշտ եք, մեր տոհմում դուդուկ և այլ երաժշտական գործիքներ նվագելը ժառանգական է։ Պապս դուդուկ էր նվագում, հայրս՝ դհոլ, մայրս՝ դաշնամուր։ Մեծ պապիս՝ Դարչոյի հայրն էլ է դուդուկ նվագել։ Տոհմածառի ավելի հեռավոր ճյուղերից մեր տեղեկություններն աղքատիկ են՝ չեմ կարող ասել։ Բայց ինչ աչքերս բացել եմ, մեր տանը նվագի ձայն եմ լսել։

 

– Ձեր պապը նշանակալից վաստակ ունի երաժշտության ասպարեզում։ Վանաձորի կենտրոնում արվեստի մի շատ յուրօրինակ գործ կա՝ «Դուդուկ» բարձրաքանդակը, որ նվիրված է նրան։ Ի՞նչ եք հիշում այդ քանդակի ստեղծման ու տեղադրման պատմությունից։

 

– Արտավազդ Տեր-Հովհաննիսյանին նվիրվելիք քանդակ ստեղծելու նախաձեռնությունը, ինչպես նաև պատվերը Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վիկտոր Դալլաքյանին է, իսկ քանդակի գաղափարի հեղինակը և քանդակագործը Համլետ Մատինյանն է (կարծեմ՝ Դալլաքյանի եղբայրն է)։ Ես ներկա եմ եղել քանդակի բացման արարողությանը, որը տեղի է ունեցել 2008 թվականին. դա շատ գեղեցիկ ու տպավորիչ արարողություն էր։

 

(Ի դեպ, հարցազրույցին նախապատրաստվելիս, երբ հարկ եղավ քանդակը նորից տեսնելու, հետաքրքիր անակնկալի հանդիպեցի։ Նախ ասեմ, որ քանդակի ճարտարապետական միջավայրն այնքան էլ նպաստավոր չէ. այն Տիգրան Մեծ պողոտայի ամենաբանուկ մի հատվածում է՝ մայթեզրից ոչ հեռու՝ թիվ 59 շենքի դիմաց: Բայց այդ միջավայրն անկասկած հոգեհարազատ է իմ զրուցակցին. դա նրա մանկության բակն է․ նշված շենքում է Տեր-Հովհաննիսյանների բնակարանը: Իսկ հետաքրքիրն ու տպավորիչն այն էր, որ քանդակը զննելիս նրա հետևի մասում ես տեսա պտղակալած մի ծառ… ծիրանենի: Ծիրանենու հետ իմ հանդիպումն իսկապես  անակնկալ էր, բայց նաև՝ խորհրդանշական ու գեղեցիկ՝ ծիրանափող և ծիրանենի…

Հետո պարզվեց՝ այս ամենը հայտնություն է սոսկ ինձ համար. Արտյոմը հիշում էր ծիրանենին, ավելին՝ ժամանակին իր հայրն է տնկել):

 

– Ապրում և ստեղծագործում եք Հայաստանից դուրս՝ Ռուսաստանում։ Իսկ դուդուկը, ինչպես հայտնի է, զգայուն է միջավայրի նկատմամբ. նա հայկական մթնոլորտ է սիրում։ Ուրիշ երկրում Ձեր դուդուկն իրեն մենակ չի՞ զգում։

 

– Ապրում և ստեղծագործում եմ Ռուսաստանի Սամարա քաղաքում։ Հաճախ եմ համերգներով հանդես գալիս այս քաղաքում և Ռուսաստանի այլ քաղաքներում, հանդես եմ գալիս ինչպես մենահամերգներով, այնպես էլ համերգների մասնակցելով։ Իմ առաջին մեծ համերգը տեղի է ունեցել Սամարայի պետական ֆիլհարմոնիայում, 2013 թվականի մայիսի 21-ին: Եվ քանի որ դա առաջին համերգն էր, որոշեցինք նվիրել մեծն Կոմիտասին։ Չեմ կարող չնշել իմ հայրենասեր բարեկամների անունները, որոնք նույնպես բնակվում են Սամարայում, և որոնց աջակցությամբ կազմակերպվեց այդ համերգը. Ավետիք Պետրոսյան, Արա Բադալյան։ Ի դեպ, ասեմ, որ համերգի բոլոր մասնակիցները, նկատի ունեմ նվագախումբը և մյուսներին, ազգությամբ ռուս էին։ Համերգի շնորհիվ նրանք ծանոթացան և, վստահ եմ, սիրեցին հայկական մշակույթը։ Այնուհետև տեղի ունեցավ ևս մեկ մենահամերգ, որին հաջորդեցին բազմաթիվ այլ համերգներ։ Ասեմ, որ ես անչափ տպավորված և հիացած եմ Սամարայի ունկնդիրով. անպատմելի ջերմ ու սիրալիր է նա, գնահատում և շատ սիրում է հայկական մշակույթը, մասնավորապես դուդուկի երաժշտությունը։ Մեծ բավականություն է՝ դուդուկ հնչեցնել այդպիսի ունկնդրի համար։ Այնպես որ, Սամարայում իմ դուդուկը հաստատ իրեն մենակ չի զգում… Իհարկե, շատ եմ կարոտում իմ հայրենիքը, իմ երկիրը, իմ ծննդավայրը, երազում եմ նվագել հայրենակիցներիս համար՝ իմ երկրում․․․ Որպես դուդուկահար հանդես եմ գալիս լարային քառյակի, դաշնամուրի, երգեհոնի, սիմֆոնիկ, կամերային նվագախմբերի, երգիչների հետ։

 

– Ֆեյսբուքի Ձեր էջը հուշում է, որ օրեր առաջ՝ մայիսի 16-ին մասնակցել եք Ռոզաննա Հարությունյանի պարային համույթի հոբելյանական համերգին և ելույթ ունեցել՝ դուդուկ, զուռնա: Ակնհայտ է, որ Սամարայում հայկական մշակութային աշխույժ կյանք կա: Ո՞վ է Ռ. Հարությունյանը:

 

– Ռոզաննան հայտնի պարուսույց է, ապրում և ստեղծագործում է Սամարայում, ղեկավարում է երկու պարախումբ, որոնց անուններն իսկ կկանխեն Ձեր հաջորդ հավանական հարցը՝ «Կիլիկիա», «Արևիկ»: Ռոզաննան միջազգային մրցույթների առաջին կարգի դափնեկիր է, նրա ղեկավարած խմբերը ևս տարբեր մրցույթների հաղթողներ են, շատ ակտիվ գործունեություն են ծավալում և հասել են մեծ հաջողությունների: 

 

– Համերգային ի՞նչ ծրագրեր ունեք, Ձեզ հետ որտե՞ղ հանդիպում փնտրի ունկնդիրը և ե՞րբ։

 

– Ստեղծագործական շատ ծրագրեր ու պլաններ ունեմ, և դրանք կապված են ոչ միայն Սամարայի հետ: Հույս ունեմ, որ առաջիկայում համերգներով հանդես կգամ իմ հայրենիքում ու  նաև արտերկրում։

 

– Դուդուկը ազգային նվագարանի թերևս «ամենաբախտավոր» գործիքն է. նրան մոռացություն չի սպառնում, ինչը չես ասի մի քանի այլ գործիքների մասին։ Մեր ժամանակներում դուդուկի «ընկերներից» ո՞րն է առավել վտանգված՝ Ձեր կարծիքով։

 

– Հաստատ ասել չեմ կարող, բայց ինձ համար շատ ցանկալի է, որ մեր նվագարանում մշտապես իր տեղն ունենա շվին։ 

 

– Ի դեպ, երաժշտական ի՞նչ գործիքներ եք նվագում։

 

– Բնականաբար՝ նվագում եմ դուդուկ, բայց նաև՝ զուռնա, կլառնետ, շվի։

 

Զրույցը վարեց Լևոն ՍԱՐԳՍՅԱՆԸ

 

Հ.Գ. Արտյոմի նվագը կարելի է լսել հետևյալ հղումներով.

https://www.youtube.com/watch?v=9sA1qshIgp4

https://www.youtube.com/watch?v=A1nEVlrRW2E

https://www.youtube.com/watch?v=xI0J8o_-DE4

https://www.youtube.com/watch?v=NJal1Km8dkc

https://www.facebook.com/100024054825864/videos/434025854075905/?id=100024054825864

https://www.facebook.com/100024054825864/videos/434267787385045/

https://www.facebook.com/100024054825864/videos/430508247760999/?id=100024054825864

Back to top