поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

Հեղինե ԱՂԱՄԱԼՅԱՆԸ արվեստագետի այն տեսակն է, որն իրենով մարմնավորում է երաժշտական արվեստը. քանոնահար է, երգիչ, նվագավար։ Եվ ինչպես ասում է այս հարցազրույցում՝ նաև երգահանի հավակնություններ ունի։ Հայտնի (և դեռ անհայտ) այս ձիրքերից բացի՝ նա յուրօրինակ է նաև իր մասնագիտական գործունեությամբ. զբաղվում է ոչ միայն համերգային ու ստեղծագործական, այլև  մանկավարժական գործունեությամբ։ Իսկ դա մշակութային խառնիճաղանջ մեր ժամանակներում թերևս ամենակարևորն է։

 

– Հատկապես արևելյան ժողովուրդների միջև ավանդական վեճեր կան այս կամ այն երաժշտական գործիքի ազգային պատկանելության շուրջ։ Մենք՝ հայերս, նույնպես այդ վեճերի «կողմերից» ենք, մասնավորապես նկատի ունեմ դուդուկի շուրջ ծավալված մշակութային վեճերը։ Եվ հիմա թեև վեճը կարծես լուծվում է հօգուտ մեզ, այնուամենայնիվ մի դիտարկում անեմ. անձամբ ինձ երբեք չեն հետաքրքրել կամ գոհացրել այդօրինակ վեճերը, որովհետև երբ որևէ համընդհանուր ճանաչում գտած կամ արժևորում ստացած երաժշտական գործիք հանգրվանում է այս կամ այն ազգի մշակութային «պահուստում», շուտով այն նաև «պահեստավորվում» է՝ զրկվելով իր համամարդկային նշանակությունից։ Այդպես նաև ազգայնացվում-նեղացվում է այն երաժշտությունը, որ հնչում է տվյալ գործիքի միջոցով։ Երաժշտական գործիքը, որ նվագում եք Դուք, քանոնն է՝ դեռևս հին միջագետքյան, շումերական երաժշտական մշակույթից հայտնի սանթուր գործիքի փոփոխված մի տարբերակը։ Որքանո՞վ է քանոնը հարիր հայոց երաժշտական մտածողությանը։ Արդյո՞ք որևէ երաժշտական գործիք չի «ազգայնանում» իր իսկ կատարողի պրոֆեսիոնալիզմի շնորհիվ, մի՞թե կատարողն ինքը չէ համամարդկային այդ գործիքն իր տաղանդի շնորհիվ «վերահասցեագրում» այս կամ այն ժողովրդին։ Դուք որքանո՞վ եք քանոնը հայկականացրել։

 

Մշակութային արժեքները «ազգայնացնելու» նկրտումների հարցում համաձայն եմ Ձեզ հետ։ Վաղ պատմական ժամանակներից են գալիս այս կամ այն նվագարանի ազգային պատկանելության վերաբերյալ վեճերը՝ շարունակվելով մինչև օրս։ Ավելին. կարծում եմ՝ այդ վեճերն այսօր նոր բովանդակություն են ստացել և ծավալվում են նոր թափով, որովհետև գլոբալիզացիայի հաղթարշավի մեր ժամանակներում սրվել է ազգերի ու ժողովուրդների մշակութային ինքնության գիտակցումը։ Յուրաքանչյուր էթնիկ միավոր պարզորոշ գիտակցում է, որ մարդկության մեծ ընտանիքում ինքն ուրիշներին հետաքրքիր է և նրանց կողմից ճանաչվում ու մտապահվում է իր ինքնատիպ արվեստով, այդ թվում՝ նաև նվագարաններով։ Որոշակի դեր է խաղում նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ իբրև համամարդկային մշակույթի զարգացմանն ու  պահպանությանը միտված միջազգային կառույցի (ՄԱԿ-ի կրթական, գիտական և մշակութային մասնագիտացված կազմակերպության) գոյությունը, որը որոշակի  գայթակղությունններ է ծնում ազգերի մոտ՝ այնտեղ արձանագրելու ինչ-ինչ մշակութային յուրահատկություններ ու ձեռքբերումներ, իբրև ազգ «գրանցվելու» նաև այդ միջազգային կառույցի «մատյաններում»։

Բայց դուդուկը, իմ համոզմամբ, հայկական ազգային նվագարան է։ Դուդուկի մեղեդու մեջ պատմություն կա՝ այնպիսի, որ դրան արձագանքում է արյունդ, իսկ մեղեդային այդ պատմությունն արևելյան ժողովուրդներից առավելապես հայի պատմությանն է համահունչ։ Բացի այդ՝ դուդուկը կարծես հետահայաց՝ դեպի անցյալ հառված նվագարան է, որով հնչում է մի երաժշտություն, որ միայն հայի պատմական ճակատագիրը կարող էր ստեղծել։ Այլ կերպ ասած՝ դուդուկի հայկական ծագումը, կարծում եմ, պետք չէ փաստարկել. բավական է նրա հայեցիության մեղեդային «վկայությունը»։ Ինչ վերաբերում է քանոնին, ապա պետք է ասել, որ կան տաղանդավոր երաժիշտներ, որոնք քանոնը հնչեցնում են լավագույն ձևով, մեկնաբանում հայի շնչով ու հայկական ոգով։ Բայց այն հայկական նվագարան չէ, ընդհանուր արևելյան երաժշտական գործիք է, որի հանդեպ սեփականատիրական հավակնություններն էն գլխից դատապարտված են ձախողման:

Քանոնահարի իմ երաժշտական կուռքը Անժելա Աթաբեկյանն է, որ հիրավի լավագույնս հայկականացրել է այդ գործիքը՝ նրանից պեղելով մեղեդային այնպիսի շերտեր, որոնց կարելի է հասնել, եթե միայն... հայ ես։ Քանոնը որքան քմահաճ, նույնքան էլ բարեհաճ գործիք է. նա հեշտությամբ ու սիրով «ազգայնանում» է տաղանդավոր երաժշտի մատների տակ։ Հուսամ՝ քանոնը թող որ աննշան չափով հայկականացվել է նաև իմ շնորհիվ։

 

 «Քանոն»-ը  հունարեն բառ է (մայր լեզվում հնչել է «կանոն» ձևով և նշանակել «եղեգի ցողուն», ինչպես նաև՝  «օրենք», «կարգ»)։ Բառի՝ եղեգի ցողուն նշանակությունը որոշ իմաստով նաև խորհրդանշական է. չէ՞ որ եղեգը «ամենաերաժշտական» բույսերից է։ Քանոնը որքանո՞վ է քանոնավորել Ձեր ստեղծագործական կյանքը, որքանո՞վ է օրենք ու կարգ մտցրել Ձեր հոգևոր աշխարհում։ Այդ կարգ ու կանոնից դուրս Ձեր կյանքը պատկերացնու՞մ եք։

 

Կարծում եմ՝ առհասարակ մարդու կյանքը գծված չէ քանոնով, այս դեպքում՝ «կանոնով»։ Սակայն շատ լավ է, երբ երաժիշտը, ընդհանրապես արվեստագետը,  գիտի իր անելիքը և, ամենակարևորը, հստակ նախանշել է իր նպատակը։ Ես միշտ իմացել եմ, թե ինչ եմ ուզում, և այս առումով «քանոնը» ամենադրական իմաստով միշտ իր գործն արել է. նա իսկապես կանոնավորել է իմ կյանքը և ստեղծագործական գործունեությունը, առավել նպատակասլաց է դարձրել իմ ապրած օրը, թույլ չի տվել կատարել այնպիսի շեղումներ, որոնք կարող էին հեռացնել կամ մշուշել նպատակը կամ էլ դրա իրականացումը դարձնել անհնար։

 

– Ինչպե՞ս «եկաք» դեպի քանոնը։ Եվ նա ու՞ր «առաջնորդեց» Ձեզ։

 

 Դեռ երեխա էի, երբ ռադիոյով առաջին անգամ քանոնով երաժշտություն լսեցի։ Ես, բնականաբար, որևէ պատկերացում չունեի հատկապես այդ գործիքի մասին, բայց անբացատրելի զգայությամբ մանկան իմ ունկը ինչ-որ ուրիշ, տարաշխարհիկ ելևէջներ էր լսել։ Հետո, երբ փոքրիշատե ծանոթ էի գործիքին և քիչումիչ արդեն տիրապետում էի նրան, աննկատ, բայց և մեկընդմիշտ նա տարավ ինձ իր աշխարհ, որտեղ, հակառակ իր անվան չոր «հուշումին», ամեն ինչ ազատ էր, անսահման ու կաղապարազերծ։ Նախնական երաժշտական կրթությունս ստացել եմ Վանաձորի թիվ 3 երաժշտական դպրոցում, այնուհետև ուսումս շարունակել Մ. Թավրիզյանի անվան երաժշտական ուսումնարանում։ Ավարտելուց հետո, սակայն, քանոնն ինձ առաջնորդեց մեկ այլ ոլորտ, և ես ողջ էությամբ տրվեցի դիրիժորական արվեստին ու երգին։ Փաստորեն ունեմ երեք մասնագիտություն. քանոնահար եմ, երգչուհի, դիրիժոր... Թող անհամեստություն չհամարվի,  հավակնություններս սրանով չեն ավարտվում. ամենայն հավանականությամբ մոտ ապագայում նաև կոմպոզիտորական գործունեություն կծավալեմ (երգահանի ներկայությունն իմ մեջ միշտ եմ զգացել)։ Ստեղծագործական առումով այսօր ավելի շատ հանդես եմ գալիս իբրև երգչուհի և դիրիժոր, իսկ քանոն՝ դասավանդում եմ։ 

 

–  Ինչպես ասացիք, նաև դիրիժորական գործունեություն եք ծավալում։ Դժվար չէ՞ երաժշտական գործիքի (Ձեր պարագայում՝ քանոնի) հանդեպ յուրատեսակ «դիրիժորություն» անելուց՝ այն կառավարելուց հետո, անցնել նվագախմբի կառավարման։ Նվագախմբերի պրոֆեսիոնալ երաժիշտները պրոֆեսիոնալ դիրիժորին սովորաբար «տեսնում» են՝ չնայելով նրան։ Ե՞րբ է դիրիժորը «տեսանելի» նվագախմբին, ի՞նչ է անհրաժեշտ դրա համար։ 

 

Ձեր հարցերը բազմաշերտ են, պատասխանեմ նախ առաջին հարցին։ Քանոնից նվագախումբ «անցումը»՝ կառավարելու իմաստով, ոչ միայն դժվար չէ, այլ նաև բնական է։ Երբ ամբողջի մի մաս կարողանում ես քեզ ենթարկել և ուղղորդել, հետո հեշտ է դառնում ուղղորդել նաև ամբողջը, այս դեպքում՝ նվագախմբի գործունեությունը։ Իմ ղեկավարած նվագախմբերի երաժիշտները (որ հիմնականում մանկական կամ պատանեկան նվագախմբեր են), կարծում եմ, ինձ «տեսնում» են, համենայն դեպս՝ «տեսնում» են ինձ ներկայացնող դիրիժորական փայտիկը։ Որպեսզի նվագախումբը «տեսնի» քեզ, նա ուղղակի իմաստով պիտի տեսնի քո պրոֆեսիոնալ պատրաստվածությունը, այսինքն՝ թե որքանո՛վ ես տիրապետում երաժշտական նյութին, որքանո՛վ է այն յուրացված քո կողմից, հակառակ դեպքում չես կարող նրա փոխանցողը դառնալ։ Պրոֆեսիոնալիզմ՝ ահա «տեսանելի» դառնալու միակ երաշխիքը։ 

 

Մաեստրո Օհան Դուրյանը, որ ֆենոմենալ հիշողություն ուներ, կարող էր ղեկավարել նվագախումբը՝ ամբողջ օպերային ներկայացման ընթացքում չնայելով պարտիտուրները. նա անգիր ամփոփում էր դրանք իր հանճարեղ հիշողության մեջ։ Ես, բնականաբար, որևէ համեմատություն չեմ ուզում անել, սակայն հետաքրքիր է՝ որպես դիրիժոր Դուք որքանո՞վ անգիր գիտեք պարտիտուրները։

 

–  Դիրիժորական արվեստում Օհան Դուրյանն այն մեծություններից է, ում հետ ոչ ոք պարզապես չպետք է հավակնի համեմատվել։ Ինչ վերաբերում է ինձ, ես անգիր գիտեմ այն ստեղծագործությունները, որ պետք է հնչեն նվագախմբի կողմից, հետևաբար դիրիժորական պուլտին դրված նոտաներին նայելու փոխարեն գերադասում եմ «նայել» նվագախմբի գործիքների հնչողությանը։

 

– Ի դեպ, նորից քանոն-կանոնի մասին։ Ես ետ եմ վերցնում նախորդ հարցերից մեկում հնչեցրած իմ դատողությունները կանոնով կյանքը ներդաշնակ դարձնելու վերաբերյալ, որովհետև համոզված եմ, որ ցանկացած արվեստագետ կորած է այն վայրկյանից, երբ ազատ ինքնադրսևորվելու փոխարեն սկսում է իր քայլերն ու գործերը չափել քանոնով ու կանոնով։ Դուք ի՞նչ եք կարծում։ Դուք քանոնի՞ արվեստագետ եք։

 

Բայց ես չեմ ստեղծագործում միայն քանոն-կանոնով, համենայն դեպս՝ քանոնն ինձ չի խանգարում՝ ստեղծագործելու ազատության այն տիրույթում, որն ինձ ինքնարտահայտվելու հնարավորություն է տալիս։ Հենց միայն այն հանգամանքը, որ երաժշտարվեստում իմ հետաքրքրությունների ու կարողությունների շրջագիծը բավականաչափ լայն է, արդեն իսկ պատասխան է Ձեր հարցին. քանոնահար, նաև այդ հիանալի գործիքի պրոֆեսիոնալ ուսուցանող լինելով՝ ես ինձ, այո, համարում եմ քանոնի մասնագետ, բայց ոչ քանոնի արվեստագետ այն իմաստով, որ Դուք եք դնում այդ բառի մեջ։

 

Համալսարանի դասախոսներից մեկը՝ երգահան, ՎՊՀ արվեստի ամբիոնի վարիչ Հայկուհի Հակոբյանը Ձեզ բնորոշում է որպես մի արվեստագետի, որը եռանդուն գործունեություն է ծավալել մատաղ սերնդի երաժշտական կրթության բնագավառում։ Խոստովանենք, որ արվեստագետի այդ տեսակը՝ ուսուցանող-մանկավարժ, չափազանց կարևոր է մեր օրերում, երբ մշակութային շատ արժեքներ հայտնվել են կորստյան եզրին նաև այն պատճառով, որ դուրս են մղված երիտասարդ սերնդի մշակութային գիտակցությունից։ Մանկավարժ արվեստագետի Ձեր աշխատանքը Ձեզ գոհացնո՞ւմ է։

 

Շնորհակալություն տիկին Հակոբյանին։ Վերջերս հրատարակվեց Կոմիտասի ստեղծագործությունների մի ձեռնարկ՝ ՎՊՀ արվեստի ամբիոնի դասախոս Սերգեյ Հարությունյանի փոխադրմամբ, երաժշտական և հանրակրթական դպրոցների համար։ Ձեռնարկում ներառված փոխադրությունների նոտաների համակարգչային շարվածքը և սրբագրությունն իմ աշխատանքն է։ Այո, անչափ կարևոր է արվեստագետի մանկավարժական գործունեությունը, մանավանդ երբ ժամանակակից սերունդը գրեթե չի առնչվում կամ քիչ է առնչվում ազգային արվեստին: Շատ  նվագարաններ այսօր հայտնվել են մոռացության եզրին (թառ, քյամանչա, քյամանի, սազ...): Ես նաև այս գիտակցությամբ եմ ստանձնել հնօրյա նվագարանները թեկուզև նոր գործիքային զուգակցումներով, երաժշտական նորարարություններով ու հնչողությամբ պահպանելու գործը և դա անում եմ նվիրումով։ Քանոնի դասավանդումը համարելով գլխավորը իմ մանկավարժական գործունեության մեջ՝ անում եմ նաև այլ աշխատանքներ՝ նոտաների համակարգչային շարվածք, նվագախմբերի և դաշնամուրային ստեղծագործությունների փոխադրություններ և այլն։ Բնականաբար, գործունեության այս ոլորտն անհնար է առանց համագործակցության։ Համագործակցում եմ Էդգար Գյանջումյանի, Մելիք Մավիսակալյանի, Նորայր Դավթյանի և այլ հայտնի արվեստագետների հետ։

 

Ընթերցողին անշուշտ հետաքրքիր կլինի ծանոթանալ Ձեր երաժշտական գործունեությանը «փաստացի». նա համացանցային ի՞նչ հղումներով կարող է ունկնդրել Ձեր կատարումները։

 

Իմ երաժշտական գործունեությանը կարելի է ծանոթանալ համացանցի միջոցով. ահավասիկ երկու հղում. https://www.youtube.com/watch?v=IiGKP5_j1k0&feature=youtu.be&fbclid=IwAR1uvlckO_68YJAo0K9N-IUYRO3cLKEwyhHEaQNvmEPEU2dNiD7xcsGfZas։

https://www.youtube.com/watch?v=kWK2Bs8SXdk&feature=share

 

Զրույցը վարեց Լևոն ՍԱՐԳՍՅԱՆԸ

10-13 մայիսի 2019 թ.

Back to top