поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. (+374.322) 41854 կամ 41855 - 160

            ՎՊՀ-ն և Պորտուի համալսարանը 2015թ.-ից համագործակցում են` ըստ միջազգային շարժունության համաձայնագրի, և այդ երկու բուհերի միջև արդեն ձևավորվել են բարեկամական կայուն հարաբերություններ։ Համագործակցությունը զարգացել է հատկապես գործընկեր բուհի հումանիտար և սպորտի ֆակուլտետների միջև։ ՎՊՀ-ից Պորտուի համալսարանում մեկ կիսամյակ տևողությամբ ուսումնառություն են ստացել տասնյակ ուսանողներ, և երկուստեք իրականացվել է նաև վարչական և դասավանդող աշխատակիցների փոխանակում։

            Համավարակով պայմանավորված՝ գործընկեր բուհում դասընթացներն իրականացվում են առցանց ձևաչափով, ինչն էլ նպաստեց այն հանգամանքին, որ Պորտուի համալսարանի դասախոս Էնջելա Կարվալյոն համագործակցության առաջարկով դիմեր ՎՊՀ-ի օտար լեզուների և գրականության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Լուսիկ Վարդանյանին և նույն ամբիոնի ասիստենտ, բ.գ.թ. Գոհար Դոխոլյանին՝ դասավանդելու Պորտուի համալսարանի մագիստրատուրայի  ուսանողներին։

            Մարտի 17-ին օտար լեզուների և գրականության ամբիոնի դոցենտ  Լուսիկ Վարդանյանը անգլերեն լեզվի մանկավարժություն բաժնում ուսումնառող ուսանողների հետ վարեց գրավոր խոսքի հմտությունների զարգացմանը նվիրված դասընթաց՝ «Paragraph and Essay Writing Techniques and Strategies» («Պարբերություններ և շարադրություններ գրելու տեխնիկան և ռազմավարությունը») թեմայով, որի ընթացքում ուսանողներին ներկայացվեցին պարբերությունների և շարադրությունների հիմնական կաղապարներն ու տեսակները, շարադրանքի կառուցվածքային, լեզվական և բովանդակային առանձնահարկությունները:  

Մարտի 23-ին նույն ամբիոնի ասիստենտ Գոհար Դոխոլյանը ներկայացրեց «Making Videos as an Effective Method for a Project- and Product-based Lesson» («Տեսանյութերի պատրաստումը՝ որպես նախագծային և արդյունահեն ուսումնառության մեթոդ») թեմայով դասընթաց, որի ընթացքում ուսանողներին ներկայացվեցին օտար լեզվի դասավանդման ընթացքում տեսանյութերի պատրաստման  մեխանիզմները և թեմատիկան։

            Գործընկեր բուհի  ուսանողները մեծ խանդավառությամբ կատարեցին բոլոր հանձնարարությունները և իրենց երախտագիտության խոսքը հղեցին ՎՊՀ-ի դասախոսներին։  Էնջելա Կարվալյոն նշեց, որ ուսանողները մեծ հաճույքով են մասնակցում գործընկեր բուհերի դասախոսների վարած դասընթացներին, և հավելեց, որ այդ դասընթացները կօգնեն նրանց առավել արդյունավետ կերպով ծրագրելու դասավանդման ընթացքը։

   

 

Back to top