поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. (+374.322) 41854 կամ 41855 - 160

Մայիսի 21-ին տեղի ունեցավ Վանաձորի պետական համալսարանի ռեկտորատի նիստ, որը վարեց բուհի ռեկտոր, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գուրգեն Խաչատրյանը:

Նախքան օրակարգի հարցերին անդրադառնալը՝ Գ. Խաչատրյանը ռեկտորատի նիստի անդամներին ներկայացրեց կրթության և գիտության նախարար Ա. Հարությունյանի  հետ հանդիպման ընթացքում քննարկված թեմաները, առանձնացրեց կարևոր խնդիրները, որոնք պետք է պահել ուշադրության կենտրոնում: Հերթական անգամ հորդորեց զերծ մնալ կոռուպցիոն բնույթի գործողություններից և ուսանողներին չխոչընդոտել իրենց աշխատանքներում: Ռեկտորը ներկաների կոչ արեց աշխատանքի բարելավման նպատակով հանդես գալ առաջարկություներով, որոնք նախարարի կողմից անպատասխան չեն մնա և անպայման լուծում կստանան:

Օրակարգի առաջին հարցը՝ Լեհաստանի Պոզնանի Ադամ Միցկևիչի անվան համալսարան Erazmus + ծրագրի շրջանակներում կատարած այցի վերաբերյալ էր, ինչի մասին զեկուցեց օտար լեզուների ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների թեկնածու Լուսիկ Վարդանյանը: Զեկուցողը ներկայացրեց բուհը, ֆակուլտետները, նշեց, որ դասական բանասիրության ֆակուլտետում դասավանդել է գրավոր խոսքի հմտություններ՝ 4 դաս: Դասավանդման ժամանակ ընտրված թեմաներն ու նախադասությունները հատուկ են ընտրված եղել, որոնք բնութագրել ու ներկայացրել են Հայաստանը: Ներկա ուսանողները հիացմունքով ու հետաքրքրությամբ ցանկություն են արտահայտել գալ, տեսնել Հայաստանն ու մեր բուհը: Խոսեց տվյալ բուհում բացակայություններին ուշադրություն չդարձնելու, շեշտը դնելով դասախոսի դասապրոցեսն ավելի հետաքրքիր դարձնելու և ուսանողի հետաքրքրությունն առաջացնելու վրա, ուսանողների աշխատանքներում գրագողության դեմ պայքարելու, նրանց հետ աշխատելաոճի վերաբերյալ: Լ. Վարդանյանն ուրախությամբ փաստեց, որ Ադամ Միցկևիչի անվան համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը հիացմունքով է խոսել Վանաձորի պետական համալսարանի ուսանողների մասին՝ փաստելով իրենց բուհում ՎՊՀ ուսանողների լավագույնը լինելը:

Օրակարգի երկրորդ հարցի՝ 2017-2018 ուսումնական տարվա ամփոփիչ ավարտական ատեստավորման նախապատրաստական աշխատանքների և  խնդիրների  վերաբերյալ զեկուցեցին ֆակուլտետների դեկանները: Նրանք  խոսեցին իրենց ֆակուլտետներում ավարտական աշխատանքների նախապատրաստական աշխատանքների կարգով ու սահմանված ժամկետում ընթանալու մասին, նշեցին, որ խնդիրներ չկան, բացառությամբ բանասիրական ֆակուլտետի «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության բակալավրիատի ուսանողուհի  Լուսինե Գրիգորյանի ավարտական աշխատանքի, որը իր բովանդակությամբ ոչ միայն չի համապատասխանում աշխատանքի բուն թեմային, այլև ամբողջությամբ ներբեռնված է համացանցից: Բանասիրական ֆակուլտետի դեկան, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Ա. Պողոսյանը տեղեկացրեց, որ Լ. Գրիգորյանին չի թույլատրվել ներկայանալ ավարտական աշխատանքի պաշտպանությանը: 

Օրակարգի վերջում քննարկվեցին ընթացիկ հարցեր:

 

Աստղիկ Հարությունյան

Back to top