поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

Արարատ ԳՅՈՒԼԲԱՆԳՅԱՆԸ հայ սակավագիր գրողներից է, բայց նաև այն սակավաթիվներից, ում գրական ավանդը հայ գրականություն կարևոր է նախ որպես կոնցեպտուալ արձակի յուրօրինակ արտահայտություններ։

 

– Ըստ կոնցեպտուալիզմի սահմանումներից մեկի՝ պոստմոդեռնիստական արվեստի այդ ուղղության ներկայացուցիչների երկերում կոնցեպտը (գաղափարը, միտքը) առավել կարևոր է իր նյութական արտահայտությունից, իսկ գեղարվեստական երկի նպատակը հենց գաղափարներ հաղորդելն է: «301 գրամ» պատմվածքների ժողովածուի անոտացիայում Ձեր արձակը բնորոշված է որպես «կոնցեպտուալ արձակ»: Ենթադրաբար՝ դա Ձեր բնորոշումն է: Եվ ակնհայտ է, որ մինչ այդ բնորոշմանը հասնելը ստեղծագործական փորձառությունը Ձեզ համար արդեն պիտի որոշակիացրած-սահմանած լիներ կոնցեպտուալ արձակը՝ որպես մի ուղղություն, որի անդավաճան հետևորդն եք ստեղծագործական առաջին քայլերից սկսած։ Հետաքրքիր է իմանալ կոնցեպտուալ արձակի Ձեր սահմանումը կամ մեկնաբանությունը, ինչպես նաև լսել, թե ի՞նչ գաղափարներ կամ հղացքներ է բերել ժամանակակից հայ գրականությանը  Ձեր արձակը։ Եվ հարակից մի հարց էլ. ժամանակակից հայ արձակում այդ ուղղության ուրիշ ի՞նչ հայտնի ներկայացուցիչներ կան։

 

– Կոնցեպտուալ արձակն իր փիլիսոփայական հենքով 19-րդ դարից եկող կենսափիլիսոփայություն է, որի տարրերը նկատելի են դեռևս Դոստոևսկու գործերում։ 20-րդ դարում այն դարձավ գրական-մշակութային գործիքակազմ ունեցող կոնկրետ ոճ։ Ճիշտ եք նկատում, որ կոնցեպտուալիզմի հիմնական նպատակը որևէ գաղափարի, որևէ կոնցեպտի հաղորդումն է հասարակությանը։ Կարևոր է դառնում ինֆորմացիայի փոխանցումը, եթե նույնիսկ ինչ-որ տեղ գեղարվեստական պատումը տուժում է։ Գեղարվեստական, գրողական հնարքները կոնցեպտուալ արձակում և դրամատուրգիայում անսահմանափակ են։ Գիտական բանաձևեր, շախմատային պարտիաներ, բժշկագիտական նորություններ, անկանխատեսելի իրավիճակներ և այլն դառնում են կոնցեպտուալ արձակի «տանող հրթիռները»։ Ռուս կոնցեպտուալիստ Վլադիմիր Սորոկինի գործերը անչափ հոգեհարազատ են ինձ, իսկ հայ ժամանակակից արձակում կոնցեպտուալիզմի տարրեր եմ տեսնում Հրաչյա Սարիբեկյանի, Գուրգեն Խանջյանի,  Արամ Պաչյանի, Գրիգի, Արթուր Միկոյանի գործերում։

 

– Ըստ Ձեր բանավոր հավաստիացումների՝ 301-ը այսպես կոչված միջին վիճակագրական մարդու սրտի կշիռն է՝ 301 գրամ: Չգիտեմ՝ որքանո՞վ է այդ թիվը գիտական վիճակագրության արդյունք, բայց նրա վերջին 1 գրամն առավել «ծանրակշիռ» է. այնտեղ Ձեր հեգնանքն է: Ի՞նչն եք հեգնում, ինչու՞ է հենց դա դարձել գրքի վերնագիր, մանավանդ որ Ձեր արձակին ծանոթ յուրաքանչյուր ոք կվկայի, որ Ձեր գործերում մեծ հաշվով «սիրտ» չկա. հիմնականում մտացածին, աբսուրդ իրավիճակներ են, գաղափարաբանական փորձարարություններ՝ նկարագրված մտադատողական սառը ոճով, Ձեր գրիչը չլքող իրոնիայով: («Սրտի» առումով որոշակի բացառություն կարող էր լինել E=mc2 վերնագրով պատմվածքը։ Այնտեղ անպատասխան սիրո այնպիսի իրական ու տպավորիչ պատկերումներ կան, որ գրեթե կասկած չի մնում. դրանք անձնապես ապրված զգացում-դատողություններ են։ Բայց, ինչպես վայել է Ձեր գրչին, ամենավերջին պահին Դուք սառը ջուր եք մաղում ընթերցողի գլխին՝ վերջինիս համար պարզելով, որ այնքան զգացմունքայնորեն նկարագրված անպատասխան սերը... փողին է վերաբերում)։ Ուրեմն՝ ինչու՞ 301 գրամ:

 

– 301 գրամը միջին վիճակագրական ցուցանիշով իրոք համապատասխանում է մարդու սրտի կշռին։ Այն տատանվում է 275-ից 325 գրամի միջակայքում։ 301-ը նաև մեր ժողովրդի բազմադարյան պատմության մեջ բեկումնային նշանակություն ունեցած տարեթվերից է, որի ենթատեքստային ներմուծումը պատում, կարծում եմ, գեղարվեստական ինտրիգ է առաջացնում։ Անկասկած, փողը հզոր էներգիայով օժտված գործիք է, որը դերակատար է յուրաքանչյուրիս կյանքում։ Գնա՛ այնտեղ, ուր կա Փող և Արժանապատվություն,- իմ՝ բանական մարդուն ուղղված հորդորը կարծում եմ շատերի համար առօրյա կյանք է, կանոնակարգված վարքագիծ։ Սերը եթե նույնիսկ իր ամբողջական գործիքակազմով չի պայմանավորում փողի որոշակի քանակ, ապա իր ուրույն ճանապարհն անցնելու համար պարտադրում է կոնկրետ գումար՝ գոնե ճանապարհի տոմսի արժեքը։ Կանոնավոր ու ժամանակին վճարումները Սիրո գանձարկղ հրաշալի գիտակցումն է այն իրողության, որ դու հասուն տղամարդ ես, ոչ թե ինֆանտիլ արարած։

 

– Ձեր արձակին ծանոթանալիս տպավորություն է ձևավորվում, թե գործ ունենք խնամված, կոկիկ լեզվական հյուսվածքի, գրեթե գիտականացված լեզվամտածողության հետ: Ձեր գրիչը ծայրաստիճան մաքուր է։ Ու թեև ընթերցողը չի կարող պնդել, որ Ձեր տեքստը մանվածապատ է, նրա համար դա այնուամենայնիվ անհարկի չոր տեքստ է՝ այնտեղ պակասում է… 301 գրամը: Բայց ես վստահ եմ՝ Դուք հակառակ կարծիքի եք։

 

– Ինձ համար գրականության կենսատարածքը հստակ քարտեզագրված ու գիտականորեն ապահովագրված է։ Գրականությունը որքան հույզերի ու գեղարվեստի, այնքան էլ ճշգրիտ գիտության աշխարհ է։ Գրական տեքստը որքան 301 գրամի ախտորոշում է, նույնքան էլ անատոմիական մարմնի բուժման և նրա հիվանդության պատմության ճշգրիտ արձանագրում։

 

–Մենակյացի Ձեր իրական կերպարը որոշ ընդհանրություններ ունի Ձեր գրական հերոսների հետ. նրանցից բոլորից առնում ես մենակության թախծալի բույրը։ Ուրեմն՝ Ձեր գրականությունը Ձեր մենակեցության շարունակությունն է, իսկ գուցե Ձեր մենակեցությու՞նն է ինքնասնուցվել մենակյաց հերոսների օրինակով։ Ընդհանրապես, որչափո՞վ է գրողի կյանքն ու ճակատագիրը կանխորոշում նրա գրականությունը, թափանցում եթե ոչ տեքստ, ապա առնվազն ենթատեքստ ու տողատակ։

 

– Հայտնի բանաձև կա․ բոլոր մարդիկ մենակ են, բայց միայնակ չեն։ Իսկ մենակեցությունը, եթե իրոք մենակեցություն է, մեծագույն առաքինություն է և առաքելություն, որին արժանի լինել՝ տրվել է շատ քչերին՝ սրբերին։ Ես այդպիսին չեմ, ես սովորական բազմամեղ մահկանացու եմ՝ որպես ՀՀ քաղաքացի։ Իսկ որպես գրող անվերապահորեն կողմ եմ այն գրողներին, որոնց «դավանանքը» մենակեցություն է։ Այս առումով ինձ համար ամենահոգեհարազատը Կաֆկան է։ Նաև՝ Սելինջերը, որին հաջողվեց ռեսուրսներով ապահովել սեփական մենակեցությունը։

 

– Գրողների հետ հարցազրույցներում հաճախ ստանդարտ հարց է հնչում՝ «Ո՞ր կերպարներն են Ձեզ հոգեհարազատ», բայց ես այդ հարցը չեմ տա, որովհետև Ձեր կերտած կերպարներն այնքան ոչ-ստանդարտ, անիրական ու կոնցեպտուալ են, որ անհնար է խոսել նրանց հետ ինչ-որ հոգեհարազատության մասին։ Այնուամենայնիվ, Ձեր ստեղծած ողջ գրականությունը եթե մի հնարով մարմնավորվեր որևէ կերպարում, դա ո՞րը կլիներ՝ Ձեր կարծիքով։

 

– Պարոն Ֆուֆուն՝ ամենակենսունակ ու իմաստուն մի հերոս, որի կենսափիլիսոփայությունն ուղղակի անդիմադրելի է։ Կյանքդ երկար լինի, պարոն Ֆուֆու...

 

– Համացանցն ու համակարգիչը, թվում է՝ անդարձ կերպով, ձևախեղեցին ընթերցանության մշակույթը․ հիմա գիրք քիչ են կարդում, քչերն են կարդում։ Դուք որքանո՞վ եք կարողացել Ձեզ «պահպանել» իբրև ընթերցող, հետևու՞մ եք ժամանակակից գրականության նորություններին։ Դրանք Ձեզ հուսադրու՞մ են։

 

– Տպագիր գիրքն ինձ ավելի հոգեհարազատ է՝ ավելի անմիջական ու կենդանի հաղորդակցում է ապահովում։ Սակայն ապագան թվային աշխարհին է ու արհեստական բանականությանը՝ անկասկած։ Համացանցը դե ֆակտո համաշխարհային միջնորդ լեզու է դարձել։ Հենց համացանցն էլ հնարավորություն է տալիս շատերիս հաղորդակցվել համաշխարհային գրական նորություններին։ Իմ կարծիքով՝ համաշխարհային գրականությունը համակարգային ճգնաժամ է ապրում։ Պատճառները բազմաթիվ են, բայց ես ուզում եմ նշել դրանցից մեկը՝ տեղեկատվական տեխնոլոգիաները, որոնք ներխուժել են մարդու կենսագործունեության նույնիսկ շատ անձնական տիրույթներ։

 

– Ձեր գեղագիտությունը և գեղարվեստական աշխարհայեցողությունը ժամանակակից ո՞ր հայ գրողին կամ գրողներին է դարձնում հոգեհարազատ։

 

– Անկասկած՝ Չարենցին. նա միշտ ժամանակակից է և անգերազանցելի գրական հանճար։ Բայց ես անվերապահորեն սիրում և ընդունում եմ իմ կողքին ապրող ու ստեղծագործող բոլոր հայ գրողներին։ Հավատացեք՝ եթե մարդը գրիչ է վերցրել և հավատում է, որ գրելով թեկուզ 1 միլիջոուլ էներգիա է հաղորդելու գրականություն կոչվող ենթակայանին, ուրեմն նա գոնե լավ մարդ է։ Բարևեք այդ մարդուն, հարցրեք նրա որպիսությունը, եթե կարող եք՝ օգնեք նրան հաղթահարելու կյանքի դժվարությունները…

 

– Տարիներ շարունակ հրատարակել եք «Հրաշամանուկ» մանկական պարբերաթերթը։ Այս տարվա սկզբին պարզ դարձավ, որ պետական ֆինանսավորման բացակայության պատճառով չեն հրատարակվելու մի քանի հանրապետական մանկական պարբերականներ («Աղբյուր» «Կանչ», «Ծիծեռնակ»)։ Ձեր կարծիքով՝ այսօրվա հայ մանուկը տպագիր մամուլի կարիք այլևս չունի՞։ Չնայած, որքան գիտեմ, նոր իշխանությունների այս անզիջում կեցվածքը (մանկական պարբերականների ֆինանսավորումը դադարեցնելու) Ձեր խմբագրած «Հրաշամանուկին» չի սպառնում, քանի որ այն երբեք պետական հովանավորություն չի ունեցել։

 

– Հայ մանուկը ոչ միայն տպագիր մամուլի, այլև շատ այլ կենսական բաների ու ծառայությունների կարիք ունի։ Իսկ «Հրաշամանուկը» արդեն 2 տարի է, ինչ չի տպագրվում՝ այդ նույն ռեսուրսների բացակայության պատճառով։ Բայց մեր հրաշամանուկներին, որքան էլ անհավատալի է, օգնության ձեռք մեկնեց պարոն Ցուկերբերգը։ Facebook-ը դարձավ այն անշահախնդիր տարածքը, որտեղ էլ մենք ծավալում ենք մեր հրաշամանուկակենտրոն ու հայրենանվեր գործունեությունը։

 

– Քիչ եք գրում։ Ձեր պատմվածքներում, անգամ տողերում խնայողություն կա։ Այդ առումով՝ մինիմալիստ եք։ Վախենու՞մ եք կյանքից, զգացմունքներից, դրանց բնական դրսևորումներից։

 

– Կարծում եմ՝ մինիմալիզմը դարձել է ընդհանրապես վերջին 100-150 տարվա գեղարվեստական աշխարհընկալման յուրահատուկ ձև։ Փոքր ռեսուրսներով կարճ ժամանակում ու կարճ տարածության մեջ որևէ պրոդուկտ ստեղծելու, մշակութային արժեք արարելու տենդենցը մարդկային գործունեության առավել արդյունավետ կազմակերպման եղանակն է այսօր։ Գրականությունը ևս ռեսուրս է, էներգիա, որը ենթադրում է խնայողություն թե՛ այսպես կոչված «արտադրական» փուլում և թե՛ նրա՝ որպես պրոդուկտի սպառման պրոցեսում։ Ի վերջ, Աստված անպարագիծ Տիեզերքն արարեց ընդամենը 6 օրում, 7-րդ օրը պարզապես հանգստացավ։  Զգացմունքները, իմ կարծիքով, երբեք չեն կարող լուրջ գրականության  ստեղծման իմպուլս, մեկնարկ, առավել ևս ստեղծագործական պրոցեսի «վերահսկիչ փաթեթ» հանդիսանալ։ Զգացմունքների «դոզայի» տակ նույնիսկ սիրային բանաստեղծություն գրելն է բավական, որ հեղինակը ձախողվի, իսկ զգացմունքների մասին գրելն ուղղակի մանկամտություն է։ Կարծում եմ՝ զգացմունքի էներգետիկան այլ չափման տիրույթում է գտնվում․․․

 

– «1948» պատմվածքը Ձեր եզակի գործերից է, որտեղ նախատիպ ունեցող հերոս կա, նկատի ունեմ սպանված բանաստեղծին։ Նախ՝ հետաքրքիր է, որ Դուք նրան համարում եք սպանված՝ կարծես հուշելով, որ կյանքը (ի՛ր իսկ կյանքը) նրան սպանեց։ Դուք նույնիսկ մեջբերում եք նրա մի բանաստեղծությունից՝ փոքր-ինչ խմբագրելով տողերը։

 

 – Այո, այդ պատմվածքում բանաստեղծի նախատիպը տաղանդավոր բանաստեղծ Սամվել Զուլոյանն է, որի հետ մեր սերունդը բախտ է ունեցել երկար տարիներ շփվելու թե՛ որպես գրչակից ընկերոջ և թե՛ որպես… էքսցենտրիկ անձնավորության։ Սամվել Զուլոյանի երկրային կյանքի դասերը մեր սերունդն անչափ արժեքավոր է համարում։

 

– Պատմվածքում (վերնագիրը հուշում է այդ թվականին ընդդեմ խոշտանգումների ընդունված ինչ-որ կոնվենցիայի մասին, բայց թվանշաններով այն հիշեցնում է Ջ․ Օրուելի «1984» վեպը, որն էլ, ի դեպ, գրվել է հենց 1948-ին) «մարմինը վերահաս կործանումից փրկելու» համընդհանուր (նույնիսկ ոջիլի) բնազդային ջանքը նկարագրված է տաղանդավոր գրչով։ Կարծում եմ՝ դա Ձեր լավագույն ստեղծագործություններից է։ Բայց այդ պատմվածքն ինձ հետաքրքրում է բոլորովին այլ տեսանկյունից։ Ժամանակին մի պատմություն եմ լսել (թե կարդացել) այն մասին, որ երբ ծառի կողքով անցնում է կացինը ձեռքին մարդը, ծառն «արձագանքում» է տագնապով, մինչդեռ անզեն մարդու անցնելու դեպքում նա միանգամայն հանգիստ է։ Ահա այս պատմության ֆոնին Ձեր պատմվածքն իր նյութով (սպանությանն «ականատես» ոջիլի հարցաքննությամբ բացահայտել մարդասպանին) աբսուրդից գիտական ֆանտաստիկայի ժանրին է մոտենում, իսկ ֆանտաստիկան, ինչպես հայտնի է, իրականություն դառնալու սովորություն ունի (վկա՝ Ժյուլ Վեռնը)։ Հետաքրքիր կլինի լսել այդ պատմվածքի Ձեր՝ հեղինակային մեկնաբանությունը։

 

– Ձեր հարցի մեջ մինիմալիստական ձևակերպումով արդեն իսկ տվել եք «1948» պատմվածքի հետաքրքիր ու դիպուկ մեկնաբանությունը։ Պատմվածքը, այո, 1948-ին ընդունված մարդու իրավունքների կոնվենցիայի համատեքստի և Ջ․ Օրուելի «1984» հանրահայտ վեպի գաղափարախոսության հակադրամիասնությունն է։ Երկու դեպքում էլ առաջին զոհը ճշմարտությունն է։ Եթե ուժն է ծնում իրավունք, ուրեմն Աստված ի զորու չէ պաշտպանելու ոչ միայն Կյանքի իրավունքը, որ Իրենից է բխում, այլև այդ կյանքն ապրելու իրավունքը, որը, փաստորեն, տրված է ուժին։

 

Զրույցը վարեց Լևոն ՍԱՐԳՍՅԱՆԸ

Back to top