поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. (+374.322) 41854 կամ 41855 - 160

    Օրերս իր մահկանացուն կնքեց Վանաձորի պետական համալսարանի (նախկինում՝ Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտ) երկարամյա դասախոս, փիլիսոփայական գիտությունների թեկնածու, 1991-ից դոցենտ Էդուարդ Սերգեյի Ալավերդյանը:  Ծնվել է 20.04.1940-ին ներկայիս Տավուշի մարզի Բաղանիս գյուղում:

    Դժվար մանկություն ապրած, զինվորական ծառայությունից հետո միայն՝ 1964-ին, բուհ ընդունված և բարձրագույն կրթություն ստացած Էդ. Ալավերդյանը 1972-ից աշխատում էր մեր բուհում, զբաղվում լեզվափիլիսոփայության հիմնախնդիրներով, և գիտական պրպտումների արդյունք են մի քանի տասնյակ հոդվածները, որ հրատարակել է բուհի, հանրապետության գիտական պարբերականներում:

    Իր գիտական հետաքրքրություներին զուգահեռ նա մի հնգամյակ ղեկավարել է բուհի փիլիսոփայության ամբիոնը՝ ուղղորդելով նրա աշխատանքները,  հատուկ ուշադրություն դարձնելով սերնդափոխությանը, կադրային քաղաքականությանը:

    Բուհի հիմադրման 40-ամյակի կապակցությամբ նա պարգևատրվեց «Հովհաննես Թումանյան. Ընտրանի» հուշագրքով, որ մեր բուհի բարձրագույն պարգևն է: Նա փիլիսոփա էր ոչ միայն մասնագիտությամբ, այլև իր մարդկային էությամբ, և ուսանողների տարբեր սերունդներ հիշելու են ոչ միայն դասախոսին, այլև մարդուն՝ իր ներաշխարհի հմայիչ անմիջականությամբ, համեստությամբ:

    Գիտնական, ուսուցիչ, հրաշալի մարդ, երեք երեխաների հայր Էդուարդ Ալավերդյանի հիշատակը երկար կմնա իրեն ճանաչողների, ուսանողների, գործընկերների հիշողության մեջ:

 

 

Back to top