поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

Էրեբունի-Երևանի 2800-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումը ՎՊՀ  «Բիայնա» երգչախումբը կազմակերպել էր Վանաձորի քաղաքապետարանի կամերային նվագախմբի հետ համատեղ: Ինչպես նշում է երգչախմբի գեղարվեստական ղեկավար, ՎՊՀ արվեստի ամբիոնի դասախոս Սերգեյ Հարությունյանը, որակյալ երաժշտության տարածման ուղղությամբ նման միջոցառումները կարևոր քայլերից են:

Տոնական համերգի ընթացքում հնչեցին հայ դասականների ստեղծագործություններ: Ունկնդիրների շարքում մեծ թիվ էին կազմում դպրոցականները, ինչն ուրախալի էր, քանի որ միայն այդ կերպ է հնարավոր նոր սերնդին մոտեցնել  որակյալ երաժշտարվեստին, ծանոթացնել դասականների գլուխգործոցներին:

«Բիայնա» երգչախմբի կազմում ընդգրկված ուսանողներից մի քանիսը ոչ միայն փայլուն կատարողներ են, այլև տարբեր ոճերի երաժշտությունների մշակումների հեղինակներ: Երգչախումբը տարեկան 3-4 անգամ հանդես է գալիս մենահամերգներով, նաև՝ համալսարանից  դուրս:

Համատեղ համերգն ամփոփվեց  «Երևան դարձած իմ Էրեբունի» հայտնի  երգով: Հոտնկայս ծափահարությունները երկար շարունակվեցին:

Ի դեպ, երգչախմբի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Հարությունյանն օրերս արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության պատվոգրի՝ հայ երաժշտարվեստի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի և Հայաստանի երաժշտական ընկերության 60-ամյա հոբելյանի առթիվ:

                                                                                                     Լիանա Պեչենևսկայա

Back to top