поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

ՎՊՀ պաշտոնական կայքում, «ՎՊՀ շրջանավարտ արվեստագետներ» խորագրի ներքո, այսուհետ պարբերաբար կհրապարակվեն զրույցներ արվեստագետների հետ: Գաղափարը հղացվել է թարգմանիչ Խորեն Գասպարյանի մի թարգմանական ժողովածուի մասին օրերս հրապարակված զրույցի ժամանակ:

Խորագրի հյուրը դրամատուրգ, երգիծաբան, արձակագիր Սամվել ԽԱԼԱԹՅԱՆՆ է:

– Համացանցում ներկայացված Ձեր գրողական հունձքը տպավորիչ է՝ չորս տասնյակի հասնող գրքեր ու հրատարակություններ, որոնցից վերջինը թվագրված է 2019-ով։ Այդ ցանկը, անշուշտ, ինքնակենսագրական «նշանակության» է, մինչդեռ ավելի հետաքրքիր է, թե ի՛նչ թիվ է կազմում «կենսագրականը», այսինքն՝ այն գործերը, որոնք պիտի որ «մոռանայիք»  Ձեր կյանքի ժամանակը ներկայացնելիս։ 

– Շատ դիպուկ հարց է, որը ես ինքս ինձ եմ տալիս ոչ միայն ամեն մի հերթական գրքիս հրատարակվելուց հետո (քանզի մեկ գրքում կարող են լինել և՛ լավ, և՛ թույլ գործեր), այլև ամեն մի նոր ստեղծագործություն ավարտելուց հետո: Բոլոր գրողներն էլ ունեն Ձեր ասած «ինքնակենսագրական նշանակության» բեռը: Անգամ՝ դասականները: Գալով իմ ստեղծագործություններին՝ պետք է խոստովանեմ, որ դրանցում «կենսագրականը» կիսով չափ թեթև է  «ինքնակենսագրական բեռից»: Բոլոր դեպքերում, ժամանակը ցույց կտա, որի ցուցադրությանն, ավաղ, հեղինակները ներկա չեն լինում:

– Ձեր «Թագուհին» վիպակը ժամանակին մեծ հետաքրքրություն առաջացրեց, այդ հետաքրքրությունը չմարեց նաև հետագայում (երբ շուրջ երկու տասնամյակ անց ձեռնարկեցիք վիպակի վերահրատարակությունը)։ Այնուամենայնիվ, կարծում եմ, այդ վիպակը Ձեր ստեղծագործության «թագուհին» չէ։ Եթե այդպես է և եթե գաղտնիք չէ՝ ո՞րն է Ձեր իսկական «թագուհին»։ 

– Ձեր կարծիքը լիովին կիսում եմ: Այո՛, «Թագուհին» ամենևին էլ իմ ստեղծագործությունների «թագուհին» չէ։ Ինձ համար հոգեհարազատ են «Փոքր քաղաքի մեծերը» երգիծավեպը և «Վերջին ծաղրածուն» տրագիկոմեդիան: Ի դեպ, վերջինս առանձին գրքով հրատարակվել է նաև անգլերեն, պարսկերեն և ռումիներեն լեզուներով, իսկ ֆրանսերեն թարգմանությունը վերջերս  «ընկել է» Մարսելի հանրահայտ Տուրսկի թատրոնի հիմնադիր-տնօրեն, Միջերկրածովային թատրոնների ինստիտուտի տնօրեն, բեմադրիչ-դերասան Ռիշար Մարտենի ձեռքը, որն արդեն ձենամուխ է եղել դրա բեմադրմանը: Գալով «Թագուհու» ֆենոմենին՝ ստիպված եմ առաջին անգամ «պաշտոնապես» խոստովանել. այդ գործը որպես վիպակ կամ առանձին գրքով լույս ընծայվելու հավակնություն չուներ: Երբ ես Վանաձորի քաղաքային «Վերածնունդ» թերթի խմբագիրն էի, և այդ տարիներին երկրի տնտեսությունը գահավիժում էր, օր օրի ծանրանում էր մարդկանց սոցիալական վիճակը, թերթի տպաքանակը սկսեց աննախադեպ նվազել: Դա 1992 թվականի տարեվերջն էր: Բաժանորդների քանակը փոքրիշատե պահպանելու համար որոշեցի թերթի  էջերում, շարունակաբար, մինչև հաջորդ տարվա հունվարը այնպիսի մի  գործ հրապարակել, որն ընթերցողին կհետաքրքրեր այնքան, որ նա հաջորդ տարի ևս կմնար մեր թերթի բաժանորդը: Ընթերցողի ճաշակն ու ցանկությունները հատուկ ուսումնասիրել պետք չէր. յուրաքանչյուր լրագրող դա շատ ավելի լավ գիտի, քան սոցիոլոգները: Մնում էր մի հարմար գրվածք ճարել: Դասականների գրվածքներում, ժամանակակիցների ստեղծագործություններում այդպիսին չգտա, բացի այդ՝ առաջիններն արդեն իսկ հանրահայտ էին, իսկ երկրորդների մասին մտածել անգամ չարժեր, որովհետև նրանց ստեղծագործությունները դեռևս կրում էին խորհրդային տարիների թեմատիկայի, ոճի, հոգեբանական դրսևորումների կնիքը: Ուրեմն՝ պետք էր նոր գործ գրել: Հիշեցի, որ տարիներ առաջ, երբ քաղաքային «Կայծ» թերթի նամակների բաժնի վարիչն էի, կանանց գաղութից ինձ նամակներ էր գրում, իր վշտերն էր պատմում մի դատապարտյալ, որին ես պատասխանում էի զուտ մարդասիրական, նրան մխիթարելու մղումներով: Արխիվներից հանեցի այդ նամակները, բայց պարզվեց՝ շատ նեղ-անձնական վիճակների անհետաքրքիր պատմություններ էին: Այնուամենայնիվ, դրանք «Թագուհու» մեկնարկի առիթը դարձան: 

Վիպակում վավերականն ու գեղարվեստականն այնպես են միահյուսված, որ ոմանք հավատացած են, թե իրականում կա այդպիսի մեկը: 

– Այդ հարցը մինչև օրս էլ շատերն են ինձ տալիս: Նույնիսկ եղել են մարդիկ, այդ թվում՝ հանցագործ աշխարհից, որ պնդել են, թե անձամբ ճանաչում են Թագուհուն, նրա հետ նստել են հենց նույն բանտում կամ եղել նույն այն գաղութում, որը գրքում է նկարագրված… Այնինչ, աքսորավայրի նկարագրություններն իմ մանկական հուշերն են՝ Սիբիրից, ուր անցել է իմ մանկությունը, որոշ էպիզոդներ գրվել են նախկինում դատապարտվածների պատմածների հիման վրա, մի քանիսը հորինված են: Քանի որ պատումը գրվում էր առաջին դեմքով, վայրն ու մթնոլորտը և դրանցում հերոսուհու զգացողությունները ճշմարտացի նկարագրելու համար բանտախցում անցկացրել եմ մի քանի ժամ՝ իբրև թե հանցագործ,  և գաղտնիքը, որ իրականում դատապարտված չեմ, իմացել են միայն բանտապետն ու դատախազը, որն ընդառաջել էր իմ գրավոր դիմում-խնդրանքին: Ժամեր եմ անցկացրել նաև կալանավորներին տեղափոխող հատուկ վագոնում, «чёрный ворон» մեքենայի խցիկում, եղել եմ տեղավայրերից մեծ մասում՝ տպավորություններ քաղելու համար: Օրինակ՝ Լոս Անջելեսում եղածս ժամանակ, երբ իմացա, որ այնտեղ կանանց գաղութ կա, միտք հղացա, որ Թագուհուն այդտեղ էլ «նստացնեմ»: Գաղութ մուտք գործելու, ուսումնասիրելու համար յուրատեսակ անցաթուղթ ծառայեց իմ՝ ԽՍՀՄ ժուռնալիստների միության անդամատոմսը: Կամ վերջին էպիզոդի՝ Թագուհու ամուսնու սպանության տեղավայրը, որ արդեն իսկ աղոտ հորինված էր իմ մտապատկերում, հստակեցվեց Սան Ֆրանցիսկոյի մի քանի ծովափերում լինելուց հետո, երբ Ֆրանկլին Ռուզվելտ փողոցի մերձակա ծովափն ինձ ավելի հարմար թվաց… Միով բանիվ, ես հասկացել էի, որ այդ պատումի հետաքրքիր լինելու գաղտնիքներից մեկն էլ վավերականության պատրանք ստեղծելն է: Ընդհանուր առմամբ՝ ինձ համար «Թագուհին» դետեկտիվ սյուժե ունեցող, զգացմունքային զեղումներով շարադրանք է, ոչ ավելին:

– Երգիծանքը վտանգավոր ժանր է այն կարող է նաև չարացնել հեղինակին։ Առավել ևս՝ անտաղանդ հեղինակին։ Դուք չարանալու վտանգների հանդիպե՞լ եք, եթե այո, ինչպե՞ս եք հաղթահարել դրանք նորից․․․ երգիծելո՞վ։ 

-Օ՜ֆ… Դուք պեղում եք ինձ: Այո, նման մեղանչումներ եղել են, հատկապես՝ լրագրողական աշխատանքում, երբ ֆելիետոններ էի գրում, իսկ  երբ հանդիպել եմ դաժան, անչափ բարոյազուրկ կամ հայրենիքի դավաճանության իրողությունների՝ չարացել եմ: Չեմ ուզում օրինակներ բերել, դրանք հիշելն իսկ ցավ է պատճառում: Հաղթահարել եմ… երգիծելով, հարբելով, երաժշտություն լսելով, երբեմն էլ՝ անհաղթահարելի են մնացել…

– Ձեր երգիծանքը բարորակ է, դա արտացոլվում է նույնիսկ ստեղծագործությունների վերնագրերում այնտեղ չարություն չկա։ Ընդհանրապես ի՞նչ եք մտածում վերնագրի՝ որպես գեղարվեստական գործի շատ կարևոր բաղադրիչի մասին։ 

– Հաջողված վերնագիրը ոչ միայն երկի այցեքարտն է, այլև գովազդը: Երբ դժվարանում եմ, պեղում եմ ներըմբռնողությունս, որը, խոստովանեմ, վերնագիր ընտրելու հարցում միշտ չէ, որ բարեհաճ է: Գալով բարորակությանը… Ֆելիետոններ գրելիս ինձ համար անխախտ սկզբունք է եղել մարդուն բարոյապես ոչնչացնելու պատճառ չդառնալ: Երբ թերթի գլխավոր խմբագիրն էի, նույն բանը պահանջում էի իմ գործընկեր-լրագրողներից և, որպես կանոն, երգիծական, քննադատական նյութը հրապարակելուց առաջ պարտք էի համարում անպայման պարզել նաև, թե այդ նյութի լույս ընծայման օրն արդյո՞ք «հերոսի» ընտանիքում ուրախության կամ տխրության դեպք կամ ծես չկա: Ի վերջո, լրագրողի նպատակն իր «հերոսին» բարոյապես ոչնչացնող հարված հասցնելը չպետք է լինի, որը երբեմն նաև ֆիզիկական կորստի է բերում, այլ նրա բացթողումները, թերությունները, օրինազանցությունները՝ օրենքի, հասարակական կեցության կանոնների, բարոյականության հետ անհամատեղելի լինելը մատնանշելը, վեր հանելը: Գալով գեղարվեստական ստեղծագործություններին, ապա ասեմ, որ  որքան ավելի սուր է սարկազմը, այնքան լարվում է կոնֆլիկտը: Այս ասպարեզում երևակայությանս ես զսպաշապիկ չեմ հագցնում, միաժամանակ ջանում եմ ձեռքիս մեջ պինդ պահել այն սահմանաթելը, որը բաժանում է  «սարսափի» ժանրը՝ լուրջ գրականությունից, քանզի արվեստի, գրականության առաքելությունը բարության, սիրո, գեղեցիկի քարոզն է:

– «Ոսկե հորթի» ծերուկին հիշու՞մ եք, որ «նստել» էր բոլոր իշխողների օրոք։ Դուք էլ եք «նստել» (բարեբախտաբար՝ միայն աթոռների) տարբեր իշխանությունների, նույնիսկ՝ հասարակարգերի օրոք։ Ինչպե՞ս է դա հաջողվել։ Խալաթյան պաշտոնյային հարկ եղած պահին օգնության էր գալիս Խալաթյան երգիծաբա՞նը։ 

–  Նախ, ասեմ, որ կառավարական մարմիններում արվեստագետ ունենալն առաջին հերթին պատիվ է բերում հենց այդ հիմնարկին: Բացի այդ՝ մշակույթի ոլորտը, ի դեմս այդ անձնավորության, յուրատեսակ դեսպան է ունենում վերադաս համակարգում, իսկ համակարգը՝ մշակույթի ոլորտում: Այդ տեսակետից ես միակը չեմ: Բազմաթիվ գրողներ, նկարիչներ, կոմպոզիտորներ, դերասաններ են պաշտոնավարել և՛ խորհրդային տարիներին, և՛ մեր նորագույն ժամանակներում: Նրանք մեծ ավանդ են ներդրել թե՛ բուն մշակույթի ոլորտում և թե՛ համակարգում կամ տվյալ հիմնարկում՝ կառավարման, ինչպես նաև գործընկերային փոխահարաբերությունների մշակույթ զարգացնելու գործում: Եթե խորանալու լինենք այս հարցերի մեջ, ապա դժվար չէ նկատել, որ ամենաբյուրոկրատական մթնոլորտում անգամ արվեստագետ պաշտոնավորը հակազդել ու զերծ է մնացել այդօրինակ դրսևորումներից, իսկ բարձրարժեք գործերի, պանծալի իրողությունների նախաձեռնման հիմքերում անպայմանորեն կնշմարեք նրանց մատնահետքերը:  Ինչպիսի իշխանություն ու հասարակարգ էլ լինի, կառավարման իր համակարգում անհրաժեշտություն է դիտում ունենալ ոչ միայն մարտնչող քաղաքական գործիչներ, այլև հոգևոր արժեքների գիտակ մասնագետներ: Քերթողահայր Խորենացու վկայությամբ՝ դեռևս մ.թ.ա. 248 թվականին, երբ հայոց Վաղարշակ թագավորը բարենորոգություններ էր անում արքունիքում ու երկրում, «սահմանում է… երկու մարդ գրով հիշեցնողներ, մեկը բարին հիշեցնողը, մյուսը՝ վրեժխնդրությունը: Բարին հիշեցնողին հրաման է տալիս՝ թագավորի բարկանալու կամ անիրավ հրաման տալու դեպքում հիշեցնել իրավացին ու մարդասիրությունը»: Պարզ չէ՞ միթե, որ արքունիքում այդչափ պատասխանատու և բարձր պաշտոն ունեցողներից մեկը քաղաքագետ-դիվանագետն էր, մյուսը՝ բարին հիշեցնողը, բարոյական ու հոգևոր արժեքներ կրող փորձառուն: Տարբեր իշխողների և տարբեր հասարակարգերում իմ երկար «նստելու» գաղտնիքն էլ է դրանում: Գրողիս համար «սև աշխատանքից»՝ զեկուցումներ, ելույթներ, ուղերձներ, նաև՝ համաքաղաքային ու մարզային տասնյակ միջոցառումների սցենարներ գրելուց զատ, մասնակից եմ եղել նաև մշակույթի, կրթության ոլորտների և, ընդհանրապես, հոգևոր արժեքներին առնչվող տարատեսակ գործերի կազմակերպմանը, հիմնախնդիրների վերհանմանն ու լուծմանը: Հարկ եղած դեպքերում չեմ վարանել նաև  ղեկավարի «բարկանալու կամ անիրավ հրաման տալու դեպքում հիշեցնել իրավացին ու մարդասիրությունը»: Իմ աշխատանքային ղեկավարները՝ ՀԿԿ քաղկոմի առաջին քարտուղարներ Հայկ Օհանյանը, Նյուտոն Գրիգորյանը, քարտուղարներ Մելանյա Միրզոյանը, Կառլեն Դանիելանը, բաժնի վարիչ Հայկ Գևորգյանը, մարզպետներ Հովիկ Մատինյանը, Վիգեն Խաչատրյանը, Ստեփան Այվազյանը, Հենրիկ Քոչինյանը, Արամ Քոչարյանը և, հատկապես՝ Արթուր Նալբանդյանը, գնահատել են իմ աշխատանքը և, որպես կանոն, ինձ չեն կաշկանդել ներքին կարգապահական ռեժիմով՝ հաշվի առնելով ստեղծագործող լինելս: Մի դեպք հիշեմ. Վանաձորի պատվավոր քաղաքացի Հայկ Օհանյանի ծննդյան 85-ամյակի կապակցությամբ, երբ մարզպետ Արթուր Նալբանդյանը, իրեն հատուկ նրբանկատությամբ, պաշտոնապես նրան շնորհավորեց ու հարցրեց, թե երկար տարիների վաստակաշատ նախկին ղեկավարն ի՞նչ դիտողություններ, ցանկություններ կունենա՝ ուղղված նորանկախ Հայաստանի ղեկավարությանն ու մասնավորապես՝ իրեն՝ մարզպետին, Հայկ Աղասիչը, մի քանի ցանկությունների հետ, ասաց. «Ձեզ համար ուրախ եմ, որ Խալաթյանն աշխատում է մարզպետարանում, բայց, խնդրում եմ, մյուսների համեմատ նրան որոշ չափով ազատ թողեք. նա գրող է, նրան վարչարարական կապանքներով մի զսպեք: Ես այդպես էի անում»: Մենք ծիծաղեցինք: Բանն այն էր, որ քաղծառայողի իմ աշխատանքային տարիքը լրանալուց և թոշակի անցնելուց մեկ ամիս հետո Նալբանդյանը հենց այդ օրերին ինձ ետ էր կանչել պայմանագրային աշխատանքի, ասելով՝ ազատ գրաֆիկով կաշխատես, ստեղծագործողը նյութական կարիքի մեջ չպետք է լինի, գոնե այսպես՝  փոքր չափով օգտակար լինենք… Իհարկե, այս բոլորը ես նշեցի ոչ թե այն բանի համար, որ կարևորեմ պետական հիմնարկում իմ «անփոխարինելի»  լինելը: Ո՛չ, հազար անգամ ո՛չ: Այլ, որ պետական հիմնարկներում աշխատող արվեստագետը ստեղծում է առանձնահատուկ մթնոլորտ և շատ հարցերում, մյուս գործընկերների համեմատ, ավելի ազատ է իր կարծիքն ու սկզբունքներն արտահայտելու մեջ՝ դրանով յուրահատուկ ու առանձնակի նպաստ բերելով գործին:

Խոստովանենք նաև, որ ամեն արվեստագետ չէ, որ կարող է կառավարական համակարգում աշխատել և չկորցնել ոչ միայն իր՝ արվեստագետի դիմագիծը, այլև ստեղծագործական ներուժը: Ի՞նչ մնաց… հա, աշխատանքում երգիծելուս օգտակարության մասին: Այո, երգիծաբան լինելս ինձ շատ է օգնել աշխատանքում: Բայց դա, ես կասեի, փոխօգնություն է եղել: Որքան որ ես եմ իմ «դիֆերամբներով» զվարճացրել գործընկերներիս (անկախ զբաղեցրած պաշտոնից՝ չկա մի ղեկավար, որի մասին բնորոշող անեկդոտ ու զվարճալի պատմություններ հորինած չլինեմ), նույնքան նրանցից ոմանք, հատկապես՝ թերուսները, բյուրոկրատներն ու մեծամիտները, իրենցով սնել են իմ երգիծական ստեղծագործությունների հերոսներին:

– Ձեր պիեսները այսօր բավականին պահանջված են, բավական լայն է նաև դրանց բեմականացման աշխարհագրությունը։ Դուք Ձեզ իբրև գրող առավել արժևորված եք զգում ե՞րբ երբ Ձեզ շատ են դիտո՞ւմ, թե՞ շատ են կարդում։ Կարծում եմ, բոլոր դրամատուրգներն էլ երկվության այդ վիճակն ապրում են՝ իրենք բանասա՞ց են (բեմականացումներով՝ բանավոր «խոսող»), թե՞ գրասաց (գրով «խոսող»)։ 

– Այդ տեսակետից դրամատուրգներին ուրույն բախտ է վիճակված: Բավական է, որ ներշնչանքով, հուզմունքներով ու տառապանքով գրածդ գործը բեմադրվի՝ այն արդեն քոնը չէ: Բեմադրիչինն է, դերասանինն է, հանդիսատեսինը: Նրանք ավելի շատ քո ստեղծած կերպարներին են  «մարդատեղ» դնում, քան՝ քեզ: Ես այսպես եմ ասում՝ պիեսի բեմադրությունը աղջիկ մարդու տալու պես բան է. հարսանիքին (պրեմիերային) քեզ հիշում են, թույլից չափավոր պատվում, իսկ աղջկան (պիեսը) տանելուց հետո, նա դառնում է նրանց մերձավոր ազգականը: Բան է, եթե վատ հարս է լինում (թույլ բեմադրություն), ետ են ուղարկում հորանց, ու դու մնում ես նրա ու քո վշտի հետ…

Իսկ չի՞ լինում, որ երկրորդ անգամ «մարդու տաք»:

– Լինում է, նույնիսկ՝ երրորդ ու չորրորդ անգամ, բայց, դարձյալ, հենց տանից հանեցին՝  էլ քոնը չէ, նրանցն է: Գալով երկվությանն ու արժևորված զգալուն՝ ես այդ խնդիրը չունեմ: Գրքերով ու հանդեսներում տպագրված պիեսներս ընթերցվում են, գրքերիս սպառումից գոհ եմ (ճիշտն ասած, ինքս էլ հաճելիորեն զարմացած եմ: Ախր ամեն մեկը չէ, որ պիես է կարդում): Այսպիսով՝ ես ունեմ և՛ իմ ընթերցողը, և՛ հանդիսատեսը: Դատելով Ձեր նշած՝  դրանց պահանջված լինելուց, բեմականացման աշխարհագրությունից ու գրքերիս տպաքանակից, անցած շուրջ 40 տարում ես ունեցել եմ միլիոնավոր ընթերցողներ ու հանդիսատեսներ: Պարծենկոտություն չհամարեք, դա այդպես է: 

Դա Ձեր մեջ  փառասիրություն ծնու՞մ է: 

– Առաջին տարիներին՝ շա՜տ… Հետո սովորական դարձավ, իսկ հիմա ինքս ինձնից ամաչում եմ՝ մեջս «բհամ եկած» այդ  եսականության համար, որովհետև հայ և օտարազգի անվանի գրողների կողքին (ես հո իմ արժեքն ավելի լավ գիտեմ) ընդամենը  մի հյուլե եմ: Հավատացնում եմ՝ ասածներիս մեջ կեղծ համեստություն չկա, քանզի համոզված եմ՝ այլ բան է ինքդ քեզնով ոգևորվելը, քո տաղանդի իրական լինելուն հավատալը, որը ստեղծագործողի ներուժի ակունքն է, և այլ բան՝ քեզ ոսկե դափնեպսակով պատկերացնելը:

Եթե նորից սկսեիք արվեստագետի ուղին, Ձեր տաղանդ-կապիտալը որտե՞ղ կներդնեիք՝ առավել բարձր տոկոսով ապահովելու համար հայ գրականության շահը գեղարվեստական արձակի՞, թե՞ դրամատուրգիայի ասպարեզում, դարձյալ երգիծակա՞ն, թե՞ «լուրջ» ժանրերում։ Մի հավելում էլ այս հարցին նկատի ունենալով չափածո խոսք կառուցելու Ձեր շնորհը՝ արձակի՞, թե՞ չափածոյի բնագավառում։ 

– Թող բարձրագոչ չհնչի, արձակագիր, դրամատուրգ, երգիծաբան լինելս կանխորոշված էր: Մայրս պատմում էր, որ վաղ տարիքում, երբ դեռ ունակ չեմ եղել անգամ թոթովախոսելու, երկար-բարակ բլբլացրել եմ՝ խնդրանքի, հրամանի, հրճվանքի, ծիծաղի, տխրության արտահայտչականություններ դնելով միայն ինձ հասկանալի ասելիքիս մեջ: Չորս-հինգ տարեկանում, ես այդ հիշում եմ, երեսս պատին դարձրած, բաց աչքերով երկար պառկում էի, մտովի ինքս ինձ համար պատմություններ հորինում՝ տանեցիներին զգուշացնելով՝ չխանգարեք, կինո-երազ եմ տեսնում… Տասը տարեկանից փորձել եմ ոտանավորներ գրել, 14 տարեկան էի՝ տպագրվեցի «Պիոներ կանչ»  թերթում, 16 տարեկանում՝  քաղաքային «Կայծ» և  հանրապետական «Ավանգարդ» թերթերում և այլն: Եթե ճակատագիրն ինձ լրագրող, այնուհետև՝ պետհիմնարկներում աշխատող չդարձներ, համոզված եմ, շատ ավելի լավ կստեղծագործեի: Լրագրողական վավերագրությունն ու ադմինիստրատիվ հիմնարկի պաշտոնական ոճով գրագրությունները սպանում են գեղարվեստական խոսքը, ջլատում գրողին: Ինչ մնում է բանաստեղծություններ գրելուն, ապա արձակագիրների 99 տոկոսը, եթե ոչ՝ 100, ստեղծագործել սկսել են չափածոյով: Ես էլ: Հրատարակել եմ տարբեր տարիներին գրածս բանաստեղծությունների երկու ժողովածու: Հիմա էլ հուզումներ են լինում, որ արտահայտում եմ քնարական ժանրով: Սակայն ես ինձ բանաստեղծ չեմ համարում: Բանաստեղծները Արարչի կողմից մի ուրիշ տվածուրիկ են… Արձակագիր Մկրտիչ Սարգսյանը, որ նույնպես բանաստեղծում էր, մի հրաշալի քառատող ունի, որը նաև իմ հոգուց է բխում.

Երգեր հյուսել էլ չեմ կարող՝

Դեմ եմ առնում վանկ ու հանգին,

Իմ չափածո, անհու՜ն կարոտ,

Ինձ թողեցիր կիսաճամփին…

 

Զրույցը վարեց Լևոն ՍԱՐԳՍՅԱՆԸ

25.04.2019 թ.

Back to top