поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. (+374.322) 41854 կամ 41855 - 160

«8-րդ դարում, երբ Հայաստանը բաժանված էր արաբների ու բյուզանդացիների միջև, նա կարողացավ  համախմբել արևմտամետ և արևելամետ հայ իշխաններին ու հոգևորականներին: Այս հզոր հայրապետը կարողացավ մեր եկեղեցին ու սուրբ հավատքը համախմբել  միասնությամբ՝ կոչ անելով եկեղեցական ու հոգևոր խնդիրները վեր դասել անձնական շահերից»,–  Հովհան Օձնեցու գործունեությունն այսպես ներկայացրեց ուխտավորներին Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը: Նա շնորհակալություն հայտնեց բարերարներ Վահե Կարապետյանին և Արտակ Եղոյանին եկեղեցու զանգակատան վերանորոգման ու Հովհան Օձնեցու  բազալտե արձանի կերտման համար:

Ապրլիլ 17-ին Վանաձորի պետական համալսարանի ուսանողները մասնակցեցին Հովհան Օձնեցու հիշատակին նվիրված՝ ամեն տարի կազմակերպվող ուխտագնացությանը, այցելեցին Արդվի գյուղում գտնվող  Սուրբ Հայրապետի շիրմին: Ուխտատեղի տանող քարքարոտ ճանապարհն անցան լուռ՝ խորհելով հայ ժողովրդի անցած ուղու, հոգևոր միասնության շուրջ: Չնայած ճանապարհի երկար ու դժվարին լինելուն՝ հոգնածությունը չհաղթահարեց նրանց. Մասնակցեցին Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանին ու ՀՀ տարբեր եկեղեցիների հոգևորականների կողմից մատուցված պատարագին, ջերմեռանդ աղոթեցին: Իրենց սրտում ու հոգում պահված խնդրանքներն առ աստված ուղղեցին՝ մասնակցելով մոմավառությանը:

Ուխտագնացությանը ներկա էր նաև ՀՀ ԿԳՆ լեզվի տեսչության պետ Սերգո Երիցյանը. «Արդվին դառնալու է հոգևոր կենտրոն, ինչի համար Գուգարաց թեմը ջանք ու եռանդ չի խնայում: Վստահ եմ՝ այն քայլերը, որոնք արվել են,  շարունակվելու են, քանի որ  մենք չենք կարող չգնահատել ու մոռանալ իմաստասեր կաթողիկոսի գործը: Սա ամենակարևոր ուխտագնացություններից  մեկն է, որ մենք կատարում ենք Հայոց աշխարհում»:

ՀԳ.: Նշենք, որ ապրիլի 13-ին Վանաձորի պետական համալսարանը հյուրընկալել էր Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ Չուլջյանին և Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու հովիվ Տեր Վահան քահանա Ազարյանին: Հանդիպման նպատակը ուսանողությանը ապրիլի 17-ին կազմակերպվող Հովհան ուխտագնացության մասին իրազեկելն էր: Հանդիպմանը ներկա էին ՎՊՀ ռեկտոր, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գ. Խաչատրյանը, մանկավարժության ֆակուլտետի դեկան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Թ. Շահվերդյանը, գրականության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Վ. Փիլոյանը:

Ինչպես նշել էր Տեր Վահան քահանա Ազարյանը, ուխտագնացությունը նվիրված է լինելու Հովհան Օձնեցու գործունեության 1300-ամյակին:

Ուխտներդ ի կատար, սիրելի՛ ուսանողներ:

Աստղիկ Հարությունյան

{gallery}news-events/2018/uxtagnacutyun{/gallery}

Back to top