поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. (+374.322) 41854 կամ 41855 - 160

Վանաձորի պետական համալսարանի մի խումբ ուսանողների և «Ջինիշյան հիշատակի հիմնադրամի» ուսանողական ծրագրային թիմի նախաձեռնությամբ «Արցախ պուրակում» «Բաց գրադարանն» արդեն իրողություն է: Ընտրման փուլն անցավ թեժ մրցակցության մթնոլորտում, որին մասնակցում էին մի խումբ ուսանողներ իրենց ծրագրերով: Արդյունքում ժյուրիի կողմից հավանության արժանացան ընդամենը 2 ծրագիր, որոնք էլ երաշխավորվեցին ֆինանսավորման:

Երկու ամիս տևած նախապատրաստական աշխատանքների արդյունքում ապրիլի 19-ին «Բաց գրադարանն» արդեն «Արցախ պուրակում» էր: Գրքերի հավաքման գործընթացն ընթացել է նախապատրաստական աշխատանքներին զուգահեռ: Տարածված հայտարարությունների արդյունքում մի շարք կամավորներ տրամադրել են բազմաթիվ գրքեր:

Ծրագիրը երկու հիմնական նպատակ ունի: Այն միտված է քաղաքացիների ազատ ժամանցի արդյունավետ կազմակերպմանը և «բաց գրադարան» մշակույթի տարածմանը նպաստելուն: Նախատեսված է, որ գրադարանում լինելու են տարբեր ժանրերի ստեղծագործություններ, թերթեր, ամսագրեր ու խաչբառեր, որոնք պարբերաբար թարմացվելու են:

Ծրագրի ղեկավար, բանասիրական ֆակուլտետի ուսանողուհի Շուշան Ներսիսյանն ասաց, որ մինչ ծրագիրը գրելը, շատերն են ասել, որ հնարավոր է այն իրեն չարդարացնի, բայց իրենք վստահ են, որ ծրագիրը ոչ միայն արդարացնելու է իրեն, այլև ունենալու է վարակիչ բնույթ: Սա դեպի քաղաքակիրթ աշխարհ ևս մեկ քայլ կատարելու իրական հնարավորություն է, իսկ հնարավորություններից անպայմանորեն պետք է օգտվել:

Հայոց լեզու և գրականություն բաժնի ուսանողուհի Անահիտ Ազարյանը նշում է, որ նման գաղափար իրենք դեռ վաղուց են ունեցել, իսկ «Ջինիշյան հիշատակի հիմնադրամի» ուսանողական ծրագրային թիմի հետ համագործակցելը հնարավորություն տվեց իրականացնելու այն, ինչի մասին երկար ժամանակ մտածում էին:

Գրադարանն ունի օգտվելու կանոնակարգ, որի գլխավոր պայմանը գրադարանը երբեք դատարկ չթողնելն է: Յուրաքանչյուրն այնտեղ կարող է վերցնել կամ փոխանակել ցանկացած գիրք: Գրադարանը հնարավորություն է տալիս ծանոթանալու առկա գրականությանը, ընթերցելու այն մոտակա այգում կամ սրճարանում, վերադարձնելու գրադարանին կամ ցանկության դեպքում անվճար ձեռք բերելու այն՝ սեփական գրքերից որևէ մեկը նվիրելով գրադարանին:

Պարբերաբար փոփոխվող, թարմացվող գրքերը մեր ու ձեր ջանքերով պիտի ծառայեն ի շահ վանաձորցու: Այսուհետ քո խղճին ենք թողնում դժվարությամբ ձեռք բերված այս փոքրիկ գրադարանի ապահովությունը:

Սեփ. լրատվ.

{gallery}news-events/2018/bacgradaran{/gallery}

Back to top