поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

Ժամանակակից հայ արձակի տաղանդավոր դեմքերից մեկի՝ Հրաչյա ՍԱՐԻԲԵԿՅԱՆԻ հետ այս հարցազրույցը դժվար էր գրվում, մանավանդ` սկսվում, հար և նման նրա գեղարվեստական գործերին։ Բայց դժվար գիրը, հայտնի բան է, մի առավելություն ունի` հեշտ է ընթերցվում։

(Հրաչյան, ի դեպ, այսօր բորխեսյան իրականության մեջ է՝ Հայաստանի ազգային գրադարանի տնօրենի պաշտոնակատարն է): 

 

– Կարծում եմ՝ բազմիցս տրված կլինի հարցը «Ապուշների ուղևորությունը» վեպի ժանրային պատկանելության մասին՝ ինչու՞ «երկաթուղային վեպ»։ Մեկնաբանությունը, թե՝ այս վեպով «ռելսերի» վրա են դրվում-հրատապացվում անցյալ դարի 90-ական թվականների որոշ իրողություններ (մասնավորապես Բաքվի և Ադրբեջանի այլ քաղաքների հոգեբուժարանների ազգությամբ հայ հիվանդների ճակատագիրը), փոքր-ինչ պարզունակ է՝ «երկաթուղի» բառից «ռելս» բառին ասոցիատիվ-թեթև անցում կատարելու չափ. կարծում եմ՝ ավելի խորքային մեկնաբանության կարիք կա։ Տպավորություն ունեմ, թե վեպի անոտացիան, որ ենթադրաբար որևէ ստեղծագործության ամենասեղմ գրախոսությունը պետք է լինի, մի քիչ շեղվել է իր «առաքելությունից» և ավելի շատ փորձել է հրատարակչական (հեղինակային) կոմերցիոն խնդիր լուծել։ Դա էլ է, ի դեպ, հասկանալի, բայց չպիտի արվի ի հաշիվ գրվածքի բուն ասելիքի ներկայացման։

Իսկ կյանքն ընդհանրապես շարժում է՝ փիլիսոփայական ու նաև ֆիզիկական իմաստներով, և ահա կյանք-շարժումի վրա ևս մի՝ թվում է անմիտ-գծային շարժում՝ գնացք՝ հոգեկան հիվանդներով լցված, շարժում, որը միտում է ուր-որ, բայց նաև՝ շարժում, որ բացում է բուն շարժման՝ կյանքի ամբողջ ողբերգական պատկերը:

 

- Իմ մանկական հիշողությունները կապված են երկաթգծերի հետ: Վանաձորի Քիմգործարան թաղամասում, ուր մանկությունս է անցել, մեր շենքի մոտով գործարան մտնող երկաթգիծ էր անցնում, իմ մանկությունն այդ երկաթգծի վրա է անցել: Հաճախ գնացքով Ալավերդի էինք մեկնում, ամռանը՝ Սև ծով: 1988-ի երկրաշարժից հետո մեր ընտանիքը տեղափոխվեց ուրիշ թաղամաս և դարձյալ՝ երկաթուղու հարևանությամբ: Պատանությանս խաղերից շատերն էլ են երկաթգծերի հետ կապված: Ու մինչև օրս իմ երազներում անընդհատ երկաթուղիներ ու գնացքներով ճամփորդություններ եմ տեսնում՝ ինչ-որ անհայտ ու սահմռկեցուցիչ քաղաքներով. դրանք իմ ամենավառ ու տպավորիչ երազներն են, ու ինչպես երազներիս, այնպես էլ ստեղծագործություններիս մեջ երկաթուղիներից ու գնացքներից չեմ կարողանում ազատվել: Անհագորեն գրականության մեջ տարիներ շարունակ փնտրել եմ գնացքների և դրանցով ուղևորությունների այնպիսի նկարագրություններ, որ իմ երազներից էլ «սյուր» լինեն, գործեր, որ կարող էին հագեցնել գնացքների ու երկաթգծերի հանդեպ անսպառ հետաքրքրությունս: Այդ ստեղծագործությունները քիչ չեն, դրանցից շատերի մեջ ինձ դուր էին գալիս հատվածներ, դետալներ, բայց ամբողջության մեջ դրանց սյուրռեալիստական «դոզան» չէր բավարարում ինձ, սեփական երկաթուղային ստեղծագործությունն էի ուզում գրել՝ ամբողջության մեջ գնացքի ու գնացքով ուղևորության մասին, ուզում էի իմ սիրած թեման բարձրացնել ժանրի աստիճան, ստեղծել իսկական երկաթուղային վեպ... Փաստորեն գնացքներն ու երկաթուղիներն իմ կյանքում երեք փուլ են անցել՝ մանկության ու պատանության խաղեր, այդ խաղերից մտել են երազներ և երազներից՝ գրականություն...

 

– Վեպի վերնագրում «ուղևորություն» բառը, իմ ընկալմամբ, բավականին ուշագրավ է, ինչ-որ իմաստով՝ խորհրդանշական։ Այդ բառն ապուշների գնացքի տեղաշարժերը որոշակիորեն նպատակայնացնում է. չէ՞ որ ուղևորությունը ենթադրում է նպատակադրված ընթացք։ Որքանո՞վ է իմ այս դիտարկումը համահունչ այն նշանակությանը, որ դու ես դրել այդ բառում՝ վերնագրելիս։ Նախորդ հարցադրման մեջ արդեն ակնարկել եմ, որ եթե գնացքը՝ պատերազմը, ուղևորներին տանում է անհայտ ուղղությամբ, ապա դա ուղևորություն չէ, այլ ուղևորատար գնացքում հայտնված մարդկանց ողբերգականորեն անղեկ-կույր ընթացք դեպի վախճան։ Մարդու կյանքն էլ ավարտին միտված ցմահ «ուղևորություն» է։ Հիմա՝ մի նկատում, որ ուզում եմ հաստատել կամ հերքել քո օգնությամբ։ Վեպի վերջին էջերում առաջին պլան է մղվում Միթևանին՝ դառնալով վեպն իրենով ավարտելու չափ կարևոր հերոս։ Մի՞թե դրանով դու չես ուզում չեզոքացնել այն ընկալումը, թե վեպը Բաքվում մնացած հոգեկան հիվանդ հայերի ճակատագրի մասին է։ Կարծում եմ՝ Միթևանու կերպարով դու մերժում ես այդպիսի ընկալումը՝ հստակ ակնարկելով, որ խոսքը Մարդու մասին է։ Հիշենք, որ Միթևանին կիսով չափ հայ էր, կիսով չափ՝ ադրբեջանցի, հետևաբար ազգային պատկանելություն չուներ, ինչպես որ ազգային պատկանելություն չունի մարդկային ողբերգությունը։

 

– Վեպում երկաթգիծն առաջին հերթին երկու նախկին խորհրդային պետությունները կապող ուղին է, և այդ ուղով անցնում է գնացքը, որ փոխադրամիջոցից պատերազմի փոխաբերության է վերածվում: Ուղևորները՝ «հիմարանոցի» հիվանդները, չգիտեն՝ ուր են տանում իրենց, որտեղ և ինչով է ավարտվելու իրենց ուղևորությունը... Վեպն ինչ-որ տեղ պատերազմների ժամանակ մարդու անզորության մասին է պատմում, ցույց տալիս, թե ինչպես է մարդը հայտնվում անորոշության մեջ, չգիտի՝ ինչ է սպասվում իրեն, ուղղակի հարկադրված է հանձնվել իրադարձությունների անկասելի ընթացքին և փախուստի ոչ մի հնարավորություն չունի: Այո, վեպը նախ և առաջ պատերազմի դեմ մարդկային անզորության մասին է... Պատերազմը ռելսերի վրա դրված գնացք է, որից փախուստ չկա... Կուզեի մեջբերել Միթևանուն վերաբերող հատվածը. «Ոմանք ասում էին, թե իր ձեռքը նա պատերազմում է կորցրել, ոմանք՝ գնացքի տակ է մնացել, ոմանք էլ՝ թե հաստոցն է թռցրել: Ասենք ի՞նչ տարբերություն՝ անողոք, պողպատե ատամներով փայտանյութ խժռող հաստոցի ու պատերազմի միջև: Հաստոցի, որ մարդկային ձեռքի ու փայտի միջև խտրություն չի դնում: Ի՞նչ տարբերություն պատերազմի և գնացքի միջև»: Ինչ վերաբերում է ուղևորությանը, որ երևի կյանքի և գրականության առանցքային հասկացություններից է, ապա անչափ կարևոր մի դիտարկում եմ ուզում անել. կյանքը՝ որպես ուղևորություն, մարդկության մեծ մասի համար անցնում է թմբիրի ու մտավոր տկարության մեջ, և այս դեպքում ուղևորության ավարտը վերադարձ է դեպի ելման կետ, ինչպես «հիմարանոցի» հիվանդների դեպքում: Եվ սա վեպի թերևս ամենաընդհանրական իմաստն է:

 

– Մի դիտարկում ևս։ Զուտ ոճային առումով «Ապուշների ուղևորությունը» վեպը որոշակիորեն տարբերվում է «Երկվորյակների արևից»։ Շարադրանքը ոչ միայն ոճով, այլ նաև ձևով (որն այս դեպքում ոճի արտահայտման եղանակ է) նույնիսկ մտածել է տալիս, թե այն գրվել է իբրև կինովիպակ. հեղինակի խոսքը ներկա ժամանակով է, գեղարվեստական նկարագրությունները բազմաթիվ դեպքերում փոխարինված են «չոր» նշումներով՝ որպես ռեմարկներ։ Անշուշտ, կարելի է մտածել, որ այդ չորությունը, բառն իբրև նախադասություն ներկայացնելու հատու ոճը նպատակ ունի նաև թխկթխկոցով ընթացող գնացքի ընթերցողական պատրանքն ապահովելուն, ինչպես նաև հերոսների՝ մեկը մյուսից բանական կտրվածության՝ անկապության, ապուշության տպավորություն ստեղծելուն,  բայց սա ընդամենը սուբյեկտիվ ընկալում է՝ ճշմարիտ լինելու փոքր հավանականությամբ:

 

– Դիտարկումները ճիշտ են, թեև կինովիպակ «Ապուշների ուղևորությունն» այնուամենայնիվ ես չէի անվանի: Վիպակ էլ: Այդ ծավալի վեպերը համաշխարհային մոդեռնիզմի և պոստմոդեռնիզմի գրականության մեջ շատ-շատ են: Մյուս կողմից, ինչպես նկատեցիք, ոճը բխում է ընթացքից ու ասելիքից: Ի վերջո «ապուշների» մասին վեպի հեղինակի ընկալումը չպիտի տարբերվեր հերոսների ընկալումից:

 

– Հարցազրույցներից մեկում ասում ես՝ «Ապուշների ուղեւորությունը» գրել եմ ութ օրում՝ հապճեպ, որպեսզի հասցնեմ մրցանակի ներկայացնել»: Ես գիտեմ, թե ինչպես նույն հապճեպությամբ նաև թեկնածուական ատենախոսությունդ ես գրել՝ մոտ երկու շաբաթում։ Գրելու այդ հապճեպությունն արդյո՞ք ենթադրում է սևեռումի այնպիսի բարձր աստիճան, որի դեպքում անկարևոր դետալները չեն հասցնում երևակվել մտքի կողմից, հետևաբար մնում են խոսքի տիրույթից դուրս՝ վերջինս  դարձնելով առավելագույն չափով անկեղծ-բնական։

 

– Ինձ համար այն կարճ ժամանակամիջոցը, որի ընթացքում ներշնչանքը չի ընդհատվում, վեպի ամբողջականության ամենամեծ երաշխիքն է, երբ հաջողվում է ամբողջությամբ ստեղծագործության վերածել այն ներքին իրականությունն ու այդ իրականության մթնոլորտը, որ հայտնակերպվել է քեզ, և որից մինչ ստեղծագործության ավարտ ոչ ուզում ես, ոչ էլ կարող ես դուրս գալ, և այդ իրականությունն ու մթնոլորտը պաշտպանված են արտաքին աշխարհի ազդեցություններից... Հենց սկզբում որսում ես ստեղծագործության ռիթմը և ոճն ու այդպես շարունակում մինչև վերջ. մի շնչում և չընդհատվող այդ իրականությունը, մթնոլորտը, ռիթմն ու լեզուն են արդեն բացառապես թելադրում այն, ինչ կարող է էական լինել ստեղծագործության մեջ: Ավելորդությունները մտնում են ստեղծագործական ընթացքի ընդհատումների ու մշակումների ժամանակ: Ինչ-որ իմաստով՝ նույն ստեղծագործությանը երկրորդ անգամ անդրադառնալն ու մշակելը հղկում, ավելի կատարյալ է դարձնում ստեղծագործությունն արվեստի տեսանկյունից, բայց խոցելի է դարձնում կյանքի ու կենսականության տեսանկյունից... Գրականությունն այս դեպքում շահում է կյանքի հաշվին... Չէ՞ որ աշխարհում անթերի և համաչափ աճած ծառեր չկան, իսկ եթե լինեն էլ, անբնական են թվալու: Ինքնաբուխ անմշակությունը հաճախ կյանքին շատ ավելի մոտ է կանգնած, քան կատարելության հարող հղկվածությունը: Անմշակ Դոստոևսկին ավելի համոզիչ է, քան հղկված Ֆլոբերը: 

 

– Ակնհայտ է, որ որոշակի թուլություն ունես միջակետի հանդեպ։ Ինձ համար էլ դա նախընտրելի կետադրական նշան է, մանավանդ որ, գեղարվեստական խոսքում հատկապես, միջակետն աֆորիզմի նախանշան-նախադուռ է. նրանով կարծես հասունացվում է խոհը, որն  ասույթի խտություն ունի։ Ավելին՝ կարծում եմ, եթե արձակ խոսքը չի միտում (մանավանդ՝ աննկատ) ասութային սեղմության, ուրեմն որոշակիորեն պարզունակ խոսք է։ Քո պատմվածքներում ու վեպերում բազմաթիվ են ասույթները՝ հենց միջակետով հասունացված։

– Ես միշտ առանձնակի թուլություն եմ ունեցել անհերքելի ձևակերպումների հանդեպ: Դպրոցական տարիների սեղանիս գիրքը աֆորիզմների հայերեն մի գիրք էր, և հենց այդ գիրքն ու գրականությանս ուսուցչուհին են սովորեցրել ինձ սիրել գեղեցիկ ու անհերքելի ձևակերպումները: Եվ նույն բավականությունն ավելի խորն ես ապրում, երբ սեփական ստեղծագործությանդ մեջ քեզ են այդպիսի ձևակերպումներ ներշնչվում, բայց ստեղծագործությունն ավարտելուց հետո այդ ամենը ձուլվում է ամբողջության մեջ, և արդեն դժվար է ամբողջությունից ասույթի կենսունակություն ունեցող որևէ ձևակերպում զատել: Այդ զատումն ուրիշների գործն է, գրողի համար երևի թե ավելի բնական է սեփական ստեղծագործությունն իբրև ամբողջություն ընկալելը: Ու երբ ուրիշները կոնտեքստից ասույթի կարգավիճակով նախադասություն են հանում, մոռացված ու հարազատ, քո մտքից ծնված խոսքը հանկարծ ասույթի կշիռ է ստանում, թև է առնում, դառնում «թևավոր խոսք», աչքիդ առջև հրաշք է կատարվում. ջրից նոր հանած ձուկը դառնում է թռչուն:

 

–  2018-ին հրատարակված «Այնտեղ աչքերդ երբ բացես» պատմվածքների ժողովածուն հարցազրույցներից մեկում բնութագրել ես որպես ստեղծագործական մի շրջափուլի ավարտ-ամփոփում։ Այդ ժողովածուում կան 2007-2018 թթ. գրված ստեղծագործություններ։ Արդյո՞ք ամբողջ այդ շրջանը՝ ավելի քան 10 տարի, ընդամենը մեկ փուլ է կազմում։ Այդ ժամանակաշրջանում են հրատարակվել նաև քո վեպերը, որոնց գեղարվեստական, աշխարհայացքային, ոճական, գեղագիտական և այլ տարբերությունները ամենևին չեն ենթադրում սոսկ մեկ փուլ։ Չէ որ չէր կարող պատմվածքների համար դիտարկվել ստեղծագործական մեկ փուլ, վեպերի համար՝ մեկ այլ։ Ուրեմն, ավելի ստույգ, որո՞նք են քո ստեղծագործական կյանքի փուլերը։

 

– Ես գուցե այլ չափանիշներով եմ ընկալում: Պարզապես այն, ինչ մինչև հիմա եմ արել, ինձ համար այլևս ավարտված փուլ է այն ամենի համեմատ, որ պատրաստվում եմ անել:

 

– Ի դեպ, նշված ժողովածուում պատմվածքների հրատարակչական էջերի թվերը (9-ից 7-ի դեպքում) կամ 7 է, կամ 13։ Որքան էլ պատահականության արդյունք՝ միստիկա կա։ Բայց ես ուրիշ բան պիտի հարցնեմ։ Պատմվածքների գլխավոր թեման մահն է. դու կարծես հետազոտում ես «մահ» երևույթը և դրա համար նրան մոտենում տարբեր կողմերից։ Նույն թեմայի սյուժետային վարիացիաները անշուշտ ապահովում են թեմայի առավել համակողմանի վերլուծումը։ Օրինակ՝ ավելի վաղ հրատարակված «Գուշակություններ հայելիներով» վիպակի և «Հավերժական շարժիչը» պատմվածքի գեղարվեստական փոխկանչերն ակնհայտ են նույնիսկ իրավիճակների, պատկերների և բանաձևումների համանմանությամբ։ («Նայեցի նրան, առաջին անգամ նկատելու պես հիշեցի, որ հղի է։ Մահացած ամուսնուց զավակ էր ունենալու։ Մարմինս սարսռաց, երբ պատկերացրի, որ մանկան կերպարանքում հորս դեմքի այլափոխությունն եմ տեսնելու»։ «Կինը լաց եղավ, ու ես նրա կողքին նկատեցի նրա խեղճացած որդուն, որ առաջին անգամ էր ինձ տեսնում, ուշադիր նայում էր ինձ, ասես իմ դեմքի վրա հորս դիմագծերի կրկնությունն էր կռահել»)։ Հիմա հարցս․ քո ստեղծագործության մեջ այսպիսի փոխկանչերը որքանո՞վ են պատահական կամ գիտակցված։

 

– Այո, մահը որպես երևույթ չի դադարում հետաքրքրել ինձ, ստացվում է, որ տարիներ շարունակ մահն ինձ համար գրելու միակ խթանն է եղել, ստացվում է, որ տարիներ շարունակ լեզվի միջոցով մահվան առեղծված բացելու ապարդյուն փորձերով եմ զբաղված եղել... Անկեղծ ասած՝ տարակուսում եմ, եթե մահն այդչափ չհետաքրքրեր ինձ, կգրեի՞ ընդհանրապես, թե ոչ, բայց վստահ եմ, որ եթե անմահություն լիներ, չէր լինի գրականություն: Տխուր է, որ կա մահ, բայց գրականությունը մահվան դիմաց տրված մեծագույն պարգևն է: Ինչ վերաբերում է կրկնություններին, կամ ինչպես անվանեցիք փոխկանչերին, դրանք չգիտակցված են, հետո ես ինքս էլ եմ նկատում, որ ինչ-որ սևեռուն մտքեր, անընդհատ իրենց լավագույն, վերջնական ձևակերպմանն սպասելով, փաստորեն կրկնվում են...

 

 

– «Կույրինը կույրին» պատմվածքը քո ամենախիտ հյուսվածքներից մեկն է, այնքան, որ նրա ասելիքը հետո հնարավոր եղավ բացել իբրև վեպ՝ «Երկվորյակների արևը»։ (Ես դիտմամբ եմ խուսափում վերջին ժամանակներս գրողական ու գրաքննադատական բառապաշարում մոդայիկ դարձած «տեքստ» բառից, որից անշունչ մի բանի տպավորություն եմ միշտ ստանում, իսկ ահա նույն բառի հայերեն բառացի փոխադրությունը՝ «հյուսվածք», կենդանացնում է անշունչը, ինչպես քո գործերն են)։ Մահվան թեմայի խոր փիլիսոփայական արծարծումը՝ պատումի չափազանց ժլատ բանվածքում, հայ գրականության մեջ այս ստեղծագործությունը դարձնում է անօրինակ։ Ցնցող է վերջաբանը՝ կույրից «վերցված» (գրողը երբեմն որքա՛ն է աչառու՝ հօգուտ իր հերոսի) փողերի  բաշխումը. մի քիչ՝ կույր մուրացիկ տատիկին, մի քիչ՝ եկեղեցուն ու մայրիկի հոգու համար մոմ վառելուն, և շատը… հերոսի նոր կոշիկներին։ Վերադառնանք  «Երկվորյակների արևին»։ Որքան գիտեմ, այդ վեպը մշակել ես չորս անգամ։ Ոճաբանակա՞ն մշակումներ էին դրանք, կառուցվածքայի՞ն, թե՞ գաղափարական կամ այլ։

 

– Մշակել եմ հինգ անգամ: Մշակումները եղել են թե՛ կառուցվածքային, թե՛ գաղափարական, թե՛ ոճական... Առաջին և վերջին տարբերակներն այդ առումով միանգամայն տարբեր վեպեր են, անփոփոխ են մնացել միայն տեղանքը և ուժգին տապը՝ վեպի սկզբից մինչև ավարտ: Եվ մի հատված: Եվ միայն երրորդ տարբերակից եմ մոտեցել այն վեպին, որ դարձել է գիրք: Իսկ այդ տարբերակն իրոք «Կույրինը կույրին» պատմվածքից է դուրս եկել:

 

– Ի դեպ, նկատելի է (հատկապես վեպերում) քո հակվածությունը բնաբաններով «բացվելուն»։ Դրանք միևնույն գրվածքի համար նույնիսկ մեկ կամ երկուսը չեն։ Տպավորություն կա, թե բնաբանները (մասնավորապես «Ապուշների ուղևորությունում») յուրատեսակ հանգույցներ են, որոնցով դու «կապում» ես ասելիքը՝ ապահովելու համար դրա ամրապնդությունը, հավաքությունը, թեմատիկ հնարավոր կենտրոնախուսությունը։ Եվ այս առումով բնաբանը քեզ համար դառնում է… գեղարվեստական պատկերավորման միջոց։

 

– Մեծագույն հաճույք եմ ապրում, երբ ուղեղիս շուրջ արբանյակների պես պտտվող ձևակերպումների մեջ, որպես կանոն՝ իմ ստեղծագործությունը գրելուց հետո, գտնվում է այնպիսի մի նախադասություն կամ պարբերություն, որ առեղծվածի պես թերի է, որն իր փոքրիկ չափի մեջ գաղտնիքի պես ամփոփում է քո ստեղծագործության ամբողջ ոգին կամ բանալի է ստեղծագործությանդ համար:

 

– Սիրելի Հրաչյա, 2000-ականների սկզբին ծրագրված մի վեպ այդպես էլ չավարտեցիր (հարցազրույցներից մեկում ես ասել)։ Երբեմն անավարտ մի գործ ավելի կարող է բնութագրել ստեղծագործողին, բացել նրա գրողական դեմքը, քան գրված-հրապարակվածը։ Ի՞նչ ստեղծագործական դասեր ես քաղել այդ անավարտ վեպից, և որտե՞ղ այնուհետ պետք եկան այդ դասերը։

 

– Գրել եմ այն ժամանակ, երբ շտապում էի վիպասան դառնալ, երբ փորձում էի ինքս իմ գլխից էլ վեր թռչել, բայց, անշուշտ, այդ փորձերի արդյունքում է ստացվում սեփական գլխից վեր թռչել:

 

Զրույցը վարեց Լևոն ՍԱՐԳՍՅԱՆԸ

Back to top